Ինչո՞ւ են խոշոր գործարարները մտնում քաղաքականություն

Ինչո՞ւ են Հայաստանի խոշոր գործարարները մտնում քաղաքական դաշտ, եւ արդյո՞ք դա ընդունելի երեւույթ է: «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրն այս հարցերի շուրջ ուներ իր հստակ դիրքորոշումը:

«168 Ժամ» թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանի պատկերացմամբ, ՀՀ-ում բիզնեսը ոչ թե ազդում է քաղաքականության վրա, այլ անմիջականորեն մտնում է քաղաքականություն: Այսինքն, խոշոր գործարարներն իրենք են ստեղծում քաղաքական ուժեր, իրենք են մտնում խորհրդարան: Ա. Բաղդասարյանն ուշադրություն հրավիրեց նաեւ մեկ այլ փաստի վրա. «Եթե դասական առումով բիզնեսը ֆինանսավորում է կուսակցություններին, ապա դա մեզ մոտ չկա: Գործարարները վախենում են աջակցել ընդդիմադիր կուսակցություններին: Անգամ խանութպանը վախենում է իր կրպակի վրա փակցնել ընդդիմադիր ուժի քարոզչական պաստառը»:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կարծիքով, ՀՀ-ում ոչ ոք, մասնավորապես` բիզնեսմենն, ապահովված չէ: «Ուստի նա իր բիզնեսի համար լրացուցիչ ապահովություն ստանալու համար փորձում է մտնել խորհրդարան: Ամբողջ աշխարհում բիզնեսմենի ամենալուրջ կապիտալը, որը նա կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ իր ժամանակն է: Որեւէ բիզնեսմեն ստիպված չէ օրենսդիր աշխատանքով զբաղվել, որովհետեւ իր փոխարեն շատ եւ շատ անգամ ավելի լավ դա անում են այլ` քաղաքական գործիչներ: Սակայն ՀՀ-ում 1998-ից այս դաշտը խեղաթյուրված է, եւ ամեն ինչ արված է նրա համար, որ մարդիկ, իրենց ապահով զգալով, հնարավորինս փորձեն ներկայացված լինել (տվյալ դեպքում` պառլամենտում): Մեզ մոտ հետզհետե խորհրդարանն ավելի պակաս քաղաքական է դառնում: Սա մեր այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության վառ արտահայտությունն է»,- ասաց Ա. Զուրաբյանը: Ինչ վերաբերում է այն իրողությանը, որ գործարարները, իշխանություններից վախենալով, չեն ֆինանսավորում ընդդիմադիր կուսակցություններին, ապա, ըստ ՀՀՇ-ական քաղաքական գործչի՝ «ոչ թե վախենում են, այլ սարսափում են»:

Իսկ ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն այլ կարծիք ուներ: Նա գտնում է, որ ցանկացած դեպքում գործարարները քաղաքականությանը կարող են եւ՛ հարել, եւ՛ ֆինանսավորել, եւ՛ մասնակցել: «Տնտեսությունից՝ քաղաքականություն, կարծում եմ, երկար ճանապարհ չէ, եթե տվյալ տնտեսական գործիչն ունի լծակներ, գրագետ է, ունի իմիջ, փորձ եւ ընկալվում է հասարակության կողմից: Եվ պետք չէ գործարարին անջատել մտավորականից, սպորտսմենից կամ քաղաքական գործչից: Ես ուզում եմ հասկանալ, թե քաղաքական գործիչն այդ ի՞նչ մասնագիտություն է, որ, եթե այն գործարարը, ով կարողացել է իրեն դրսեւորել, մրցունակ արտադրանք է տվել՝ չի կարող դրանով զբաղվել»,- հարցրեց Խ. Սուքիասյանը: Նա հետադարձ հայացք նետեց դեպի ԽՍՀՄ տարիները: «Իսկ երբ սոցիալիստական տարիներին կաշառքներ են վերցրել, ընդհանրապես ոչնչով չեն զբաղվել, մտել են կուսակցություն եւ դատարկաբանությամբ են զբաղվել, նրանց մուտքը քաղաքականություն համարում եք նորմա՞լ: Բայց այսօրվա` երկրի զարգացմանը նպաստած գործարարի մուտքը քաղաքականություն, չգիտես ինչու, քննարկվում է: Ցանկացած անձի մուտքը քաղաքականություն նմանապես կարելի է քննարկել` թե՛ բժշկի, թե՛ իրավաբանի եւ թե՛ այլոց»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Նրա տեսակետի հետ համաձայն էր նաեւ մեկ այլ գործարար՝ ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը, որի կարծիքով, խորհրդարանում գործարարների ներկայությունն օգուտ է բերում տնտեսական զարգացմանը: «Եթե մեկը քաղաքական գործիչ է, մյուսը` գործարար, ապա դա ամենեւին չի նշանակում, որ առաջինը շատ ավելի խելացի է, քան երկրորդը: Ընդ որում, չի կարելի նրանց համեմատել հատկապես այն դեպքում, երբ տվյալ գործարարը պրակտիկ գործունեության մեջ կարողացել է իր լուման ներդնել: Վերջին հաշվով, բոլորս էլ ասում ենք, որ ԱԺ-ում պետք են տնտեսագետներ, իրավաբաններ եւ այլ մասնագետներ: Տնտեսական գործիչների մեծ մասը հենց տնտեսագետներ են: Այսինքն, նրանց կարիքն, իհարկե, կա»,- համոզված է Հ. Փամբուկյանը:

«Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի, թե ինչով զբաղվի: Ակնհայտ է, որ մարդու ինտելեկտը չի կարելի որոշել ո՛չ գործարար, ո՛չ էլ քաղաքական գործիչ լինելով: Դրա չափման այլ միավորներ կան աշխարհում»,- նկատեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Բայց, նրա կարծիքով, կա մեկ այլ լուրջ խնդիր` օլիգարխիկ իրավիճակի ստեղծման անհրաժեշտ եւ բավարար պայմանները: «Ակնհայտ է, որ ՀՀ-ում այսօր խոշոր գործարարներն, իհարկե, հարկադրված են հայտնվել ԱԺ-ում: Ես կարծում եմ, մենք պետք է խոսենք, թե ինչպիսի քաղաքացիական հասարակություն, պետական կառույցներ պետք է ունենանք, որպեսզի գործարարը ստիպված չլինի զբաղվել իր համար ոչ այնքան հաճելի գործով: Որովհետեւ, եթե մարդը գործարար է, ապա, կարծում եմ, նրա համար ամենահաճելի գործը բիզնեսով զբաղվելն է: Կարծում եմ, որ Հայաստանում շփոթում են օլիգարխը՝ տնտեսավարողի հետ: Ակնհայտ է, որ այսօր ՀՀ-ում նույնիսկ այն բացառիկ տնտեսավարողները, որոնք իրոք շատ մեծ հաջողության են հասել եւ ժողովրդին հայտնի են թե՛ իրենց դրական համբավով, թե՛ իրենց ստեղծած արժեքային համակարգով, իրականում ստիպված են զբաղվել քաղաքականությամբ եւ այսօր խորհրդարանում են»,- ասաց Խ. Քոքոբելյանը: Նա առաջարկեց բարձրացնել նաեւ այն հարցը, որ «այսօրվա պատկերի հիմնական պատճառը ստեղծված լղոզված իրավիճակն է»: ՀՀՇ-ական գործիչը գտնում է, որ քաղաքակիրթ աշխարհում քաղաքականությամբ զբաղվողը, տնտեսավարողն ու հանցագործը հստակ տարանջատվում են, իսկ ՀՀ ԱԺ-ում նրանց դժվար է սահմանազատել:

Խ. Սուքիասյանը նկատեց, որ ՀՀ-ում կուսակցություն գրանցելը շատ էժան գործընթաց է, ու ցանկացած մարդ կարող է հեշտությամբ մտնել քաղաքական դաշտ: «Այդ կուսակցությունները, որ հայտնվում են քաղաքական դաշտում, ավելի լավ են, քան գործարարնե՞րը: Ինչո՞ւ եք գործարարին մրցակից համարում, իսկ ցանկացած մարդու, որ կարող է ցանկացած պահի կուսակցություն գրանցել` ոչ»,- ասաց անկուսակցական պատգամավորը:

Ըստ Ա. Զուրաբյանի, ԱԺ-ում այսօր մեծ տեսակարար կշիռ են կազմում այն մարդիկ, ովքեր ֆինանսապես հասարակության մեջ միջինից շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն: «Այսինքն, իշխանությունների կողմից խթանվում է այն մարդկանց մուտքը խորհրդարան, որոնց վրա ճնշման լծակներ կան: Ինչո՞վ պետք է ճնշեն, օրինակ, Արշակ Սադոյանին: 5 տարի առաջ, երբ Գագիկ Ծառուկյանն ընտրվել էր պատգամավոր, մի հարցազրույց տվեց եւ հստակ ասաց, որ ինքը հայտնվել է ԱԺ-ում, բայց կարծում է, որ իր գործունեության վայրն այլ է, եւ, որ ինքը գործարարությամբ պետք է զբաղվի: 5 տարի անց նա փոխեց իր մտադրությունը, ստեղծեց մի կուսակցություն, որն իշխանության բացահայտ աջակցությամբ ունի մի շարք հարցերում բացահայտ առավելություններ»,- նման օրինակներով իր խոսքը հիմնավորեց Ա. Զուրաբյանը:

«Որեւէ մեկի` քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը վիճարկելի չէ: Խնդիրն այլ հարթության վրա պետք է դնել, այն է թե՝ վտանգավոր չէ՞ արդյոք տնտեսական եւ քաղաքական իշխանությունների սերտաճումը հանրային բնականոն զարգացման համար»,- նկատեց «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության» (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքերով, կա տնտեսական կոնկրետ հնարավորություններ կրողների մի ամբողջ խավ, որը տնտեսության ոլորտում կարող է լրջագույն, պատասխանատու որոշումներ կայացնել: Եվ կա քաղաքական իշխանություն, որի ամբողջ իմաստն է` քաղաքական որոշումներ կայացնելու միջոցով ապահովել հանրային կյանքի բնականոն զարգացումը: «Արդյոք սրանց սերտաճման մեջ վտանգ կա՞: Եթե մեր իրականության մեջ պետական կառավարման համակարգում քաղաքացիական վերահսկողության ինստիտուտներն այնքան զարգացած լինեին, որ մենք համոզված լինեինք, որ որեւէ տնտեսավարող սուբյեկտ, լինելով քաղաքական իշխանության մեջ, չէր փորձի այդ իշխանությունը նախեւառաջ օգտագործել սեփական, անձնական նպատակների համար, ապա այդ վտանգը չէր լինի: Այո, երբ խոշոր գործարարների ճնշող մեծամասնությունը հայտնվում է քաղաքական իշխանության մեջ, դա իր բիզնեսի համար երաշխիք է: Բայց նույն չափով նաեւ հնարավորություն է` այդ իշխանությունն իր նպատակների համար օգտագործելու համար»,- գտնում է Խ. Հարությունյանը: «Հակառակն էլ կարելի է ասել, որ քաղաքական գործիչը, հատկապես, երբ հայտնվում է գործադիր իշխանության մեջ, կարող է իր սեփական շահերը հետապնդել»,- նկատեց ԱԺ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում Խոսրով Հարությունյանի հիմնական մրցակից Խաչատուր Սուքիասյանը: «Ձեզ հետ համամիտ եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ կարող է այդ իշխանությունը սեփական նպատակներին ծառայեցնել: Ես դա չեմ մերժում: Բայց խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ունեն կորցնելու շատ բան, այդ իշխանությունն իրենց նպատակների համար ծառայեցնելու պակաս, եթե ոչ ավելի, շահագրգռվածություն չունեն, քան որեւիցե մեկը: Խնդիրը հակակշիռների ձեւավորման մեջ է: Ես գտնում եմ, որ այդ սպառնալիքը կա, եւ բոլոր դեպքերում, բոլոր հավասար պայմաններում նախապատվությունը պետք է տալ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին»,- ասաց Խ. Հարությունյանը:

Մրցակիցների բանավեճն այս թեմայի շուրջ, թերեւս, երկար կշարունակվեր, եթե Ա. Բաղդասարյանը չփորձեր քննարկման ընթացքը դեպի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) տանել: «Քննարկմանը ներկա են ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց ծրագրերում բիզնեսի զարգացման մասին մեկը մեկից լավ բաներ են գրված: Բայց ես կարծում եմ, որ բիզնեսմեններն աջակցելու են միայն մեկին` ՀՀԿ-ին»,- ասաց «168 Ժամի» փոխխմբագիրը: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ երկու ուժի եմ աջակցելու: Ես ուզում եմ, որ մեր երկրում հակակշիռ ստեղծվի, ուստի պետք է եւ՛ ընդդիմությունը ձայներ հավաքի, եւ՛ այն իշխանությունը, որ կարողացել է երկրի խնդիրներն իր ուսերին տանել: Եթե իշխանական 7 կուսակցություններ կան, ապա ես ուզում եմ, որ նրանցից մեկն անցնի, նա, որն ինչ-որ ձեւով իրեն դրսեւորել է: Իսկ ընդդիմության մեջ կուզեմ նա լինի, որը գոնե փորձ ունի: Դուք ի՞նչ կարծիքի եք, պարոն Փամբուկյան»,- ասաց Խ. Սուքիասյանը: «Ես կուսակցական եմ, պարոն Սուքիասյան»,- իրեն ուղղված հարցը «փակեց» Հ. Փամբուկյանը:

Ա. Զուրաբյանի կարծիքով, ոչ մի կուսակցություն բիզնեսի կայացման համար ՀՀՇ-ից ավելի շատ գործ չի արել: ՀՀՇ-ն, օրինակ, սեփականաշնորհել է տվել հողը: «Բայց դա հիմք չի ծառայել, որ կոնկրետ գործարարներն ասեն. «Սա այն կուսակցությունն է, որ ազատականացում է մտցրել, գործարարություն է ձեւավորել, եւ մենք նրան ձայն կտանք»: Ոչ: Այսօր իշխանական համակարգը ճնշում է գործադրում գործարարի վրա: Վտանգն այն է, որ իշխանությունները գործարարներին կարող են թելադրել իրենց գործողությունները»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը: Հ. Փամբուկյանն էլ ռեպլիկի կարգով Ա. Զուրաբյանին հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ էր այդպես:

Ա. Զուրաբյանի հետ գրեթե համակարծիք էր «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ քաղաքական գործիչ: Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն ի՞նչ է: Գործարար մարդը ստեղծել է մի կուսակցություն: Մականուններով մարդկանց մի խումբ եկել է, պատգամավոր է դառնում: Երբ պետք է՝ կոորդինատներ ունեն, նրանց կանչում են, նրանք էլ գալիս են, քվեարկում են»,- ասաց նա: Անդրադառնալով Խ. Սուքիասյանի այն մտքին, որ գործարար պատգամավորները խորհրդարանում տնտեսության համար կարեւոր օրինագծեր են ներկայացնում` Ա. Կարապետյանը հարցրեց. «Բայց պարոն Սուքիասյան, բոլոր գործարարնե՞րն են, որ ձեզ նման օրենքներ են ներկայացնում ԱԺ-ում»: «Իսկ բոլոր քաղաքական գործիչնե՞րն են օրենքներ ներկայացնում: Մի սեւեռվեք գործարարների վրա»,- նկատեց Խ. Սուքիասյանը:

«Ես չեմ համարում, որ մարդիկ, որոնք ներկա են այս քննարկմանը, պատգամավոր են դառնում, որ իրենց շահերը պաշտպանեն: Այստեղ նստած գործարարներն իրենց շահերը կարող են պաշտպանել առանց պատգամավորական մանդատի ու պատգամավորական մանդատով նույնպես: Ուշադրություն հրավիրենք մի այլ փաստի վրա: Ըստ օրենքի, պատգամավոր դառնալով` գործարարները պետք է հրաժարվեն իրենց բիզնեսից: Ո՞վ է մինչ օրս հրաժարվել: Ոչ ոք, քանզի հասկանում են, որ իրենց գլխավոր գործունեությունը բիզնեսն է»,- նկատեց Ա. Կարապետյանը:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության (ՔԺՎԿ) նախագահ Սոս Գիմիշյանն էլ էր այն կարծիքին, որ լավ կլինի, եթե քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները: «Քաղաքական գործիչը նույնպես մասնագիտություն է: Լավ կլինի, որ ամեն մարդ իր գործն անելուց բարձրագույն մասնագետ լինի: Հայաստանում տիրող իրավիճակն էլ նպաստում է նրան, որ մարդիկ իրենց բուն, սիրած գործը մի կողմ դնեն, գան քաղաքական դաշտ: Կյանքն է ստիպել: Եվ փառք ու պատիվ այն տնտեսավարողներին, որոնք, իհարկե, նաեւ իրենց շահերն են փորձում պաշտպանել, բայց նաեւ լիարժեք օրենսդրական գործով ու հրապարակային քաղաքականությամբ են փորձում զբաղվել: Սա ողջունելի է»,- ասաց Ս. Գիմիշյանը: Սակայն, նա խոսեց նաեւ այս գործընթացի արդյունավետության մասին: «Ընտրությունների նկատմամբ կա երկու մոտեցում` ֆինանսական եւ քաղաքական: Առաջին դեպքում ենթադրվում է` փող, հետո՝ մարդկային ռեսուրս, հետո` լիդեր, վերջում` ծրագիր: Մյուս մոդելն այսպես է` ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ո՞ւմ միջոցով անել եւ ինչո՞վ անել: Առաջին մոդելը շատ ծախսատար է եւ ոչ արդյունավետ»,- նշեց ՔԺՎԿ նախագահն, իհարկե, չժխտելով, որ «մեծ գումարներով ՀՀ-ում կարելի է ցանկացած քաղաքական խնդիր լուծել»:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը խոշոր գործարարների մուտքը խորհրդարան բացասական երեւույթ չի համարում: «Ես ինքս շատ ավելի հարգում եմ այն մարդկանց, ովքեր սկզբում փող են ունեցել, հետո են եկել իշխանության, քան նրանց, ովքեր իշխանության մեջ են եղել ու հետո գումար են վաստակել: Հետեւաբար, բիզնես էլիտայի ներկայությունը քաղաքականության մեջ համարում եմ բնական գործընթաց»,- ասաց Ա. Աշոտյանը: Անդրադառնալով ընդդիմությանը ֆինանսավորելու հարցին` նա օգտագործեց տնտեսագիտական որոշ տերմիններ: «Եթե ես գումար ունենայի, ապա ընդդիմության enterprise-ի (ձեռնարկություն.- «Պրեսսինգ») մեջ փող չէի ներդնի հիմա, որովհետեւ ինձ համար չկա մրցակից առաջարկ, թե ի՞նչ «արտադրանք» են նրանք տալու: Իսկ 2003թ. ընդդիմությունը գրավչական էր ներդրումների համար: Այդ առումով հիմարություն է պահանջել բիզնես մտածելակերպ ունեցող մարդկանցից գումար ներդնել այնտեղ, որտեղ այդ գումարը կորելու է»,- գտնում է ՀՀԿ-ական գործիչը:

ԱԺ պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի գնահատականով, բիզնեսմենը չի կարող լինել պատգամավոր կամ պետական ծառայող: «Այն պահից, երբ բիզնեսմենը դա անում է, պետք է իր բիզնեսը սառեցնի»,- գտնում է նա: Ըստ պատգամավորի, գործարարները գնում են քաղաքականություն` պաշտպանված լինելու համար: Շ. Քոչարյանը չի ընդունում նաեւ հակառակ գործընթացը, երբ քաղաքական գործիչներն են զբաղվում բիզնեսով: «Այս դեպքում քաղաքական գործիչը ֆինանսական առումով կախյալ է դառնում: Ցանկացած փոքր վարչության պետ, միլպետ իր սեփական գործն ունի: Այս դեպքում նույն բիզնեսմենն էլ է տուժում: Այս խնդրի լուծումը համակարգային այն բարեփոխումներն են, որոնք թույլ կտան, որ այս կապը խզվի: Պետք է իշխանությունները թափանցիկ ու վերահսկելի լինեն»,- գտնում է ԱԺԿ նախագահը: Նա, ըստ էության, համամիտ է Խ. Հարությունյանի եւ Ա. Զուրաբյանի հետ այն հարցում, որ եթե քաղաքական գործիչը բիզնեսով չի զբաղվում, կորցնելու բան չունի, նրան շատ ավելի դժվար է ճնշել: «Եթե իմ մեջքին լիներ ունեցվածք, եթե ես իմանայի, որ իմ այս կամ այն խոսքով կարող է դա կորցնեի, ապա միգուցե ես ուրիշը լինեի»,- խոստովանեց Շ. Քոչարյանը:

«Քաղաքական անորակ գործիչն այս հասարակության համար նույնքան վտանգավոր է, որքան անորակ բիզնեսմենը: Բայց մի տարբերությամբ: Երկրորդի սխալները շատ լոկալ են, եւ դրանցից անմիջապես ինքն է տուժում, այն դեպքում, երբ անորակ քաղաքական գործիչը սպառնում է ամբողջ հանրությանը»,- ասաց Խ. Հարությունյանը: Կրկին անդրադառնալով գործարար-քաղաքական գործիչ սերտաճմանը, նա նշեց, որ միջազգային պրակտիկայում օրենքը չի փորձում կարգավորել, թե, օրինակ, մշակութային գործիչն ի՞նչ սահմանափակումներ պետք է ունենա, որպեսզի հայտնվի քաղաքականության մեջ, բայց գործարարի նկատմամբ այդ սահմանափակումները կիրառվում են: «Սա պատահական չէ, որովհետեւ իշխանությունը սեփական նպատակների համար օգտագործելը շատ բնական ձգտում է: Ընդ որում, որոշ երկրներում գործարարներն իրավունք չունեն մասնակցելու այն հարցերի շուրջ որոշումների կայացմանը, որում ունեն սեփական հետաքրքրություններ»,- ասաց ՀՔԴՄ նախագահը: «Ամբողջ աշխարհում քաղաքակիրթ մոդել է, որ բոլորը բաժնեմաս ունեն բաժնետիրական ընկերություններում: Աշխարհում այդպիսի մարդ չկա, որ բաժնետոմսերի մեջ ներգրավված չլինի` ցանկացած քաղաքական գործիչ, բժիշկ եւ այլն: Եկեք մենք բոլորս պահանջենք, որ ՀՀ-ում բաժնետիրական ընկերությունները կայանան: Եկեք այս խնդիրների վրա ուշադրություն դարձնենք եւ նպաստենք, որ ավելի շատ ինստիտուցիոնալ գործարարներ հայտնվեն ԱԺ-ում»,- միջազգային փորձի սեփական օրինակը բերեց Խ. Սուքիասյանը:

Իսկ ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւի կարծիքով, նախեւառաջ պետք է երկրում համակարգային խնդիրները լուծել, հետո անցնել «դետալների»: Ըստ նրա, այս քննարկման թեման այդ «դետալներից» է: «Ակնհայտ է, որ պետական կառավարման ապարատն արդյունավետ չի աշխատում, եթե իշխանության տարանջատում չկա: Մեզանում ոչ միայն դա չկա, այլ ավելին, ֆինանսատնտեսական, գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններն էլ չեն տարանջատվում: Բոլոր կենտրոնները հավաքվել են նույն տեղում: Ոչ մեկի մոտ հարց չէր առաջանա, եթե լուրջ ներդրում ունեցող մի քանի գործարարներ գային խորհրդարան, եւ այս միտումը զանգվածային բնույթ չկրեր»,- ասաց Ա. Բուտաեւը:

«Քաղաքականությամբ զբաղվելու պատճառները կարող են շատ տարբեր լինել: Մեկը զբաղվում է ինքնադրսեւորման համար, մյուսն ագրեսիա ունի, որից ազատվում է քաղաքականության միջոցով (հոգեբանության մեջ հայտնի է, որ մարդիկ կան, ովքեր շատ բացասական բաներ իրենց միջից դուրս են բերում հենց քաղաքականության միջոցով): Մեկ ուրիշն ուզում է քաղաքականությամբ զբաղվել` իշխանություն ձեռք բերելու համար: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր բիզնեսից գնում են քաղաքականություն, տարբեր ու ինքնատիպ դրդապատճառներ ունեն»,- քննարկման ընթացքից եզրակացրեց հոգեբան Խաչիկ Գասպարյանը՝ նկատելով, որ «չի կարելի բոլորը նույն բանաձեւի մեջ տեղավորել»: