Նախագահական ընտրություններ. ընտրություն անձերի՞, թե՞ մոդելների միջեւ

«168 Ժամին» կից գործող «Պրեսսինգ» ակումբի քննարկման հերթական թեման Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունն էր: Փաստելով, որ, օրինակ, բազմաթիվ մասերի բաժանված հայրենի ընդդիմության մեջ գերիշխում է այն տեսակետը, թե պետք է պետական կառավարման մոդելը փոխել՝ քննարկումը վարող, «168 Ժամ» թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանն առաջարկեց խոսել հետեւյալ հարցի մասին. ի վերջո, նախագահի առաջիկա ընտրության ժամանակ հասարակությունն անձերի՞ մեջ է ընտրություն կատարելու, թե՞ պետության կառավարման մոդելների:

Թեեւ թեման կարծեք թե բավականին հստակ էր ձեւակերպված, սակայն բանավեճի զգալի մասն առանձնապես թեմային չէր առնչվում: Քննարկման մասնակիցներից շատերը, թեմայի շուրջ որոշ մտքեր հայտնելուց հետո, աստիճանաբար «անցնում էին» նախորդ կամ ներկա իշխանությունների ժամանակ արձանագրված իրողությունների վրայով, գնահատականներ ու որակումներ տալիս: Սակայն, անկախ ամեն ինչից, առաջարկված թեմայի շուրջ բավականին հետաքրքիր բանավեճ ծավալվեց:

Քննարկումը սկսեց ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը: Նա իր խոսքը սկսեց 2005թ. հանրաքվեով փոփոխված Սահմանադրության մասին դրական կարծիք արտահայտելով: Նրա հավաստմամբ` մեր երկրում Սահմանադրական փոփոխություններից հետո շատ բան է փոխվել, այն իմաստով, որ «իշխանության խնդիրը լուծվել է խորհրդարանական ընտրություններով, որովհետեւ փոփոխված Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանում կա մեծամասնություն, եւ նախագահն այլ թեկնածու է ներկայացնում, միեւնույն է` իշխանությունը մնում է մեծամասնության ձեռքում»: «Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ եթե մի կուսակցության ձեռքին է ողջ իշխանությունը` եւ՛ ԱԺ-ն, եւ՛ կառավարությունը, եւ՛ նախագահը, դա արդյունավետ չէ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում, որովհետեւ տպավորությունս այն է, որ սա կամ ձեռնտու չի, կամ դրա մասին այդքան էլ չեն ուզում խոսել: Ես հասկանում եմ, որ եթե մարդիկ գնում են նախագահական ընտրությունների, միաժամանակ ժողովրդին ասել, որ նախագահի լիազորությունները սահմանափակ են, որ դա իշխանության խնդիր չէ, էլ ի՞նչ ոգեւորություն»,- նշեց Շ. Քոչարյանը: Նրա խոսքերով` ԱԺ մեծամասնությունն այսօր «լեգիտիմ է` կեղծիքներով հանդերձ»: Արմեն Բաղդասարյանը չհամաձայնեց ԱԺԿ ղեկավարի այն տեսակետի հետ, թե իշխանության հարցն արդեն լուծված է: «Ես վստահ եմ, որ եթե վաղը նախագահ դառնա ընդդիմադիր մեկը, նույն պառլամենտն 80%-ով գիշերը կուսակցությունը կփոխի»,- համոզմունք հայտնեց Ա. Բաղդասարյանը: Նրա հետ համաձայն էին շատերը` փաստելով, որ եթե դա այդպես չլիներ, Սերժ Սարգսյանը չէր հավակնի դառնալ երկրի նախագահ:

Թեմայի վերաբերյալ իր տեսակետը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սկսեց փիլիսոփայական մոտեցումներով` առաջարկելով հարցը «կանտյան ձեւով դնել»` հետեւյալ ձեւակերպմամբ. ինչպիսի՞ն է Հայաստանում իշխանության փոփոխման ինստիտուտը, եւ այդ ձեւավորվող մեխանիզմը հույս տալի՞ս է, որ մենք կարող ենք իրականացնել մեր նպատակները: «Որովհետեւ հասկացեք, որ շատ բան օբյեկտիվորեն մեզանից անկախ է լինում: Մենք ուղղակի կամ մակերեսն ենք շոշափում, կամ տեսանելի չափանիշներն ենք հաշվի առնում: Կան խորքային բաներ, որ մենք չենք տեսնում: Այս ազգի համար արդարությունը, ուժեղ, օրինական իշխանությունը ո՞րն է: Այն ընդունո՞ւմ է այս չափանիշները: Եթե ընդունում է` ո՞նց է իրականացնելու կամ պաշտպանելու»,- հարցնում էր սոցիոլոգը: Նրա հավաստմամբ` եթե վերոնշյալ հարցերին պատասխանելու փորձ չի արվում, լինում է այն, ինչ լինում է այսօր. ով իշխանության է եւ լծակները ձեռքից չի թողել, նա մեծ հնարավորություն ունի շարունակել կա՛մ ինքն իշխանության մնալ, կա՛մ մեկին նշանակել: Պարզվեց, որ Ա. Ադիբեկյանի համար շատ կարեւոր է «իշխանության ժառանգականության ինստիտուտի խնդիրը»: «Ժողովուրդն իր ընտրությունն է կատարում: Մենք պետք է հասկանանք այդ ընտրության մեխանիզմները, ակունքները, որ այդ ինստիտուտը ստեղծվի բովանդակային առումով ու վերածվի ձեւականի: Հակառակը չի լինում` ինչքան ուզում ես` ինտեգրվի Եվրոպային, ինչքան ուզում ես՝ նրա մոդելները բեր: Դա նույնն է, որ գեղցու վրա մի հատ ջինս ես հագցնում ու ասում ես` գնա «Չա-չա-չա» պարի: Դա նրա համար խորթ է: Իսկ այդ ինստիտուտների ձեւավորումը բավականին լուրջ խնդիր է եւ սերունդների ջանքեր է պահանջում»,- նման պատկերավոր ձեւով իր տեսակետը ներկայացրեց սոցիոլոգը:

Իսկ ահա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն էլ այն համոզմանն է, թե հայրենի ընդդիմությունն այսօր մոդել չունի, հակառակ դեպքում վաղուց, ըստ Աշոտյանի, «Միասնական թեկնածու» գաղափարի շուրջ ընդհանուր եզրակացության կգար: Ընդդիմության մոդելն, ըստ նրա, չի կարող լինել միասնական, որովհետեւ Հայաստանի ընդդիմությունը «խայտաբղետ է»: «Ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել»,- հարցնում է երիտասարդ պատգամավորն ու հավելում, որ այս թեմայով կարելի է շատ գեղեցիկ բարդ ստորադասական նախադասություններ կառուցել, սակայն նշված հարցի պատասխանը, նրա գնահատմամբ` այլեւս տրված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պարտավորություններով, եւ խնդիրը միայն այդ մոդելի «ծյունինգի» մեջ է: «Ռազմավարական առումով մոդելի ուրվագիծը կա, իսկ թե ինչպիսի՞ ձեւով, ո՞վ կհավաքի այդ մոդելը, ի՞նչ մասերից կհավաքի այդ նույն տեխնիկական բնութագրիչներ ունեցող պետությունը, դա գուցե շատ է կախված անձերից, սակայն, կարծում եմ` պետության ուրվագիծն ամրագրված է»,- կարծում է պատգամավորը: Վերջինս կիսում է Շ. Քոչարյանի դիտարկումները՝ մի պայմանով. «Եթե մեր երկիրն իրականում լիներ այնպիսին, ինչպիսին որ ենթադրվում է, որ պետք է լինի: Սակայն կան նաեւ սուբյեկտիվ գործոններ, եւ համաձայն եմ, որ թեպետ նախագահն իր լիազորություններով կարծեք թե այն նախագահը չէ, որը կար մինչեւ այս վերջին հանրաքվեն, սակայն հայկական մենթալիտետը դեպի միանձնյա իշխանության ձգտող մենթալիտետ է, հետեւաբար ես նաեւ պետք է ասեմ, որ գուցե ավելի հեշտ է աշխատել մեկ ուժի կենտրոնի հետ, որը կարող է լինել եւ կա ՀՀ նախագահը, քան թե այդ բաղդատած ուժի կենտրոնի հետ, որը բաղկացած է, ենթադրենք` 66 պատգամավորից»,- հայկական մենթալիտետի առանձնահատկություններին անդրադարձավ Ա. Աշոտյանը:

Իսկ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է տարբերակել ԱԺ-ի ու նախագահի ընտրությունները: Ըստ նրա, դրանք բովանդակային առումով տարբեր լինելով՝ հասարակության մեջ էլ տարբեր կերպ են ընկալվում: Փաստելով, որ հասարակության մեծամասնությունն ԱԺ ընտրությունները չի ընկալել որպես փոփոխության հնարավորություն, Խ. Քոքոբելյանը նշեց, որ նախագահական ընտրությունների մեջ է հասարակությունը եւ նաեւ քաղաքական առողջ դաշտը տեսնում «երկրում փոփոխության խնդիրը, եւ ստրատեգիական առումով փոփոխության խնդիրն այդտեղ կարող է լինել»: Փորձելով պատասխանել առաջադրված հարցին (մոդելների մեջ պետք է ընտրություն լինի՞, թե՞ անձերի)՝ ՀՀՇ վարչության փոխնախագահը կարծիք հայտնեց, թե Հայաստանում դա շատ տրիվիալ է: «Որովհետեւ շատ անձնավորված է, ու գիտենք, թե որ անձն ինչ մոդել է իր հետեւից տանելու»,- գտնում է նա: Անդրադառնալով Ա. Աշոտյանի այն մտքին, թե Սահմանադրությունում մեծ հաշվով արդեն նշված է մեր երկրի զարգացման մոդելը, Խ. Քոքոբելյանը կարծիք հայտնեց, թե դժբախտաբար ամեն ինչ դրանով չի լուծվում, եւ դա բավարար չէ: «Մենք պետք է մի իրողության հետ էլ հաշվի նստենք, որ Հայաստանը դժբախտաբար այն ծանրակշիռ դերը չունի արտաքին քաղաքական դաշտում, եւ բնականաբար մեզ պարտադրված են շատ-շատ բաներ,- նշեց նա ու շարունակեց,- Շատ ակնհայտ վիճակ է ստեղծվելու: Լինելու է ընդդիմության մեկ ծանրակշիռ թեկնածու, եւ լինելու է իշխանության թեկնածու: Բոլոր նրանք, ովքեր այս արանքում ճամարտակություններով կզբաղվեն, նրանք կլինեն «ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն» կամ չգիտեմ ինչ: Ովքեր այս կամ այն կողմում կլինեն, շատ հստակ կլինի, թե որ մոդելի կողմնակիցն են»:

Քննարկման մասնակից, լրագրող, քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանի գնահատմամբ էլ՝ Հայաստանում այսօր կա ոչ թե ընդդիմություն, այլ՝ ընդդիմություններ: Իսկ այդ ընդդիմություններն, ըստ նրա, միմյանցից շատ են տարբերվում:

Այնուհետեւ խոսակցությունը շարունակվեց բոլորովին այլ ուղղությամբ, եւ այն այս անգամ քննարկվող թեմային փորձեց վերադարձնել ընդդիմության (կամ Դ. Պետրոսյանի նշած՝ ընդդիմությունների) ներկայացուցիչ, «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, ում խոսքերով՝ մեր ազգի, պետության համար եւ՛ անձը, եւ՛ մոդելը պետք է շատ կարեւոր լինի, քանի որ «անգամ ժողովրդի հետ կապ չունեցող» Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ երկրի նախագահը երկրի գլուխն է: «Իսկ գլուխը, հայկական ընկալումով, ենթադրում է լիքություն, գլխի լիքություն եւ նաեւ սրտի առկայություն, այսինքն՝ այդ անձի կապվածությունն ազգի հետ»,- գլխի մասին իր կարծիքն այսպես ձեւակերպեց ՆԺԿ վարչության անդամը:

Սակայն քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ խնդիրն այստեղ մոդելը չէ: Մեր հասարակության զարգացման մոդելն, ըստ նրա` իրականում հիմնադրվել է 1990-ականներին՝ համազգային շարժման հետեւանքով, մեր ժողովրդի՝ անկախության համար պայքարով: Այդ ամենը հռչակվել է Անկախության հռչակագրում, իսկ հետո հիմնադրվել է իրավական համակարգը: «Այստեղ մոդելի հարց չկա: Պրոբլեմն այլ է: Պրոբլեմն այն է, որ դրանից հետո Հայաստանում գաղափարական-քաղաքական պայքարն ուղղակի վերջացել է»,- կարծում է Լ. Զուրաբյանը: Վերջինիս խոսքերով՝ նախագահական ընտրություններն այս իրավիճակը փոխելու կարեւոր շանս են: «Եվ եթե երկրում գտնվեն առողջ ուժեր, որոնք սկզբում իրենք միավորվեն` միավորելով գաղափարական-քաղաքական վերնախավը, իսկ հետո էլ ոտքի կանգնեցնեն ժողովրդին, այդ դեպքում այդ շանսը հասարակության կողմից կօգտագործվի, եւ մենք կկարողանանք ջարդել օլիգարխիկ այս ռեժիմն ու վերադառնալ գաղափարական-քաղաքական համակարգին»,- նշեց նա:

Այլ կարծիքի էր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանի նման պետություններում, երբ համակարգը դեռեւս չի գործում, անհատի դերը մեծ է: Նրա համոզմամբ՝ այսօր Հայաստանում ժողովուրդն ուզում է անհատ ընտրել, որն, ըստ հասարակության պատկերացման` ուժեղ է, կարողանում է ամբողջ իշխանությունն իր ձեռքը վերցնել եւ «բռունցքը խփելով» խնդիրներ լուծել: «Արտաքին գործոնները մեր հասարակության վրա դեռեւս բավականին ազդեցիկ են, այսինքն՝ պատերազմի վերսկսման վտանգը, աշխարհաքաղաքական գործոնները եւ այլն: Այդ պատճառով հասարակությունն ուզում է հզոր անհատ: Այդ մոդելը նախագահական ընտրությունների ժամանակ գործելու է»,- վստահ է նա:

Անհատին ընտրելու պատճառը «168 Ժամի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն այլ կերպ է բացատրում: Ըստ նրա, ժողովուրդն արձանագրում է, որ ընդդիմությունը պարտվեց, որովհետեւ միասնական չէր, եւ նույն պատկերացումները տեղափոխվելու են նախագահական ընտրության վրա: Այսինքն՝ եթե հասարակությունը տեսնի, որ միասնություն չկա, ասելու է՝ ընդդիմությունը պարտված է, ու նրա հետ այլեւս հույսեր չի կապելու: «Ժողովրդին ո՞վ է մոդել առաջարկել, որ անհատ է ընտրում. մոդել չկա, ժողովուրդն էլ անհատ պետք է ընտրի: Ինչի՞ մասին է խոսքը»,- հարցնում էր Ա. Գալոյանը: Ա. Բաղդասարյանը համաձայն չէր, թե մոդել չկա, ու նկատեց, որ, օրինակ՝ գործող համակարգն արդեն որոշակի մոդել է: «Մոդել չկա,- պնդեց Ա. Գալոյանն ու հավելեց,- Կա մի մենթալիտետային կառավարման… աշխատող բան չկա: Պահի տակ ոնց կլինի, ազգային մենթալիտետի վրա կգցենք, կգնանք առաջ»:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով կարծիք հայտնեց, թե շարքային քաղաքացին մասնագետ չէ, եւ նրան ինչ կմատուցվի մասնագետի կողմից, նա այդ առաջարկվածի մեջ էլ ընտրություն կկատարի: Պ. Հայրիկյանը համոզված է, որ այսօր մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրները ոչ թե հերթական քաղաքական խնդիրներ են, այլ` ռազմավարական: Այդ դեպքում, ըստ նրա, ընդդիմության կամ ընդհանրապես հասարակության շերտերի մասին խոսելն ավելորդ է. «Ազգային-ազատագրական պայքարի փուլում լինում են պետականության կողմնակիցներ եւ դրա հակառակորդներ»: ԱԻՄ ղեկավարի կարծիքով՝ կան ավելի բարձր խնդիրներ, որոնք պարտավորեցնում են ստեղծել այլ մոդել եւ չխոսել նախագահական ընտրությունների մասին՝ որպես հերթական իշխանության ձեւավորման պրոցեսի: Ըստ Հայրիկյանի, նրանք, ովքեր իրավիճակն օրհասական են գնահատում, պետք է արձանագրեն, որ գնում են ռազմավարական նշանակության քայլեր կատարելու, որը պահանջում է ուժերի համատեղում: «Ճգնաժամային իրավիճակներում այդպես լինում է, որ ժողովուրդը սպասում է անհատի: Վայ այն ազգին, որ ճգնաժամի պահերին լավ անհատ չի ունենում: Բայց վայ այն ազգին, որ հույսը դրել է անհատի վրա, երբ արդեն խոսում է պետություն ունենալու մասին»,- նկատեց Պ. Հայրիկյանը:

Հնչած տեսակետներից փոքր-ինչ այլ մոտեցում ուներ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա կարծում է, որ այսօր մեր հասարակությունը ոչ թե այս կամ այն քաղաքական գործչին կամ անհատին է ցանկանում տեսնել իշխանության ղեկին, տվյալ դեպքում՝ նախագահի աթոռին, այլ ցանկանում է տեսնել այն անհատին, ով կկարողանա իրականացնել այն փոփոխությունը, որն ինքը՝ հասարակությունն իր համար դեռեւս չի որոշակիացրել: «Փոփոխության ցանկությունն առկա է, բայց թե կոնկրետ ի՞նչ է ուզում հասարակությունը, որոշակիացված չէ»,- գտնում է ՀՀՇ վարչության նախագահը: Ըստ նրա` քաղաքական ուժերի հիմնական նպատակը հիմա պետք է լինի՝ որոշակիություն մտցնել այն երեւույթի մեջ, որը հասարակությանը պարտադրելու է կողմնորոշվել:

«P-Art» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանն էլ գտնում է, որ հասարակությունը դեգրադացվել է: «Հասարակությունը փոխվել է 1990-ականների համեմատ: 2005-ի սահմանադրական հանրաքվեին հասարակության արձագանքը զրո էր, իսկ 2007-ին մարդիկ ԱԺ ընտրության էին գնում ոչ թե անձ կամ այլ բան ընտրելու, այլ գնում էին ընտրելու փողը: Հասարակությունն այդ առումով դեգրադացվել է»,- գտնում է նա: Իսկ Ա. Աշոտյանը գտնում է, որ «մեղավորը» «քաղաքական էլիտայի որակն է»: Նրա խոսքերով՝ իրականում այսօր Հայաստանի քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը «քաղաքական էլիտայի որակի խնդիրն է»: «Ես չեմ հավատում, որ Հայաստանում կարող է լինել, այսպես ասած, իշխանափոխություն ներքեւից: Ես հավատում եմ, որ Հայաստանում կան դեռ մտածող մարդիկ, որոնք անկախ իրենց տեսակետների բախման սրությունից՝ ունակ են վերարտադրելու քաղաքական համակարգը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը: Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկեց իր կողմից նշված գործող մոդելը «ծյունինգ» անելու մասին մտքում «ծյունինգ» բառը փոխարինել, իր գնահատմամբ, ավելի հարմար՝ «upgrade» բառով: «Ես առաջարկում եմ «upgrade» տարբերակը, այսինքն՝ նույն ոճի մեջ, բայց ավելի կատարելագործված ծրագիր»,- նշեց նա: «Ծյունինգից» ու «upgrade»-ից անցում կատարվեց հոգեբանությանը:

Առաջադրված՝ «անհա՞տի, թե՞ մոդելի ընտրություն» հարցի վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց հոգեբան Խաչիկ Գասպարյանը: «Շրջադարձերում ուղղակի հասարակության մեջ սրվում է անհատի եւ անձի հարցը»,- նշեց հոգեբանը: Նրա հավաստմամբ՝ 1999-ին խորհրդարանում տեղի ունեցած դեպքերից հետո մարդկանց մեջ առաջացավ այն կարծիքը, թե ովքեր ուզում են փոփոխություններ անել, դատապարտված են մահվան: «Հասունացել է այն մթնոլորտը, ժողովուրդն էլ դրան պատրաստ է, որ որոշ մարդիկ ընտրեն անձեր, որոշ մարդիկ ընտրեն համակարգեր: Չենք կարող միանշանակ ասել, որ բոլորը պետք է միատիպ ընտրություն կատարեն»,- նշեց Խ. Գասպարյանը: Հնչած տեսակետները հակիրճ ամփոփեց քննարկումը վարող Ա. Բաղդասարյանը: Ըստ այդմ, տեսակետները բաժանվում էին երկու մասի: Ըստ մի տեսակետի, Հայաստանում ամեն ինչ նորմալ է եւ լուրջ, արմատական փոփոխություններ պետք չեն, եւ խնդիրն ընդամենը հետագա «ծյունինգն է»: Այսինքն՝ զարգացնել նույն ուղղությամբ՝ մի քիչ ավելի լավ, մի քիչ ավելի արագ: Մյուս տեսակետն այն էր, որ սրանք հերթական նախագահական ընտրություններ չեն. կա շատ ավելի լուրջ, ազգային, ռազմավարական խնդիր, հետեւաբար դրան չի կարելի մոտենալ այդ տեսանկյունից, որովհետեւ պետությանը պետք են արմատական, շրջադարձային փոփոխություններ: