Ռուսական կապիտալը Հայաստանում. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ներկայություն

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկման թեման էր ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում: Ավելի ճիշտ՝ այն, թե ռուսական կապիտալի ներկայությունը որքանով է պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Քննարկումը վարող, «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը` նշելով, որ բազմաթիվ փաստարկներ են բերվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ներկայության տեսակետը հիմնավորելու համար, մասնակիցներին հարցրեց, թե արդյոք վտանգավոր չէ՞ Հայաստանում ռուսական կապիտալի ներկայությունն այդքան մեծ չափաբաժնով:

«Իմ ձեռքի տակ է օտարերկրյա ներդրումների մասին վերջին հրապարակումը: Ռուսական ուղղակի ներդրումները 2007թ. հունվար-հունիս ամիսներին աճել են 3,8 անգամ, կամ անուղղակի ներդումները` 24,4 անգամ: Ինչպե՞ս է հնարավոր, որ Հայաստանի տնտեսության մեջ զուտ տնտեսական տեսանկյունից աճի նման տեմպեր լինեն: Գուցե դա մեր տնտեսության փոքր մասշտաբների՞ց է»,- նշեց նա:

Քննարկումը սկսեց «ՀայՌուսգազարդ» վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Նա չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ռուսական կապիտալի ներկայությունը ՀՀ-ում պայմանավորված է քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական գործոններով, թե՞ այդ երկուսի սիմբիոզն է, քանզի այդ հարցը Կ. Կարապետյանն այնքան էլ կարեւոր չի համարում: Ըստ նրա, ավելի կարեւոր է հետեւյալը. մեր երկրին դա պե՞տք է, թե՞ ոչ: «Կոնկրետ «ՀայՌուսգազարդի» օրինակի վերաբերյալ ես առայսօր լուրջ փաստարկ չեմ լսել, որով բացատրվի, թե ռուսական կապիտալը Հայաստանում կամ «ՀայՌուսգազարդում» ներդրում անելով՝ Հայաստանի քաղաքացիները կամ Հայաստանը դրանից կարող են տուժել: Այսօր Հայաստանն ամենագազիֆիկացված երկիրն է: Մենք վերջին հինգ տարում հինգ անգամ ավելի բաժանորդ ունենք: Տարվա վերջում ունենալու ենք 89,6 տոկոս գազիֆիկացիայի մակարդակ: Դրա սոցիալ-տնտեսական էֆեկտը տարեկան 250-300 միլիոն դոլար տնտեսումն է ընտանեկան բյուջեներից,- նշեց Կ. Կարապետյանն ու շարունակեց,- Գազը որպես վառելիք էլ է օգտագործվում: Այս առումով էլ է Հայաստանը հարաբերականորեն առաջատար: Հայաստանում որպես վառելիք տարեկան օգտագործվում է 320-340 միլիոն խորանարդ մետր գազ, դա մոտավորապես հավասար է 320-340 հազար տոննա նավթամթերքի: Սպառումն այս տարի, իմ կարծիքով, 400-450 խ/մ կդառնա: Ունենք արտոնյալ սակագին տարածաշրջանում: Այսօր մենք Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը գնում ենք 250 միլիոն դոլարով: Ես պնդում եմ՝ ուղղակի դրան կարգով մոտ ուրիշ առաջարկ չի էլ եղել: Այսինքն` Հայաստանը կոնկրետ 5-րդ բլոկի հարցում, չեմ կարծում, թե ընտրություն կատարելու հնարավորություն ունեցել է, որ ընտրեր՝ ռուսական կապիտա՞լ, թե՞ այլ»: Իսկ ընդհանրապես, ըստ Կ. Կարապետյանի, կապիտալը ռուսական է, թե, ասենք, մոնղոլական, այդքան կարեւոր չէ: Նրա գնահատմամբ՝ ավելի կարեւոր է, թե պետությունը կարողացե՞լ է ներդրողի հետ պայմանագրով իր շահերն ու հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներն ապահովագրել, թե՞ ոչ: «Ի վերջո, Իրան-Հայաստան գազի խողովակի կառուցումը «ՀայՌուսգազարդն» է անում: Խոսքն այն 40 կիլոմետրանոց կտորի մասին է, որը պարզ չէ, թե ումն է: Համեմատության համար նշեմ. «ՀայՌուսգազարդն» ունի 12 հազար կիլոմետր գազատար: Տեսականորեն պատկերացնենք` 40 կիլոմետրանոց գազատարն ունենա այլ տնտեսվարող սուբյեկտ: Դա տեսականորեն հնարավոր է, բայց զուտ տնտեսական առումով դա կբերի լրացուցիչ ծախսերի, լրացուցիչ սակագների ձեւավորման: Եվ դրա այլընտրանք լինելը կախված չէ նրանից, թե հնարավորություն կունենա՞ Հայաստանը վաղն այլ աղբյուրներից (ոչ Ռուսաստանից) գազ բերել, որովհետեւ այդ խողովակատերը լինելու է զուտ տրանզիտի տեր, եւ իր իրավասությունների մեջ չի լինելու խոչընդոտել, եթե որեւիցե մեկը կարողանա ավելի էժան գազ բերել, ասի` ես իմ խողովակով չեմ թողնում անցկացնել: Այս ամբողջն, իմ պատկերացմամբ` ամրագրվում է պետություն-ներդրող-պետություն-գործընկեր հարաբերությունների մեջ»,- գտնում է պարոն Կարապետյանը: Արա Գալոյանը, անդրադառնալով Կ. Կարապետյանի այն մտքին, որ գազի օգտագործման արդյունքում բնակչությունը մոտ 250 միլիոն դոլարի խնայողություն է անում, հետաքրքրվեց, թե կա՞ն հաշվարկներ, թե որքան կկազմի այդ խնայողությունը գազի գնի վերջնական ազատականացման դեպքում: «Այո: Թվաբանությունը հետեւյալն է: Այսօր գազը փայտի նկատմամբ 2,2 անգամ ավելի էժան է, եւ էֆեկտն էլ ավելի բարձր է: Այս տարեվերջին մենք կունենանք գազից օգտվող 510 հազար բաժանորդ: Մեր հաշվարկը հիմնված է նրա վրա, որ, եթե, ասենք, ձմեռը գազից չեն օգտվում, ի՞նչ այլընտրանքային ծախսեր կունենան»,- պատասխանեց Կ. Կարապետյանը: Ա. Գալոյանը հիշեցրեց, որ ռուս պաշտոնյաները բողոքում էին, որ իրենց Հայաստանում վատ գործարաններ են տրվել, հիմա դրանք չեն աշխատում, իսկ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներից մեկն ասուլիսում նշել էր, թե Հայաստանում ռուս գործարարները դժվարանում են բիզնես սկսել, որովհետեւ հայ պաշտոնյաները եւ գործարարները «փայ են ուզում»:

Այս խոսքերին արձագանքեց քննարկման մասնակից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ով նշեց, թե շատ լավ կլիներ, որ այդ հայտարարությունն անող պատգամավորը նաեւ պաշտոնյաների կոնկրետ անուններ նշեր, որպեսզի մարդիկ իմանան, թե ովքե՞ր են այդ պաշտոնյաները: Խոսելով կոնկրետ «ԱրմենՏելի» եւ «Վիվա Սելլի» վաճառքի մասին, նախարարը նշեց, որ առաջինի դեպքում եղել է միջազգային մրցույթ, եւ մրցույթում հաղթել է ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունը, որի կապիտալը գերազանցում է 15 միլիարդ դոլարը: Այստեղ Ա. Գալոյանը փորձեց նախարարից պարզել, թե ինչո՞ւ չեն աշխատում Ռուսաստանին հանձնված հայկական որոշ ձեռնարկություններ: Ա. Մանուկյանը վստահեցրեց, որ այդ ձեռնարկություններն աշխատելու են, եւ երբ վերջերս պաշտոնական այցով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նորանշանակ վարչապետի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ «Մարս» գործարանի խնդիրը: Նախարարը հավաստիացրեց, թե երկու երկրների վարչապետները եկել են համաձայնության, որ «Մարսը» պետք է աշխատի: «Նույնիսկ հայտնի է այն գործարարը, որը պատրաստ է շուրջ 150 միլիոն դոլար ներդրում կատարել «Մարսում»,- վստահեցրեց Ա. Մանուկյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում տնտեսությունն ազատականացված է, եւ եթե մասնավոր ընկերությունը ցանկանում է իր ձեռնարկությունը ռուսական ընկերությանը վաճառել, ապա դա տվյալ ընկերության գործն է: Բանն այն է, որ, ըստ նախարարի, հիմնականում ռուսական ընկերություններն են ավելի մեծ գին առաջարկում, եւ փորձը ցույց է տալիս, որ «առ այսօր կատարված բոլոր գործարքները հաջողված են»: «Չի եղել մի գործարք, որ ռուսական ընկերությունը ձեռք բերի հայկական կապիտալ եւ այդ կապիտալը ձախողի: Ես չգիտեմ նման դեպք,- պնդեց Ա. Մանուկյանն ու հավելեց, – Ես որեւէ վատ բան չեմ տեսնում նրանում, որ ռուսական կապիտալը հոսում է Հայաստան: Մեզ համար գլխավորն այն է, որ այն ձեռնարկությունները, որոնք ձեռք են բերում ռուսական ընկերությունները, աշխատեն, մեր ժողովուրդն աշխատի, աշխատատեղ լինի: Պետությունն, իհարկե, իր կարգավորիչ դերն ունի: Օրինակ, «Վիվա Սելլն» իր տեխնիկական հագեցվածության աստիճանով ավելի հագեցած է: «Սիստեման» ձեռք բերեց «Վիվա Սելլը», «ՎիմպելԿոմը»` «ԱրմենՏելը»: «ՎիմպելԿոմն» այնքան ներդրումներ պետք է կատարի, որ գա-հասնի «Վիվա Սելլի» մակարդակին: Իսկ շատ ներդրում կատարելով՝ կապի որակը կլավանա: Դրանում վատը ո՞րն է: Թող մի հայ գար առներ: Հատուկ ուղղվածություն չի եղել, որ կոնկրետ պետք է «ԱրմենՏելը» կամ «Վիվա Սելլը» ռուսական ընկերություն ձեռք բերի: Ով շատ վճարում էր, նա էլ գնում էր»:

Սակայն տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն այս հարցում երկու խնդիր է տեսնում: Առաջին խնդիրն, ըստ նրա՝ այն է, որ մեր երկրի վարած ներքին տնտեսական քաղաքականությունը հստակ տարբերվում է Ռուսաստանում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարվող քաղաքականությունից: Հետեւապես, նրա գնահատմամբ՝ լինելու են պրոբլեմներ, որովհետեւ ռուսական կապիտալը որոշակի խաղի կանոններով է աշխատում իրենց մոտ, եւ պետք է փորձենք հասկանալ, թե իրենց մոտ կիրառվող խաղի կանոններն ինչպե՞ս են գործելու Հայաստանում: «Այստեղ կարող է լինել հստակ, չասեմ՝ ճնշում, բայց հնարավոր է, որ Հայաստանը ստիպված լինի տնտեսական քաղաքականության որոշակի էլեմենտներ փոխել: Որովհետեւ, եթե հիմնական կապիտալը գալիս է եւ խաղում է մի օրենքներով, տվյալ երկրում նա թելադրում է, որովհետեւ նա է հիմնական հարկատուն: Եվ այստեղ առաջանալու է մեր կողմից վարվող տնտեսական քաղաքականության շտկման անհրաժեշտություն»,- ասում է նա: Երկրորդ խնդիրն էլ, Տ. Ջրբաշյանի խոսքերով՝ հետեւյալն է. «Ակնհայտ է, որ տվյալ երկրի զարգացման հիմնական գրավականն առկա ռեսուրսների էֆեկտիվ օգտագործումն է: Այստեղ մենք ունենք պրոբլեմ: Օրինակ բերեմ «ՀայՌուսգազարդի» վրա: Ես կարծում եմ, որ «ՀայՌուսգազարդի» ներկայությունը Հայաստանում շատ դրական դերակատարում է ունեցել եւ դեռ կունենա: Այստեղ պրոբլեմն այն խաղի կանոններն են, որոնցով մենք փորձում ենք հարաբերվել «ՀայՌուսգազարդի» եւ նմանատիպ գիգանտի հետ, ինչպիսին «Գազպրոմն» է: Խոսքը գազի ներմուծման եւ տարածման նկատմամբ մենաշնորհի մասին է: Ես կարծում եմ, որ այստեղ պրոբլեմ է լինելու, որովհետեւ «Գազպրոմն» ընդունել է այն խաղի կանոնները, որոնք Ռուսաստանում են»,- գտնում է պրն Ջրբաշյանը: Ըստ նրա, նմանատիպ պրոբլեմ լինելու է նաեւ հայկական երկաթգծի կոնցեսիոն համաձայնագրի հետ կապված հարցում: «Ակնհայտ է, որ երկաթգիծը երկու բաղադրիչից է բաղկացած` երկաթգծից եւ շարժական համակարգից: Սակայն մենք այսօր նույնպես գնում ենք նույն ճանապարհով (ինչպես գազի ներմուծման եւ բաշխման դեպքում.- Ռ.Թ.), որովհետեւ այնտեղ այդպես են սովոր` «ՀԻԺ»-ն (հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման մրցույթի երկու մասնակիցներից մեկը.- Ռ.Թ.) տնօրինում է եւ՛ կառուցվածքը, եւ՛ շարժական մասը: Իմ ասածն այն է, որ մենք պետք է խաղի կանոններ ստեղծենք մեր երկրում, եւ դա մեր հարցն է, ոչ թե ռուսական բիզնեսի հարցն է: Ռուսական բիզնեսը գալիս է այստեղ եւ երկու տարբերակ ունի. կամ պետք է ընդունի խաղի այն կանոնները, որը մենք ենք թելադրում, կամ ինքը ձեւում է այդ խաղի կանոններն իր ուզածով: Ցավոք, մինչ օրս մեզ մոտ այնպես է, որ այդ խաղի կանոնները դրվում են իրենց ուզածով: Օրինակ` բաշխիչ ցանցերն այս տարվա ապրիլից մենաշնորհ չունեն: Սակայն ոչ մեկը չի մտածում այն մասին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մենաշնորհի վերացման հետ կապված հենց այդ օրը նախապատրաստված պետք է որոշում կայացներ այն մասին, որ պետք է տարանջատվեր էլեկտրաէներգիայի տարիֆը: Պետք է երկու տարիֆ սահմանվեր` տարիֆ՝ ենթակառուցվածքի օգտագործման նկատմամբ եւ տարիֆ` նույն բաշխումը կազմակերպելու համար: Ես կապիտալի ներխուժման հարցում ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե այդ կապիտալը գործում է որոշակի խաղի կանոններով, այլ ոչ թե փորձում է թելադրել այն խաղի կանոնները, որոնց ինքը սովոր է»,- նշեց Տ. Ջրբաշյանը: Անդրանիկ Մանուկյանը հարկ համարեց նշել, որ մեր երկաթուղու կոնցեսիոն գործընթացն «աշխարհում երեւի ամենաթափանցիկն է», քանզի արվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ եւ իրենց խորհրդատուների խորհուրդներով: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 6-7-ն իրենք Լոնդոնում կազմակերպել են հայկական երկաթուղու շնորհանդես՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ: «Հրավիրել էինք բոլորին: Ես ստորագրել եմ 60-ից ավելի հրավերներ: Հրավիրել ենք բոլոր երկրների երկաթուղայիններին, գործարարներին, որոնք կապ ունեն երկաթուղու հետ: Եկել է ընդամենը 21 կազմակերպություն: Ներկայացրել ենք հայկական երկաթուղին ամբողջությամբ: Եվ 21-ից ընդամենը երկու ընկերություն` Ռուսաստանի երկաթուղին (ՀԻԺ եւ հնդկական մի կազմակերպություն են ներկայացրել իրենց առաջարկները: Ժամկետը սեպտեմբերի 21-ին լրանում էր: Այսինքն` դա շատ թափանցիկ է եղել»,- պնդեց նախարարը: Վերջինս հավաստիացնում է, որ երկաթուղին «ոչ մեկը ռուսներին չի տալիս»: Նախարարը գտնում է, որ պետք չէ ամեն ինչ քաղաքականացնել. ով շատ վճարում է, նա էլ գնում է, եւ պարզապես ռուսները սովորաբար մյուսներից շատ են վճարում: Ըստ Ա. Մանուկյանի` Հայաստանին ավելի ձեռնտու է հզոր պետության խոշորագույն ընկերությունների մուտքը Հայաստան:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, սակայն, գտնում է, որ ռուսական կապիտալի հետ կապված հարցը նախեւառաջ քաղաքական է: Համաձայնելով, որ ռուսները մյուսների համեմատ միշտ մեր գույքի համար ավելի են վճարում, նախկին վարչապետն առաջարկում է հասկանալ, թե ինչո՞ւ են ռուսները շատ վճարում: «Մենք պետք է հասկանանք, որ այստեղ քաղաքական հարց կա»,- գտնում է նա: Նրա կարծիքով, օրինակ, էներգետիկ համագործակցության առումով Ռուսաստանի ընտրությունն այլընտրանք չուներ, սակայն այդ գործընթացում եղել են էական սխալներ: «Ես լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում Ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարում: Ատոմակայանը մի բան է, որը մենք ունենք, մեր հարեւաններից ոչ մեկը դեռ չունի: Իրանն այսօր չի կարողանում անել այն, ինչ մենք արեցինք 12-13 տարի առաջ` ատոմակայան բացեցինք: Այսօր մոտավորապես մենք ծախսում ենք մի դոլար էներգետիկ ռեսուրս, արտադրում ենք 6 դոլար ՀՆԱ: Ռուսաստանում 2,5 դոլարի ՀՆԱ արտադրելու համար 1 դոլարի էներգետիկ ռեսուրս են ծախսում: Հիմա մենք հետադիմում ենք»,- նշեց նախկին վարչապետը: Վերջինս նկատեց նաեւ, որ մեր երկրի միակողմանի էներգետիկ կախվածությունը մեծանում է: Հ. Բագրատյանին մտահոգում է էներգետիկ ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիայի բացակայությունը: Նրան մտահոգում է նաեւ այն, որ կասեցված են աշխատանքները նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ: Նախկին վարչապետը համոզված է, որ ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել ատոմային էներգետիկա ունենալուց: Այստեղ Կ. Կարապետյանը վստահեցրեց. «Որեւիցե ագրեսիվ ցանկություն, որ մենք Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վերցնենք, չկա: Մենք պատրաստ ենք 250 միլիոն դոլար վճարել: Նման այլ առաջարկ չկա: 5-րդ բլոկը 1986-ից հետո կոնսերվացված վիճակում է: Ի՞նչ անենք, չտա՞նք «ՀայՌուսգազարդին», եթե այլընտրանք չկա»: Հ. Բագրատյանը նշեց, թե ինքը կփորձեր ինքնուրույն կառուցել 5-րդ բլոկը, սակայն Կ. Կարապետյանը շարունակեց. «Մենք 250 միլիոն դոլար վճարում ենք դրա համար, 180 միլիոն դոլար ներդնում ենք, որպեսզի ունենանք 440 ՄգՎտ-անոց հզորություն: Այսօր 440 ՄգՎտ-անոց հզորությունը զրոյից կառուցելու համար անհրաժեշտ է 650-700 դոլար մի կիլովատտի համար: 700 դոլարով էլ եթե սա հաշվարկենք, մոտավորապես լինում է, որ Հայաստանը 300 միլիոն դոլարով կարող է զրոյից կառուցել: 250 դոլար մենք Հայաստանի կառավարությանը փող ենք տվել, որից ինքը հիմնական մասը տալիս է սուբսիդային: Հայաստանը շանս ուներ, այս 250 միլիոնը վերցներ, կառուցեր մի հատ 440 ՄգՎտ-անոց բլոկ: Ինչո՞ւ չի արել դա»:

Իսկ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Էդուարդ Սանդոյանը գտնում է, որ ռուսաստանյան այսօրվա մենեջմենթն իր ոճով ու մակարդակով, իհարկե, բավական թերի է, բայց Հայաստանի մենեջմենթի որակը դրանից ավելի վատն է: «Հիմա մենք վախենում ենք, որ Ռուսաստանը կբերի այստեղ ինչ-ինչ գործելակերպ, որը մեզ շատ վնա՞ս կտա, կարծես թե մենք եվրոպական, ամերիկյան չափանիշներին վաղուց հասել ենք, հիմա վախենում ենք, որ ավելի վատը կգա»,- ասաց նա: Նա համոզված է, որ ռուսական կապիտալի հետ այստեղ է ներթափանցում ռուսական կառավարման կուլտուրան: Է. Սանդոյանի խոսքերով՝ ՀՀ-ում ունենք հրաշալի օրինակ` Ռուս-հայկական Սլավոնական համալսարանը, որն ամբողջությամբ ռուսական ծրագիր է: Ըստ նրա, դա լավագույն օրինակն է հայաստանյան կրթական դաշտում: Կան նաեւ վատ օրինակներ: Որպես այդպիսին՝ նախկին նախարարը նշեց, որ բանկային համակարգում կան ռուսական կապիտալով օրինակներ, որոնք, չէր ասի, թե հաջողված են:

Փաստելով, որ այսօր մենք գործ ունենք ռուսական կապիտալի զանգվածային ներթափանցման հետ, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը բնական է համարում, որ ռուսական կապիտալի այսչափ ներկայությունը քաղաքական խնդիր է: Այստեղ Ա. Մանուկյանը հարց բարձրացրեց, թե մեր երկրին քաղաքական առումով ո՞րն է ձեռնտու` հզո՞ր, թե՞ ինչ-որ մի փոքր երկրի կապիտալը: Ա. Մանուկյանին պատասխանեց Հ. Բագրատյանը: «Դուք առաջնորդվում եք նրանով, որ ցանկացած ռուսական կապիտալ լավն է: Բայց կա մի սահման, ես դա համարում եմ դիվերսիֆիկացիոն ռիսկերի ոչնչացումը, որը պետք է լիներ պետության համար որպես կարմիր գիծ: Կարծես թե անցնում ենք այդ կարմիր գիծը»,- նշեց նա: Դ. Հովհաննիսյանի խոսքերով՝ տնտեսական բալանսը կոչված է օժանդակելու քաղաքական բալանսին: Եվ որքանով պետությունն իր կառավարման հնարավորությունը պահպանում է, այնքան ավելի բարձր է այդ պետության ինքնիշխանության մակարդակը: Ռուսական կապիտալի ներթափանցման դեպքում հիմնական հարցը, որը կարող է լինել, հետեւյալն է` արդյոք դիվերսիֆիկացիոն հնարավորությունները պահպանվե՞լ են, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Կ. Կարապետյանն ասաց. «Անկախ այն բանից` ատոմակայանը Ռուսաստա՞նն է կառավարում, թե՞ ոչ, «ՀայՌուսգազարդում» ռուսները կապիտալ ունե՞ն, թե՞ ոչ, մեր էներգետիկ կախվածությունը ռուսական գործոնից, կար»: «Ոտքդ ընկավ ճահճի մեջ, անպայման պետք է մինչեւ վիզդ խրվե՞ս»,- նկատեց Դ. Հովհաննիսյանը:

Այս հարցադրմանը փորձեց պատասխանել ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանը: «Ես չեմ համարում, որ այսօր Հայաստանում այդ վիճակն է, սակայն եթե դա այդպես է, եւ եթե դուրս չես գալու այդ ճահճից, ապա տարբերություն չկա՝ միայն ոտքերո՞վդ ես ճահճում, թե՞ մինչեւ վիզդ: Այս հարցն ունի երկու կողմ՝ քաղաքական եւ տնտեսական: Քաղաքական կողմը հնարավոր չէ շրջանցել, բայց ես կցանկանայի խոսել հարցի տնտեսական կողմի մասին»,- ասաց պատգամավորն ու նշեց, թե պետք է տեսնենք՝ Հայաստան մուտք գործող ռուսական կապիտալը լա՞վ է աշխատում, թե՞ վատ: Ըստ պատգամավորի` ռուսական կապիտալը լավ է աշխատում: Նրա կարծիքով, կա նաեւ ռուսների` Հայաստանում ձեռնարկություններ գնելու երեւույթի օբյեկտիվ կողմը: «Ի վերջո, մենք 70 տարի եղել ենք Սովետական Միության կազմում՝ երկաթյա վարագույրով փակված աշխարհից: Աշխարհը 15-16 տարում հնարավոր չի, որ հասկանա, թե այստեղ ի՞նչ է կատարվում, եւ ինչպե՞ս ենք մենք փոխվել, կամ փոխվե՞լ ենք, թե՞ չենք փոխվել: Ռուսաստանի համար ավելի պարզ է Հայաստանի իրավիճակը»,- ասաց նա: Ա. Ղուկասյանը նաեւ գտնում է, որ Հ. Բագրատյանի կողմից նշված «կարմիր գծին» Հայաստանը դեռ չի հասել: Ըստ նրա, ոուսական կապիտալի շուրջ մենք ավելի շատ աղմուկ ենք բարձրացնում, քան իրականում կա: «Ժամանակին Մերգելյան ինստիտուտում աշխատում էր 7000 մարդ: Երբ Ռուսաստանը գնեց այն, այնտեղ աշխատում էր ընդամենը 300 մարդ, այսինքն՝ կոպիտ ասած, ռուսները շենքն են գնել: Եվ այդ շենքում նա վաղը կարող է բաղնիք սարքել, ճաշարան կամ ինստիտուտ: Չկա այն մտավոր բազան, որը եղել է Սովետական Միության ժամանակ: Այդ պատճառով ճիշտ չէ, որ այսօր մենք ռուսներին ասում ենք՝ գնել ես, ինչի՞ չես աշխատացնում»,- հայտարարեց Աժ պատգամավորը:

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ վստահեցրեց, թե ՀՀ տնտեսական քաղաքականությունը որոշում եւ իրականացնում է ՀՀ իշխանությունը: «Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ բանակցությունների արդյունքում ձեւակերպված եւ ավարտված գործարք է, օրինակ, նույն «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, որի արդյունքում հետագա գործընթացների ժամանակ ավելի շատ տուժել է ռուսական կողմը, որովհետեւ չի կարողացել գործարկի եւ աշխատեցնի իրեն պատկանող ձեռնարկությունը, օրինակ՝ «Մարսը»,- նշեց նա: Գ. Արսենյանի խոսքերով՝ աշխարհում երկու ոլորտ է, որ իր գրավչությամբ առաջնային տեղ է գրավում ներդրումային քաղաքականության համար. դրանք էներգետիկ եւ հեռահաղորդակցության ոլորտներն են: Նա եւս կարծում է, որ Հայաստանը դեռ «կարմիր գիծը» չի անցել, որովհետեւ «այն իրավիճակը, որն ունի Հայաստանը՝ եւ՛ աշխարհագրական դիրքով, եւ՛ այսօր հարեւանների հետ ունեցած քաղաքական հարաբերությունների մակարդակով, հնարավորություն է տալիս մեզ ակտիվ զարգացնել ու հետ չմնալ այդ ոլորտում»: ՄԱԿ ղեկավարը գտնում է, որ մեր Հայաստանը մրցունակ, ճկուն կամ էներգախնայող դարձնելու համար մեր երկիրը պետք է գնա օգտակար գործողության գործակցի բարձրացման ճանապարհով, օգտագործելով բոլոր ուղիները, այդ թվում եւ՝ ռուսական կապիտալի ռեսուրսը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանին այս հարցում մտահոգում էր որակյալ կադրերի խնդիրը: Նշելով, որ, օրինակ, երիտասարդը, որը կարող էր լինել լավ բիզնեսմեն, ուզում է դառնալ կոդավորող, որովհետեւ նա բուհն ավարտելուց 1-2 տարի հետո ստանալու է 1000 դոլար աշխատավարձ, Կ. Վարդանյանը նկատեց, որ արդյունքում մենք կորցնում ենք լուրջ միավոր: Իսկ Հայաստան եկած ռուսները ոչ թե զուգահեռ նաեւ կադրեր են պատրաստում, այլ վարձու աշխատողներ են պահում: «Իսկ թե ինչո՞ւ են ռուսները գալիս Հայաստան, պարզ է` նրանք այստեղ քաղաքական աջակցություն ունեն, իրենց համար այստեղ հեշտ է: Դա բնական գործընթաց է: Խնդիրն այս է. թույլ չտալ, որ այդ մուտքն ազդի ՀՀ-ի կողմից քաղաքական որոշումների ընդունման վրա»,- եզրափակեց նա: