«Ռոք երաժիշտները վախենում են դրախտ ընկնելուց»

– Այնուամենայնիվ, գուցե ռոք երաժշտության հեռավոր արմատները հենց Հիսուս Քրիստոսի՞ց են գալիս:

– Դա արդեն աստվածաբանական զրույցի թեմա է, ինչի մասին ես նախընտրում եմ չխոսել: Իսկ Դուք կարծում եք, թե նա բողոքի տարր չէ՞ր պարունակում: Որոշ իմաստով նա եկել էր քանդելու, եւ դեռ խոստացավ, որ էլի է գալու: Նա ասում էր. ես սուր եմ բերում եւ ոչ խաղաղություն: Ներողություն` եթե մեջբերումը բառացի չէ:

– Բայց դա նաեւ մի շարք ստեղծագործությունների համար հող է, ինչպես, օրինակ, «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայում, որտեղ Հուդան բողոքում է Հիսուսից` ասելով. «Դու ավելի կարեւոր ես դառնում, քան քո ասածները»:

– Տվյալ ռոք-օպերայում արտացոլվում է Հիսուսի մարդկային կերպարը, իսկ նրա աստվածային կերպարը հեղինակները թողել են որպես առեղծված: Դա իմ ամենասիրելի ստեղծագործություններից է: Այդ առնչությամբ մի հոդված էի հրապարակել, որտեղ քննադատում էի ոչ թե օպերան, այլ այն փաստը, որ մեր մի շարք հեռուստաընկերություններ սբ. Զատիկի օրվա կապակցությամբ հենց այդ օպերան են ցույց տալիս: Դա երաժշտական անգրագիտության դրսեւորում է, ինչպես մեր հեռուստաընկերությունների մոտ այն զարմանալի մտածելակերպը, թե Ապրիլի 24-ը դասական երաժշտության օր է` առանց երաժշտության բովանդակությունը հաշվի առնելու: Այսինքն` ստացվում է այնպես, որ ֆրակով դիրիժոր կարելի է ցուցադրել միայն Ապրիլի 24-ին: Մինչդեռ շատ հաճախ այն, ինչ ցուցադրում են, շատ հեռու է ապրիլքսանչորսյան տրամադրությունից: Ես չեմ կարծում, թե այդ օրը պետք է ծայրաստիճան սգի մեջ անցկացնել: Օրինակ, հենց Ապրիլի 24-ին ես սպասում էի անգլիական ֆուտբոլային խաղին, իսկ հետո պարզվեց, որ հայկական ինքնաճանաչմանը խանգարում է անգլիական ֆուտբոլային խաղի հեռարձակումը: Դասական երաժշտության պես լուրջ արվեստը պիտի համատարած բնույթ չկրի կամ այնքան հնչեցնեն, որ հոգնես: Դա ընտրյալ երաժշտություն է, որին պետք է հասնել` փնտրելով: Իհարկե, տանը նստած ռոք կամ ջազ երաժշտությունը չի գա դուռը թակի, ասի` սա ես եմ, ու ինձ կարող ես լսել: Դա անհեթեթ է: Անհատը պետք է ձգտի հասնել դրան:

– Մեր իշխանավորների մի մասը ցույց է տալիս, որ սիրում է ջազ, մյուս մասը` ռոք, մեկ այլ հատվածը` դասական երաժշտություն: Բայց այդ ամենը մնում է արտաքին «թամաշայի» շրջանակներում: Ինչո՞ւ է այդպես:

– Չեմ կարող ասել… Այդ գործընթացից ազատվելու համար պետք է լինի երկկողմանի փոխըմբռնում: Օրինակ, ինչպե՞ս հասկանալ այն, որ դասական երաժշտությունը ընդմիջում են գովազդներով կամ սիմֆոնիայի երկու հատվածը ցուցադրում են, հետո պարզվում է, որ ժամանակը լրացավ, ու այն մյուս 2 մասերը չեն ցուցադրում: Այդ պարագայում ավելի ճիշտ կլինի, որ սիմֆոնիան ընդհանրապես չցուցադրվի, քան ոչ լիարժեք ու շինծու ձեւով մատուցվի: Ժամանակները փոխվել են: Այսօր երիտասարդներից շատերը երաժշտության հետ առնչվում են ոչ թե համերգասրահներում, այլ` ականջակալներով: Եթե այսօր հեռուստաեթերում երաժշտությունը հաղորդումից հաղորդում անցքերը լրացնելու համար է, այդպես էլ մարդու կյանքում է, երբ երաժշտությունը տնից աշխատավայր գնալու, այսպես ասած, ճանապարհահատվածն է լցնում: Ու, բնականաբար, ի՞նչ երաժշտություն պետք է լսել, որ դրսի աղմուկը չխանգարի: Այսօր շատ քիչ են այն մարդիկ, ովքեր տանը հատուկ ժամանակ են հատկացնում երաժշտություն լսելուն: Ինքնըստինքյան դասականը սկսում է դուրս մղվել, ինչպես, ասենք, լուրջ ռոք երաժշտությունը, որի գլխավոր սկզբունքներից մեկը կոնցեպտուալ ալբոմն էր: Կոնցեպտուալ ալբոմը ենթադրում է այն, որ ձայնասկավառակը լսում ես սկզբից մինչեւ վերջ, որտեղ երաժշտական միտք կա: Մեզ մոտ ստացվում է, որ ամեն ինչ թերի է մնում կամ ծառայում է որպես դատարկ ժամանակը «լցնելու» միջոց: Չգիտեմ` դա ի՞նչ գործընթաց է, բայց ինձ համար ցավալի է տեսնել նաեւ այն, որ առհասարակ ձայնասկավառակի կուլտուրան ձեռք է բերել ֆիկտիվ, ձեւական բնույթ: Հիմա երգերը թողարկվում են հատ-հատ՝ ինտերնետում: Սա համաշխարհային գործընթաց է, պարզապես մեր բախտը բերել է, որ մենք փոքր-ինչ հետ ենք մնացել դրանից: Դեռ հույս կա, որ որոշ գործընթացներ մեզ չեն կլանել: Լուրջ երաժշտությունը դարձել է միայն նվիրյալների երաժշտություն, որը նրանց էության մի մասն է:

– Մա՞րդն է փոխվում, թե՞ տեխնոլոգիաներն են խանգարում:

– Արժեքներն են փոխվում: «Պրոգրես» բառը ոչ միշտ է իր էությանը ծառայում: Կան սկզբունքներ, որոնք սպառողական համակարգի թակարդներից են` անել այն, ինչ արագ է իրացվում: Այժմ շատ քիչ մարդիկ կան, ովքեր իրենց մեջ ուժ ունեն ապագայի համար գրելու: Դասական կոմպոզիտորները, ինչպեսեւ ռոք երաժիշտներից շատերը գործում էին այն սկզբունքով, որ այսօր չեն հասկանա, բայց մի օր հաստատ կհասկանան: Մեր խումբը հաճախ նվագում է նաեւ հայտնի խմբերի ոչ այնքան տարածված ստեղծագործություններ: Մենք անդրադառնում ենք դասական ռոքին: Ի դեպ, դասական ռոք արտահայտությունը երբեմն սխալ է ընկալվում: Այն ընկալում են իբրեւ առանձին ճյուղ: Կարծում եմ` դա այն ռոքն է, որն այսօր դասական է դարձել: Դասական ռոքը կարող է լինել hard ռոքից, պրոգրեսիվ ռոքից եւ այլն: Մինչդեռ կան ռոք խմբեր, որ 3-4 տարվա պատմություն ունեն, բայց ասում են, թե իրենք դասական ռոք խումբ են: Դասական ռոքի փառատոներից մեկի ժամանակ ընկերներիցս մեկը հարցրեց, թե ի՞նչ ենք նվագելու: Ես ասացի, որ Deep Purple-ի «Blind» ստեղծագործությունը: Վերջինս զարմացավ: Փառատոնից շաբաթներ անց մի անծանոթ աղջիկ մոտեցավ, ասաց, որ ինքը տեղյակ չէր Deep Purple-ի այդ շրջանի երգերից: Մեր կատարումից ազդված` գնացել-փնտրել-գտել է դա եւ հիմա ամբողջ օրը լսում է: Տվյալ դեպքում մենք գոհ էինք մեր աշխատանքից, երբ առնվազն մի հոգու մեջ երաժշտությունն արձագանք գտավ:

– Ե՞րբ ձեւավորվեց «Օaksenham»-ը:

– Այդ անվամբ խումբը ձեւավորվեց 2000թ., որից 1 տարի անց մենք ունեցանք առաջին ելույթը:

– Այսինքն` նախկինում ուրիշ անո՞ւն ուներ խումբը:

– Խումբը ստեղծեցի մեր թմբկահարի հետ: Մեր նախկին խումբը կոչվում էր «Dumbarton Oaks»:

– Խմբի այժմյան անվանումն ի՞նչ է նշանակում:

– Դա ուղղակի ազգանուն է, որը մենք միտումնավոր տառասխալով ենք գրել, որպեսզի տարբերվի: Դա կամուրջ է նախկին խմբի անվան հետ, միաժամանակ կապվում է կաղնիների հետ: Երեւի մենք կաղնիներ շատ ենք սիրում:

– Ինչո՞ւ հենց կաղնիներ:

– Կաղնին ամրության, մշտակեցության, ազատության խորհրդանիշն է:

– Այդ նույն հատկանիշներն ունի՞ հայ հեղինակների կողմից ծնունդ առած ռոք երաժշտությունը:

– Նախ թույլ տվեք նաեւ տերմինաբանական մի դիտարկում անել: Մեզ մոտ hard ռոքը թարգմանում են որպես ծանր ռոք: Ես պնդում եմ, որ դա սխալ է թարգմանված: Այդ սխալը եկել է ռուսերենից, որտեղ այն կոչվում էր «տյաժոլիյ» ռոք: Մենք էլ այն թարգմանեցինք ծանր: Hard-ը ունի ավելի շատ ամուր, կարծր իմաստ, որը հակադրված է soft ռոքին: Անգլիացիների մոտ շատ են լեզվական կալամբուրները: Ռոքը նաեւ ժայռ է, այսինքն` պինդ քար, իսկ ծանր՝ մետաղ: Դա հենց այդ համադրությունն է: Այդ տերմինաբանական քաոսի պատճառն էլ այն էր, որ մենք աշխարհի հետ փոխհարաբերվում էինք Ռուսաստանի միջոցով: Ռոքն ինձ համար ներքին ուժն է ու կյանքի բոլոր փոթորիկներում պինդ մնալու հնարավորությունը: Ռոքի մեջ կա չամորֆանալու խնդիր: Դա տարածված թեմա է ստեղծագործություններում` «Եղիր այն, ինչ կաս»:

– Այսինքն` այսօր Հայաստանում հայ կատարողների կամ հեղինակների կողմից ստեղծված ռոք երաժշտությունը չունի ներքին բովանդակություն, այո՞:

– Հենց դա է իմ ցավը: Ռոքի տակ գործում է էլեկտրոկիթառացված փոփը: Ինչքան էլ ուզում են ռոք երաժշտություն պրոպագանդել, եթե չկա ներսի պինդ կորիզը, մեկ է` զգում ես դա, ունկնդիրը հասկանում է դրա պակասը: Անունը ռոք են դնում, որովհետեւ մի քանի մարդիկ այդ երաժշտությունը լսելիս գլուխները թափ են տալիս:

Մեզ մոտ ավելի շատ այդ բառն ընդունվեց: Մինչ օրս ռոք երաժիշտների մոտ առկա է կարծրատիպը: Կարծում են` եթե մի հատ էլ մոտոցիկլետի մոտ կաշվե բաճկոնով լուսանկարվել են, իրենք արդեն ռոք երաժիշտ են: Մինչդեռ իրենց ամբողջ կյանքում լսել են…, չասեմ, անուններ…

– Սպիտակցի Հայկո՞, այո՞:

– Ոչ, Քրիստինե Պեպելյան, Արամե եւ այլն:

– Մենք այսօր ասելիք ունեցող արվեստագետի՞ խնդիր ունենք:

– Այո: Մենք բոլոր բնագավառներում մասնագետների խնդիր ունենք: Գրեթե բոլոր ասպարեզներում մասնագետ կոչվածները մեկ բան գիտեն, տասը բան կիսատ գիտեն, քսանի մասին ընդհանրապես գաղափար չունեն: Ասում են` ավելի շատ պետք է վախենալ կիսագրագետներից, քան` անգրագետներից:

– Ի վերջո, այսօր ինչի՞ դեմ եք ընդվզում:

– Եթե ասեմ՝ գազի սակագների բարձրացման դեմ, կհավատայի՞ք:

– Որպես ՀՀ բնակիչ` այո:

– Գազի սակագնի թանկացման մասին 2 տարի հետո արդեն չեն հասկանա, թե բողոքն ինչի մասին է:

– Մի մտահոգվեք, մեր Կառավարությունը այդ թեման արդիականությունից չի զրկի:

– Մեզանում իրապես ամեն ինչ բողոքի թեմա է: Տվյալ դեպքում բողոքը ոչ թե գազի սակագնի թանկացման մասին պետք է լինի, այլ թանկացնողների տենչի: Ու կրկին ստիպված եմ կրկնել, որ հաճախ բողոքն ավելի խորն է ու բոլոր ժամանակների համար: Ռոք երաժշտությունն ակտուալ է ամենուր, որտեղ կա սուտ, անարդարություն, կեղծավորություն, լպրծունություն… եւ այլն: Միակ տեղը, որտեղ անիմաստ կլինի ռոք երաժշտությունը` երեւի դրախտն է: Դրա համար էլ ռոք երաժիշտները վախենում են դրախտ ընկնելուց (ժպտում է.- Մ. Մ.):