«Արդեն իսկ պտուղներ տվել է»,- ասում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը

– Պարոն Բադալյան, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարեւոր ուղղություններից մեկը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունն է: Վերջին տարիներին ի՞նչ ծրագրեր են իրականացվում այդ ուղղությամբ:

– Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների գործընթացն իր կայուն տեղն է զբաղեցրել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրում, համաձայն որի` 2009-2011 թվականների ընթացքում մենք պետք է ընդգրկվենք Եվրոպական երկրների համանման կառույցների համագործակցության ցանցին, համագործակցություն սկզբնավորենք ԵՄ անդամ երկրների քաղաքացիական ծառայության ոլորտում հարաբերություններ կարգավորող կառույցների հետ, ուսումնասիրենք ԵՄ անդամ երկրների փորձը` կառավարման համակարգի համալրման, ուսուցման, ատեստավորման, կատարողականի գնահատման, էթիկայի կանոնների մշակման եւ կիրառման բնագավառներում: Նշված ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են հաջողություններ: Մասնավորապես` Փոխադարձ համագործակցության հուշագրեր են կնքվել Բուլղարիայի Հանրապետության, Կիպրոսի, Իտալիայի, Ուկրաինայի համապատասխան կառույցների հետ, բանակցություններ են տարվում նաեւ Իռլանդիայի Հանրապետության գործընկեր կառույցի հետ համագործակցություն սկզբնավորելու ուղղությամբ: Վերջին տարիների սերտ համագործակցության արդյունքում ուսումնասիրվել են նաեւ մի շարք եվրոպական երկրների քաղաքացիական ծառայության համակարգերը, որոնց արդյունքում ձեռնարկել եւ ձեռնարկելու ենք մի շարք փոփոխություններ` ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այդ նպատակով բավականին արդյունավետ համագործակցություն է ծավալվել ԵՄ ծրագրերի, մասնավորապես՝ SIGMA-ի հետ, որի մասնակցությամբ եւ Եվրահանձնաժողովի աջակցությամբ կազմակերպել ենք սեմինար «ՀՀ քաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրները եւ զարգացման միտումները» թեմայով: Նույն ծրագրի կողմից անցյալ տարվա ավարտին իրականացվել է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի կարիքների գնահատում, որի արդյունքները եւ երաշխավորությունները պատրաստ կլինեն մոտ ժամանակներս: Պլանավորում ենք նաեւ SIGMA ծրագրի աջակցությամբ իրականացնել «Քաղաքացիական ծառայության քաղաքական չեզոքությունը: Տեսությունից իրականություն» գիտագործնական սեմինարը: ԵՄ չափանիշներին քաղաքացիական ծառայության համակարգը համապատասխանեցնելու նպատակով` եռամյա համագործակցություն է սկզբնավորվել նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ, որի արդյունքում արդեն իսկ իրականացվել են մի շարք վերապատրաստումներ եւ պլանավորվել համատեղ ծրագրեր:

– Այսօր Հայաստանի պետական կառավարման որոշ օղակներում խորհրդատվություն են իրականացնում Եվրամիության փորձագետները: Ի՞նչ հիմնական ուղղություններով է կատարվում նրանց աշխատանքը, եւ կարելի՞ է արդեն խոսել արդյունքների մասին:

– Բավականին սերտ եւ արդյունավետ համագործակցություն է ծավալվել ԵՄ խորհրդատվական խմբի հետ, ուր ընդգրկված են փորձառու եւ բանիմաց փորձագետներ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ ԵՄ խորհրդատվական խումբն իր հիմնական գործունեությունը ծավալում է քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների, շահերի բախման եւ կանխարգելման կանոնակարգումների, հակակոռուպցիոն ներածական վերապատրաստումների դասընթացների մշակման եւ իրականացման ուղղությամբ: Նրանց գործուն աջակցությամբ, AEPLAC-ի կողմից իրականացվել են սեմինարներ, վերապատրաստողների վերապատրաստումներ` քաղաքացիական ծառայողների համար հակակոռուպցիոն ներածություն պարտադիր դասընթացի մշակման եւ իրականացման համար: Ընթացքի մեջ են նաեւ մի քանի այլ համատեղ ծրագրեր, որոնց արդյունքների մասին կխոսենք առաջիկայում:

– Ձեր կարծիքով, եվրոպական կառույցների հետ համագործակցությունը, եվրոպական փորձի փոխանակումը եւ համապատասխան մեխանիզմների ներդրումը կարո՞ղ է շոշափելի արդյունքներ ապահովել Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում, թե՞, այնուամենայնիվ, այս հարցում էական նշանակություն ունեն ազգային առանձնահատկությունները, որոնց մասին հաճախ խոսում են նաեւ մեր պաշտոնյաները:

– Անվիճելի է, որ ազգային առանձնահատկություններն ունեն էական նշանակություն, սակայն դա չի նշանակում, որ վկայակոչելով կամ թմբկահարելով դա, մենք պետք է զերծ մնանք մարդկության ձեռքբերումներից: Մենք մեր համագործակցությամբ փորձում ենք ԵՄ կառույցներից, ԵՄ անդամ երկրներից վերցնել արդեն իսկ փորձարկված եւ քննություն բռնած լուծումները: Եթե նրանց մոտ առկա է այս կամ այն գործընթացի ավելի արդյունավետ լուծումը, ինչո՞ւ անցնել սխալվելու ճանապարհով: Կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն արդեն իսկ տվել է իր պտուղները, որի ցայտուն օրինակը հենց Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության ինստիտուտի առկայությունն է: