Նոր ծառայություն

Նախօրեին Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների կայացած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել Եվրամիության դիվանագիտական ծառայության ստեղծման մասին: Եվրամիության արտաքին քաղաքական մարտավարության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը նախատեսված է ԵՄ-ում բարեփոխումներ իրականացնելու մասին Լիսաբոնյան համաձայնագրով: Այդ աշխատանքները համակարգելու է Եվրամիության` արտաքին եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Անշուշտ, Եվրոպան պետք է ունենա սեփական ներկայացուցչություն արտաքին քաղաքականության ասպարեզում, քանի որ դա թույլ կտա մեզ ներկայանալ այնպես, ինչպես պահանջվում է 21-րդ դարում,- հայտարարել է Էշթոնը` ավելացնելով,- Նոր ծառայությունը կառուցվածքային տեսանկյունից նման կլինի արդեն գոյություն ունեցող եվրոպական ինստիտուտներին: Ծառայությունը կիրականացնի Եվրամիության երկրների միասնական եւ հետեւողական քաղաքականությունը արտաքին աշխարհի հետ հարաբերություններում»: Նշենք, որ ԵՄ դիվանագիտական ծառայությունը կազմված կլինի կենտրոնական տնօրինությունից եւ միջազգային աշխատակիցներից` կազմելով առավելագույնը 5 հազար մարդ: Ծառայությունը կհամալրեն ԵՄ անդամ երկրների դիվանագետները, ովքեր աշխատում են Եվրահանձնաժողովում: