Հենդել, Բախ, Կոմիտաս

Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի համար այս երեք անունն է արդարացնում «երաժշտություն» հասկացությունը: Եվ, թերեւս, սրանով պիտի բացատրել, թե ինչու են Վահագն Ստամբոլցյանի` Բախի, Հենդելի եւ Կոմիտասի գործերի երգեհոնային կատարումները համարվում անգերազանցելի:

– Մաեստրո՛, երգեհոնը նախեւառաջ ասոցիացվում է Բախի երաժշտության հետ: Բախը դասական, հոգեւոր երաժշտության գագաթն է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլիներ, եթե Մենդելսոնը Բախից մոտ 200 տարի անց չհայտնաբերեր Բախին: Այսինքն` ի՞նչ կլիներ, եթե Բախի երաժշտությունը մնար աշխարհին անհայտ:

– Այդ պատասխանը ես ունեմ ինձ համար. եթե Բախը չլիներ, ես դժվար թե երաժիշտ լինեի: Եթե անգամ երաժիշտ լինեի, երգեհոնահար չէի լինի: Զարմանալի է. միանգամից Աստված երկու մեծ երաժիշտ է նվիրել մարդկությանը` Հենդել եւ Բախ: Նրա՛նք են, որ ինձ համար արդարացնում են «երաժշտություն» հասկացությունը:

– Մոցարտի, Բեթհովենի, Ռախմանինովի գործերը երգեհոնով կատարել հնարավոր չէ: Ո՞րն է երգեհոնով կատարվող գործերի առանձնահատկությունը:

– Պատահական չէ, որ երգեհոնները հիմնականում եկեղեցիներում են գործում: Այսինքն` հոգեւոր երաժշտությունն է սազում երգեհոնին:

– Ձեզ համար` որպես կատարողի, կարեւո՞ր է` ինչպիսի մարդ է եղել կոմպոզիտորն, ասենք, կենցաղում, անձնական կյանքում: Թե՞ երաժշտական ստեղծագործությունն առանձին կոնտեքստում է դիտարկվում:

– Մարդու ստեղծագործությունն ու անձը կապված են, բայց մարդ մի արարքով կյանքում կարող է շատ ավելի բարձր կանգնել անգամ ամենամեծ մարդուց: Բախին Աստված շատ է տվել: 21 երեխա է ունեցել: Այնքան շատ ասելիք է ունեցել, որ չի հասցրել անգամ արտագրել, հրապարակել իր գործերը: Անընդհատ գրել է: Գիտե՞ք, կա մարդ, ով մի՛ գործ է գրում եւ դառնում է հայտնի:

– Ինչպես Օգինսկին` իր պոլոնեզով: Ի՞նչ եք կարծում, երաժշտությունն արտաքին աշխարհի՞ ձայների ներդաշնակությունն է, թե՞ ամեն դեպքում, մարդու ներսում, գիտակցության մեջ ձեւավորվող հարմոնիա:

– Ե՛վ մեկը, եւ՛ մյուսը: Բեթհովենը ներքին լսողությամբ է գրել արդեն երրորդ թե չորրորդ սիմֆոնիայից: Գիտե՞ք, Գյոթեն արվեստի ամենաբարձր ստեղծագործություններն անվանում էր «Բնություն N2»: Այսինքն` դա արդեն Աստծո շունչն է:

– Դուք նշում եք, որ երգեհոնային երաժշտությունը նախեւառաջ հոգեւոր երաժշտություն է: Բախը թե՛ իր «Չարչարանքներում», թե՛ խորալներում, փաստորեն, մեկնել է Աստվածաշունչը: Համաշխարհային ամենաարժեքավոր գործերն, ըստ էության, Աստվածաշնչի թեմատիկայով են: Ստացվում է, որ առանց քրիստոնեության` չէի՞ն լինի, ասենք, Բախի, Մոցարտի, Բեթհովենի, մյուսների գործերը:

– Քրիստոնեությունը` Բախի մեկնաբանությամբ, շա՜տ-շատ մաքուր է: Բախն ամենամեծ քրիստոնյաներից է:

– Ձեր կարծիքով` ի՞նչ է նշանակում` լինել քրիստոնյա:

– Խոշոր իմաստով, այդ հարցին պատասխանել դժվարանում եմ: Եվ հետո` ես երեւի վատ քրիստոնյա եմ, որովհետեւ քրիստոնեության պատմությունը լավ չգիտեմ: Ես Աստծուն հավատում եմ եւ զգում եմ Արարիչ Աստծուն: Անգամ հավատում եմ, որ Քրիստոսը եղել է եւ հարություն է առել: Աստված ամենազոր է:

– Ունե՞ք այն զգացողությունը, որ ապրում եք քրիստոնեական Հայաստանում:

– Չէ՛, այսօրվա Հայաստանն ինչ-որ անհասկանալի բան է. անուն չեմ կարող տալ:

– Մարդիկ իրենց կյանքի այս կամ այն փուլում, ի մի բերելով անցած ուղին, ամփոփում են տարբեր կերպ: Դիցուք` ամեն ինչ ունայն է: Հետաքրքիր է Ձեր փիլիսոփայությունը` ի՞նչ է կյանքը Ձեզ համար:

– Ոչ ոք այդ հարցին չի կարողացել պատասխանել: Այս հարցի առաջ անզոր են անգամ փիլիսոփաները` Պլատոնը, Սոկրատեսը: Մարդ պիտի հիմար լինի, որ կարողանա այդ հարցին պատասխանել:

– Դուք թողնում եք խաղաղ եւ ներդաշնակ մարդու տպավորություն: Իսկ ներքին խաղաղության հասնելը, ինձ այդպես է թվում, արդյունք է շատ բարձր գիտակցության:

– Ես հավատում եմ այնպիսի բաներին, որոնք ինձ թույլ են տալիս խաղաղ ապրել: Բախի երաժշտությունը փոքրուց ինձ շատ հարազատ է եղել: Շոպեն, Սկրյաբին, Ռախմանինով. նրանց երաժշտությունն ինձ թուլացնում էր, պատկերացրե՛ք, չէի կարողանում լսել: Բայց Բախը եւ՛ ուժ էր տալիս, եւ՛ խաղաղություն: Երվանդ Քոչարը մի ընկեր ուներ, որի հետ ես էլ մտերմացա, որովհետեւ գերմանական երաժշտությունը միանման էինք զգում: Չայկովսկին այսպիսի խոսք ունի. «Ես պարտական եմ Աստծուն. երբ 8 տարեկան էի, երբ դեռ ռոմանտիկ երաժշտության թույնն ինձ չէր դիպել, ինձ տարան Մեծ թատրոն, եւ ես Մոցարտի երաժշտությունը լսեցի»: Տեսեք` ի՞նչ է ասում` «ռոմանտիկ երաժշտության թույնը». Շոպեն, Շուման: Նրանց երաժշտությունը գեղեցիկ է, բայց շատ կանացի է, թույլ, լալկան: Ինքս նվագել եմ, բայց Բախն ուրիշ է:

– Մաեստրո՛, զարմանալի է, որ Շոպենը, Ռախմանինովը, մյուս ռոմանտիկները կարող են Ձեզ անհետաքրքիր թվալ: Դուք էլ եք ասում, որ երաժշտությունը նախեւառաջ պետք է ազդի մարդու վրա: Իսկ Շոպենն ազդում է եւ այն էլ՝ ինչպես:

– Ես նախորդ հարցի պատասխանում անդրադարձա դրան. սա իմ անձնական տեսակետն ու համոզումն է, որը ոչ ոքի ես չեմ պարտադրում:

– Եթե հետեւենք Ձեր մտքին, ուրեմն Բախին պիտի որ շատ մոտ լինի Կոմիտասը. նա եւս տալիս է ուժ ու խաղաղություն:

– Կոմիտասն այնքա՜ն մոտ է Բախին: Մարդ ինչքան հանճարեղ է լինում, այնքան իր միտքը պարզ է արտահայտում: Այնքան հեշտ ընկալելի է, լինի փիլիսոփա թե երաժիշտ: Տեսեք. Հենդելն էլ, Բախն էլ, հատկապես նրանց դաշնամուրային գործերը, նայում ես, պարզ են, շատ քիչ միջոցներ են գործածված: Նույնն էլ՝ Կոմիտասի մոտ: «Խորհուրդ խորինն» ինձ պարզապես խենթացնում է: Ամեն անգամ նվագելիս հուզվում եմ: Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն այստեղ` Երեւանում, դիսերտացիա պաշտպանեց` «Տրամաբանությունը շախմատում»: Եվ նրա հետ էր Ասմուս ազգանունով մի փիլիսոփա, ով նաեւ արվեստաբան էր: Հրեա: Լուսինե Զաքարյանի հետ համերգ տվեցինք` մի 30 հոգու համար: Ես «Խորհուրդ խորինն» էի նվագում: Համերգի ավարտին Ասմուսը եկավ ետնաբեմ, խնդրեց «Խորհուրդ խորինի» նոտաները եւ ասաց. «Սա համաշխարհային երաժշտության մեջ հազվագյուտ օրինակ է. այսպիսի նվազ միջոցներով` այսքա՜ն մեծ արտահայտչականություն»: Կոմիտասին մեր երաժիշտները «սրբագրում» են, «մշակում»: Կոմիտասից բան չի մնում: Կոմիտասի, Բախի երաժշտությունը հնարավոր չէ «սրբագրել», սրբապղծություն է «մշակել»:

– Մաեստրո՛, այնպիսի տպավորություն է, որ եթե Բախից, Հենդելից եւ Կոմիտասից բացի` աշխարհում որեւէ այլ կոմպոզիտոր չլիներ, շատ չէիք տխրի:

– Ամենախոր երաժշտությունը հոգեւոր երաժշտությունն է: Գիտե՞ք, երբ մարդիկ լեթարգիական քուն են մտնում, հետո աչքերը բացում են, մեծ մասն ասում է, որ այնտեղի երաժշտությունը նման է Բախի, Հենդելի երաժշտությանը: Այդ երաժշտությունից, թվում է, Տիեզերքում մի նոր համաստեղություն է ստեղծվում: Այդ երաժշտությունն արդեն կար, երբ ստեղծվում էր աշխարհը:

– Ու Բախին մնում էր «ընդամենը» նոտագրել:

– Փոքր հասակում, երբ արդեն Բախով տարվել էի, համոզված էի, որ իմ մեջ գերմանական արյուն կա: Չեք պատկերացնի` որքան հարազատ էր ինձ գերմանական երաժշտությունը: Հետո եկա այն եզրակացության, որ երեւի Բախի՛ մեջ հայկական արյուն կա: Երաժշտական դպրոցը, ուր ես հաճախում էի փոքր տարիքում, ինձ ընդհանրապես չէր հրապուրում: Գիտե՞ք, այդ ռոմանտիկ երաժշտությունն ինձ համար շատ խորթ էր, եւ ես դուրս եկա երաժշտական դպրոցից: Հետո գնացի երաժշտական ուսումնարան: Ընդունվեցի տեսաբանության ֆակուլտետ: Բայց ինձ կատարողական կողմն էր ձգում: Մոցարտի Դո մինոր ֆանտազիան նվագեցի եւ ընդունվեցի Կոնսերվատորիա: Առնո Բաբաջանյանը հավանել էր` ինչպես եմ Մոցարտ կատարում: Առաջին հարցն ինձ` սա էր. «Իմ երաժշտությունը հավանո՞ւմ ես»: Ես չեմ կարող անկեղծ չլինել. ասացի` ոչ: Ասաց` լավ, ու վերցրեց իր դասարան: Հետագայում մենք լավ բարեկամներ դարձանք:

– Դուք բավականությամբ խոսում եք միայն Բախի եւ Հենդելի մասին: Ռոմանտիկ երաժշտությունը Ձեզ, մեղմ ասած, չի հրապուրում: Այդ տրամաբանությամբ` ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները պիտի որ ընդհանրապես չհետաքրքրեն:

– Չեմ թաքցնի` այո՛, բայց ասեմ, որ դասական երաժշտությունը նախեւառաջ պետք է ոչ թե գիտենալ, հասկանալ, այլ զգալ: Մեր երիտասարդության ժամանակ Էրմիտաժում հատուկ դասընթացներ կային` նկարչությունը ճիշտ հասկանալու համար: Երբեք չեմ մասնակցել դրանց, քանի որ արվեստը սկզբից ինձ պիտի հուզի, հետո նոր ճանաչելի դառնա:

– Հաջորդ հարցս երաժշտությունից, առավել եւս` երգեհոնից, բավական հեռու է. հետեւո՞ւմ եք քաղաքականությանը:

– Իհարկե: Հետեւում եմ, բայց համարում եմ, որ արվեստագետին պատշաճ չէ քաղաքականությամբ զբաղվել: 1988թ. ինձ համար՝ որպես հայի, կյանքիս ամենաերջանիկ օրերն էին: Բայց այդ ազգային զարթոնքից ի՞նչ է մնացել այսօր…

– Ասացե՛ք խնդրեմ, ինչպե՞ս եք ընդունում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ անելու հայտնի նախագիծը:

– Զարմանում եմ` հայերն այս ի՞նչ ազգ են: Ամենապարզ ճշմարտությունն է` ֆրանսիացին գնում է ֆրանսիական դպրոց, գերմանացին` գերմանական, հայն էլ պիտի գնա հայկական դպրոց: Փողատերերն իրենց երեխաներին ուղարկում են տարբեր երկրներ` այն հիմնավորմամբ, թե՝ թող անգլերեն սովորեն, հայերենը պետք չէ: Նրանց համար են այս օրենքն ուզում ստեղծել: Հայերիս մոտ կա օտարամոլություն: Ինքներս մեզ չենք ճանաչում: Եվ ես համարյա վստահ եմ` այդ նախագիծն անցնելու է: Եվ ծնողների մեծ մասն իր երեխաներին ուրախությամբ տանելու է այդ դպրոցներ: