Եվրոպային մոտենալու հնարավորություն

– Պարոն դեսպան, մայիսի 9-ին նշվեց «Եվրոպայի օրը»: Այդ տոնը շատ խորհրդանշական է հատկապես Եվրոպայի ընդլայնման ներկայիս միտումների համատեքստում: Մյուս կողմից՝ վերջին շրջանում ոչ միանշանակ կարծիքներ են հնչում Եվրամիության կենսունակության մասին: Ձեր կարծիքով, այսօր միավորված Եվրոպան իրականում նման մարտահրավերի առաջ է կանգնած:

– «Եվրոպայի օրը» խորհրդանշում է այն ճանապարհը, որի միջոցով Եվրամիությունն օգնում է հաղթահարել անջրպետները Եվրոպայի ներսում։ Եվրամիության ընդլայնումը մեր ամենահաջող քաղաքականություններից մեկն է։ Եվրոպական Միությունը 1957թվականին ուներ ընդամենը 6 անդամ, այժմ անդամների թիվն ավելացել է՝ հասնելով 27-ի։ Վերջին 50 տարիների ընթացքում Եվրամիությունը ցույց է տվել միասնականության եւ համագործակցության մշտապես աճող մակարդակ։ Մեր ընդհանուր արժույթի՝ եվրոյի ներդրումը դրա ամենավառ օրինակն է։ Իհարկե, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ազդեց նաեւ Եվրոպայի վրա, սակայն Եվրամիությունն այսօր աշխատում է վերահաստատել ֆինանսական կարգապահությունը եւ քայլեր է ձեռնարկում եվրոն պաշտպանելու համար։

– Այս տարի «Եվրոպայի օրը» նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ եւս: Մեկ տարի առաջ` մայիսի 7-ին Պրահայում պաշտոնապես մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը: Ամփոփելով անցած մեկ տարին՝ ինչպե՞ս եք գնահատում այդ ծրագրի արդյունավետությունը, մասնավորապես` Հայաստանի առնչությամբ:

– «Արեւելյան գործընկերության» ծրագիրը կառուցվում է Հարեւանության քաղաքականության հիմքի վրա եւ հնարավորություն է ընձեռում գործընկեր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան իրենք ցանկանում են։ Անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։ Ընդ որում, շփումների պլատֆորմը բավականին ընդարձակ է. այն ապահովում է հանդիպումների վայր՝ քաղաքացիական հասարակության անդամներից սկսած՝ մինչեւ մաքսային ոլորտի պաշտոնյաների համար։ Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խումբն այս ընթացքում օգնել է Հայաստանին նախապատրաստվել հաջորդ քայլերն իրականացնելու համար՝ ԵՄ-ի հետ ասոցիացված համաձայնագրի հետ կապված բանակցությունների, ինչպես նաեւ՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրային համաձայնագրի կնքման ուղղություններով։ Այս շրջանակներում Հայաստանի համար նախատեսվել են ավելի մեծ ծավալի ֆինանսական միջոցներ։

– «Արեւելյան գործընկերության» ծրագրի հաջող ընթացքը, ըստ էության, ենթադրում է նաեւ Եվրամիության հետ ասոցիացված անդամության համաձայնագրի ստորագրում, ինչի մասին տարբեր առիթներով խոսել են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Ձեր կարծիքով, ե՞րբ նման հնարավորություն կունենա Հայաստանը:

– Մայիսի սկզբին Եվրամիության Նախարարների խորհուրդը համաձայնության եկավ Եվրոպական հանձնաժողովի համար նախատեսված հանձնարարականների մասով, որոնք վերաբերում են Կովկասյան երեք երկրներից յուրաքանչյուրի հետ ասոցիացված համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Ասոցիացված համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը կավարտի նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանն արդեն իսկ իր կողմից բանակցելու համար ձեւավորել է կոորդինացնող մարմիններ։ Դրանք վերաբերելու են Եվրամիության կանոնների որդեգրմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սննդի եւ ապրանքների անվտանգությանը։ Ինչպես ցույց է տվել մյուս գործընկեր երկրների փորձը, բանակցությունները որոշակի ժամանակ կտեւեն։