Դեպի եվրոպական չափանիշներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին։ Քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր։ Ս. Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է։ Նա նաեւ նշել է, որ ՀՀ-ն 2003թ. լինելով Առեւտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաեւ հետեւողական քայլեր է կատարել Եվրոպական հանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ։ «Լավ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապված բարդ եւ ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը հնարավորինս արագ արդյունքի հասնելու գործում»,- ասել է նա։