Խմբագրական

Միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության տարբեր ծրագրերում ու նախագծերում միշտ էլ կարեւորվել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Սակայն դա` որպես կանոն, հիմնականում դեկլարատիվ բնույթ է կրել եւ գործնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այդ ծրագրերում էական դերակատարում չեն ունեցել: Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը առանձնահատուկ է նաեւ այդ տեսանկյունից: Այդ իմաստով «Արեւելյան գործընկերության» ծրագիրը կարելի է նույնիսկ եզակի համարել, քանի որ դրանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր պայման է համարվում: «Արեւելյան գործընկերության» ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը հենց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ մասնակցության ապահովումն է: «Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան գործընկեր երկրներում ընթացող բարեփոխումները պահանջում են քաղաքացիական հասարակության ավելի ակտիվ մասնակցություն` հանրային ծառայությունների վերահսկումը խթանելու եւ նրանց հանդեպ հասարակության վստահությունն ամրապնդելու նպատակով: Այդ իսկ պատճառով «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունում քաղաքացիական հասարակության ներգրավման խնդիրը հատուկ ուշադրության պետք է արժանանա»,- նշված է «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի ուղերձում: Այդ ուղղությամբ իրականացված առաջին գործնական քայլն անցալ տարի մեկնարկած «Արեւելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության համաժողովն» է, որի նպատակն է՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ շփումների եւ իշխանությունների հետ նրանց երկխոսության խթանումը: Քաղաքացիական հասարակության համաժողովին անդամակցում են «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից 6 պետությունների քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք «ցանցային աշխատանքի» միջոցով մի կողմից՝ նպաստում են ինտեգրմանը, մյուս կողմից` պարբերաբար առաջարկություններ են ներկայացնում ծրագրի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Հենց այս ձեւաչափի շրջանակներում «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրներում ստեղծվել են Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միավորումներ` Ազգային պլատֆորմներ: Դրանք այն հարթակներն են, որոնցում հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ավելի ակտիվորեն կարող են ներգրավվել «Արեւելյան գործընկերության» ծրագրի նպատակների իրագործման գործընթացում: