Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

Ասում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը

– Պարոն Սիմոնս, 2009թ. մայիսի 9-ին մեկնարկեց «Արեւելյան գործընկերության» ծրագիրը: Ինչպե՞ս եք գնահատում անցած ավելի քան մեկ տարվա ընթացքը, ծրագրի շրջանակներում կատարված ո՞ր քայլերը կարձանագրեք որպես առաջընթաց, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ բացթողումներ են եղել այս ժամանակահատվածում:

– Հայաստանի պարագայում, «Արեւելյան գործընկերության» ծրագրի գխավոր ձեռքբերումն այն է, որ Եվրամիությունը մայիսի սկզբին որոշում ընդունեց հուլիսի 19-ին բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ երկու կողմերի միջեւ Ասոցիացված համաձայնագիր կնքելու ուղղությամբ։ Նման համաձայնագրի կնքումն է՛լ ավելի կսերտացնի Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Այս շրջանակներում արդեն հնարավոր կլինի սկսել բանակցությունները Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը կիրականացնի նախապայմանները։ Ազատ առեւտրի համաձայնագիրը հայկական ապրանքների արտահանման առջեւ կբացի Եվրամիության շուկաները։ Համաձայնագրով նախատեսվող մյուս կարեւոր բաղադրիչը մարդկանց համար ավելի ազատ տեղաշարժի հնարավորությունն է՝ մուտքի արտոնագրերի ազատականացման ճանապարհով։ Հայաստանը մասնակցել է Արեւելյան գործընկերության շրջանակներում կազմակերպված բազմաթիվ փորձագիտական հանդիպումների։ Դա իր հերթին նպաստել է, որպեսզի մասնակից երկրները հարստացնեն իրենց փորձը, նաեւ ակտիվացրել է շփումները նրանց միջեւ։ Արեւելյան գործընկերությունը ուղղված է նաեւ տարածաշրջանային համագործակցության ակտիվացմանը։ Սակայն պետք է նշենք, որ հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանի բարդ իրավիճակը, այս հարցում առաջընթացը դեռ այնքան մեծ չէ, որքան մենք կցանկանայինք տեսնել։

– Թեեւ վերջին շրջանում ավելի հաճախ խոսվում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասին, այդուհանդերձ, Հայաստանի հետ հարաբերություններում ավելի ընդգրկուն ծրագիր է «Նոր հարեւանությունը»: Ինչպե՞ս եք գնահատում վերջինիս հաջողությունը, եւ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Հայաստանը մոտեցել Եվրոպային ԵՀՔ-ի արդյունքում:

– Արեւելյան գործընկերությունը լրացնում եւ զարգացնում է Եվրոպական հարեւանության քաղաքականությունը՝ Եվրամիությունից արեւելք ընկած տարածաշրջանի ուղղությամբ։ ԵՀՔ-ի իրագործումը 5 տարիների ընթացքում նշանակել է, որ ԵՄ-ն ավելի մեծ ծավալի առեւտուր է իրականացրել իր հարեւանների հետ, ավելի շատ օգնություն է ցույց տվել, զարգացրել մարդկային շփումները եւ նպաստել ավելի խոր համագործակցության հաստատմանը ԵՄ-ի եւ հարեւան երկրների միջեւ՝ նրանց քաղաքական, տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների ողջ ընթացքում։ Մեր գործընկերությունը նշանակալի չափով զարգացել է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կլիմայի փոփոխությունը, գիտական հետազոտությունները, առողջապահությունն ու կրթությունը։ Այս զարգացումներն ուղեկցվել են ԵՀՔ բոլոր երկրներին մեր կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության աճով, որը կազմել է 32%։ Օրինակ, Եվրամիությունը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ, միջոցներ է հատկացրել Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման համար։ ԵՄ-ն ֆինանսավորել է նաեւ Երեւան-Թբիլիսի երկաթգծի բարելավման նպատակով կատարված հետազոտությունը։

– Մայիս ամսվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական խորհրդարանը ընդունեցին բանաձեւ եւ զեկույց, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ փաստաթղթերը Հայաստանում բացասական գնահատականի արժանացան: Ձեր կարծիքով՝ իրադարձությունների նման ընթացքը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել «Նոր հարեւանության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերի վրա:

– Եվրախորհրդարանը վերջերս ընդունեց բանաձեւ եւ զեկույց՝ Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին։ Այդ զեկույցը հայտնի է որպես Կիրիլովի զեկույց։ Այս արձանագրությունը պարտավորեցնող չէ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի համար. այն ավելի շուտ պետք է ընկալել որպես խորհուրդ` այս եվրոպական ինստիտուտներին։ Իսկապես, Լեռնային Ղարաբաղի մասով այդ բանաձեւը Հայաստանում քննարկման առարկա դարձավ, սակայն ես այն չէի անվանի բացասական։ Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանը անկախ մարմին է։ Այն ինֆորմացիա է հավաքում լսումների, հետազոտությունների, փաստաթղթերի միջոցով, ինչպես նաեւ՝ լոբբիիների կողմից։ Կարծում եմ՝ շատ հայաստանցիների համար պարզ դարձավ, որ շատ կարեւոր է Բրյուսելում հայկական տեսակետը արդյունավետ ներկայացնել, ինչպես անում են մյուս շահագրգիռ կողմերը։ Նշեմ նաեւ, որ բանաձեւն ու զեկույցը վկայում են Հարավային Կովկասի նկատմամբ Եվրախորհրդարանի աճող հետաքրքրության մասին։ Իսկ դա դրական զարգացում է, ինչը կարող է միայն նպաստել Արեւելյան գործընկերությանը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությանը։