«Ինչի դուք հիմա սովա՞ծ եք»,- երիտասարդ գիտնականներին հարցրել է ՀՀԿ-ական պատգամավորը

ՀՀ-ում երիտասարդ գիտնականի միջին աշխատավարձը 32.500 դրամ է: Երեւանի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սերգեյ Աբրահամյանն ամսական ստանում է 28.800 դրամ աշխատավարձ: Ըստ նրա` եթե այսօր երիտասարդ գիտնականները չմասնակցեն միջազգային դրամաշնորհների մրցույթներին, ապա այդ գումարով գոյատեւելն ուղղակի անհնարին կլինի: «Գիտության նկատմամբ հասարակության վերաբերմունքը կփոխվի, գիտնականին կհարգեն միայն այն դեպքում, երբ Կառավարությունը փոխի վերաբերմունքը գիտության հանդեպ` ավելացնելով գիտության ֆինանսավորումը»,- նշեց երիտասարդ գիտաշխատողը, ով մասնակցում էր օրեր առաջ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության եւ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի, ինչպես նաեւ` Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած երիտասարդ գիտնականների համաժողովին: Նշենք, որ համաժողովի քննարկման առանցքում էին դրվել գիտության ֆինանսավորման ավելացման, գիտնականների հոդվածների` ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրության եւ այլ հարցեր: Քննարկմանը մասնակցում էին նաեւ քաղաքական ուժերի` Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի», եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ:

Ինչեւէ, եթե աշխարհի ամենաթույլ տնտեսություն ունեցող երկրներում գիտությունը ֆինանսավորվում է ՀՆԱ-ի նվազագույնը 1%-ով, ընդ որում՝ դա համարվում է, այսպես ասած՝ ֆինանսավորման ամոթալի շեմ, ապա մեր երկրում գիտությունը ֆինանսավորվում է ՀՆԱ-ի 0,24%-ով: Բայց դա բնավ չի խանգարում, օրինակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` հիմնարար գիտելիքով զբաղվող գիտնականից շոշափելի արդյունք պահանջելուն: Ընդ որում` վարչապետը թերեւս մոռանում է, որ գիտնականը միայն տեսական գիտելիք ստեղծողն է, եւ որեւէ առնչություն չունի արտադրության հետ: Օրինակ, հայտնի գիտնական Ֆարադեյը դժվար կպատկերացներ, որ տարիներ հետո իր կատարած հայտնագործությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ կլինի մարդկությանը: Խոսքը էլեկտրաէներգիայի մասին է:

Իսկ համաժողովին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը զարմանում է, որ երիտասարդ գիտնականը չի կարողանում, այսպես ասած` «տեղավորվել» իր աշխատավարձի` 32.500 դրամի մեջ: Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների երկօրյա համաժողովի քննարկման թեժ պահին ՀՀԿ-ական այս պատգամավորը երիտասարդ գիտնականներին հարցրեց` «Ինչի դուք հիմա սովա՞ծ եք, դուք էլ դրամաշնորհներ եք ստանում»: Երիտասարդ գիտնականներն այնքան պարկեշտ գտնվեցին, որ չհարցրեցին երիտասարդ կարիերիստ այդ պատգամավորին, թե երկու տարվա ընթացքում իր 240.000 դրամ (պահումներով) ամսական աշխատավարձով ինչպե՞ս է ձեռք բերել իր թանկարժեք ավտոմեքենան (այն դեպքում, երբ նրա` մինչ պատգամավոր դառնալն ունեցած ավտոմեքենան շատ-շատերն են հիշում), նոր բնակարան ձեռք բերել Երեւանի Բաղրամյան պողոտայում, կնոջը մանկապարտեզի տնօրեն դարձրել, ամառանոց կառուցել Շորժայում, եւ այլն, եւ այլն: Ինչեւէ, երիտասարդ գիտնականները միայն նշեցին, որ մեր երկրում վարորդներն ավելի բարձր են վարձատրվում, քան գիտնականները: Այդ դիտարկմանն ի պատասխան` «Ժառանգություն» խմբակցությունից Հովսեփ Խուրշուդյանը ՀՀԿ-ական պատգամավորին հարցրեց, թե իր վարորդը ամսական որքա՞ն աշխատավարձ է ստանում: Կ. Ավագյանն ի պատասխան` արձագանքեց, թե ինքը վարորդ չունի: Հ. Խուրշուդյանը շարունակելով` ՀՀԿ-ական կարիերիստ պատգամավորին հորդորեց նշել խմբակցության վարորդի աշխատավարձի չափը: «80.000 կստանա, չէ՞»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Կ. Ավագյանն էլ պատասխանեց` երեւի:

Գիտության ոլորտում հատկապես վերջին 10 տարիներին լայն տարածում է ստացել մի երեւույթ, որի մասին բազմիցս ահազանգել են թե ոլորտի մասնագետները, թե մամուլը. այն է` քաղաքական-տնտեսական մի շարք գործիչներ, պատգամավորներ միջին մասնագիտական կրթություն ունենալով կամ որեւէ բարձրագույն կրթություն չունենալով` վերջին մի քանի տարիների ընթացքում հասցրել են ձեռք բերել գիտությունների թեկնածուների եւ դոկտորների աստիճաններ: Ըստ վիճակագրության՝ ՀՀ-ում տարեկան տրվում է 250 գիտական կոչում, 500-530 գիտական աստիճան, սակայն գիտական գործունեությամբ զբաղվում են նրանց առնվազն 10%-ը:

Մեր այն հարցին, թե վերջին տարիներին քանի՞ պատգամավոր է ստացել դոկտորի աստիճան, ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արտյուշա Ղուկասյանը պատասխանեց. «Իմ օրոք` ոչ մեկը: Ես 1 տարի է՝ ԲՈՀ-ի նախագահ եմ, ոչ մեկը չի ստացել»: Երբ Ա. Ղուկասյանից կրկին հետաքրքրվեցինք, թե արդյոք չե՞ն դիմել իրեն այդ հարցով, նա պատասխանեց. «Ինձ չեն դիմում, ինձ ոչ մեկը չի դիմում: Մենք ստանում ենք աշխատանք: Մեզ չեն դիմում, դիմում են բուհեր, բուհի ակադեմիական հիմնարկներ՝ այնտեղ, որտեղ պատրաստվում է մասնագետ: Մենք տալիս ենք որակավորում, պատրաստման գործով մենք չենք զբաղվում, ցավոք սրտի: Բայց այս ընթացքում, իմ կարծիքով, ոչ մի պատգամավոր գիտությունների թեկնածու, դոկտոր չի դարձել»:

ՊՈԱԿ-ների տնօրեններն են որոշում աշխատավարձի չափը

Ինչեւէ, եթե 2008-2010թթ. ֆինանսավորվել են մոտ 710 գիտական թեմաներ, ապա 2011թ. այդ թիվը դարձել է 130: Թե ինչո՞վ էր պայմանավորված նման ռազմավարությունը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գիտպետկոմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լեւոն Մարդոյանը պատասխանեց. «Դա պայմանավորված էր յուրաքանչյուր թեմայի համար տրվող գումարներով: Նախկինում գումարները հատկացվում էին շատ քիչ, օրինակ, դա կարող էր լինել 200.000 դրամ, 300.000 դրամ, իսկ այսօր 1 թեմայի համար առավելագույնը հատկացվում է տարեկան 6,5 մլն դրամ, այսինքն՝ այստեղ գումարների աճ է եղել»: Ըստ Լ. Մարդոյանի՝ ֆինանսավորման առյուծի բաժինը պատկանում է ճշգրիտ գիտություններին: «Մենք ուսումնասիրել ենք, ասենք, բնական գիտություններից քանի թեմա է եղել 2001թ. մրցույթին, եւ այդպես շարունակ, եւ ըստ այդ համամասնությունների՝ բաժանել ենք համապատասխան ֆինանսավորումը»,- նշեց Լ. Մարդոյանը: Մեր հարցին, թե պետությունն ի՞նչ է անում գիտնականի համար, վերջինս պատասխանեց. «Գիտնականին տալիս է աշխատավարձ: Ո՞վ ասաց 32.500 դրամ: Միջին հաշվարկային աշխատավարձը 60.000 դրամ է: Այս հարցը բարձրացվում է, եւ ես կպատասխանեմ՝ 1 հաստիքի համար միավորը 60.000 դրամ է: Ես չեմ ասում, թե դա մեծ գումար է: Փոքր գումար է, բայց մենք շատ տեղերում ունենք շատ դեպքեր, երբ ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատավարձը մոտ 300.000 դրամ է, եւ պարզ է, որ առաջատար գիտաշխատողինը 40.000 դրամ է, եւ, իհարկե, դա կախված է տնօրեններից: Կան տնօրեններ էլ, որոնց աշխատավարձը չի գերազանցում 100.000-ը: Այսինքն՝ կան տնօրեններ, որոնք նորմալ են կատարում բաշխումները, կան տնօրեններ էլ, որոնք վերցնում են այն բաժինը, ինչ իրենք են ուզում: Սրանք նույնպես խախտումներ են, բայց քանի որ դրանք հիմնականում ՊՈԱԿ-ներ են (Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ), իսկ ՊՈԱԿ-ների մասին օրենքով ոչ ոք իրավունք չունի խառնվելու նրանց հարցերին, հետեւաբար նրանք են որոշողը»: Նշենք, որ ՀՀ-ում այսօր կա մոտ 4500 գիտնական:

Երիտասարդ գիտնականների պահանջը

«Որպես առաջին քայլ՝ երիտասարդ գիտնականները պահանջում են անհապաղ, առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման բարձրացում մինչեւ ՀՆԱ-ի 2% (0,24%-ից): Հակառակ դեպքում 7-8 տարի հետո մեզ սպառնում է ինտելեկտուալ աղետ, եւ պատկերավոր ասած, հնարավոր է, որ հետագայում երկիրը՝ որպես արոտավայր, հանձնվի հարեւաններին, որոնք վերջին տասնամյակի ընթացքում միջոցներ չեն խնայել գիտությունն ամեն կերպ խրախուսելու համար»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշել էր ՀՀ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը, ով Ծաղկաձորում տեղի ունեցած համաժողովին անակնկալ հյուրընկալված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայտնեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու պատճառների մասին մտահոգությունը: «Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է՝ երիտասարդ գիտնականները պետք է շարունակեն իրենց կրթությունը, գիտական գործունեությունը միջազգային լաբորատորիաներում՝ գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի համար: Լավ կլիներ, որ դա նաեւ պետականորեն խրախուսվեր: Այդ դեպքում կապ կպահպանվի նաեւ համալսարանների ամբիոնների հետ,- նկատեց ԵՊՀ Պինդ մարմնի ֆիզիկա ամբիոնի գիտաշխատող Մկրտիչ Երանոսյանը՝ ավելացնելով,- Ես հոռետես չեմ, ես ապագան տեսնում եմ այսպիսի նախաձեռնությունների պայքարի, քաղաքացիական շարժումների ակտիվացման, ազատ շուկայական հարաբերությունների արդյունքում: Եթե այս իրավիճակում չլինեն համակարգային բարեփոխումներ, պահպանվի նույն կոմունիստական պլանային համակարգը, քրեաօլիգարխիկ բնույթի համակարգը պահպանվի, ապա չի կարող լինել մաքուր ջուր կեղտոտ ամանում: Ներկա իշխանություններն ու Կառավարությունն ամեն ինչ անում են, որպեսզի ունենան վերահսկելի վիճակ բոլոր ինստիտուտներում: Փորձագետներից մեկը նշել է, որ պետական ինստիտուտները, այդ թվում նաեւ` գիտական հիմնարկությունները, բուհերը, վերածվել են ոչ թե հասարակության առողջացման, այլ հակառակը՝ թարախակալման օջախների: Ես իրական փոփոխություններ տեսնում եմ այն դեպքում, երբ երկրում հաստատվի սահմանադրական կարգ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին խոստացավ ոչ թե բյուջեից գիտությանը հատկացվող գումարի ավելացում, այլ գիտական հիմնադրամի ստեղծում: «Ոգեւորիչ անակնկալ էր Սերժ Սարգսյանի միջնորդությամբ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Հիմնադրամի գոյությունը պարտադիր է եւ վաղուց էր անհրաժեշտ ունենալ: Ավելին, անհրաժեշտ են մի քանի հիմնադրամներ` պետական, մասնավոր եւ միջազգային: Սակայն հիմնադրամների բացումը չպետք է որեւէ կերպ պետական աջակցությունը եւ պարտավորությունները նվազեցնի: Այս նախաձեռնությունը մնում է իր համոզմունքին, որ ՀՆԱ տոկոսը պետք է լինի 1, իսկ հետո 2-3%-ի պետք է հասնի հատկապես պետական աջակցության, պետական բյուջեից գիտության հատկացումների ավելացման ու ճիշտ քաղաքականության շնորհիվ»,- ասաց ARMACAD-ի նախագահ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամ Խաչիկ Գեւորգյանը: