«ՀՀ վարչապետը չի կարողանում տարբերել հիմնարար եւ կիրառական գիտությունները»,

– Վերջերս մասնակցում էիք Ծաղկաձորում կազմակերպված երիտասարդ գիտնականների համաժողովին, ովքեր գիտության ֆինանսավորման ավելացում էին պահանջում: Համաժողովին խոսվեց նաեւ գիտնականի ցածր վարկանիշի մասին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված գիտնականի ցածր վարկանիշի ձեւավորումը մեր հասարակության մեջ:

– Դա պայմանավորված է տվյալ երկրի արժեհամակարգով: Որքան էլ ցավալի է, վերջին 20 տարիների ընթացքում` անկախ Հայաստանի պայմաններում, այդ արժեհամակարգը փոխվել է մեր երկրում: Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ հնարավորություն ունեինք զարգացնել գիտությունը, մշակույթը, արվեստը: Մենք ունեինք ազգի այնպիսի մեծեր, ինչպիսիք էին Վիկտոր Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Արամ Խաչատրյանը եւ այլք: Ցավոք, այսօր պատկերը փոխվել է, եւ դժվար է հանդիպել մեկին, ով ազգի մեծերի շարքում կարող է նշել նաեւ որեւէ գիտնականի անուն: Չնայած այս հանգամանքին, այսօր էլ կան լավ գիտնականներ: Կարծում եմ՝ արժեհամակարգի այդ փոփոխությունը պայմանավորված է սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառներից գլխավորը սոցիալական ծանր վիճակն էր, երբ հասարակությունը հազիվ մտածում էր, այսպես ասած,՝ օրվա հացի մասին: Մյուս կողմից` Հայաստանում ծանր իրավիճակ էր՝ հայ-ադրբեջանական պատերազմ, էներգետիկ ճգնաժամ եւ այլն: Բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Յուրաքանչյուր ազգ ունի իր մտածելակերպը, կյանքի նկատմամբ մոտեցումները կամ, թույլ տվեք անվանել` ապրելաձեւը: Պատմականորեն կարելի է առանձնացնել ազգերի, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները: Ինչպես, օրինակ, Աֆրիկայի որոշ ցեղեր իրենց օրն անցկացնում են ոտաբոբիկ քայլելով, պարելով, մեկ այլ ազգ մտածում է` որոշակի արժեքներ ստեղծելու, մյուսը՝ այլ ազգերին կոտորելու մասին եւ այլն: Մենք եղել ենք նստակյաց ազգ, որին հարգել են ստեղծագործ եւ շինարար լինելու համար: Իմ խորին համոզմամբ՝ մեր ազգի ամենամեծ հարստությունը մշակույթն է, եւ այսօր, առավել քան երբեւէ, պետք է շեշտը դնել մշակույթի վրա: Իսկ ամենամեծ հայրենասիրությունը ոչ թե ռազմի դաշտում թշնամի սպանելը, հերոս դառնալն ու հաղթանակներ տոնելն է, այլ մշակութային արժեքներ ստեղծելով` երկրի հեղինակությունը բարձրացնելը, գիտական հայտնագործություններ կատարելով: Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների մեջ է, որտեղ գոյատեւելու համար անհրաժեշտ է վարկանիշի ձեւավորում: Այդ մասին ասացի նաեւ ՀՀ նախագահին, որ ինքն իրեն կարող է հպարտ զգալ, որ ոչ թե Տանզանիայի կամ այլ երկրի նախագահն է, այլ Հայաստանի Հանրապետության, քանի որ Հայաստանը մշակութային բարձր արժեքներ ունեցող երկիր է:

– Այնուամենայնիվ, այդ հանդիպման ժամանակ Ձեր այն դիտարկումից, թե գիտնականը ցածր վարկանիշ ունի մեր երկրում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարծես, տարակուսեց, այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները, այսպես ասած՝ լավատեղյակ են գիտության կամ գիտնականի հեղինակազրկման մասին:

– Նախ նշեմ, որ ի պատասխան իմ դիտարկմանը, հանրապետության նախագահը ոչ թե տարակուսեց, այլ ասաց՝ «Ինչի՞, ո՞վ է հարգված մեր երկրում»: Եթե հարգանք ասելով` հասկանում ենք՝ հաշվի առնել իմաստը, ապա մեր երկրում հաշվի են առնում հարուստներին: Քաղաքական դաշտից սկսած մինչեւ առօրեական կյանքի հարաբերություններ` հարգվում է, այսպես ասած՝ փողը, հարուստ մարդը, գեղեցիկ վերանորոգված գրասենյակը, որեւէ երեւույթի արտաքին կեղծ շապիկը: Ցավոք, այս վերջին տարիներին հայերը, կարծես, ցուցամոլ են դարձել, ինչն արտահայտվում է ոչ միայն տոնական սեղանների ճոխությամբ, այլեւ` արդեն հուղարկավորության արարողությունների ժամանակ: Այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն արմատախիլ անել ցուցամոլության երեւույթը մեզանում, ինչին պետք է մասնակից դառնան թե՛ հասարակությունը, թե՛ գործադիր իշխանությունը՝ բարձրացնելով գիտության եւ արվեստի բնագավառների ներկայացուցիչների հեղինակությունը, այսինքն՝ փորձենք վերականգնել այն, ինչ ունեինք 20 տարի առաջ:

– Գիտության նկատմամբ այդօրինակ վերաբերմունքի հարցում արդյոք ազդո՞ւմ է ՀՀ վարչապետի դիրքորոշումը, ով գիտնականներից պարբերաբար պահանջում է շոշափելի, կիրառական արդյունք տալ:

– Իհարկե, ազդում է: Ես չեմ վախենում ասել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարողանում տարբերել կամ այդ պահին գոնե իր հայտարարությամբ չտարբերակեց հիմնարար եւ կիրառական գիտությունները: Գոյություն ունեն կիրառական գիտություններ, որոնք մշակումներ են անում, սարքեր են ստեղծում: Եվ, բնականաբար, դրանք ներդրվում են տնտեսության մեջ, բայց նույնիսկ այդ դեպքում վայրկենական արդյունք չի լինում՝ գնահատելով ռիսկային գործոնները եւ այլն: Հիմնարար գիտությունը ստեղծում է այն հիմքը, որի հիման վրա կարող է զարգանալ որեւէ կիրառական գիտություն: Հիմնարար գիտություն չի կարող ստեղծվել առանց հիմնարար գիտության: Հանս Պետեն արեգակի ընդերքի էներգիաների հետազոտության շնորհիվ հայտնագործեց միջուկային ռեակցիաները, ինչի արդյունքում այսօր ունենք էլեկտրաէներգիա: Հիմա մարդիկ գիտակցում են, որ ցանկացած լուրջ հայտնագործություն մարդկության օգտին է:

– Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ կառավարությունը փորձում է գիտությունն էլ բիզնեսի վերածել, այո՞:

– Մի առիթով խոսել եմ այդ մասին, եւ հիմա էլ կրկնեմ, չնայած չափազանց քննադատաբար կհնչի: Մեր ղեկավարներից շատերն այդպիսի հայտարարություններով փաստում են առեւտրականի մտածելակերպ ունենալու մասին, այսինքն՝ դա ենթադրում է, որ ինչ-որ բան վաճառելիս գումար ես ստանում, վայրկենական շահույթ: Այդ մտածելակերպով առաջնորդվելու դեպքում մեր գիտությունից կմնա այն խղճուկ եւ թույլ մասը, որ հիմք չունի, ինչն էլ աստիճանաբար կվերանա: Գիտությունն անընդհատ զարգանում է նոր մշակումների շնորհիվ, այլապես ամեն բան կանգ է առնում: Եթե մենք ցանկանում ենք, որ ապագայում Հայաստանը չմնա հետամնաց երկրների շարքում (իսկ ես չեմ վախենում ասել, որ այսօր Հայաստանը հետամնաց երկրների շարքում է), ապա գիտության զարգացումը պետք է դառնա մեր հանրապետության ռազմավարական, նույնիսկ քաղաքական նշանակություն ունեցող խնդիր: Աշխարհի 210 պետությունների շարքում մեր երկիրը ներառվում է երկրորդ հարյուրյակի մեջ, բայց գիտությամբ առաջին հարյուրյակի մեջ ենք: Աստղագիտության բնագավառում Հայաստանն աշխարհի երկրների քսանյակի թվում է: Կարծում եմ՝ սա բարձր ցուցանիշ է մի երկրի համար, որ ունի թույլ տնտեսություն, բնակչության ցածր թիվ եւ փոքր տարածք: Իսկ աստղագիտության բնագավառում 20-ամյկում հայտնվելը պայմանավորված է մի քանի չափորոշիչներով: Աստղագիտությունը զարգանում է վիրտուալ աստղադիտարանների ուղղությամբ, այսինքն՝ համաշխարհային կուտակված բոլոր դիտումների համար՝ թե՛ ցամաքային, թե՛ տիեզերական դիտումներով, ստեղծվում են միասնական տվյալների շտեմարաններ, որոնք օգտագործվում են արդյունավետ մեթոդներով: Մենք նույնպես ունենք հայկական վիրտուալ աստղադիտարան, որը միացել է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին, որտեղ ներառվել են 17 երկրներ, ընդ որում՝ այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են` ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան, որտեղ իր տնտեսական զարգացածությամբ փոքր-ինչ զիջում է Հունգարիան: Ահա այսպիսի երկրների շարքում է հայտնվել Հայաստանը: Այնինչ կան երկրներ, որոնց ներկայացրած նախագծերը մերժվել են, ինչպես, օրինակ, Ուկրաինան:

– Հայաստանը հայտ է ներկայացրել Միջազգային աստղագիտական ընկերությանը՝ տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու համար, եւ դա` այն պարագայում, երբ փակվել է ԵՊՀ-ի Աստղագիտության ամբիոնը: Ինչպե՞ս հասկանալ իրավիճակը:

– Նախ նշեմ, որ ձեւական չափանիշներ էին դրվել ԵՊՀ-ի Աստղագիտության ամբիոնում, որտեղ ամեն տարի պետք է լիներ 6 մագիստրոս: Բյուրականի աստղադիտարանը տարեկան 6 աստղագետի, նոր կադրի կարիք չի ունեցել նաեւ նախկինում, թեեւ շրջանավարտների թիվը միշտ բարձր էր: Այժմ Աստղագիտության ամբիոնը միացել է ֆիզիկայի ամբիոնին: Իհարկե, մենք պայքարում ենք այդ երկու ամբիոնների տարանջատման համար, բայցեւ դա չի նշանակում, որ միանգամից պետք է ճանապարհը փակել կամ հակասել տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու համար:

– Իսկ ի՞նչ ռեսուրսներ ունենք դրա համար:

– Ռեսուրսն այն է, որ ունենք Բյուրականի աստղադիտարան: Չնայած աստղադիտարանի ենթակառուցվածքային վատ վիճակին, այն դեռ շարունակում է մնալ տարածաշրջանի լավագույն աստղադիտարանը: Մյուս երկրները փորձում են աստղադիտարաններ ստեղծել՝ Թուրքիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները: Ցավալիորեն պետք է նշեմ, որ ԱՄԷ-ն մեծ հնարավորություն ունի տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու համար, քանի որ խոշոր գումարներ են ներդնում աստղագիտության բնագավառում: Խնդիրն այն է, որ ԱՄԷ-ն փորձում է ֆինանսական ներդրումներով առավելություն ունենալ մեզնից: Նախկինում մտածում էի, որ հնարավոր չէ գումարով աստղագիտություն ստեղծել, մինչդեռ այսօր մտավախություն ունեմ, որ նրանք գումարով կարող են ստեղծել բարձր մակարդակ ունեցող աստղագիտություն՝ հրավիրելով հայտնի աստղագետների, մասնագետների, ովքեր կպատրաստեն լավ կադրեր: Այսինքն՝ մոտ 10 տարի անց ուժերի հարաբերակցությունը կտրուկ կփոխվի: Ես համարում եմ այս պահը կրիտիկական, եւ պետք է առավել լուրջ վերաբերվել այս ոլորտին, քանի դեռ Հայաստանը համարվում է լավագույն աստղագիտական ավանդույթներ ու ռեսուրսներ ունեցող երկիր գոնե մեր տարածաշրջանում:

– Իսկ ի՞նչ անել իրավիճակը շտկելու համար: Վերջերս երիտասարդ գիտնականները բողոքի ալիք են բարձրացրել՝ գիտության ֆինանսավորումն ավելացնելու համար՝ ՀՆԱ-ի 0,24%-ից դարձնելով 3%: Ռոմանտի՞կ չէ նրանց պահանջը՝ հաշվի առնելով իշխանությունների տրամադրվածությունն այդ հարցում:

– Գիտության, այսպես ասած՝ գոյատեւման համար գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի 3%-ով իրական թիվ է, իսկ ռոմանտիկ է այն պատճառով, որ մեր քաղաքական գործիչները դեռ չեն հասունացել: Կարող եմ առանց ավելորդ իլյուզիաների ասել, որ գիտության ֆինանսավորման ավելացում առայժմ չի կատարվելու, պարզապես պետք է գտնել այդ դիմադրությունը հաղթահարող լծակներ: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը պետական բյուջեից այնքան գումար է ստանում, ինչքան ամբողջ գիտությունը: Պետք է աշխատել հասարակության՝ գիտնականի նկատմամբ վերաբերմունքը փոխելու ուղղությամբ, ինչը պետք է արվի նաեւ հանրապետության նախագահի կողմից: Մենք շատ լավ գիտենք, թե մեր երկրում ինչպե՞ս է դա արվում՝ ցանկացած խոշոր միջոցառում իրականացվում է, եթե ՀՀ նախագահը դրան տրամադրված է լինում:

– Ի վերջո, գիտնականն ի՞նչ անի՝ շարունակի աշխատել մի երկրում, որտեղ գիտությունը ամենաետին պլանո՞ւմ է:

– Հարցին մեկ լիարժեք պատասխան տալ դժվար է: Պետք է փորձել գիտության ֆինանսավորման ավելացման տարբեր ուղիներ փնտրել, միեւնույն ժամանակ` հանրամատչելի գիտություն տարածել հասարակության շրջանում, երիտասարդներին, երեխաներին կրթել, քաղաքական ուժերի, գործիչների մոտ բարձրացնել գիտնականի հեղինակությունը, եւ բացի այդ, գիտական լրագրություն ձեւավորել՝ գիտությունը լուսաբանելու համար: Ի վերջո, հասարակությունը պետք է գիտակցի, որ, ի տարբերություն քաղաքական նորությունների, գիտական հայտնագործության նորություններն ավելի մեծ դիվիդենտներ են բերում: Զարգացած երկրների հասարակությունների շրջանում գիտությունն այլեւս արմատավորվել է: Ինչեւէ, կարծում եմ՝ առաջիկայում գիտության ֆինանսավորման ավելացումը կկատարվի, մեղմ ասած՝ շատ դանդաղ տեմպով, որտեղ կկորցնենք մեծ ժամանակ: Իսկ գիտության մեջ ժամանակ կորցնելն անթույլատրելի է, եւ միգուցե 10 տարի անց Հայաստանում գիտություն չի լինի, հատկապես, երբ այսօր բազմաթիվ երիտասարդ գիտնականներ եւ լավագույն մասնագետներ հեռանում են երկրից: Իսկ արտագաղթի գործընթացը պարզապես կքանդի գիտությունը, քանի որ մարդ չի կարող դիմանալ ամսական 40.000 դրամ աշխատավարձով: Այդ հարցում երիտասարդներն ավելի անհամբեր են, հետեւաբար` ամեն ամիս ֆինանսավորման ավելացման ուշացումը գուցե օրհասական դառնա գիտության համար: Այս ամենը պետք է նայել դինամիկայի մեջ՝ չմտածելով, թե` երբ գումար լինի` այն ժամանակ էլ կմտածենք գիտության մասին: Մինչդեռ կարող է գալ այն պահը, երբ այլեւս գիտություն չենք ունենա: