«Հայաստանի իշխանավորներն ուտում են ոչ թե հաց, այլ բիսկվիտ»

Ասում է Մերձավոր Արեւելքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, Միջազգային «Հայ սեւ գոտիներ» միության հիմնադիր-նախագահ, Քոնգ ֆու Ուշուի վարպետ, դոկտոր Կարո Քեբաբջյանը

– Նախ՝ ինչպե՞ս հասկանալ Մերձավոր Արեւելքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ լինելու հանգամանքը, երբ ԼՂՀ-ի անկախությունը դեռ միջազգայնորեն ճանաչված չէ:

– Չնայած այն հանգամանքին, որ ԼՂՀ-ն դեռ ճանաչված չէ աշխարհում` եւ որեւէ երկրում դեռ հնարավոր չէ ԼՂՀ դեսպանատներ հիմնել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մենք ԼՂՀ-ի ամենազորեղ դեսպանատունն ունենք Մերձավոր Արեւելքում: Դեռեւս 2000թ. ԼՂՀ-ի ներկայացուցչությունը, այսպես ասած՝ դեսպանատունը հիմնեցի Բուրջհամուտի Միջազգային հայ սեւ գոտիների ակադեմիայի շենքում, որտեղ շուրջ 200 հայ եւ օտարերկրացի ուսանողներ ուսանում են մարտարվեստ բարեգործական հիմունքներով: Այսօր ԼՂՀ-ի Լիբանանի ներկայացուցչությունը դարձել է պաշտոնական հավաքատեղի:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: Արդյո՞ք հավանական եք համարում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը:

– Ներողություն համեմատության համար, բայց հաչող շունը չի հարձակվում: Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ թեկուզ վաղը կարող է գրավել ԼՂՀ-ն ռազմական ճանապարհով, ապա նույնիսկ մինչ առավոտ չի սպասի: Բայց Ադրբեջանն՝ ի դեմս Ալիեւների գերդաստանի, քաջատեղյակ է, որ պատերազմը քայքայում է իրենց պետությունը, քանի որ այսօրվա Ադրբեջանը հիմնված է ընտանեկան կոռուպցիայի վրա: Ալիեւն իր փողերը, մաֆիան, գերիշխանությունը այլեւս կկորցնի պատերազմը վերսկսելու դեպքում՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս: Ալիեւը մշտապես հիմնախնդիրներ է ստեղծում՝ խուսափելով իրեն ուղղվելիք սկանդալներից: Իսկ այդ հիմնախնդիրներից գլխավորը հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման մասին լուրեր տարածելն է ադրբեջանական հասարակության մեջ, այլ կերպ ասած՝ ստեղծում է կեղծ ազգայնասիրություն` իր հանցանքը քողարկելու համար: Ալիեւը Ղարաբաղի հարցը դարձրել է իր քարոզչության հիմնական զենքը, որն օգտագործում է ամեն օր: Իսկ Ալիեւի զենքը շատ գործածությունից այլեւս մաշվել է միջազգային հանրության շրջանում: Պատերազմի վերսկսման դեպքում մենք կորցնելու բան չունենք, այնինչ Ադրբեջանը մեծ կորուստներ կունենա:

– Ի՞նչ կորուստների մասին է խոսքը:

– Նախ` Ադրբեջանը կկորցնի նավթը: Եթե ավելի իրատեսորեն խոսենք, ապա պատերազմը վերսկսելու դեպքում այն տեղի կունենա Ադրբեջանի սահմանի վրա:

Մինչդեռ ժամանակին նրանք կրակում էին Շուշիից դեպի Ստեփանակերտ: Ադրբեջանցիների, այսպես ասած՝ միակ հույսը օդային ուժերն են, որոնց դեմ, կարծում եմ, մեր պաշտպանությունը բավական ուժեղ է:

– Այսօր առավել շատ է խոսվում նաեւ ԼՂՀ ճանաչման մասին միջազգային հանրության կողմից:

– Աշխարհի սահմանները գծվել են փոփոխվելու համար՝ մատիտը, որ գծում է սահմանները, կարող է նաեւ փոխել դրանք: Չկան հիմնական սահմաններ եւ պետություններ: Եթե ազգը ապրում է, ուրեմն՝ սահմանների խնդիրը կարեւոր չէ: Ղարաբաղը կայուն պետություն է, քանի դեռ այնտեղ ծնվում են երեխաներ եւ ապրում են մարդիկ: Աշխարհը ականատես դարձավ Միջին Արեւելքի երկրների քայքայման գործընթացին, այնինչ տարիներ առաջ որեւէ մեկը դժվար կպատկերացներ դա: Իսկ դա արվեց ԱՄՆ-ի սցենարով, որը բռնապետներ էր նշանակել այդ երկրներում՝ այնտեղ իշխելու նպատակով: Մոտ 60 տարի ԱՄՆ-ը ղեկավարեց այդ երկրները, այնինչ այսօր փոխել է խաղի կանոնները՝ ուզում է ղեկավարել այդ երկրներն իրարից բաժանելով: Սա քաղաքական խաղ է, որն առաջիկայում պարտադրվելու է նաեւ մի շարք պետությունների, այսինքն՝ ստեղծվելու են փոքր պետություններ: Այս հանգրվանում Ղարաբաղը բավական շահեկան վիճակում է:

– Ամիսներ առաջ արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունների սցենարի կրկնության, սոցիալական բունտի մասին խոսում էին նաեւ Հայաստանում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ձախողվեց սցենարի իրագործումը, եթե ստեղծվել էին բավական ծանրակշիռ հանգամանքներ:

– Հայաստանում այդ սցենարը սկզբից էլ կարելի էր համարել ձախողված: Արաբական աշխարհում, ինչպես, օրինակ, Եգիպտոսում, մեծ խնդիր կար մուսուլմանների եւ քրիստոնյաների միջեւ, այսինքն՝ ժողովուրդը արդեն բաժանվել էր շերտերի: Տվյալ դեպքում դյուրին է հրահրել, եղբայրասպան կռիվ ստեղծել: Իսկ Հայաստանի պարագան բոլորովին այլ է, եւ պետք չէ այն համեմատել Մերձավոր Արեւելքի երկրների հետ: Մենք եղբայրասպան ժողովուրդ չենք: Հայաստանի բնակիչների միակ դժգոհությունը քաղաքականությունից կամ պետությունից այն է, որ ուզում է սոցիալական բարեկեցիկ կյանք, արդարադատության եւ հարկային հարցերի բարեփոխում: ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ ստեղծված իրավիճակից տուժում է նաեւ վաղվա սերունդը:

Դեռեւս 200 տարի առաջ նույն իրավիճակն էր տիրում նաեւ այսօրվա զարգացած պետություններում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, որտեղ Վերսալի պալատում իշխանավորները օրն անցկացնում էին խնջույքներով եւ իրենց համար պալատներ կառուցելով: Իսկ դա անում էին գյուղացիների վճարած հարկերի հաշվին: Այդ վիճակը շարունակվեց այնքան ժամանակ, մինչ ժողովուրդը հարձակվեց պալատների վրա՝ գոռալով, որ հաց է ուզում: Երբ թագուհուն ասացին, որ ժողովուրդն անոթի է եւ հաց է պահանջում, վերջինս պատասխանեց, թե` այդ դեպքում բիսկվիտ տվեք: Այսինքն՝ հարուստը երբեւէ չի հասկանա չքավոր, քաղցած մարդու վիճակը: Իսկ Հայաստանի իշխանավորները պետք է գիտակցեն, որ նրանք այսօր ոչ թե հաց են ուտում, այլ բիսկվիտ՝ չմտածելով, որ հայ գյուղացին չի կարող հող մշակել՝ վճարելով եւ՛ ջրի, եւ՛ պարարտանյութի, եւ՛ սերմի համար: Իհարկե, ամեն երկրում էլ մենաշնորհ կա, բայց ժողովրդի հիմնական հարցերը մենաշնորհ չեն: Խմիչքի, ծխախոտի գինը կարող են բարձրացնել, բայց ոչ թե հացի կամ մթերքի գինը:

Հայաստանում իրավիճակը կփոխվի, եթե բարելավվի առողջապահության, կրթության, գյուղատնտեսության եւ արդարադատության ոլորտները: Մյուս կողմից, կան արտաքին ազդակներ, որոնց ձեռնտու չէ Հայաստանի լավ լինելը: Իսկ այդ ազդակները կարելի է մեղմել՝ առաջնորդվելով Գ. Նժդեհի հոգեբանությամբ՝ կամքի, հավատքի շնորհիվ:

– Ինչպե՞ս հիմնեցիք Ուշուի ֆեդերացիան:

– Մեր ընտանիքը ջարդից փրկվածներից է: Սեբաստիայից է: Դեռեւս մանկությունից մեծ մայրս պատմում էր թուրքերի կողմից կատարված սպանությունների, կողոպուտի, թալանի մասին: Այդ ժամանակ մեր մտահոգությունը կորսված հողերի վերադարձն էր: Այդ խմորումներով էլ մեծացա՝ միշտ երազելով բժիշկ դառնալու մասին: Չնայած խաղաղասեր բնավորությանս, պոռթկումս պարպելու համար մտա մարտարվեստի դպրոց: 1974թ. դարձա Քոնգ ֆու Ուշուի Միջին Արեւելքի չեմպիոն: Իսկ 18 տարեկանում հիմնեցի Ուշուի ֆեդերացիան՝ «ԱՅԲ 3» նշանաբանով, որ նշանակում է` առողջ մարմին, արթուն միտք եւ ազնիվ հոգի: Եթե ուզում ես կյանքում որեւէ գաղափար իրականացնել, կարիք ունես ֆիզիկական ուժի, առողջության, իսկ արթուն մտքով հեռու կմնաս տարատեսակ իզմերից, աղանդավորական հոսանքներից, եւ վերջապես անհրաժեշտ է ազնիվ հոգի` մաքրակենցաղ ապրելու համար:

– Այնուամենայնիվ, Հայաստանում մեծ ակտիվություն են ցուցաբերում աղանդավորական կառույցները, որոնց թիրախային խմբերը հիմնականում սոցիալապես անապահով խմբերն են, մասնավորապես, դեռահասները:

– Կարծում եմ՝ ավելի խորը խնդիրներ կան, ինչի մասին այս պահին չեմ կարող խոսել: Ի վերջո, ի՞նչ վտանգ է առաջացնում հայ ժողովուրդը, որ ցանկանում են մեզ իրարից անջատել: Մի՞թե բավական չէր ջարդը, ցեղասպանությունը: Ես միստիկ եմ եւ կարծում եմ՝ այդ խնդիրները պայմանավորված են մեր երկրի բացառիկ էներգետիկ դաշտով, բայց սա բոլորովին այլ թեմա է: Հայ բառը առանձնահատուկ իմաստ ունի տիեզերքում: Ըստ գիտնական Քեյսի՝ դեռեւս 11.000 տարի առաջ հայերն ունեցել են հատուկ գիտություն, տիեզերական օրենք, որտեղ հայ քրմապետերը եղել են շատ հզոր: Սիսիանում գտնվող Իշխանասարի վրա կա Ադամի եւ Եվայի փորագրված պատմությունը: Ցավոք, այսօր մեր գիտությունը, այսպես ասած՝ ցրիվ են տալիս, քանդում են, որպեսզի կորցնենք այն էներգիան, որ ունենք:

– Այսինքն՝ այսօր արդեն կորցրել ենք Ձեր նշած էներգիան, այո՞:

– Այսօր կա այդ էներգիայի 5 %-ի գաղտնիքը: Որքան էլ ջարդեն հայ ժողովրդին, միեւնույն է՝ այդ 5%-ը պահպանվելու է: Միշտ կա մեկը, որ պահում է մեր ազգը՝ Նարեկացի, Նժդեհ եւ այլք: Մինչդեռ կան ժողովուրդներ, որ չունեն այդօրինակ էներգիա: Իսկ մեր ժողովրդի հարատեւության գաղտնիքը պայմանավորված է այդ էներգիայով: Իսկ մի՞թե տարօրինակ չէ այն հանգամանքը, որ ժամանակին հսկա կայսրություններ վերացան աշխարհում, այնինչ մենք՝ մի բուռ հայերս, դեռ շարունակում ենք ապրել եւ արարել: Իսկ մենք կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ունենք տիեզերական գաղտնիք, որը տրված է անհատների: Այսօր շատ են խոսում հայերի միասնականության մասին: Ես հակառակն եմ մտածում՝ հայը թող սփռվի աշխարհի տարբեր ուղղություններով, բայց երբեւէ չկորցնի միասնականության գաղափարը: Դա նույնն է, ինչ ձեռքի մատները, որոնք միասին կազմում են բռունցք: Կարեւոր է միասնական միտքը: Իսկ հայերի միասնական մտքի դրսեւորումը Արցախյան հերոսամարտն էր: Այն ժամանակ կար սեր, ջերմություն, հարգանք, մինչդեռ այսօր ինչի՞ մասին ենք խոսում՝ տաճարների՞, բենթլիների՞: Ես ամաչում եմ ավտոմեքենա վարել Երեւանում: Հասարակությունը շատ լավ գիտի, թե մեծամասամբ այդ շքեղ ավտոմեքենաներն ինչպե՞ս են ձեռք բերվում կամ որտեղի՞ց են եկել: Չեմ ուզում մաս կազմել այդ շրջանակի: Երբ էներգետիկ ճգնաժամի տարիներին գալիս էի Հայաստան, զբաղված էի միայն մարտարվեստի կենտրոններ, դպրոցներ բացելով՝ Տավուշի սահմանամերձ գյուղերից սկսած` մինչեւ Սյունիքի Դավիթ Բեկ գյուղ: Ընդհանուր հաշվով՝ հիմնեցի 28 կենտրոն, որոնք, դժբախտաբար, այսօր չեն գործում: Իսկ չեն գործում, քանի որ ֆինանսական միջոցներս չեն բավարարում: Չնայած այս հանգամանքին՝ հպարտ եմ, որ կարողացա հազարավոր երեխաների օգնել եւ, ինչո՞ւ չէ, փրկել նրանց հոգիները: Ուրախ եմ, որ այսօր նրանցից շատերը մեծ հաջողությունների են հասնում: 2001թ. Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ուշուի աշխարհի առաջնություն, որի հովանավորը Միջազգային հայ սեւ գոտիների ակադեմիան էր: Այն, ինչ կարողացա անել, սերունդ պատրաստելն էր սփյուռքի մեջ, եւ այսօր ամբողջ աշխարհում մոտ 50.000 հետեւորդ ունեմ, ովքեր դաստիարակվեցին «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի» նշանաբանով: Եթե որեւէ բաղադրիչ հանենք այդ երեքից, ապա երրորդությունն ուղղակի կքանդվի: