Դեպի «մասնավորեցում»

«Սկսվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլը, որով նախատեսվում է AREAL լազերային բարձր հաճախային գիտահետազոտական գծային արագացուցիչի կառուցում»,- երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` ավելացնելով, որ այդ աշխատանքների շրջանակներում հուշագրեր են ստորագրվել Գերմանիայի «ԴԵԶԻ» էլեկտրոնային սինքոտրոն կենտրոնի եւ Շվեյցարիայի Պաուլ Շերերի ինստիտուտի հետ եւ իրականացվելու է մասնագետների համագործակցություն, սարքավորումների տրամադրում: Մասնավորապես, «ԴԵԶԻ» կենտրոնը հայկական կենտրոնին է տրամադրել 3 մլն եվրոյի սարքավորում, եւ սկսվել է գծային արագացուցիչի շինարարությունը: Հարությունյանը տեղեկացրել է, որ արագացուցիչի շինարարությունն արժե 5 մլն եվրո, եւ նախատեսվում է այն ավարտին հասցնել 2013 թ. գարնանը: Արագացուցիչի օղակի շինարարությունը սկսվելու է 2012 թ. եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2016-ին: Այս ծրագիրն էլ ընդհանուր առմամբ կարժենա 60 մլն եվրո: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 4-ի N1478-Ն որոշմամբ «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տրվել է գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ: Սամվել Հարությունյանը երեկ անդրադարձել է նաեւ գիտության ոլորտի ֆինանսավորմանը` նշելով, որ 2012 թ. գիտության բյուջեն կավելանա 7 տոկոսով եւ կկազմի մոտ 10,3 մլրդ դրամ` 2011-ի` 9,4 մլրդ-ի դիմաց:

Նա նշել է, որ բյուջեի ավելացման գումարների հաշվին մոտ 7 տոկոսով կավելանան աշխատավարձերը, ինչպես նաեւ` հավելյալ գումարներ կուղղվեն միջազգային ծրագրերի խթանմանը: Նա անդրադարձել է նաեւ գիտության ոլորտում մասնավոր բիզնեսի հետ աշխատանքի խնդրին: «Մինչ այսօր գիտության ոլորտը ֆինանսավորվել է պետության կողմից: Այս տարի առաջին անգամ մենք անցկացրեցինք մրցույթ, որին մասնակցեց նաեւ մասնավոր հատվածը: Մրցույթին մասնակցել են 43 ինովացիոն ծրագրեր, որոնց մեծ մասը համաֆինանսավորում ունեին մասնավոր հատվածից, ընդ որում` ոչ միայն հայկական մասնավոր հատվածից, այլ նաեւ` արտասահմանյան: Եվ այդ ծրագրերից 17-ը ֆինանսավորվեց»,- ասել է Հարությունյանը: Ըստ նրա, զարգացած երկրներում պետության կողմից գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալը շատ փոքր տոկոս է կազմում։ «Որքան մեծ է պետական ֆինանսավորման մասնաբաժինը գիտության ոլորտում, այնքան պետության զարգացման մակարդակը ցածր է»,- նշել է նա` տեղեկացնելով, որ ներկայումս գիտության բյուջեի 70-75 տոկոսը պետական միջոցներն են, իսկ մնացածը ստացվում է գրանտային ծրագրերի եւ միջազգային համագործակցության միջոցով: Ըստ Հարությունյանի` մի քանի տարի առաջ պետական ֆինանսավորման մասնաբաժինն ավելի մեծ էր, եւ, ի ուրախություն բոլորի, տարեցտարի այն նվազում է: