ՀՀ նախագահի մրցանակը` Վոզնյակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Apple computer-ի համահիմնադիր, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2011թ. մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին: «Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա եւս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք եւ, թերեւս, ամենակարեւորը` լինել ազնիվ եւ աշխատասեր: Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը եւ Սթիվ Վոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին` խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ երեխաներն էլ հասնեն բարձունքների եւ նման մեծ ծառայություն մատուցեն իրենց հայրենիքին եւ ամբողջ մարդկությանը: Այն որակները, որ Ձեզ, պարո՛ն Վոզնյակ, փոխանցել, ներարկել է Ձեր հայրը, մշտապես լինելու են արդիական եւ պահանջված…»,- մրցանակի հանձնման ժամանակ իր ելույթում ասել է Ս. Սարգսյանը: