Կառավարության նպատակը ֆիզիկայի ինստիտուտի 37 հա տարածքը յուրացնելն ու հատվածաբար վաճառելն է

Այս տարվա սեպտեմբերի 1-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը (այն առավել հայտնի է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ անվամբ) վերակազմավորվեց որպես հիմնադրամ:

Այդպիսով` փոխվել է կառույցի կառավարման իրավակազմակերպական ձեւը, այսինքն` եթե մինչ հիմնադրամի ձեւավորումը «Ազգային լաբորատորիան» ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ էր, ապա այժմ այն կառավարելու է հոգաբարձուների խորհուրդը, ավելի հստակ` կառույցի կառավարումն անցել է ՀՀ Էկոնոմիկայի նախկին եւ տխրահռչակ նախարար, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: Գիտության ասպարեզի ներկայացուցիչների արդարացի զայրույթին ի պատասխան`տիգրանսարգսյանական-ներսեսերիցյանական թեւը որպես իրենց «սեւ գործի» արդարացում` նշեցին, թե այդպիսով միջազգային դրամաշնորհներ են ներգրավելու, ինստիտուտի աշխատակիցների աշխատավարձերը 40 տոկոսով բարձրացնելու են, եւ այլն, եւ այլն: ՀՀ Կառավարությունն այդպիսով հերթական անգամ գործի դրեց «հին ու բարի» աշխատանքային գործիքը` հասարակության աչքին «թոզ» փչելը: Ու սա կատարվեց այն պահին, երբ երիտասարդ գիտնականների շրջանում բողոքի ալիք էր բարձրացել Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու համար: Թեեւ Կառավարության` սեպտեմբերմեկյան որոշումից անցել է շուրջ 3 ամիս, բայց գիտության աշխարհի մարդիկ շարունակում են քննարկել Ֆիզիկայի ինստիտուտը` հիմնադրամի վերածման անհեթեթ գաղափարը: Գիտնականները հստակ գիտեն, թե ինչո՞ւ է ստեղծվել այդ հիմնադրամը եւ ո՞ւմ է ձեռնտու այն:

Գիտական աշխարհի «զոհերը»

Երեկ մենք այցելեցինք Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ, փորձեցինք խոսել ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանի հետ: Ճիշտն ասած, աննախանձելի է այնտեղ աշխատող մեր գիտնականների վիճակը` շենքային վատ պայմաններ, ցուրտ սենյակներ, խորհրդային տարիներին արված նորոգում, եւ այլն: Մարդկայնորեն ցավ ես ապրում երբեմնի մեծ համբավ ունեցող այդ ինստիտուտի եւ այնտեղ այսօր աշխատող մարդկանց համար: Առավել մեծ ցավ ես ապրում, երբ լսում ես ինստիտուտի տնօրենի խոսքերը, ով հավատում եւ ոգեւորված պատմում էր ՀՀ Կառավարության` 3 տարի առաջ ձեռնարկած միջազգային մի խորհրդաժողով-միջոցառման մասին, որի ընթացքում էլ առաջացել է հիմնադրամ ստեղծելու այդ գաղափարը: Ա. Չիլինգարյանի փոխանցմամբ` խորհրդաժողովի ժամանակ օտարերկրացի մասնագետները, գիտնականները խորհուրդներ են տվել Կառավարությանը, թե այդուհետ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտն ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանա: «Կարեւորն այն է, որ պետությունը հասկացավ, որ ֆիզիկայի ինստիտուտը գանձ է, որ նմանատիպը չկա մեր շրջակայքում, եւ եթե Կառավարությունն ուզում է, որ Հայաստանը զարգանա` որպես գիտություն հարգող, գիտական արդյունքները ներդնող, գիտահենք, արդյունաբերությունը կառուցող երկիր, պետք է զարգացնեն, պահեն Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը: Դա է ամենակարեւորը»,- նշեց Ա. Չիլինգարյանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ առավելություններ կտա հիմնադրամի վերակազմակերպումը, ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Այս տարվանից կրկնապատկվել է մեր բյուջեն, եւ 40%-ով բարձրացել է գիտական աշխատողների աշխատավարձը: Մեր Կառավարությունը երկու անգամ բարձրացրել է մեր բյուջեն: Կարողացանք սկսել այն ծրագրերը, որոնք 20 տարի չեն կատարվել: Առաջին հարցը` շենքի անհետաձգելի վերանորոգումն է. տանիքները կաթում են, ամեն ինչ փչանում է, երկրորդը` ջեռուցում ենք անցկացնում, երրորդը` գիտնականներին խրախուսման ծրագիրն ենք սկսել` ուղարկում ենք կոնֆերանսների, իրենց համար համակարգչային տեխնիկա ենք առնում, օֆիսները կնորոգենք, որպեսզի նորմալ պայմաններում աշխատեն եւ չփախնեն, ինչպես բոլորն են փախնում այստեղից: Հասկանո՞ւմ եք»: Իսկ իշխանությունների կողմից նախկին անտարբերությունը ինստիտուտի նկատմամբ Ա. Չիլինգարյանը պայմանավորեց քաղաքական տակտիկայի, կուսակցաշինական հարցերով: «Պետությունն ինչի՞ մասին է մտածում: Քաղաքական եւ պետական բոլոր գործիչները մտածում են վերընտրվելու մասին, ուրիշ ոչ մի բանի մասին»,- ասաց նա` ինստիտուտի նկատմամբ ներկա հոգածությունը պայմանավորելով ինստիտուտի ռազմավարական նշանակությամբ:

Զոհաբերել գիտությունը` հանուն «էլիտարիզմի՞»

«Պարոն Երիցյանը ոչ մի անգամ արգումենտ չի բերել, թե ի՞նչ առավելություններ ունի ֆոնդը: Ըստ իրենց` ֆոնդի դեպքում հիմնարկն ավելի ազատ կլինի եւ դրսից կարող է ֆինանսներ բերել: Սակայն մենք չենք հավատում դրան: Հիմա էլ, եթե դրսից ֆինանսական միջոցներ լինեն Երեւանի Ի. Ամիրխանյանի ազգային գիտական լաբորատորիային ուղղված, կարծում եմ` խնդիր չի լինի դա օգտագործել»,- նշեց Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի առաջավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Բաբուջյանը, ում խոսքով` գլխավոր թերությունն այն է, որ կառույցը կառավարվելու է մի խորհրդի կողմից, որի կազմում չեն լինելու տեղացի ֆիզիկոսներ, իսկ լավագույն դեպքում` ընդգրկված ֆիզիկոսները լինելու են օտարերկրացիներ: Ըստ Հ. Բաբուջյանի` միջազգային պրակտիկայում ընդունված կարգ է, երբ համալսարանների ղեկավարներն են կառավարում հիմնադրամները, իսկ մեզ մոտ դա արվում է հակառակ ձեւով: «Հիմա սարսափելի վիճակ է ստեղծվել: 1 տարի է` գիտխորհուրդ չունենք: Ինստիտուտի մասին օրենքի համաձայն` ինստիտուտի ներսում պետք է լինի գիտխորհուրդ եւ տնօրեն, որոնք կլրացնեն իրար, եւ մասնագիտական բոլոր հարցերը պետք է քննարկվեն գիտխորհրդում»,- նկատեց Հ. Բաբուջյանը, ով թերահավատությամբ է վերաբերվում Կառավարության կողմից հիմնադրամի հետագա ֆինանսավորմանը: «Հիմնադրամը պետական կարգավիճակից դուրս է, եւ միգուցե վաղը չէ մյուս օրը Կառավարությունը կասի` գնացեք եւ փող գտեք ձեզ համար: Միգուցե դա չարվի նաեւ այն պատճառով, որ Կառավարությունն է ստեղծում այդ ֆոնդը: Հիմնադրամի մասին օրենքը չի հաստատում պետական ֆինանսավորման հարցը: Այո՛, մենք վախենում ենք այդ փաստից,- ասաց Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցը` շարունակելով,- «Մենք մտահոգություն ունենք, որ հոգաբարձուների խորհրդում կնստեն մարդիկ, ովքեր ոչ կոմպետենտ կլինեն, ինչ-որ գործարար մարդիկ կլինեն, ովքեր գաղափար չունենալով գիտության զարգացման որեւէ մեխանիզմից` պետք է ղեկավարեն ազգային կենտրոնը: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը»:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի դիտարկմամբ` նշյալ ձեւափոխությունն աննպատակահարմար է ժամանակակից գիտության կազմակերպման տեսակետից: Ըստ Ա. Իշխանյանի` Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտը Հայաստանի ֆիզիկայի առաջատար կազմակերպությունն է, որտեղ այս պահին ինստիտուտի փորձարարական, էքսպերիմենտալ մասը սառեցված վիճակում է, եւ ինստիտուտի դեմքը կազմում է տեսական ֆիզիկան: «Իսկ տեսական ֆիզիկայի ֆունդամենտալ, հիմնարար հետազոտությունները չեն ենթադրում անմիջական նյութական արժեքի ստեղծում կամ մշակումներ, որոնք կարող են բերել եկամտաբեր գործունեության: Իսկ Ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկան այսօր կարելի է համարել աշխարհի լավագույն 100 ֆիզիկական կազմակերպությունների շարքում իր հաստատուն տեղը զբաղեցրած բաժին, եւ հիմնադրամի ձեւափոխումից հետո գլխավոր հատվածը կմատնվի անտարբերության, եւ, ամենայն հավանականությամբ, մենք կկորցնենք այն հրաշալի գիտական դպրոցը, որը ձեւավորվել է տասնամյակների ընթացքում` մի շարք նվիրյալների եւ հայտնի ֆիզիկոսների կողմից: Մենք գործ ունենք մեր երկրի համար բացառիկ նշանակություն ունեցող գիտական դպրոցի հետ, որը պետք է փայփայվի, այլ ոչ թե ղեկավարման հանձնվի այնպիսի մարդկանց, որոնք որեւէ առնչություն չունեն ֆիզիկայի հետ: Եթե այդ հիմնադրամի խորհրդում պետք է ներգրավված չլինեն ֆիզիկոսներ, գիտնականներ, ապա որեւէ երաշխիք չկա, որ այդ ամենը կամաց-կամաց կսկսի դիտարկվել որպես հարմար տարածք` վաճառելու եւ էլիտար շենքեր կառուցելու համար»:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գեւորգյանի խոսքով` եթե մի գործընթացին ներգրավվել են այնպիսի մարդիկ, որոնցից մեկը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանն է, ապա վստահություն մասին որեւէ խոսք չի կարող լինել: Ըստ Ա. Գեւորգյանի` ինքն անձամբ ինովացիոն կենտրոնի բացման ժամանակ առիթ ունեցել է Ն. Երիցյանի հետ զրուցելու: «Եվ հասկացա, որ Ներսես Երիցյանը բացարձակ անպատասխանատու, բախտախնդիր անձնավորություն է: Ներսես Երիցյանը որեւէ բանով չի տարբերվում Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից կամ այն մյուսներից, որոնք կարող են 24մլն դոլարով ահռելի հանքերը վաճառել, հետո ամբողջ ազգաբնակչությանը գցել անհասկանալի վիճակի, վտանգի մեջ: Նույն մտածողությունն ունի Ներսես Երիցյանը, եւ անհասկանալի է` ո՞վ է նա` աշխարհայացք չունեցող մեկը, որ մտածում է միայն փող աշխատելու մասին»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը, ում կարծիքով` վերոգրյալ մարդկանց ձեռնարկումը հանգեցնելու է 100 տոկոսանոց վատ արդյունքի, ինչն արվելու է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեղմ ասած` գիտության հետ որեւէ աղերս չունեցող Ն. Երիցյանի «թեթեւ» ձեռքով: «Երիցյանն ի՞նչ գաղափար ունի` ի՞նչ գեներատոր կարող է լինել նոր ռեֆորմների իրականացման գործում»,- նկատեց Աշոտ Գեւորգյանը` խոսելով նաեւ ինստիտուտի աշխատակիցների աշխատավարձերի աննախադեպ բարձրացման մասին: Ա. Գեւորգյանի համոզմամբ` աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացումը պարզապես կաշառելու ձեւերից մեկն է, որպեսզի աշխատակիցները գոնե ժամանակավորապես լռեն: Իսկ Ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրամի վերակազմակերպելու քայլը հետապնդում է մեկ նպատակ` մասնավորեցնել ինստիտուտի 37 հա տարածքը եւ հատվածաբար վաճառել այն: «Ֆիզիկայի ինստիտուտի մանկապարտեզը, հանդիսությունների դահլիճների շենքն արդեն վաճառվել են, ընդ որում` գործարքներն արվել են խարդախ եւ կեղծ ձեւերով, որտեղ գործում էին ստվերային տնտեսություններ, եւ ստվերային ձեւով էլ լուծարել են ինստիտուտի մի շարք սեփականություններ: Վերջին հաշվով դա արել է նույն Կառավարությունը, եւ ի՞նչ լավ բան կարելի է սպասել նրանցից, որոնց հիմնական նպատակը, կարծում եմ` ինստիտուտի 37 հա տարածքի ուղղակի յուրացումն է, եւ դրանց տեղում հյուրանոցների, էլիտար շենքերի (եւ այլն) կառուցումը: Հակառակ դեպքում` նման ռեֆորմի ժամանակ սովորաբար հաշվի են առնում գիտական հասարակության կարծիքը»,- ավելացրեց Ա. Գեւորգյանը: Թե ի՞նչ է լինելու 1942թ. Արտեմ եւ Աբրահամ Ալիխանյան եղբայրների կողմից հիմնված Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (այն հիմնվել էր որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ, իսկ 1943թ. ինստիտուտը մտավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության տակ) ճակատագիրը` դժվար չէ ենթադրել` հաշվի առնելով մեր հասարակության անտարբերությունը, գիտնականների հիասթափությունն ու ՀՀ Կառավարության անդամների` սոսկ ինստիտուտի տարածքին ձեռք գցելու նախաձեռնությունը:

Ի դեպ, ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին նույնիսկ իր պաշտոնավարության ընթացքում որեւէ մեկը լուրջ չէր ընդունում. նա անընդհատ ծիծաղի առարկա էր դառնում: Նրան վերաբերվում էին որպես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարածու-խամաճիկի: Նա ունակ չէ որեւէ ինքնուրույն միտք արտահայտելու կամ քայլ կատարելու: ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի հարցուպատասխանի օրերին, օրինակ, նա Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ թուղթ ու գրիչով գրառում էր վարչապետին հարց ուղղող պատգամավորների անունները: Այժմ էլ բոլորը հստակ հասկանում են, որ Ֆիզիկայի ինստիտուտի «գլուխն ուտելու» նախաձեռնությունը կրկին վարչապետ Տիգրան Սարգսյանինն է: