Մարզպետը հողեր է զավթում

Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կառուցված «Տաթեւի թեւեր»` աշխարհի ամենաերկար ճոպանուղու շուրջ եղած հսկայական հողատարածքներ, «սուսուփուս», սակայն, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանի իմացությամբ` յուրացրել էր: Ս. Խաչատրյանը դա արել էր` գիտակցելով, որ ճոպանուղու շնորհիվ այդտեղ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու, որտեղ, ըստ ծրագրի հեղինակների` մինչեւ 2012թ. ճոպանուղու երկու կայարաններում սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, Հալիձոր եւ Տաթեւ ավաններում` հյուրանոցներ, հետագայում` կրթական եւ մշակութային կենտրոններ են կառուցվելու: Իսկ մինչեւ 2016թ. ծրագրվում է ավարտել Գորիսում օդանավակայանի վերակառուցումը: Հիշեցնենք, որ «Տաթեւի վերածնունդ եւ վերակառուցում» ծրագրի հիմնական հովանավորը ՌԴ-ից հայազգի գործարար, ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն է: Ճոպանուղու կառուցման արժեքը գ6.8 մլն է, այն $20 մլն արժողությամբ «Տաթեւի վերածնունդ եւ վերակառուցում» եռամյա ծրագրի մասն է: Այլ կերպ ասած` մարզպետը հասկացել է, որ մի քանի տարի հետո Տաթեւը դառնալու է զբոսաշրջության լուրջ եւ եկամտաբեր կենտրոն, եւ ժամանակ չի կորցրել. շատ արագ իրենով է արել այդ հատվածներում գտնվող հսկայական հողատարածքները: Նույն աղբյուրների հաղորդմամբ` այդ մասին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հեղինակները, մասնավորապես` Ռ. Վարդանյանը, ամիսներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ են նրան տեղեկացրել այդ մասին, եւ թե ինչպիսի խոչընդոտներ են առաջանում մարզպետի նման քայլերի արդյունքում: Ասում են, որ այս փաստը նախագահ Ս. Սարգսյանին այնքան է զայրացրել, որ շատ շտապ ՀՀ նախագահական նստավայր է հրավիրվել Երվանդ Զախարյանը: ՀՀ նախագահն, ըստ նույն աղբյուրների, կարգադրել է շատ արագ չեղյալ համարել Ս. Խաչատրյանի եւ Ե. Զախարյանի պայմանավորվածությամբ` հողերի նկատմամբ կատարված գործարքները: Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ` Սյունիքի մարզպետը մարզի հողերի հիմնական մասը բնակիչներից վաղուց արդեն զավթել է: Եվ քանի որ մարզում ճորտատիրական բարքեր են տիրում` խեղճ գյուղացիները ոչինչ չեն կարողանում ձեռնարկել դրա դեմ եւ ստիպված` համակերպվում են իրավիճակին: Երեկ մենք կապ հաստատեցինք Տաթեւի ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի հետ: Վերջինս, սակայն, հերքեց այս տեղեկատվությունը` ասելով, որ ճոպանուղու երկու կողմերում` Տաթեւ համայնքում եւ Հալիձորում, ընդհանուր քանակով ավելի քան 17 հա հող են ձեռք բերել բնակիչներից, եւ, որ մարզպետն այդ հարցում խոչընդոտներ չի ստեղծել: Ի դեպ, մեր աղբյուրները նաեւ նշում էին, որ միայն վերջերս` 3 շաբաթ առաջ է ճոպանուղու ղեկավարությունը որոշ ընկերությունների հետ` ճոպանուղու մոտ սրճարաններ, խանութներ բացելու պայմանագրեր կնքել: