Վարկանիշային աղյուսակ` սոցցանցում

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հրապարակել է 2011թ. ամենաքննարկված թեմաների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդվում է սոցցանցի բլոգում: Այսպես` տարվա ամենաքննարկված թեման դարձել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահը: Ցուցակում են հայտնվել նաեւ Ճապոնիայի երկրաշարժը եւ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տարվա սկզբին տեղի ունեցած ահաբեկչությունը: Օգտատերերն անտարբեր չեն եղել նաեւ քաղաքական գործընթացների նկատմամբ: Ամենաքննարկվող թեմաներից են եղել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ` նրանց օգտին քվեարկելու կոչերը: Facebook-ի ակտիվիստները 2011թ. քննարկել են նաեւ Ուսամա բեն Լադենի չեզոքացումը, Էմի Ուայանհաուսի մահը, երկամյա դստեր սպանության մեջ մեղադրվող Քեյսի Էնտոնիի գործը, ինչպես նաեւ Call of Duty: Modern Warfare 3 խաղը եւ այլ թեմաներ: Վարկանիշային աղյուսակի հեղինակները նշում են, որ 2011թ. մեծ մասսայականություն են ունեցել lms (like my status-հավանիր իմ կարգավիճակը) եւ tbh (to be honest-անկեղծ ասած) հապավումները, tbh i completely agree with you (անկեղծ ասած` ես միանգամայն համաձայն եմ քեզ հետ) արտահայտությունը: Բացի այդ, սոցցանցի օգտատերերի կողմից մեծ ուշադրության է արժանացել փլանքինգը, որով զբաղվելը հատկապես տարածված է Ավստրալիայում: Facebook-ը նաեւ կազմել է այն հայտնի մարդկանց ցուցակը, որոնք 2011թ. ընթացքում մեծ հեղինակություն են ունեցել: Դերասանների շրջանում օգտատերերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մեգան Ֆոքսը եւ Վին Դիզելը, իսկ երաժիշտների շրջանում` Ռիհաննան եւ Բոբ Մարլեյը: