«Տրակտորները գցում են, որ հանեն գյուղացիներին»,- ասում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետը

Նախիջեւանի սահմանից մոտ 4կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները, մեղմ ասած` կանգնել են գոյատեւման փաստի առաջ: Մի կողմից` նրանք փորձում են վերականգնել 17-րդ դարում կառուցված գյուղի Սբ. Հակոբ եկեղեցին, որն ավերվել էր երկրաշարժի հետեւանքով, մյուս կողմից` ՀՀ կառավարությունը այս տարվա ապրիլի 28-ի որոշմամբ` 181,7 հա գյուղի տարածքից 27 հա-ն հանձնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ)` վերջինիս «հանքային» ախորժակը փոքր-ինչ հագեցնելու համար: Իսկ նշյալ գործընթացը կատարվեց բավական «քաղաքակիրթ» ձեւով` բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ: Այդպիսով` վտանգի տակ հայտնվեց 300 տարվա պատմություն ունեցող գյուղը, որի բնակիչների առաջ դրվել է գյուղից ինքնակամ հեռանալու, հակառակ դեպքում` բռնի ուժով տեղահանվելու խնդիր: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի ասելով` իրենք պայքարում են, ձեռնարկում բոլոր հնարավոր միջոցները` որոշումն անվավեր ճանաչելու համար: «Բա ի՞նչ անենք` տնից հանում են: Շատ վատ, շատ լարված իրավիճակ է»,- նշեց համայնքի ղեկավարը, ում հուզված ձայնը մեր զրույցի ընթացքում անընդհատ դողում էր: Ռ. Աթայանի խոսքով` ԶՊՄԿ-ից անընդհատ զանգահարում են, փորձում են հանդիպել գյուղի բնակիչներին ու «բանակցել»: «Ես մի երկու անգամ հանդիպել եմ տնօրինության հետ, խոստումներ են տալիս, բայց չեն անում: Մենք ոչ մի բան չենք ուզում: Ուղղակի օդում խոստումներ են: Իրականում իրանք շատ բան են խոսք տալիս, բայց մեջը իմաստ չկա,- նկատեց գյուղապետը` ավելացնելով ,- Դրանց խոստումները միշտ էլ եղել են, դրանց ճանաչում ենք լավ»: Ռաֆիկ Աթայանը նշեց, որ ինքն անձամբ հանդիպել է նաեւ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով եւս խոստումներ է տվել իրեն: «Ինքն ինձ ոչ մի բան չի ասում, ինքն օդում խոսք ա տալիս, փախնում: Իրան մենք լավ ճանաչում ենք, նոր չենք ճանաչում: Ոչ մի բան էլ չեն անում: Եկեք տեսեք գյուղի իրական վիճակը` ջուր չկա, գազ չկա, ճանապարհ չկա: Սահմանամերձ գյուղ ենք, է՜»,- ասաց Քաջարանի գյուղապետը: Ըստ վերջինիս` իրենք պահանջում են, որ Կառավարության վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչվի: «270 բնակիչ ունեմ, ո՞ւր գնան ապրեն` Գերմանիա՞, տնից հանում են` ասեք, ո՞ւր գնանք: Գերեզման են քանդում, երեկ 50 տարեկան մի կնոջ ենք թաղել: Իրենց գրպանների համար էս ի՜նչ են անում,- նշեց Ռ. Աթայանը` շարունակելով,- Նագլի ձեւով տրակտորները գցում են, որ հանեն գյուղացիներին: Մենք էլ ստիպված գնում ենք կռիվ ենք տալիս, ճակատամարտ ենք սկսել: Պիտի արյուն թափվի»: Գյուղապետի խոսքով` գյուղի տեղահանման գործընթացը սկսել են գերեզմանների քանդման փուլից: «Գյուղի տակից են սկսել քանդելը, մեզ շրջափակման մեջ են գցում: Կոմբինատն ասում ա, որ իրանք չեն կպնում գյուղին, բայց էլ ուրիշ ի՞նչ ձեւով պիտի կպնեն: Ու էս ամենն արվում է մի քանի մարդու համա՞ր»,- զայրացած ասում էր Քաջարանի գյուղապետը, ում փոխանցմամբ` իրենք կանգնած են գոյատեւման խնդրի առաջ, եւ ելքը մեկն է` պայքարելը: «Կամ էլ պիտի գանք, մարդ սպանենք, դատվենք: Ո՞ւր, ի՞նչ պիտի անենք: Ոչ մի սանտիմ հող չենք տալու»,- ընդգծեց Ռ. Աթայանը:

Մեր այն հարցին, թե մարզում տիրող վախի մթնոլորտը չի՞ համակել նաեւ նրանց, եւ արդյո՞ք չեն վախենում իրենց ազնիվ պայքարի համար, Ռ. Աթայանը պատասխանեց. «Այո՛ բա ի՞նչ ենք անում: Վախեցնում են արդեն, ասում են` միլիցա կբերենք, դատախազ կբերենք, ով կոմբինատում աշխատում է, նրանց են վախեցնում, ասում են` գործից կհանենք: Կոմբինատի ղեկավարությունն ա վախեցնում, բա ո՞վ»:

Քաջարան գյուղի բնակիչներից Էդգար Պողոսյանի ասելով` իրենք չեն հանձնվելու` անկախ իշխանությունների ճնշումներից: «Ես որքան հասկացա` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին աջակցում են նաեւ տեղի իշխանությունները: Նրանք ամեն գնով ուզում են կյանքի կոչել կառավարության` այս տարվա ապրիլի 28-ի որոշումը»,- նշեց Է. Պողոսյանը, ում հավաստմամբ` դեկտեմբերի 1-ին Կապանի «Օրհուս» կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ Սյունիքի մարզպետարանի Հողաշինարարության բաժնի պետը եւ մի քանի այլ պաշտոնյաներ` հանդես են եկել կառավարության վերոնշյալ որոշման պաշտպանությամբ: Էդգարի փոխանցմամբ` մինչ դեկտեմբերի 10-ը կառավարությունը խոստացել է հանձնաժողով ուղարկել գյուղ` հարցը քննարկելու համար: Ինչպիսի՜ «մեծահոգություն» կառավարությունից, ով մի կողմից` որոշում է ընդունում` խաղալով մարդկանց ճակատագրի հետ, մյուս կողմից` հանձնաժողով է ուղարկում մի քանի ամիս առաջ կայացրած որոշումը քննարկելու համար: «Մենք մտադիր չենք հանձնվել: Շարունակելու ենք պայքարը` անկախ ամեն ինչից: Իսկ ինչ վերաբերում է համայնքի բնակիչների եւ կոմբինատի տնօրինության բանակցություններին, ապա կարող եմ ասել, որ դա եղել է սպառնալիքների տեսքով, այսինքն` մեզ ասել են` եկեք ստորագրեք կառավարության որոշման տակ, տվեք Ձեր համաձայնությունը»,- նկատեց քաջարանցի Էդգարը: Իսկ հարցին, թե չհամաձայնվելու դեպքում ի՞նչ կլինի, Քաջարանի բնակիչն այսպես պատասխանեց. «Հակառակ դեպքում ոստիկանների միջոցով հարցը կլուծեն: Եվ նրանք պնդում են, թե ինչ էլ լինի, իրենք ունեն կառավարության որոշում, եւ այն կյանքի են կոչելու: Իսկ դա բոլորովին չի բխում մեր շահերից»: Էդգարը զարմացած է կառավարության անդամների որոշումներ կայացնելու մեթոդի վրա, որ նախքան որոշում կայացնելը, նախեւառաջ, ըստ Քաջարանի բնակչի, կարող էր գալ գյուղ, ծանոթանալ տարածքին, ինչպես նաեւ պատմամշակութային արժեքներին: «Ուղղակի իրանց հետաքրքիր չի եղել: Սա է այսօրվա իրավիճակը»,- հավելեց Քաջարան գյուղի բնակիչը: Իսկ գյուղացիները հնարավոր պատասխաններ ստանալու համար նամակով դիմել են ԶՊՄԿ-ի 60 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմեդ» ընկերությանը, իսկ ավելի վաղ` մայիսին, գյուղի բնակիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին ներկայացրել գյուղի տեղահանման դեմ կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները, սակայն մինչ օրս, ըստ քաջարանցիների, որեւէ արձագանք չեն ստացել: Ի դեպ, «Քրոնիմեդ» ընկերությանն ուղղված նամակում բնակիչները գերմանական ընկերությանն առաջարկել են վերահաշվարկել հանքավայրում առկա օգտակար հանածոների պաշարները: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ծննդավայրում առկա է 25-50 տարվա պաշար: Հորդորում ենք Ձեզ խնամքով վերաբերվել բնական ռեսուրսների շահագործմանը, քանզի դրանք անսպառ չեն, իսկ հետագա սերունդներին այդ ռեսուրսներից զրկելն առնվազն հանցագործություն է»,- ասվում է «Քրոնիմեդին» հասցեագրված նամակում: Իսկ տարեկան 16-17 մլն տոննա հանքանյութ արդյունահանող կոմբինատի (որի 2010թ. եկամուտը կազմել է 21,5 մլրդ դրամ) ներկայացուցիչները հայտարարել են, որ կկատարեն կառավարության որոշումը: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ ընկերության փաստաբան Արամ Ղոնյանից, ով, մեղմ ասած` կոպիտ տոնով հայտարարեց, թե իրենք կարող են միայն պաշտոնական պատասխաններ տրամադրել: Ավելի ուշ փորձեցինք խոսել նաեւ Սյունիքի մարզպետի` Սուրիկ Խաչատրյանի հետ, ով դարձյալ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Անկախ զարգացումներից, ուրախալի է այն հանգամանքը, որ հանրապետության մի փոքրիկ գյուղում մարդիկ ոտքի են կանգնել` անկախ ճնշումներից, սպառնալիքներից ու վախի մթնոլորտից` պաշտպանելով իրենց ոտնահարված իրավունքները…