ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ընդունելություն է սկսում

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» 2012թ.դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով»* սահմանված որակավորում: Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Նշված լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է: Դասընթացը կմեկնարկի 2012թ. փետրվարին եւ կավարտվի 2012թ. դեկտեմբերին: Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ.

1. Դիմում (դիմումի ձեւն անհրաժեշտ է բեռնել ԱԳՆ կայքից` http://www.mfa.am/hy/),

2. Ինքնակենսագրություն շարադրված ազատ ոճով (մինչեւ 1 էջ ),

3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (մինչեւ 1 էջ ),

4. 2 լուսանկար (3×4սմ),

5. Անձնագրի պատճենը,

6. Սոցիալական քարտի պատճենը,

7. Առողջական վիճակի մասին ուսման համար սահմանված ձեւի տեղեկանք,

8. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը,

9. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:

Պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով), որը տեղի կունենա 2012թ. հունվարին: Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների եւ պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում:

Դասընթացն անցկացվելու է ՀՀ ԱԳՆ վարչական շենքում գտնվող Դիվանագիտական դպրոցում: Աշխատող դիմորդները պետք է հաշվի առնեն, որ դասերը անցկացվելու են շաբաթական մինչեւ 5 օր, ամեն օր մինչեւ հինգ ակադեմիական ժամ տեւողությամբ:

Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է. դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ, ՀՀ դիվանագիտական դպրոցում` Հանրապետության Հրապարակ, Կառավարության 2-րդ շենք, Երեւան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ. 10.00-13.00-ն: