Տիգրան Դավթյան. «Միշտ սիրահարվում էի կին տնտեսագետներին»

– Տեղյակ եմ, որ կիթառ եք նվագում: Իսկ ո՞վ է Ձեզ սովորեցրել նվագել:

– Նվագում եմ շատ փոքր տարիքից, երեւի 7-8 տարեկանից: Երբ ծնողներս հավաքվում էին իրենց ընկերների հետ, միշտ նախանձով էի հետեւում այդ հավաքույթներին: Հայրիկիս մտերիմ ընկերն է սովորեցրել` Առաքել Առաքելյանը: Նա հայտնի նկարիչ էր, շատ-շատ լավ էր նվագում, «դուշա կոմպանիի» որ ասում են, այ դա նրա մասին է ասված: Առաքել Առաքելյանը սովորեցրեց ինձ հիմնական ակորդները, հետո արդեն ես սկսեցի ինքնուրույն առաջ գնալ: Այն ժամանակ 7 լարանոց կիթառ էին նվագում, երաժշտության ոճն էլ էր ուրիշ: Իսկ մենք արդեն ռոքի սերունդն էինք: Ես նվագում էի 6 լարանոց կիթառ: Դպրոցում ունեինք ռոք-խումբ: Այն ժամանակ բոլոր իրենց հարգող երիտասարդները պետք է կարողանային կիթառ նվագել: Կարող եմ ասել, որ մեծ հաջողություն ունեինք երիտասարդ աղջիկների մոտ` ոչ մի անհասանելի բան չկար մեզ համար (ժպտում է.- Է.Ա.): Հիմա էլ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, նվագում եմ:

– Առիթ եղե՞լ է նվագել վարչապետի հետ:

– Ոչ, վարչապետի հետ նվագելու առիթ եւ հնարավորություն չի եղել: Երբ Ռոք-ասոցիացիան ստեղծվեց, ես խնդրեցի տղաներին, որ մի օր հարմարեցնենք, մի տեղ նկուղում հավաքվենք, նվագենք, բայց ուրիշ մարդ չլինի, մենք մերոնցով լինենք, թե չէ մյուս օրը դա կհայտնվի youtube-ում: Մի քիչ «տրյախնյոմ ստարինոյ»: Երկու ուսանողական կիթառներս պահել եմ տանը, կինս բողոքում է. շատ է տեղ զբաղեցնում: Իսկ ես միշտ հաճույք եմ ստանում նվագելուց:

Երկար մազերով, կիթառ նվագող Տիգրան Դավթյանը երբեք «օայ մալչիկ» չի եղել

– Ծնողներն ինչպե՞ս էին վերաբերվում այդ նախասիրությանը:

– Հասկանալով, բայց, իհարկե, հիացած չէին: Երբ նվագում էի ակուստիկ կիթառ, դա նորմալ ընդունվում էր, դե, ձայնը թույլ էր, սակայն, երբ ընկերներով հավաքվում էինք, փորձ էին անում ու էլեկտրակիթառ նվագում, ծնողներս դեռ դիմանում էին, բայց հարեւանները… Պատերը դղրդում էին: Այն ժամանակ մեծ դժվարություններ ունեինք տեխնիկական հագեցվածության հարցով, դժվար էր գտնել անհրաժեշտ պարագաները` ուժեղացուցիչ եւ այլն: Իմ երազանքն էր` գոնե մեկ անգամ ամբողջ տեխնիկայով ապահովված նվագել:

– Երկար մազեր ունեցե՞լ եք:

– Օ, այո, իհարկե, անգամ լուսանկարներ ունեմ պահած: Այդ հարցում մեր դասարանում ես ամենահամառն էի: Այն ժամանակ չէին թողնում, որ երկար մազեր ունենաս, ստիպում էին կտրել: Ես կոմպրոմիսի էի եկել ուսուցիչների հետ` ինչ-որ երկարություն կարողանում էի պահել: Դպրոցում ես լավ եմ սովորել, բայց երբեք «օայ մալչիկ» չեմ եղել, բավականին ակտիվ էի: Դասական խորհրդային կտրվածք չեմ ունեցել: Տանը կռիվ էր, մայրիկս ընդունում էր, հայրիկս` ոչ: Հիշում եմ, ամռանը ընտանիքով պետք է գնայինք ծով, հայրս ասաց` այս տեսքով չես գալու: Ամաչում էի, չէի ուզում, որ ինձ մեկը տեսներ կտրած մազերով: Առավոտյան պետք է գնայինք, եւ հորաքույրս երեկոյան կտրեց մազերս:

Գիլանի հետ շփումը իսկապես հեքիաթ էր ինձ համար

– Ո՞ր ռոք-խմբերին եք նախապատվություն տալիս:

– Թիվ մեկը «Deep Purple»-ն է, ինձ համար ֆանտաստիկա էր, երբ «Deep Purple»-ը եկավ Հայաստան, ու ես շփվեցի Գիլանի հետ: Դա ինձ համար հեքիաթ էր: Դստերս հետ գնացինք, ծանոթացրեցի նրան: Երկրորդ եւ երրորդ տեղերում են «Led Zeppelin»-ը եւ«Pink Floyd»-ը: Ժամանակին Մոսկվայում եղել եմ «Pink Floyd»-ի համերգին: Բայց այս երեք խմբերի գլխավերեւում «Beatles»-ն է, սա կլասիկա է, չես համեմատի: Մեր ժամանակ ամեն մեկս մի ձայնագրություն ունեինք, իրար էինք փոխանցում, իսկ հիմա ես վայելում եմ, հիմա կարող եմ գտնել ցանկացած երաժշտություն: Երիտասարդությունը չի հասկանում, թե ինչ հնարավորություն ունի: Ասեմ, որ ճաշակս չի փոխվել, երեկոյան լսում եմ, մերոնք այդքան էլ գոհ չեն, բայց տղայիս շատ է դուր եկել «Deep Purple»-ի «Smoke on the water»-ը: Տղաս 6 տարեկան է, միասին լսում ենք: Մի քիչ մեծանա, կիթառ կսովորեցնեմ:

– Ի՞նչ եք նախընտրում հայկական երաժշտությունից:

– «Առաքյալներ» եմ սիրում, այն ինձ համար բարձր չափանիշ է: Իրենցից մի քանի երգ նվագում եմ: Իսկ ռուսական` իհարկե, Վիսոցկի: Տարիներն անցնում են, բայց լսվում է: Հիմա էլ լավ երգեր կան, բայց համոզված չեմ, որ լսվելու են տարիներ անց:

– Ի՞նչ մասնագիտության մասին էիք երազում փոքր տարիքում:

– Ուզում էի օդաչու դառնալ, ռազմական օդաչու: Մինչեւ հիմա շատ եմ սիրում ավիացիան: Ինձ համար ավիացիայից ավելի ոչինչ չկա: Հաճույք եմ ստանում: Մոսկվայում ավարտել եմ բարձրագույն ռազմական ուսումնարանը: Մասնագիտությունս ինքս եմ ընտրել եւ կարծում եմ, որ ճիշտ եմ: Մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ եմ, լավագույն տնտեսագետները նաեւ կիբեռնետիկներ են:

Ազատ ժամանակ շատ քիչ ունի, երբեմն skype-ով է շփվում իր երեխաների հետ

– Որո՞նք են Ձեր պաշտոնի բացասական կողմերը:

– Ժամանակը չի հերիքում… Կորցնում եմ ընտանիքս, երեխաներիս, ընկերներիս, ժամանակ չի լինում շփվելու: Աշխատանքը կլանում է համարյա ամեն ինչ: Միայն քնելու ժամանակ է մնում: Ամիսը մեկ-երկու կիրակի է ազատ մնում: Դա բավարար չէ, որ կարողանամ շփվել մարդկանց հետ: Ես նեղվում եմ դրանից, որովհետեւ ուրիշ հետաքրքրություններ ունեմ: 90-ական թվականներից այս ռեժիմով եմ ապրում: Առանձնապես ինչ-որ հոբբիով տարված չեմ, ամեն ինչ ինձ մոտ հավասարակշռված է, ամեն ինչից` քիչ-քիչ: Նորմալ բաներ եմ սիրում, ամեն ինչից կա իմ մեջ, բայց քիչ-քիչ: Մեքենա վարել եմ սիրում, ճանապարհորդել: Ազատություն եմ սիրում, որ ինքդ որոշես` ինչ ես անելու:

– Ինչի՞ մասին եք երազում:

– Օ՜յ, դա, իհարկե, չեմ ասի: Ոչ մի վատ բանի, շատ լավ բաների մասին: Երազում եմ այն ամենի մասին, ինչի մասին երազում է յուրաքանչյուր նորմալ մարդ իր կյանքում:

– Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

– Շատ քիչ է լինում: Հազիվ հասցնում եմ երեխաներիս հետ շփվել: «ըպջՏՑՓՏՉքՌվՈ»: Այնպես էլ է լինում, որ skype-ով եմ շփվում երեխաներիս հետ: Աղջիկս մեծ է` 16 տարեկան, բայց տղաս իմ կարիքն է զգում: Սիրում եմ զբոսնել, մասնավորապես` Օպերայի տարածքում, նստել սրճարանում: Դրանից ավելի հաճելի, լավ բան չկա: Հատուկ նախընտրած տեղեր չունեմ քաղաքում: Երեւանի կենտրոնն եմ սիրում, կարծում եմ, Երեւանը լավագույն քաղաքներից է:

Ես Երեւանը շատ եմ սիրում

– Ինչպե՞ս եք վերաբերվում Երեւանում տեղի ունեցող ճարտարապետական փոփոխություններին:

– Գիտեք, դա միանշանակ չէ: Ամեն դեպքը առանձին պետք է նայել: Կան հաջող եւ անհաջող նախագծեր: Ես կողմնակից չեմ, որ ամեն ինչը պետք է փնովվի, քաղաք է, պետք է զարգանա, նոր, ժամանակակից նախագծեր անհրաժեշտ են: Նոր նախագծերը բարեկարգման նոր հնարավորություններ են տալիս: Սակայն պետք է հասկանալ` արդյո՞ք հաջողված ճարտարապետական լուծում է, թե՞ ոչ: Ցավոք, կետային շինարարությունը տիպիկ է հայ իրականությանը. մի բան են կառուցում, իրենց չի հետաքրքրում, թե դա ինչպես է նայվելու կողքի կառույցների հետ: Դա կարելի է անվանել հայկական ինդիվիդուալիզմ: Այդ կետային շինարարությունը պետք է արգելել: Ես երրորդ սերնդի երեւանցի եմ, ծնվել եմ Մարգարյանի հիվանդանոցում, հենց Մարգարյանի մոտ` պապիկիս ընկերն էր: Այդ առումով ինձ հին երեւանցի եմ համարում: Երեւանը շատ եմ սիրում ու շատ ուշադիր եմ քաղաքի նկատմամբ: Կիրակի օրերին զբոսնում եմ, ուշադիր հետեւում եմ քաղաքին, ուրախանում եմ, որ մի նոր բան է կառուցվում, սակայն համը պետք չէ հանել: Այս հարցում հասարակական հսկողությունը կարեւոր է, հակառակ դեպքում` ամեն մեկը կկառուցի իր ուզածը: Պետք է շատ ուշադիր լինել: Երկրորդ մասնագիտությամբ ճարտարապետ կամ շինարար կուզենայի լինել: Այս ոլորտում աշխատանքի արդյունքը միանգամից տեսանելի է, իսկ տնտեսագետինը տեսանելի չէ, տարիներ հետո սկսում է երեւալ: Բնակարանս ես եւ կինս ենք վերանորոգել: Կարծում եմ, լավ ճարտարապետ կլինեի, բայց սենց ստացվեց…

– Դուք միշտ խնամված տեսք ունեք, իմիջի հարցում ունե՞ք օգնական:

– Ինձ ոչ ոք խորհուրդ չի տալիս, բայց ես կուզենայի, որ մեկը լիներ ու ինձ խորհուրդներ տար: Գործի մեջ երբեմն չես կարողանում ուշադրություն դարձնել այդ հարցերին: Աշխատանքի վայրում այս հարցում մամուլի քարտուղարս է օգնում: Մոտ մարդ է պետք, որ խորհուրդ տա, սկսած այն հարցից, թե ինչ գույնի փողկապ կապել: Քննադատությունն ընդունում եմ, բայց ոչ բոլորից: Պետք է մի մարդ, որի ասածն ընդունելի է քեզ համար: Իհարկե, հաճելի չէ քննադատություն լսել, սակայն հասկանում ես, որ այդ բացը դու ես թույլ տվել: Ավելի լավ է դրա մասին ինչ-որ մեկն ասի, քան բոլորը խոսեն, ու դու չիմանաս:

Էկոնոմիկան բարդ կենդանի օրգանիզմ է` խաղի իր կանոններով, տրամաբանությամբ

– Դուք գլխավորել եք Զարգացման հայկական գործակալությունը, Ֆինանսների նախարարությունը, հիմա` Էկոնոմիկայի նախարարությունը: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

– Էկոնոմիկայի նախարարությունն ավելի մոտ է, քան Ֆինանսներինը: Ես տնտեսագետ եմ, այլ ոչ թե ֆինանսիստ: Ինձ համար անակնկալ էր, երբ նշանակեցին ֆինանսների նախարար: Բնավորության տեսակետից դրանք տարբեր բաներ են: Ֆինանսիստն ավելի կոնսերվատիվ է: Ինձ համար հոգեբանորեն ծանր էր լինել ֆինանսների նախարար: Այստեղ ավելի կրեատիվ է, այս նախարարությունում սիրտս «կանաչում» է: Ես ավելի բարի եմ, ֆինանսիստներն ավելի չար պետք է լինեն: Սակայն այդ փորձը օգտակար էր ինձ համար, շատ բաներ իմացա:

– Գլոբալ առումով` ի՞նչ է Ձեզ համար էկոնոմիկան:

– Դա մի բարդ կենդանի օրգանիզմ է` խաղի իր կանոններով, տրամաբանությամբ: Պետք է զգալ այն, դա միայն գիտելիքներ ու կանոններ չեն: Դա մտածողություն է, այն տարբերվում է, տնտեսագետները շատ ռացիոնալ մարդիկ են: Ցանկացած գործողության մեջ իրենց համար միշտ արդյունքն է կարեւոր: Իսկ տնտեսագետ-կիբեռնետիկներն օպտիմալ որոշումներ են միշտ ընդունում: Նշեմ, որ օպտիմալ որոշումը միշտ միակն է: Որոշում շուտ չեմ ընդունում, երկար եմ քննարկում: Գլուխ չեմ գովում, բայց հազվադեպ եմ սխալվում: Իսկ ոչ օպտիմալ որոշումները որոշ ժամանակ հետո խնդիրներ են առաջացնում: Եթե մեխանիզմը նորմալ է աշխատում, ոչ ոք չի նկատում: Եթե ձեզ չեն նկատում, ուրեմն համակարգը լավ է աշխատում: Այդ գիտելիքներն ամեն տեղ կիրառում եմ: Այնպես է ստացվել, որ ինձ միշտ տնտեսագետներ են շրջապատել: Կինս էլ է տնտեսագետ: Սիրահարվում էի միշտ տնտեսագետներին: Նրանք մարդամոտ էին եւ ճիշտ որոշումներ էին ընդունում:

– Որտե՞ղ եւ ինչպե՞ս եք տոնելու Ամանորը:

– Տանը, սիրում եմ տանը նշել, իսկ հետո` հունվարի 2-3-ին, քաղաքից դուրս ենք մեկնում: Վաղուց նվերներ չեմ ակնկալում Ձմեռ պապիկից` կինս միշտ նվերներ է պատրաստում: Ես առանձնապես չեմ սիրում նվերներ տալ եւ ստանալ, դա իմ թերությունն է:

Էլեոնորա ԱՐԱՐԱՏՅԱՆ
mediamax.am