Կհիմնվի MICROSOFT ՏՏ ակադեմիա

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) 2 կարեւոր պայմանագրեր են կնքվել: Նախ` ՀՊՃՀ եւ «Ագրոսայնս» գիտաարտադրական ՍՊԸ-ի միջեւ կնքվել է գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր, ապա` ՀՊՃՀ-ն եւ «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակը ստորագրել են համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր: ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն արձանագրել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում ՀՊՃՀ-ն ունենալով բացառիկ ներկայություն, այսօր հասել է մի հանգրվանի, երբ ՀՀ տնտեսության համար բավականին հեռանկարային արդյունքներ խոստացող փաստաթղթեր է ստորագրում բուհի երկարամյա բարեկամ կազմակերպությունների հետ: Ըստ ռեկտորի` ճարտարագիտական հետազոտությունները պետք է ընկած լինեն Հայաստանի ապագա զարգացած տնտեսության ողնաշարում, եւ այս մոտեցումը ռազմավարական արժեք ունի: «Ագրոսայնս» ՍՊԸ համահիմնադիր Վաչագան Նուշիկյանը եւս Հայաստանի համար ռազմավարական նշանակության քայլ է համարել գիտության եւ արդյունաբերության սերտ համագործակցությունը, ինչի արդյունքներն արդեն իսկ փորձարկված են վերջին մի քանի տարում: Նա առանձնացրել է ՀՊՃՀ գիտնականների, խաղողագործների ու թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող մասնագետների շահեկան համագործակցությունը: Պայմանագրով նախատեսված է ՀՊՃՀ Գիտական ստորաբաժանման ենթակառուցվածքում եւ Քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում հիմնել էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական նոր թունաքիմիկատների եւ պատրաստուկային ձեւերի ստացման տեխնոլոգիայի մշակման եւ որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր բազա, ինչպես նաեւ իրականացնել համատեղ գիտաուսումնական ծրագրեր: «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանն իր ելույթում նշել է, որ համաշխարհային շուկայում մեծ համբավ վայելող «Microsoft»-ի ծրագրային համակարգերն ու տեղեկատվական միջոցները հետայսու ՀՊՃՀ-ի համար կլինեն 80-90%-ով ավելի էժան, իսկ 10000-ից ավելի գերժամանակակից տեղեկատվական միջոցներով հագեցած էլեկտրոնային փոստեր ուսանողներին եւ դասախոսներին կտրամադրվեն անվճար: Նշյալ պայմանագրով ՀՊՃՀ-ն եւ «Microsoft» ընկերությունն ամրագրեցին երկարաժամկետ համագործակցելու վերաբերյալ իրենց պատրաստակամությունը, որի շրջանակներում ՀՊՃՀ-ում կհիմնվի «Microsoft» ընկերության ՏՏ ակադեմիա, կկազմակերպվեն միջազգային սերտիֆիկացման վերապատրաստման դասընթացներ համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար, ՀՊՃՀ-ում կներդրվի ընկերության Live@edu համակարգը, որն առաջարկում է հաղորդակցման եւ համագործակցության բարձրակարգ ծառայություններ եւ գործիքներ։