Նիկոլ Փաշինյան. «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում:
1991-1995թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: 1995թ. հեռացվել է ԵՊՀ-ից:
1999-ից «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիրն է:
Ունի երեք երեխա, բայց կնոջ հետ մինչ օրս «պաշտոնապես» ամուսնացած չէ: Համարվում է Հայ ազգային կոնգրեսի առանցքային գործիչներից մեկը:

– Թերթելով Ձեր կենսագրականը, իմացանք, որ դպրոցն ավարտելուն պես դիմել եք ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, սակայն քննություններից ստացած միավորները չեն բավարարել: Միանալով կառավարության շենքի մոտ ինչ-որ դիմորդների նստացույցին` նրանց հետ միասին պահանջել եք, որ բուհերի ընդունելության վճարովի տեղերն ավելացնեն: Մի քանի գիշեր կառավարության շենքի առջեւ անցկացնելուց հետո ձեր խնդրանքն իրականացել է: Ի՞նչ կանեիք, եթե նստացույց չլիներ, կամ կառավարությունը չընդառաջեր դիմորդներին:

– Հաջորդ տարի եւս կդիմեի… Բայց ամեն դեպքում կփորձեի զբաղվել լրագրությամբ առանց համալսարանի, մանավանդ որ, շարունակեցի զբաղվել լրագրությամբ առանց համալսարանն ավարտելու:

– Ո՞րն է ուսանողական տարիների Ձեր ամենավառ հիշողությունը:

– Ուսանողական տարիների իմ ամենավառ հիշողությունն այն է, երբ առաջին անգամ մտա համալսարանի շենք` իմ գործերը հանձնելու: Քանի որ ծնվել եւ մեծացել էի Իջեւանում, ինձ համար ամենավառ տպավորությունն այդ միջավայրն էր` այդ շենքը, բարձր, մեծ դռները, պատուհանները, այն մարդիկ, ուսանողները, որոնց համար համալսարանում գտնվելը շատ սովորական, առօրյա բան էր: Այդ տպավորությունն ինչ-որ իմաստով նախ վախեցնում է, հետո` ուղղակի մարում: Վախեցնում է` արդյոք քեզ կհաջողվի՞ այնպիսի միջավայրում հայտնվել, որ այնտեղ մտնելը քեզ համար եւս սովորական լինի: Առաջին տպավորությունն այդ խնդրի կոնկրետությունն է եղել. ես խնդիր ունեի հայտնվել այդ միջավայրում, եւ ես ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծել եմ, իսկ հաջորդ տպավորությունը շատ արագ հիասթափությունն էր:

Համալսարանը շատ բարձր է հնչում, երբ մտնում ես համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ եւ շատ արագ հասկանում` այն, ինչ համալսարանը ժուռնալիստիկայի առումով կարող էր քեզ տալ, դա տվեց մեկ-երկու ամսում, եւ ավարտվեց, այդտեղ արդեն առաջանում է մեծ հիասթափություն` «բա մնացած հինգ տարին ի՞նչ եմ անելու»: Սկզբում համոզված չես, որ դա հիասթափություն է, դա հնչում է ահազանգի նման: Սկզբում այդ ահազանգը լսում ես, բայց չես հավատում, ժամանակի հետ համոզվում ես, որ այդ մեծ դռների հետեւում շատ մեծ դատարկություն կա: Դրա համար շատ հաճախ համալսարան չէի էլ գնում, ժամանակն անց էի կացնում թերթերի խմբագրություններում, լինում էի փողոցներում` որպես լրագրող: Երբ ինձ համալսարանից հեռացրել էին, համալսարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ ինձ ցածր առաջադիմության համար են հեռացրել, ճիշտն ասած, իմ ստուգման գրքույկը կորել էր, բայց հետո գտնվեց: Իմ կայքում կա նաեւ այդ գրքույկը, որտեղ բոլոր գնահատականները գերազանց են, ոչ մի քննությունից 4 չեմ ստացել, ինձ համար հենց սա էր մտածմունքների տեղիք տալիս. գործնականում զբաղվելով լրագրությամբ համալսարանից դուրս, կարելի էր գնալ ու բոլոր քննություններից 5 ստանալ: Եթե իմանայի, որ քննությունները չեմ կարողանալու հաջող հանձնել, կմնայի համալսարանում, իմ գերխնդիրը կլիներ դա, բայց մեկ-երկու, երբ տեսա, որ այդ գերխնդիրն առանձնապես մեծ ջանք չի պահանջում, այդ համալսարանն ինձ արդեն չկարողացավ պահել: Չկար այն զգացողությունը, թե քեզ մի բան կհարցնեն, որը դու չգիտես. ոչ թե դու ամենագետ ես, այլ համալսարանը չի հարցնում քեզ այն, ինչ դու չգիտես, որ դու փնտրես ու գտնես… Եվ այսպես օտարվեցի համալսարանից, իսկ արդյունքում իմ լրագրողական գործունեությունը հանգեցրեց նրան, որ ինձ հեռացրեցին: Հեռացումից հետո հանդիպեցի պրոռեկտորներից մեկին, ով սկսեց խոսել ոչ թե իմ առաջադիմության, այլ գրածս հոդվածների մասին, բացատրում էր, թե ինչ վատ եմ վարվել` գրելով այս կամ այն հոդվածը… Նա ասաց, որ իմ սխալներն ընդունելու եւ վերականգնման դիմում գրելու դեպքում ոչ մի խնդիր չի լինի, կվերականգնեն: Դա եղել է համալսարանի ղեկավարության հետ իմ վերջին շփումը: Խնդիրը շատ պարզ էր դրված. կոպիտ ասած, ես պետք է մեղայականով հանդես գայի, բայց որոշեցի չընտրել այդ ճանապարհը` այդտեղ նվաստացուցիչ բան տեսա: Դա, իհարկե, շատ բարդ ընտրություն էր, բայց ուրախ եմ, որ կարողացել եմ այդ ընտրությունը կատարել եւ հետագայում դառնալ մի թերթի խմբագիր, որը հասարակական-քաղաքական թերթերի մեջ ամենամեծ տպաքանակն է ունեցել: Դա եղել է իմ պատասխանն այդ ամբողջ իրավիճակին:

– Եղե՞լ են դեպքեր, երբ սխալ եք համարել Ձեր մասնագիտական ընտրությունը:

– Չէ, երբեք նման բան չի եղել: Երբեմն մտածում եմ, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետում պետք է շատ ավելի խորացված սովորել մի քանի այլ մասնագիտություններ` տնտեսագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա եւ այլն: Սովորաբար ասվում է, որ լրագրողը բոլոր ոլորտների դիլետանտ է: Ինձ համար իդեալական կլինի, եթե լրագրողը բոլոր ոլորտների պրոֆեսիոնալը լինի, բայց հասկանում եմ, որ նման բան հնարավոր չէ: Միգուցե, եթե ընդունվեի ու ավարտեի, օրինակ, ֆիզիկայի ֆակուլտետը, դա կօգներ իմ լրագրողական գործունեությանը, կզարգացներ իմ վերլուծական միտքը, գուցե ես լինեի ավելի լավ լրագրող, քան կամ, կամ կարող եմ լինել: Կարծում եմ, որ այլ, ոչ լրագրողական կրթություն ստացած մարդիկ կարող են շատ լավ լրագրող լինել, դա երբեմն չի խանգարում, այլեւ օգնում է:

– Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր տիկնոջ հետ:

– Խմբագրությունում եմ ծանոթացել: Աննան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր ընդունվել այն թվականին, երբ ինձ հեռացրեցին: Ես այդ ժամանակ պաշտոնական վարկածով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հակահերոսն էի: Կինս է ինձ հետո պատմել, երբ բոլոր դասախոսներն առաջին դասերի ժամանակ ուսանողներին բացատրել են, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը պետք է չլինի Նիկոլ Փաշինյանի նման: Երբ այս անունը շատ է շոշափվել, հետաքրքրություն է առաջացել, թե ով է այդ հակահերոսը եւ «հրեշը», որն այսպես իրարանցում է առաջացրել: Այդ ժամանակ «Լրագիր» թերթում պատրաստում էի «Եմ, ես, է» երիտասարդական ներդիրը, որին թղթակցում էին ուսանողները: Իմ կինն այդ շրջանակներում մի քանի անգամ այցելել էր խմբագրություն ու գրել այդ ներդիրի համար, այդպես էլ ծանոթացանք:

– Խենթությունների դիմե՞լ եք նրան գրավելու համար:

– Եթե անկեղծ ասեմ, հենց առաջին հայացքից եմ հասկացել, որ զգացմունքներ ունեմ: Երեւի իմ համալսարանական պատմությունն ամենամեծ խենթությունն է եղել: Խենթությունների էլեմենտը մարդկանց հարաբերություններում կամ գրավչություն ապահովելու առումով ինձ համար ընդունելի չի եղել, ամենակարեւորը բնական վիճակներն են, եթե խենթությունն այնպիսին է, որը պետք է քողարկի քո իրական կերպարը, այնքան էլ լավ չէ. մարդիկ գրավիչ են այնպիսին, ինչպիսին կան իրենց բնական վիճակի մեջ: Գուցե իմ ամբողջ կյանքը հենց ինքը խենթություն է (ծիծաղում է.- Ս.Ե.):

– Մի առիթով ասել եք. «Հենց առաջին հանդիպման արդյունքում հստակ որոշեցի, որ պետք է ամուսնանամ նրա հետ», բայց մինչ օրս «պաշտոնապես» ամուսնացած չեք, չնայած երեք երեխա ունեք: Ո՞րն է պատճառը:

– Պատճառն այն է, որ մեր համատեղ կյանքի, ընտանիքի ձեւավորումը բնական, սահուն ընթացքով է տեղի ունեցել: Երբ ամուսնությունը պաշտոնապես արձանագրվում է, կարծես ինչ-որ որոշում է կայացվում, որ մենք այսինչ օրից, այսինչ կետից ունենք ընտանիք: Մեզ համար շատ դժվար է եղել որոշել, թե որն է այդ կետը, որ մենք արդեն ընտանիք ենք, որովհետեւ շատ սահուն գործընթաց է եղել ոչ միայն իմ եւ կնոջս անձնական հարաբերություններում, այլեւ մեր մեծ ընտանիքներում: Ես ցանկալի հյուր եմ եղել իրենց տանը, ինքը ցանկալի հյուր է եղել մեր տանը: Բնական պրոցես է եղել, օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը չի եղել, որ մենք պետք է ինչ-որ բան արձանագրենք. կյանքն ինքն ամեն ինչ արձանագրել է եւ դրել իր տեղը: Մի օր իմ ընտանիքը եկել է իրենց տուն, եւ հայրս Աննայի հորից պաշտոնապես խնդրել է դստեր ձեռքը, որի ժամանակ էլ փոխանակվել են ամուսնական մատանիները:

Եկեղեցում եւս պաշտոնապես չենք ամուսնացել, չնայած միշտ էլ այդ խոսակցությունն ու ծրագիրը եղել է, որ պետք է դա անել, բայց, ֆունկցիոնալ նշանակություն չունենալով, ձգձգվում է: Չեմ բացառում, որ Հայ Առաքելական եկեղեցում երբեւէ կլինի մեր պսակադրության արձանագրումը: Ցանկացած զգեստի, որ կինս ցանկանա կրել, ես համաձայն կլինեմ:

– Ձեր կինը եւս լրագրող է (Աննա Վ. Հակոբյան.- Ս.Ե.): Տանը լրագրությունից շա՞տ եք խոսում:

– Այնպես է ստացվել, որ լրագրությունը մեր կյանքի մասն է: Երբեմն մենք վատ ենք զգում, որ չենք կարողանում հստակ սահման գծել աշխատանքի եւ կյանքի միջեւ: Խոսակցություններ լինում են, չեմ ասի` շատ հաճախ, քանի որ խմբագրությունում մենք այդ առիթն ունենում ենք. հիմա էլ միասին ենք աշխատում: Տանն աշխատում ենք հնարավորինս քիչ խոսել այդ թեմայով, դա այնքան էլ հեշտ չէ, եւ միշտ չէ, որ ստացվում է:

– Գտնվելով անազատության մեջ` Դուք զրկված էիք ընտանիքի հետ շփվելու հնարավորությունից: Ազատության մեջ հայտնվելով` երեւի թե Ձեր կնոջը եւ երեխաներին սկսեցիք այլ կերպ ընկալել:

– 2008-ին, երբ ընդհատակ անցա, փոքր դուստրս 7 ամսական էր, մյուս երկու զավակներս` 10 եւ 9 տարեկան: Փոխվեց այն, որ ավագները մեծացել են, սկզբնական շրջանում շատ հաճախ ինձ մոտ դեժավյու էր, ինձ թվում էր, թե փոքր դուստրս դեռ այն փոքրիկն է, բայց այն փոքրիկն արդեն շատ մեծ է… ես խառնում էի իրենց: Օբյեկտիվ փոփոխությունը տեղի է ունեցել, որը երբեմն մինի-ցնցումներ է առաջացնում: Թվում է, թե երեք ու կես տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ, բայց երբ նայում եմ, թե ինչպիսին էին զավակներս այն ժամանակ եւ ինչպիսին են հիմա, այդ իմաստով դա շատ մեծ ժամանակահատված է դառնում: Դա որոշակի ցնցումներ, հոգեբանական խնդիրներ է առաջացնում: Կարծում եմ, հիմա մենք մոտ ենք, որ այդ բացը լրացված համարենք:

– Երեք երեխա ունեք: Ազատ ժամանակ մնո՞ւմ է նրանց համար: Դուք խի՞ստ հայր եք: Կա՞ն բաներ, որոնք սկզբունքորեն արգելված են Ձեր երեխաների համար:

– Երեխաներին ինչքան էլ ժամանակ հատկացնես, քիչ է: Փորձում եմ գտնել ազատ ժամանակ, եղածը հնարավորինս արդյունավետ օգտագործել: Ինձ էլ հատուկ են բոլոր այն խնդիրները, պլյուսներն ու մինուսները, որ ունի հայաստանցի ցանկացած ծնող: Ինձ համար, ինչպես ցանկացած մարդու հետ հարաբերություններում, երեխայի հետ եւս ամենակարեւորն անկեղծությունն է, դաստիարակության ամենակարեւոր էլեմենտը հետեւյալն է` ես իմանամ, թե ինչ կա երեխայի մտքում, երեխան իմանա` ինչ կա իմ մտքում իր հետ կապված: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ իմ երեխաներն ինձ ընկալեն որպես ընկեր` հարաբերությունների անկեղծությամբ, իհարկե, բոլոր տրամաբանական կանոնների կիրառմամբ:

Սկզբունքորեն արգելված բաներ չկան: Կան բաներ, որոնք մեկ-երկու կիրառությունից հետո կարգելվեն, եթե դրա կիրառումը վատ, սխալ հետեւանքներ է ունենում, ես դրանց կիրառման հնարավորությունը կասեցնում եմ, մինչեւ մենք մտածենք դրա հետեւանքների, պատճառների մասին եւ համոզվենք, որ կարելի է այդ հնարավորությունը նորից կիրառել:

– 13 տարեկանից Դուք հայտնվել եք աշակերտների շրջանում տարածված հանրահավաքային, դասադուլային շարժման հարթակում: Ձեր տղան գրեթե նույն տարիքին է. նրան այդպիսի ազատություն տալի՞ս եք:

– Շատ բան որոշում է իրավիճակը, նպատակը, կարգախոսը, առիթը, պատճառը, հետեւանքը: 1988-ին համազգային, համաժողովրդական շարժում էր, որտեղ ամեն քաղաքացի ոչ միայն կարող էր, այլեւ պարտավոր էր դիրքորոշում արտահայտել: Եթե նման իրավիճակ լինի, որտեղ իմ որդին կամ դուստրը դիրքորոշում արտահայտելու խնդիր ունենան, ես չեմ խոչընդոտի: Շատ կարեւոր է, երբ իրենք էլ, մենք էլ արձանագրենք, որ իրենք գիտակցում են, թե ինչի մասին են խոսում եւ ինչ են անում:

– Այսօր Ձեզ ավելի շատ լրագրո՞ղ եք համարում, թե՞ քաղաքական գործիչ: Երբեմն կոնֆլիկտ առաջանո՞ւմ է Ձեր այդ երկու «ես»-երի միջեւ:

– Ինձ, այնուամենայնիվ, ավելի շատ լրագրող եմ համարում: Լրագրությունն է ինձ բերել քաղաքականություն: Տարածված տեսակետ կա` «ի՞նչ գործ ունի հայ լրագրողը քաղաքականության հետ»: Այդ տեսակետը հասկանում եմ իր կառուցվածքի մեջ, բայց այս դեպքում իսկապես գործ ունենք յուրօրինակ վիճակի հետ: Շատ երկար ժամանակ, երբ մեր թերթը, ես հանդես էինք գալիս հրապարակումներով` մեր կյանքում տեղ գտած բազմաթիվ թերությունների, ախտերի, աղաղակող դեպքերի մասին, ի վերջո, X պահից ընթերցողները հարց էին տալիս` «այսքան գրում եք, գրում… չի փոխվում ոչ մի բան, կամ մի գրեք, կամ առաջարկեք լուծում»: Հենց այս կետում է, որ ես որոշում եմ կայացրել` պետք է մտնել քաղաքականություն. լուծումներ առաջարկելն արդեն քաղաքական խնդիր է, քաղաքականությունը հանրային կյանքում առկա խնդիրների լուծումների մեխանիզմ է: Եթե անկեղծ ասեմ, մինչեւ 2008-ը լրագրության եւ քաղաքականության ասպարեզում այդպիսի կոնֆլիկտ չեմ զգացել: Հետագայում կոնֆլիկտն իրեն զգացնել տվել է: Այսօրվա ամենակարեւոր խնդիրներից մեկը եւ՛ «Հայկական Ժամանակում», եւ՛ ինձ համար համարում եմ այդ կոնֆլիկտի լուծումը: Եթե կա որեւէ քաղաքականություն, որ լրագրության հետ կոնֆլիկտի մեջ է մտնում, ինձ համար միանշանակ է, որ հաղթողը պետք է լինի լրագրությունը: Լրագրությունն ինձ համար ճշմարտության փնտրտուքի ամենակարեւոր մեխանիզմն է. եթե կա ճշմարտություն, որը ձեռնտու չէ իմ քաղաքական գործունեության իմաստով, միեւնույն է` այդ ճշմարտությունը պետք է հաղթի, որովհետեւ իմ քաղաքական գործունեությունը բխում է լրագրությունից, իսկ դրա նպատակը ճշմարտությունն է: Եթե այդ ճշմարտությունը տապալելու, կործանելու է իմ քաղաքական գործունեությունը, թող տապալվի այդ քաղաքական գործունեությունն ու հաղթանակի ճշմարտությունը:

– Անազատության մեջ լինելով` շա՞տ էիք կարդում: Այդ ընթացքում Ձեր կարդացած գրքերի մեջ եղա՞ն իրական բացահայտումներ: Եթե այո, պատմեք մի քանիսի մասին:

– Շատ կարդացել եմ վերջին 6 ամսվա ընթացքում, երբ մենախցում էի: Խցում, ցավոք սրտի, կարդալն այնքան էլ չէր ստացվում. խուցը համայնք է, որտեղ պետք է գտնել մի ընդհանուր անելիք: Մնացած ժամանակ էլ եմ կարդացել, բայց ոչ շատ: Կարդալու հնարավորության բացակայությունը լցրել է գրելու հնարավորությունը: Լրագրությունն ինձ բանտում շատ օգնել է: Ես համարել եմ, որ, լինելով այնտեղ, բացառիկ հնարավորություն ունեմ տեսնել կյանքի այն հատվածը, որը Հայաստանում շատ քիչ կամ ոչ մի լրագրող չի կարող տեսնել, կարող են լինել լրագրողներ, ովքեր, քրեական հանցագործություն կատարելով, հայտնվեն բանտում, բայց այդ կարգավիճակում նրանք չեն կարող լինել լրագրող: Ուրիշ բան, երբ դու քաղբանտարկյալի կարգավիճակում ես հայտնվել այնտեղ: Ո՞ր լրագրողը կարող է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը ներսից տեսնել, այնտեղ 7 ամիս մնալ եւ ամեն ինչ իմանալ, Նուբարաշենը, Կոշը, Արթիկը: Սա մեր կյանքի գաղտնի, փակ մասն է, ինձ հաջողվել է այդ գաղտնի մասում ճանապարհորդություն գործել եւ, ըստ էության, այդ գաղտնի մասի բոլոր գաղտնիքներն իմանալ: Սա լրագրողի համար գտածո է, իսկապես, շատ լուրջ հաջողություն է լրագրության իմաստով: Իսկ գրքերում ինձ համար իրական բացահայտում է եղել, երբ ես կարդում էի ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի մասին. ինձ համար մեծ անակնկալ էր այն, որ նրա նախագահության ժամանակաշրջանում ամերիկացիները չեն իմացել իրենց նախագահի հաշմանդամության մասին, եւ ամերիկյան ոչ մի թերթ նրա լուսանկարը չի տպագրել հաշմանդամի սայլակի մեջ: Դա ինձ համար եղել է ամենամեծ բացահայտումը:

– Իսկ երաժշտություն լսելու հնարավորություն ունենո՞ւմ էիք: Ի՞նչ երաժշտություն եք սիրում:

– Այո (սեղանի վրա ցույց է տալիս այն ականջակալները, որով բանտում երաժշտություն է լսել.- Ս.Ե.): Տարբեր ժամանակաշրջանում տարբեր ոճի երաժշտություն է ինձ համար գրավիչ եւ հաճելի եղել: Ընդհատակում ռոք եմ լսել, հիմնականում` Ջիմ Մորիսոնին («The Doors»), «Երեւան-Կենտրոն»-ում դասական երաժշտություն էի ավելի շատ լսում: Հիմա մտածում եմ, թե ինչու էր այդպես, բայց այդ բաժանումները հստակ արձանագրվել են: Արթիկում մի ինչ-որ պահի, չգիտեմ ինչու, «Քուին» խմբի համերգային ձայնագրությունն էի լսում, Սովետական Միության ժամանակ եղել է մի կատարող` Գլախո, ով Սայաթ-Նովայի երգերն է կատարել, ժամանակին ես այդ կատարումներով ձայնասկավառակ եմ նվեր ստացել Լեւոն Տեր-Պետրոսյանից, Արթիկում նաեւ այդ կատարումներն էի լսում, այս ընթացքում ծնվել են երգեր` Մհեր Մանուկյանի գրած երգերը, որոնց մի մասի համահեղինակը ես եմ, բառերի հեղինակն եմ, այդ երգերն անընդհատ ներկա են եղել իմ ընդհատակյա եւ բանտային կյանքի ընթացքում: Հիմնականում սրանք են, որոնց հաստատ շատ երկար ժամանակ ու անընդհատ վերադարձել եմ:

– Ինչպե՞ս եք սովորաբար անցկացնում Ձեր հանգիստը` միայնա՞կ, թե՞ ընտանիքով:

– Ընտանիքիս հետ: Բնականաբար, ոչ աշխատանքային օրերի ամենակարեւոր նշանակությունն ինձ համար նախ եւ առաջ ընտանիքի հետ շփվելու հնարավորությունն է, էական չէ` որտեղ` տանը, դրսում եւ այլն:

– Ո՞ր երկրներում եք եղել, եւ ո՞րն է առավել տպավորել:

– Մի քանի օր առաջ Վրաստանում էի, Թիֆլիսից տպավորություններով եմ վերադարձել, ինչի մասին հոդված գրեցի: Եթե անկեղծ լինեմ, շատ չեմ ճամփորդել: Ամենամեծ տպավորությունը թողել է Չեխիան, Պրահան:

– Պատմեք Ձեր ընկերների մասին` ովքե՞ր են նրանք:

– Իջեւանում ունեմ ընկերներ, որոնց հետ ընկերությունը շարունակվում է. երբ ասում են` ընկեր, մտովի հայտնվում եմ մանկության իմ ընկերների միջավայրում, որտեղ ես որպես այդպիսին ձեւավորվել եմ, նրանց եմ համարում առաջին հերթին ընկեր: Իմ ընկերները խմբագրությունում աշխատող մարդիկ են, այն մարդիկ, ում հետ քաղաքական պայքար եմ ծավալում, ես ընկերների շատ լայն շրջանակ ունեմ:

– Եղե՞լ են դեպքեր, երբ դադարել եք ընկերություն անել` տարբեր քաղաքական հայացքներ ունենալու պատճառով, թե՞ կարողանում եք տարանջատել քաղաքականությունն ու առօրյա կյանքը:

– Նման դեպք չի եղել, որ մենք ընկեր էինք, բայց քաղաքական տարաձայնությունների պատճառով մենք էլ ընկեր չենք: Գուցե եղել են դեպքեր, որ խորքում իրական պատճառները դրանք են եղել, բայց որ արձանագրվի նման տարաձայնություն, որի արդյունքում խզվի ընկերությունը, չի եղել:

– Ի՞նչ նախասիրություններ ունեք:

– Կարելի է ասել, որ լրագրությունը նաեւ նախասիրություն է ինձ համար: Հոբբիի իմաստով հատուկ նախասիրություններ չունեմ:

– Ձեր հայրը մասնագիտությամբ ֆուտբոլի եւ վոլեյբոլի մարզիչ է, ով երկար տարիներ աշխատել է նաեւ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Դուք զբաղվե՞լ կամ զբաղվո՞ւմ եք այս կամ այն մարզաձեւով:

– Զբաղվել եմ, բայց առանձնակի հաջողություններ չեմ ունեցել:

– Ավտոմեքենա վարո՞ւմ եք:

– Այո:

– Դուք անվախ մարդու տպավորություն եք թողնում: Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:

– Այս հարցը մի անգամ էլ եթերում ինձ տվեցին, պատասխանեցի` ես անվախ չեմ, ես ՀՀ քաղաքացի եմ: Չեմ ասում, թե ես անվախ եմ, վախի զգացումը ցանկացած մարդուն հատուկ է, ուրիշ բան, թե ինչով ես հակակշռում վախը: Եթե քո մեջ կա ավելի ծանր բան, քան վախն է, բնական է, որ դա հակակշռում է: Տվյալ դեպքում այն, ինչ հակակշռում է վախին, դա քաղաքացու գիտակցումն է. այն, ինչ կատարվում է երկրում, ես դրա համար պատասխանատու եմ ինքս իմ, իմ խղճի, մարդկանց, Աստծու, երեխաներիս, բոլորի առաջ: Եթե ինչ-որ իրավիճակում մարդկանց բացատրես, թե` վախեցա, դրա համար այսպես ստացվեց, դա հարգելի բացատրություն չի համարվի Աստծո, սերնդի, ոչ մեկի կողմից:

– Աշխարհը շատ արագ է փոխվում, դա Ձեզ չի՞ մտահոգում:

– Աշխարհի արագ փոխվելն ինձ մտահոգում է այնքանով, որ մենք կարող է չկարողանանք հասնել այդ փոխվող աշխարհի հետեւից: Եթե մենք այդ աշխարհի մեջ լինենք, այդ սլացող գնացքի մեջ, որտեղ մեր տեղն ունենք, կարող ենք մնալ մեր պատկերացումներով, մեր ինքնությամբ, մեր ողնաշարով, մեր դեմքով, դա ինձ չի մտահոգի, բայց ինձ մտահոգում է այն, որ մենք այդ ընթացքի, այդ գնացքի մեջ չենք:

Ինձ մտահոգում է, որ մենք ունենանք մեր «կուպեն», այնտեղ լինենք հայ, հայաստանցի, ունենանք պատմություն, ավանդույթ, նորի մեջ ունենանք մեր պատկերացումը, նորից վերցնենք այն, ինչը մեր ինքնությանը չի վնասում, չլինենք նորի եւ հնի գերին, ոչ մի բանի գերին չլինենք, ուղղակի ազատ լինենք, ստեղծագործող, այդ ընթացքից հետ չմնանք ու լուսանցքում վերացողի, հնացածի, ոչ կենսունակի կարգավիճակում չհայտնվենք:

– Ո՞րն է Ձեր կյանքի ամենալուսավոր կետը:

– Անձնական կյանքում ամենալուսավոր կետը համարում եմ իմ ընտանիքը, որն ինձ համար ամենակարեւորն է, գործնականում` «Հայկական Ժամանակը», քաղաքական դաշտում` այն քաղաքացիական շարժումը, որի ակունքներում եմ ես: Շատ բաներ կան, որոնք լուսավոր եմ համարում:

– Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

– Այո: Երջանկությունը, սակայն, ստատիկ ինչ-որ բան չէ: Ամեն օր մարդը պետք է իր երջանկությունը կառուցի: Մեծ հաշվով ինձ երջանիկ եմ համարում, բայց այնպես չէ, թե իմ կյանքում ոչ երջանիկ պահեր չեն եղել: Երբ մարդը երջանկություն է ձեռք բերում, շատ ավելի դաժան է դառնում պայքարն այդ երջանկությունը պահպանելու համար: Երբ չունես երջանկություն, ձգտում ես ունենալ, իսկ երբ ունես, կորցնելու վտանգ կա: Երջանկություն ունենալու մեջ էլ դժբախտություն կա. երջանկություն կորցնելու հեռանկարն արդեն դժբախտության զգացողություն է առաջացնում:

Սիրանուշ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
mediamax.am