«Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է. «Ես կարծում եմ, որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»: «Հրազդան հոլդինգի» տնօրեն Արմեն Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանը եւ մարզադաշտի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հանդիպել եւ համաձայնության են եկել մարզադաշտի հարեւանությամբ կառուցվելիք առեւտրի կենտրոնի հարցում: «Շատ կոնստրուկտիվ հանդիպում է եղել, քննարկել ենք մի շարք պրոբլեմներ, կիսել ենք պարոն Հայրապետյանի մտահոգությունները, իր տեսակետն էր` միայն ֆուտբոլի համար, հանուն ֆուտբոլի: Բնականաբար, կար նաեւ մարզադաշտի շահը, մենք քննարկեցինք այդ պրոբլեմները: Սա երկարաժամկետ ծրագիր է, կիրականացվի տարիների ընթացքում, քննարկել ենք խոտածածկի, լուսավորության, վիդեոլուսատախտակի խնդիրները եւ մեծ ու փոքր այլ խնդիրներ»,- ասել է Գեւորգյանը: Մարզադաշտի արդիականացման եւ ՖԻՖԱ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ծրագիրը, ըստ Արմեն Գեւորգյանի, կիրականացվի Ֆուտբոլի ֆեդերացիայի եւ մարզադաշտի ղեկավարության համատեղ ֆինանսական միջոցներով: Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 15-20 միլիոն դոլար է անհրաժեշտ դրա համար: Նա ասել էր, որ այժմյան վիճակով «Հրազդան» մարզադաշտում որեւէ միջազգային խաղ անհնար է անցկացնել, քանի որ խոտածածկն է անորակ, մարզադաշտի լույսերը չեն համապատասխանում չափանիշներին: Սակայն հակասության հիմնական առարկան էր դարձել մարզադաշտի հարեւանությամբ կառուցվելիք առեւտրի կենտրոնը: Ռ. Հայրապետյանն անգամ ասել էր, թե էքսկավատորի տակ կպառկի, միայն թե չկառուցվի այդ կենտրոնը: Միաժամանակ Ա. Գեւորգյանն ասել է, թե Ա. Աղաբաբյանը հետ չի կանգնել տոնավաճառն առեւտրի կենտրոնով փոխարինելու ծրագրից, քանի որ այն արդեն հին է եւ հարիր չէ քաղաքի տեսքին, բայց քննարկվում է նոր կենտրոնի կառուցման վայրի հարցը, որպեսզի մարզադաշտից մարդկանց տարհանումը չվտանգվի: «Կան տարբեր տարբերակներ, իմ կարծիքով, կգտնվի այն ոսկե միջինը, որը թույլ կտա այս տարածքում (ես կոնկրետ տեղը չեմ կարող ասել, որովհետեւ դա ճարտարապետական խորհրդի խնդիրն է), թույլտվության դեպքում, կառուցել այդ առեւտրի կենտրոնը: Էվակուացիայի հետ կապված տեղը, դիրքը, ձեւը, այդ բոլորը բարի կամքի, ցանկության դեպքում լուծվող խնդիր է: Ֆեդերացիայի նախագահը առեւտրի կենտրոնի հետ խնդիր չունի»,- ասել է Գեւորգյանը:

Իսկ news.am-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Հայրապետյանն ասել է, որ պատրաստվում է վերակառուցել մարզադաշտի խոտածածկը, փոխել լույսերը, ամեն ինչը պատրաստել, որպեսզի Իտալիայի հետ խաղը անցկացնեն այնտեղ: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին: Նա նաեւ նշել է, թե համաձայնություն է ձեռք բերվել, եւ մարզադաշտի հարեւանությամբ առեւտրի կենտրոն չի կառուցվելու, այն կառուցվելու է լրիվ այլ տեղ: