«Ուրանի հանքում աշխատում են գիշերները»,- ասում են Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչները

Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչներն այլեւս հոգնել են գյուղում ուրանի պաշարների մասին խոսակցություններից, լրագրողների հարցերից ու բնապահպանների աղմուկից: «Աղջիկ ջան, էդ ռուսներն են իշխանություններին խեղդում, որ ուրանն իրենց տան, հանքը բացեն, մենք` ի՞նչ, մեզ ո՞վ ա լսողը: Եթե ուրանը գտնեն` ոչ ինձ են նայելու, ոչ էլ քեզ»,- տան փայտյա աստիճաններին կանգնած` խոր հոգոց հանելով` ասաց Ռազմիկ պապը: Վերջինս գյուղ տեղափոխվել է 1958թ.` Վերին Լեռնաձորից: Ըստ նրա` հենց այդ ժամանակ էլ վերին լեռնաձորցիները հաստատվել են մերօրյա Լեռնաձորում: Ռազմիկ պապը վերհիշեց նաեւ 1970-ական թթ., երբ ռուսները կրկին մուտք էին գործել Լեռնաձոր` ուրանի պաշարների ուսումնասիրման նպատակով: «Հեն ա` ա՜յ էն դիմացի սարում էր: Սովետի ժամանակ սովխոզն էր էնտեղ, գոմեր կային: Մենք մի օր լսեցինք, որ ռուսները եկել են, ուրան են ման գալիս, հետո մի գիշերվա մեջ հանքի բերանը փակեցին-գնացին: Էն ժամանակ գյուղում սկսեցին խոսել, թե ուրանը հայտնաբերելիս մի քանի մարդ ա մահացել, բայց դե դա էլի խոսակցություն էր, ոչ մեկս մեր աչքով չէինք տեսել, որ հաստատ բան ասեինք»,- դիմացի սարը մատնացույց անելով` շարունակեց լեռնաձորցի պապը:

Գյուղի երիտասարդներից Գարիկը, որ փորձում էր գտնել գյուղում էլեկտրական հոսանքի անջատման պատճառը, ուրանի որոնողական աշխատանքների մասին այլ մոտեցում ուներ: Երիտասարդ լեռնաձորցու ասելով` եթե այդ աշխատանքների արդյունքը պարզ լինի, իրենք անպայման բողոքի ալիք կբարձրացնեն: «Դե մենք ի՞նչ, մենք կփրկվենք, մեզ փոխհատուցում կտան, կգնանք, բայց կապանցին ո՞ւր գնա»,- հեռագրասյան վրա դրված աստիճաններին հենվելով` ասաց Գարիկը: Վերջինս աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ աշխատում է նաեւ գյուղի բնակիչների մեծ մասը: ԶՊՄԿ-ում աշխատակիցներից ոմանք միայն առանց ձայնագրության ասացին, որ կոմբինատի տնօրինության` բարձր աշխատավարձերի մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրանց փոխանցմամբ` տնօրինությունը «բարձր աշխատավարձ» ասելով` նկատի ունի ոչ թե բանվորների, այլ հենց իրենց` տնօրինության կազմի աշխատավարձերը: Իսկ փոխարենը` լեռնաձորցիները ստիպված են կուլ տալ անգամ իրենց գյուղով անցնող բարձր հզորությամբ հաղորդալարերի վտանգն ու իրենց առողջական խնդիրները: Գյուղի բնակիչների խոսքով` մարզում ամենամեծ թվով ինֆարկտի, սրտային հիվանդությունների դեպքերը գրանցվում են Քաջարանում եւ դրա հարակից գյուղերում: Ի դեպ, դեռեւս տարիներ առաջ փորձաքննության էին ենթարկվել գյուղի երեխաների եղունգներն ու մազերը, որտեղ հայտնաբերվել էին նորմայից բարձր ծանր մետաղներ: Այս մասին գիտեն անգամ իրենք` երեխաները, բայցեւ շարունակում են ապրել մի վայրում, որն իրենց ամենից հարազատն է:

Վերջին 3 տարվա ընթացքում այս գյուղում տեղի ունեցած միակ փոփոխությունը մարդկանց անտարբերությունն է իշխանությունների նկատմամբ: Գյուղապետարանի շենքի մոտ հավաքված տղամարդիկ անգործությունից բլոտ էին խաղում, իսկ լրագրողներին տեսնելիս` քմծիծաղ տալիս` հիշեցնելով «Գայլն ու գառը» առակը: Եթե տարիներ առաջ լեռնաձորցին ավելի խրոխտ, համարձակ ու ըմբոստ էր, ապա այսօր սկսել է ընկրկել` այլեւս որեւէ հույս չունենալով ապագայի նկատմամբ: Ավելին` ապագան իրենց համար այն մեծ փոսի տեսլականն է, որ «փորում են երկրի իշխանությունները», հատկապես ՀՀ կառավարությունը, որի ղեկավարի զավեշտալի պահվածքն այլեւս զարմանալի չէ:

2008թ. ՀՀ բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիր ստորագրվեց, որով ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման հիմք դրվեց: Ըստ այդ հուշագրի` Կառավարությունը որոշեց Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնել: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը սկսեց բանակցություններ վարել ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի հետ` փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու նպատակով: Իսկ արդյունքում հիմնվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն: Այս ընկերությանը տրվեց ՀՀ-ում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհը: Ընդ որում` նշյալ ընկերության կողմից ուրանի ուսումնասիրությունները սկսվել են 2009թ. օգոստոսին եւ կավարտվեն 2014թ. օգոստոսին: «Հանքը տանս դիմացն ա: Քշերներն են գործ անում, որ տեսնող չլինի: Էն, որ ասում են` չեն բացելու, սոտ են ասում»,- ասաց Լեռնաձորի բնակիչ Ռիմա տատը` նշելով, որ գյուղի հին բնակիչները վաղուց հարմարվել են իրավիճակին: Նա ուրանի հանքի բացման վերաբերյալ կասկած անգամ չունի: «Ցավդ տանիմ, փողն արդեն յեր են կալա, ես գյուդում չըմ` հուվ ա էդ փողը յեր կալալ, բայց մինակ կասեմ, որ էս ուրանը Հայաստանինը չի: Դե մեր երկրի մեծերն էլ փողը շուտվանից յեր կալած կլինեն: Նրանք ձրի տվողը չեն: Իսկ բուն ժողովուրդը տուժում ա: Մտածող կա՞: Մեր գյուղից մի քիչ հեռու Փիրմազան ու Փխրուտ գյուղերն են: Փխրուտում համարյա մարդ չի մնացել, իսկ Փիրմազանում` մի 3-4 հիլիվրներ: Սաղ քոչում են: Քաջարանում օր չկա, որ 5 դիակ չլինի: Սաղ էս ուրանն ա սպանում,- ասաց Լեռնաձորի բնակիչը` ավելացնելով,- Արի մեր տանը մի քիշեր մնա, կտեսնես, թե էս դիմացի սարում հունց են լույսերը վառում ու հենց էդ ժամերին են սկսում աշխատել: Իրանք քշերներն են էդ գործն անում, որ ժողովուրդը չտեսնի, թե չէ ցույց կանի: Մեկ ա` ուրանը բացելու են»:

«Այս պահին ագիտացիոն աշխատանքների ենք պատրաստվում` ագիտացիոն կարգախոսներ, վիդեոռոլիկներ, նախագահին ուղղված նամակ եմ պատրաստել, որի տակ կստորագրեն տարածաշրջանի հ/կ-ները»,- նկատեց հակաուրանային պայքարի նախաձեռնող, Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը` նշելով, որ իրենք պատրաստվում են նոր բողոքի ցույցերի: Վերջինիս խոսքով` մինչ օրս ուրանի դեմ պայքարի կազմակերպման համար ներդրել են իրենց ֆինանսական միջոցները, սակայն այսօր իրենք ֆինանսական խնդրի առաջ են կանգնել, եւ հույս ունեն, որ կգտնվեն այնպիսի ուժեր, որոնք կօժանդակեն իրենց: «Ըստ «Աբվան» ՍՊԸ ներկայացուցիչների (այս կազմակերպությունն է իրականացնում ուրանի հանքաքարի որոնողահետախուզական աշխատանքները)` դեռ պարզ չէ, թե ինչքան աշխատանք կա կատարելու, բայց ակնհայտ է, որ դեռ շատ բան ունեն անելու: Մշտապես 2-3 ոստիկան են հսկում այդ տարածքը, եւ շատ ավելի զգուշավոր են` հաշվի առնելով անցած տարվա դեպքերը»,- ընդգծեց «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահը` հավելելով, որ ուրանի դեմ պայքարի նոր զարգացումներ են սպասվում: