«Ամենակարեւորն այն է, որ երեխադ լավ մարդ մեծանա»,- ասում է Հենրիխ Մխիթարյանը

Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը կդառնա 23 տարեկան:
Հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է:
Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թ. հունվարի 14-ին, Պանամայի հետ ընկերական խաղում:
Կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկ» ակումբում, 2009թ. հունիսին պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի հետ:
2010 թ. օգոստոսին 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ:
2009 թ. եւ 2011թ. ճանաչվել է «Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ»:

– Հիմա, երբ Հայաստանում ես (զրույցը կայացել է դեկտեմբերին.- Ե.Պ.) ու հարաբերական անդորրի շրջան է, ինչպե՞ս ես անցկացնում ժամանակդ:

– Գտնվելով Երեւանում` նախընտրում եմ ժամանակս անցկացնել ընկերներիս եւ ընտանիքիս անդամների հետ, քանի որ երկար ժամանակ չեմ տեսնում նրանց: Բայց, ցավոք սրտի, շատ ժամանակ չեմ ունենում հենց հարցազրույցների պատճառով (ժպտում է.- Ե.Պ.): Ընկերներս միայն ֆուտբոլի բնագավառի ներկայացուցիչներ չեն: Հանդիպում եմ դասարանցիներիս, հին ընկերներիս: Չեմ կարծում, որ առանց ընկերներիս կարող եմ ինչ-որ հաջողության հասնել:

– Տեղյակ եմ, որ տիրապետում ես մի քանի լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն): Դա մի յուրօրինակ նախասիրություն է:

– Հատուկ նպատակ չունեի լեզուներ սովորել, չնայած մեծ սեր ունեմ դրանց հանդեպ: Իմ ամենասիրած լեզուն մայրենին է` հայերենը: Դեմ չէի լինի եւս մի քանի լեզու սովորել, բայց դա կախված է ժամանակից:

– Անտարբեր չես նաեւ մեծ թենիսի հանդեպ:

– Թենիսից բացի, հետաքրքրվում եմ նաեւ այլ սպորտաձեւերով` ծովափնյա ֆուտբոլ, ըմբշամարտ: Սիրում եմ կարդալ: Բայց ազատ ժամանակ ավելի շատ նախընտրում եմ զբոսնել: Դա օգնում է, որպեսզի հանգստանամ:

– Ի՞նչ գիրք ես հիմա կարդում:

– «Իմ վարդագույն Երեւանը»: Վերջերս կարդացի Պաոլո Կոելյոյի «11 րոպեն»: Մեծ սիրով եմ ընթերցում, եւ եթե սկսում եմ կարդալ, դժվարությամբ եմ կտրվում: Ինչքան կարդում ես, մտածում ես, որ կարծես գլխավոր հերոսը դու ես: Պատահում է, որ երբ գրքում հանդիպում եմ հետաքրքիր նախադասության, գրիչով նշում եմ ու դուրս գրում, որպեսզի հետո նաեւ կյանքում օգտագործեմ:

– Մի առիթով ասել էիր, որ խաղադաշտ դուրս գալուց առաջ, լիցքաթափվելու համար երաժշտություն ես լսում: Կարեւոր խաղերից առաջ ի՞նչ երաժշտություն ես լսում:

– Այո, դա օգնում է մի փոքր հանել լարվածությունը: Կարծում եմ, յուրաքանչյուր ֆուտբոլիստ, խաղադաշտ մտնելիս, լարվածություն է զգում, եւ միայն մրցավարի սուլիչի ձայնից հետո այդ լարվածությունն անցնում է: Կոնկրետ կատարողներ չեմ կարող նշել, նույնիսկ կան երգեր, որոնք շատ եմ սիրում, բայց դրանց կատարողների անունները չգիտեմ:

– Հայ երկրպագուները ոգեւորվում են հատկապես մի երաժշտական կատարման ժամանակ, որը հնչում է «Դոնբաս Արենայում»` քո գոլ խփելուց անմիջապես հետո: Խոսքս Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» մասին է: Ինչպե՞ս առաջացավ այդ ստեղծագործությունը քո գոլերի հետ համադրելու գաղափարը: Ի՞նչ ես զգում դու այդ պահին:

– Չգիտեմ, թե այդ գաղափարն ակումբում ինչպես է ծագել: Բայց ինձ շատ հաճելի է, որ 50 հազարանոց մարզադաշտում ամեն գոլիցս հետո հնչում է «Սուսերով պարը», որովհետեւ ցանկացած մարդ պետք է ծանոթ լինի հայկական մշակույթին, հայ ժողովրդին: Ինձ համար դա մեծ պատիվ է: Առաջին անգամ «Սուսերով պարը» հնչեց այս տարի, եթե չեմ սխալվում` հուլիսին կայացած «Շախտյոր»-«Օբոլոն» խաղի ժամանակ, երբ դուրս եկա փոխարինման եւ գրավեցի «Օբոլոնի» դարպասը: Երբ խաղում ես տանը, գոլից հետո անպայման մի կատարում հնչում է, եւ ինձ հետաքրքրում էր, թե իմ գոլից հետո ինչ երաժշտություն կհնչի: Այս առումով, «Սուսերով պարի» կատարումը «Դոնբաս-Արենայում» ինձ մեծ հաճույք պատճառեց:

– Հայ երկրպագուներին քեզնով հպարտանալու շատ առիթներ ես տալիս: Երկրորդ տարին անընդմեջ բարեգործական առաքելությամբ այցելեցիր Արցախ ու Գավառ: Ի՞նչն է քեզ մղում այս նախաձեռնություններին:

– Երբ Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվեցի «Շախտյոր», ցանկություն հայտնեցի բարեգործական նախաձեռնությամբ հանդես գալ, օգնել մանկատներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով ինձ աջակցեց եւ աջակցում է այդ հարցում: Ինչպես կարող եմ` փորձում եմ օգնել իմ ժողովրդին:

– Ի՞նչ է քեզ համար ֆուտբոլը` աշխատա՞նք, տարե՞րք, ապրելակե՞րպ:

– Ֆուտբոլը չի կարող աշխատանք լինել, այն ավելի շատ հաճույք է: Դա այն գործն է, որը ես սիրում եմ: Երբ մարդ չի սիրում իր գործը, չի կարող հաջողության հասնել: Ես միշտ երազել եմ խաղալ ֆուտբոլ եւ մեծ քայլերով առաջ գնալ: Լինում են դեպքեր, երբ ֆուտբոլիստի մոտ աճ է նկատվում, բայց լինում են նաեւ պահեր, երբ չես կարողանում առաջ գնալ, եւ դրանից երկրպագուները կարող են եզրակացնել, որ ֆուտբոլիստը հետընթաց է ապրում: Բայց տեղում դոփելուց հետո ֆուտբոլիստը կարող է մի քանի աստիճանով աճել: Նման դեպքերում պետք է համբերություն, ինչը ես սովորել եմ սեփական մաշկիս վրա: Եղել է ժամանակ, որ ես էլ տեղում եմ մնացել, առաջ չեմ գնացել, բայց համբերատար եմ եղել ու կարողացել եմ առաջ գնալ:

– Իսկ նպատակիդ հասնելու ճանապարհին համբերատար լինելու կարողությունը ինչ-որ մեկի՞ց ես սովորել:

– Այս հարցում մեծ դեր են խաղացել թե ընտանիքիս անդամները, թե մեր երկրպագուները, մարդիկ, ովքեր իմ կողքին կանգնած են եղել: Ֆուտբոլիստների կենսագրությունը ընթերցելով` հասկացել եմ, որ ցանկացած մարդ պետք է փորձի շատ համբերատար լինել: Լինում են պահեր, երբ համբերատար չլինելով` մարդ վնասում է ինքն իրեն: Եղել են օրեր, երբ պարապմունքներից տուն վերադառնալով, սկսել եմ վերլուծություններ անել, իրավիճակը փոխելու ելքեր փնտրել, բայց այդ պահերին կողքիս եղել են մարդիկ, ովքեր ասել են` «շտապել պետք չէ, ամեն ինչ լավ կլինի, պարզապես համբերություն է պետք»:

– Ավելի շուտ անկեղծացել էիր, թե` «ժամանակին մտածել եմ` եթե այս տարի էլ դուրս չգնամ (արտասահմանյան ակումբ.- Ե.Պ.), ուրեմն ավելի լավ է դադարեմ ֆուտբոլով զբաղվել»:

– Դա եղել է այն ժամանակ, երբ «Փյունիկ» ակումբում էի հանդես գալիս: Ու ես մեծ ցանկություն ունեի դուրս գնալու: Զգում էի, որ Հայաստանում ինչ-որ բանի արդեն հասել եմ, եւ կարողացա դուրս գնալ:

– Իսկ եթե` ոչ ֆուտբոլ, ապա՞…

– Մեր երկրագնդի բնակչության 70-80%-ը հետաքրքրվում է ֆուտբոլով, ու առանց ֆուտբոլի անիմաստ է ապրել: Ես ուրիշ մասնագիտություն չունեմ: Ֆուտբոլը ինձ հաճույք պատճառող գործ է:

– Իսկ ինչո՞վ է օգնում կամ գուցե խանգարում ֆուտբոլը առօրյա կյանքում:

– Ֆուտբոլն ինձ չի կարող խանգարել: Ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է: Իմ մարզիչներից մեկն ինձ ասել է ժամանակին, որ` «մինչ քո ֆուտբոլային կարիերայի ավարտը դու պետք է կարողանաս խաղալ քո անվան համար, իսկ հետո անունդ կխաղա քո համար»: Ես դա սովորել եմ ֆուտբոլից:

– Ֆուտբոլիստի կարիերան մեծ «զոհեր» է պահանջում: Ի՞նչ ես պատրաստ «զոհելու» հանուն ֆուտբոլի:

– Ֆուտբոլիստի կարիերայում ամենաառաջին զոհն առողջությունն է: Ֆուտբոլիստը պետք է կարողանա իրեն զերծ պահել վնասվածքներից:

– Հայաստանում եւ արտերկրում շատ երկրպագուներ ունես: Եթե նախկինում հայ դեռահաս աղջիկների համար ֆուտբոլային կուռք էին Ռաուլը, Զիդանը, Ռոնալդուն, ապա հիմա նկատվում է, որ նրանց համակրանքն ուղղվել է մեր հավաքականի ֆուտբոլիստներին, եւ հատկապես` քեզ:

– Ցանկացած մարդ իր նախասիրությունն ու ճաշակն ունի: Հաճելի է, որ քո երկրի դրոշի ներքո խաղալով, կարողանում ես ուշադրությունը բեւեռել քո կողմ եւ հայ երկրպագուների մեջ ներարկել այն միտքը, որ մենք էլ ունենք լավ ֆուտբոլիստներ, եւ նրանց էլ կարելի է երկրպագել: Հիմա հայ ժողովուրդը հավատում է մեզ եւ գիտի, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի:

– Հաճախ ֆուտբոլիստների մասին խոսելիս, օգտագործում ենք նրանց անունների կարճ տարբերակները. Օրինակ` Զիդան` Զիզու: Հայ երկրպագուների շրջանում քեզ ավելի շատ դիմում են` Հենո: Ինչպե՞ս ես դրան վերաբերվում:

– Հաճելի է, երբ կողքիս անծանոթներն ինձ դիմում են ոչ թե պաշտոնապես Հենրիխ Մխիթարյան, այլ` Հենո, մեր Հենո: Դա ինձ համար անչափ հաճելի է:

– «Շախտյորի» երկրպագուների շրջանում առավել օգտագործվում է հետեւյալ վանկարկումը` «Գենրիխ Մխիթարյան – սամի խիտրի իզ արմյան»: Հայազգի ֆուտբոլիստներն Ուկրաինայում արդեն հասցրե՞լ են աչքի ընկնել «խորամանկությամբ»:

– Երեւի (ժպտում է.- Ե.Պ.): Հաճելի է լսել այդ վանկարկումը, ունենալ երկրպագուներ, ովքեր քեզ հավատում են ու սիրում եւ ցանկացած պարագայում քեզ մենակ չեն թողնում:

– Կպատմե՞ս մի փոքր ընտանիքիդ մասին: Դու հայտնի եւ սիրված հայազգի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին ես: Ի՞նչ հիշողություններ ունես հայրիկիդ մասին: Կա՞ մի խորհուրդ, որ ժառանգել ես իրենից:

– Ցավոք, երկար ժամանակ չեմ ապրել նրա հետ: Երբ 7 տարեկան էի, նա վախճանվեց: Բայց նա միշտ մնում է իմ սրտում եւ իմ կողքին` թե խաղադաշտում, թե կյանքում: Կարծում եմ, եթե նա այսօր իմ կողքին լիներ, ես էլ ավելի մեծ բարձունքների կհասնեի: Ցանկացած հայր տղայի համար ընկեր է: Հիմա անում եմ ամեն ինչ, որ այդ բացը լրացնեմ: Մայրս` Մարինա Թաշչյանը, աշխատում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում եւ ինձ շատ է օգնում: Քույրս` Մոնիկան, աշխատում է ՈՒԵՖԱ-ում:

– Արդյո՞ք ֆուտբոլի հանդեպ սերն անցնում է գեներով:

– Համամիտ չեմ: Ես սիրել եմ ֆուտբոլը մանկուց, եւ ինձ այլ բաներ չեն հետաքրքրել: Կան ընտանիքներ, որտեղ ֆուտբոլով ոչ ոք չի զբաղվել, բայց այդ ընտանիքի երեխան էլ հետաքրքրվում է ֆուտբոլով:

– Ինչպե՞ս եք հաղթահարում տարածության դժվարությունը, կարոտը:

– Միշտ էլ դժվար է ընտանիքից հեռու գտնվելը: Ցանկացած մարդ, գտնվելով օտար երկրում, հարազատի հետ կիսվելու անհրաժեշտություն է զգում` ինչքան էլ խոսենք բջջային հեռախոսով կամ շփվենք ինտերնետով: Բայց ինչ արած, սա կյանքի այն պահն է, երբ պիտի ինքնուրույն դառնաս: Կյանքն այնպիսի բան է, որ շատ ծնողիդ հույսին չպիտի լինես: Ծնողները քեզ հասցնում են ինչ-որ տարիքի, որից հետո դու պիտի կայանաս, որպեսզի հետո դու իրենց կողքին լինես:

– Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք արդեն հասցրել են ընտանիք կազմել: Դու դեռ չես շտապում մտածել այս մասին:

– Այս առումով նորություն չունեմ: Իհարկե, ցանկանում եմ գտնել իմ երկրորդ կեսին: Բայց ժամանակ է պահանջվում: Դեռ նորություն չկա:

– Ո՞րն է երջանիկ եւ համերաշխ ընտանիք ունենալու գրավականը:

– Ցանկացած տղամարդու ցանկությունն է` կազմել ընտանիք, ունենալ երեխաներ, որպեսզի իր ազգանունը փոխանցվի սերունդներով: Ամենակարեւորն այն է, որ քո երեխան լավ մարդ մեծանա: Եթե տղա երեխա ունենամ, շատ կցանկանամ, որ նա ֆուտբոլով զբաղվի: Բայց այդ հարցում ես չեմ միջամտի ու չեմ ստիպի նրան որոշում կայացնել:

– Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում խորհուրդներին, ո՞ւմ խորհուրդն է եղել քեզ համար ամենաթանկը:

– Ցանկացած մարդու խորհուրդ լսում եմ: Հաճելի է կարծիքներ լսել, վերլուծություններ անել, լավ բաներ քաղել, վատերը` չընդունել: Վերջում, իհարկե, ընտրում եմ այն, ինչ ինձ պետք է:

– Իսկ առողջ քննադատությա՞նը:

– Միշտ պատրաստ եմ ընդունել ոչ թե առողջ, այլ ճիշտ քննադատությունը:

– Ի՞նչն ես գնահատում ընկերներիդ մեջ:

– Գնահատում եմ մարդկային որակները: Մարդ պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ կա, ապրի իր, այլ ոչ թե` ուրիշների կյանքով:

– Դոնեցկում ինչպե՞ս ես անցկացնում ժամանակդ, հաճա՞խ ես հանդիպում Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող մեր հավաքականի ֆուտբոլիստներին:

– Ազատ ժամանակը փորձում ենք միասին անցկացնել: Միասին զբոսնում ենք, ընթրում: Օտար հողում փորձում ենք միասնական լինել:

– Աշխարհը շատ արագ է փոխվում, եւ հեշտ չէ արագ հարմարվել գլոբալ փոփոխություններին: Դա առավել բարդ է հատկապես հայտնի մարդկանց համար: Ինչպե՞ս է քեզ հաջողվում պահպանել քո «ես»-ը:

– Եթե մարդ կարողանում է անուն վաստակել, պետք է ճիշտ պահի այդ անունը: Լինել ժպտերես, չմերժել երկրպագուներին ստորագրություն տալ, լուսանկարվել նրանց հետ: Ես պատրաստ եմ անել ավելին, որպեսզի մարդիկ էլ ավելի շատ ճանաչեն ինձ ու Հայաստանը: Լինում են դեպքեր, երբ մտածում եմ` հոգնել եմ արդեն, բայց պիտի կարողանաս կառավարել ժամանակդ եւ ինքդ քեզ: Ես ավելի հանգստանում եմ, երբ վերադառնում եմ Դոնեցկ, որտեղ ինձ զանգերով չեն անհանգստացնում, հատկապես լրագրողները (ժպտում է.- Ե.Պ.):

– Դու ընդամենը 23 տարեկան ես: Արդեն հասցրել ես հասնել մի շարք բարձունքների: Ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակիցներին:

– Ամեն մարդ ինքն ավելի լավ գիտի` ինչից սկսել: Ես ինքս սկսել եմ վաղ տարիքից, ֆուտբոլ խաղացել, գումար վաստակել, ինձ եւ ընտանիքիս ապահովել, արել եմ ամեն բան ընտանիքիս օգնելու համար: Պետք է քչից սկսել, հավատալ սեփական ուժերին, ընտրել այն ճանապարհը, որով կկարողանաս հաջողության հասնել, ոչ թե ժամանակը վատնել ոչինչ չանելու վրա:

– Շատ անգամ նշել ես, որ ավելի շատ իրատես ես: Բայց, այնուամենայնիվ, ինչի՞ մասին է այսօր երազում Հենրիխ Մխիթարյանը:

– Չեմ երազում: Երազանք չունեմ, նպատակ ունեմ: Ձգտումս շատ մեծ է: Վերջերս նայում էի մի հաղորդում, որտեղ ասվում էր, որ եթե մարդ շատ է մի բան ցանկանում, ապա տիեզերք է ուղարկում իր ցանկությունը, եւ եթե շատ է ուզում, այն կատարվում է: Իսկ դրա համար պետք է ոչ թե տանը նստել, այլ ձգտել ու իրականացնել քո նպատակը:

Եկատերինա ՊՈՂՈՍՅԱՆ
mediamax.am