Աշխարհի ամենահարուստ մոդելները

22 տարի առաջ սուպերմոդել Լինդա Եվանգելիստան հայտարարել է, որ եթե իրեն վճարեն 22.000 դոլարից պակաս գումար, ապա ինքը նույնիսկ «անկողնուց դուրս չի գա»: Հենց այդ պահից նորաձեւության աշխարհում գնային հեղափոխություն կատարվեց` ի օգուտ մոդելների:

Բրիտանական ֆինանսական պարբերականներից մեկը փետրվարի 7-ին հրատարակել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը, որում ընդգրկված 20 գեղեցկուհու միասնական եկամուտը կազմում է 913 միլիոն 546 հազար 200 դոլար: Արդյո՞ք այս ցուցակում կա հայ որեւէ մոդելի անուն:

Բնականաբար, հարստացած մանեկենուհիների եկամտի աղբյուր են հանդիսանում ոչ միայն ցուցադրություններն ու ֆոտոշարքերը. աղջիկները նկարահանվում են գովազդներում, դառնում են այս կամ այն նորաձեւության տան դեմքը:

Եվ այսպես, ամենաշատ վաստակող մոդելների ցուցակը գլխավորում է Ժիզել Բունդհենը: Ի դեպ, նման կարգավիճակում աղջիկն առաջին անգամ չի հայտնվում: Մոդելի հիմնական եկամուտը գոյանում է գովազդներում նկարահանումներից: Նա նաեւ ունի կոշկեղենի սեփական ընկերություն եւ դեմքի խնամքի համար կոսմետիկայի բրենդ: Ժիզելն իր հայրենիքում` Բրազիլիայում, հողատարածք ունի, որտեղ հյուրանոց է տեղակայված: Գումարեք իրար այս ամենից ստացված եկամուտը ու կստանաք 151 միլիոն 468 հազար 800 դոլար:

89 միլիոն 934 հազար 600 դոլարով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Victori’s Secret» ընկերության նախկին «հրեշտակ» Թայրա Բենքսը: Բնականաբար, վաստակած գումարի հիմնական մասը նա ստացել է «America’s Next Top Model» նախագծի շնորհիվ: Մոդելը հաղորդման հաղորդավարն ու պրոդյուսերն է:

Երրորդ հորիզոնականում Քրիսթի Բրինքլին է` իր 80 միլիոն 467 հազար 800 դոլարով: Բացի մոդել լինելուց, Քրիսթին նաեւ դերասանուհի է, դիզայներ, նկարազարդող, լուսանկարիչ, գրող…

«Բրենդերի» սիրելի Քեյթ Մոսը փոքր-ինչ զիջում է Բրինքլիին: Նրա եկամուտը կազմում է 78 միլիոն 890 հազար դոլար: Համագործակցություն աշխարհի ամենահայտնի բրենդերի հետ, սեփական հավաքածուն TopShop-ի համար, այժմյան պայմանագիրը «Mango» ընկերության հետ թույլ են տալիս Քեյթին ընդգրկվել այս ցուցակում:

Վերոհիշյալ մոդելներին են հաջորդում Հայդի Քլումը` 70 միլիոն 996 հազար 500 դոլարով, Էլ Մաքֆերսոնը` 59 միլիոն 952 հազար 600 դոլարով, Կլաուդիա Շիֆերը` 55 միլիոն 219 հազար 500 դոլարով, Նաոմի Քեմփբելը` 48 միլիոն 908 հազար 700 դոլարով, Միլա Յովովիչը` 36 միլիոն 287 հազար 100 դոլարով, Ադրիանա Լիման` 34 միլիոն 709 հազար 400 դոլարով, Դարյա Վերբովան` 29 միլիոն 976 հազար 300 դոլարով, Հելենա Քրիսթենսենը` 28 միլիոն 398 հազար 600 դոլարով, Նատալյա Վոդյանովան` 23 միլիոն 665 հազար 500 դոլարով, Դաուտցեն Քրեզը` 20 միլիոն 510 հազար 100 դոլարով, Էվա Հերցիգովան` 20 միլիոն 510 հազար դոլարով, Քրիսթի Թերլինգտոնը` 17 միլիոն 354 հազար 700 դոլարով, Լինդա Եվանգելիստան` 17 միլիոն 354 հազար 500 դոլարով, Սինդի Քրոուֆորդը` 17 միլիոն 354 հազար 400 դոլարով, Քարոլին Մերֆին` 15 միլիոն 777 հազար դոլարով, եւ Ստեֆանի Սեյմուրը` 15 միլիոն 776 հազար 800 դոլարով:

Լենա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Bravo.am