Ընտրություններ՝ նոր ընտրական օրենսգրքով

Թեեւ խորհրդարանական ընտրություններին դեռեւս երկու ամիս կա, սակայն` դատելով ներքաղաքական դաշտում ծավալվող իրադարձություններից, քաղաքական կուսակցություններն արդեն սկսել են նախընտրական արշավը։

Ամենամեծ հարցը, սակայն, հետեւյալն է. ինչպե՞ս կանցնեն ընտրությունները։ Հերթական անգամ կկեղծվե՞ն, թե՞, այնուամենայնիվ, որոշակի իրական առաջընթաց կլինի։ Հասկանալի է, որ այդ հարցում կարծիքները խիստ հակադիր են։ Իշխող կոալիցիայի առանցքային կուսակցությունը` Հանրապետական կուսակցությունը, հավաստիացնում է, որ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տարբերվելու են նախորդներից, եւ տեղի են ունենալու իսկապես «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ։ Որպես հիմնավորում՝ նրանք մատնացույց են անում 2011թ. ԱԺ կողմից ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը։ Ըստ իշխանական թեւի ներկայացուցիչների, նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ավելի արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպել՝ զգալիորեն կանխելով խախտումների եւ կեղծիքների հնարավորությունները։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները գտնում են, որ նոր Ընտրական օրենսգրքում թեպետ կան որոշակի բարելավումներ, սակայն լուրջ խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստացել։

Անկախ չհանդարտվող կրքերից՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով (քիչ հավանական է, որ այն փոփոխությունների կենթարկվի մինչեւ առաջիկա ընտրությունները), որին ընտրական գործընթացի հիմնական մասնակիցներն ամբողջությամբ ծանոթ չեն: Սակայն դա միակ խնդիրը չէ։

Ինչպես նախկին, այնպես էլ նոր Ընտրական օրենսգրքում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք կարող են երկակի ընկալումներ ունենալ եւ ընտրական գործընթացներում տարբեր իրավիճակներում տարբեր մեկնաբանություններ ստանալ` դրանով իսկ այս կամ այն կերպ ազդելով ընտրությունների ընթացքի վրա: Սկսած ամենաանմեղ թվացող վրիպակներից, վերջացրած այնպիսի անհասկանալի դրույթներով, որոնք ընտրությունների ժամանակ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։

Օրինակ, ԸՕ Հոդված 33.2-ի համաձայն, վստահված անձն իրավունք ունի անարգել ծանոթանալ քվեաթերթիկների նմուշներին՝ հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը։ Մինչդեռ տեղամասային ընտրական հանձնաժողովներն այլեւս նախագահի տեղակալ չունեն։ Սա թեթեւ վրիպակ է, որը ընդունում են նաեւ հենց օրենքի հեղինակները։ Սակայն կան ավելի լուրջ եւ վտանգավոր բացթողումներ, որոնց շուրջ Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության հիմնադրամը «Պրեսսինգ» ակումբում «168 Ժամ» թերթի հետ համատեղ քննարկումներ է կազմակերպում` փորձելով բացահայտել Ընտրական օրենսգրքի այն հոդվածները, որոնք կարող են երկակի մեկնաբանություններ ունենալ: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի բացերի եւ տարընթերցումների տեղիք տվող դրույթների մասին համակարգված քննարկումներ, բանավեճեր չեն եղել, առավել եւս` դրանց լուծման կոնկրետ տարբերակներ չեն առաջարկվել: Մենք փորձելու ենք քննարկումների եւ հրապարակումների միջոցով ոչ միայն վեր հանել վիճահարույց դրույթները, այլեւ կոնկրետ պարզաբանումներ ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ընտրություններն ու քաղաքացիական հասարակությունը

Հասարակական կազմակերպությունների դերն ընտրությունների ժամանակ բավականին մեծ է։ Նրանք զբաղվում են իրազեկության բարձրացմամբ, ընտրական օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությամբ եւ քննարկումներով։ Սակայն թե՛ հասարակությունը, թե՛ հենց իրենք՝ հասարակական կազմակերպությունները, իրենց հիմնական եւ ամենակարեւոր առաքելությունն ընտրական գործընթացների ժամանակ համարում են դիտորդությունը։ Ճիշտ է՝ դիտորդի իրավունքները խիստ սահմանափակ են: Նրանք պարզապես արձանագրում են իրենց տեսածը, եւ ընտրական գործընթացին միջամտելու իրավունք չունեն: Նրանց կողմից կազմված արձանագրություններն էլ իրավական որեւէ հետեւանք չունեն, սակայն անգամ այս պարագայում դիտորդների ներկայությունը զսպող նշանակություն ունի ընտրական տեղամասում։

Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրականության մեջ դիտորդի ազդեցությունը (մանավանդ, եթե այն տեղական կազմակերպություն է) շատ չէ, եւ բացահայտ խախտումներ են արվել անգամ նրանց ներկայությամբ։ Սակայն քիչ չեն նաեւ դեպքերը, երբ պրոֆեսիոնալ, իրենց գործն իմացող, ակտիվ եւ ընտրական իրավունքին ծանոթ դիտորդների ներկայությունը տեղամասերում կանխել են ընտրակեղծիքները։

Այսինքն՝ հասարակական կազմակերպությունները, որպես դիտորդներ, ընտրական գործընթացների ամենաակտիվ եւ անմիջական մասնակիցներն են։ Հետեւաբար՝ Ընտրական օրենսգիրքն` ընդհանրապես, եւ դիտորդներին վերաբերող դրույթները` մասնավորապես, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի։

Ի՞նչ նորություններ է պարունակում Ընտրական օրենսգիրքը վերջիններիս համար։ Ներկայացվում է, որ նոր ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է ընձեռում հասարակական կազմակերպություններին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար, սակայն իրենք՝ հասարակական կազմակերպություններն այդ կարծիքին չեն։ Մասնավորապես, կան մի քանի կետեր, որոնք ռիսկեր են պարունակում եւ կարող են գլխացավանք դառնալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար։ Ստորեւ ներկայացնենք դրանցից մի քանիսը։

ՀՀ ԸՕ. Հոդված 31. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն`ներկա լինելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ քվեարկության սենյակում: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դիտորդները ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաեւ քվեարկության սենյակում կարող են ներկա լինել, եթե ունեն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացել են դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Դասընթացները կազմակերպվում են Երեւան քաղաքում եւ մարզերում (մարզերում` ըստ ընտրատարածքների) տարին առնվազն մեկ անգամ` քաղաքացիների դիմումների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացրած ցուցակների հիման վրա: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա: Ստուգարքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, անկախ դասընթացին մասնակցելուց: Ստուգարքն անցկացվում է համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետեւել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հոդված 63. Քվեարկության սկիզբը, կարգը

5. Տեղամասային կենտրոնում, ընտրական հանձնաժողովի անդամներից եւ քվեարկողներից բացի, կարող են ներկա լինել վստահված անձինք, դիտորդները (տեղական դիտորդների համար` միայն ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու կամ դիտորդական առաքելություն իրականացնելու որակավորման վկայականի առկայության դեպքում), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները։

Հարց/մեկնաբանություն

Եթե խոսքը վերաբերում է դիտորդին, ապա ի՞նչ կնշանակի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականը։ Ավելացնենք նաեւ, որ հասարակական կազմակերպությունները պարտադիր որակավորման այս դրույթը համարում են ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ։ Արդյո՞ք դա չի կարելի դիտարկել որպես դիտորդների քանակը նվազեցնելու միջոց։

ՀՀ ԸՕ. Հոդված 30. Դիտորդների հավատարմագրումը

5. Դիտորդի կողմից որեւէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

Հարց/մեկնաբանություն

Եթե նախորդ կետը ընդամենը կապված է ժամանակի կորստի հետ, ապա 30.5 հոդվածը հայաստանյան հասարակական կազմակերպությունները (եւ ոչ միայն նրանք) այս կետը համարում են շատ վտանգավոր։ Նախ հարց է առաջանում՝ ի՞նչ է այս դեպքում նշանակում` «աջակցել»։ Այդ հասկացությունը բավականին լայն է եւ հնարավորություն է ստեղծում, որպեսզի որոշ անձանց կողմից՝ հեղինակավոր եւ ակտիվ հասարակական կազմակերպությունների գործունեությունը սաբոտաժի ենթարկվի։ Պարզ չի՝ ո՞վ պետք է արձանագրի աջակցության այդպիսի դեպքերը (օրինակ, կարո՞ղ է նման որոշում կայացվել միայն հանձնաժողովի նախագահի վկայության պարագայում), ինչի՞ հիման վրա։ Որո՞նք են այն մեխանիզմները, որոնք թույլ չեն տա, որպեսզի այս դրույթը չարաշահվի։ Բացի այդ, եթե հ/կ անդամներից մեկն իրոք խախտի օրենքի այս դրույթը, ապա դա հի՞մք է, որպեսզի ամբողջ կազմակերպությունը զրկվի դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից։

ՀՀ ԸՕ Հոդված 11. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաեւ ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում եւ տեսանկարահանվում:

2. Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր եւ 2 օր առաջ տեղադրում է համացանցում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան դրանք ներբեռնելու հնարավորություն:

Հարց/մեկնաբանություն

Փաստորեն՝ վստահված անձինք ու դիտորդները կարող են օգտագործել իրենց ներբեռնած ցուցակները՝ ընտրությունների օրը համապատասխան նշումներ կատարելով։ Սակայն Իջեւանի ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասի պաշտոնյաները խոչընդոտել էին վստահված անձանց՝ թույլ չտալով նրանց նշումներ կատարել։ Օրենքից պարզ չէ՝ արդյո՞ք դիտորդներն ու վստահված անձինք կարող են ընտրական տեղամասերում օգտագործել այդ ցուցակները։

ՀՀ ԸՕ Հոդված 6. Ընտրությունների հրապարակայնությունը

12. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ` քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:

Հարց/մեկնաբանություն

Հասարակական կազմակերպություններն, ընդհանուր առմամբ, դրական համարելով տեսանկարահանման հնարավորությունը, այդուհանդերձ մի քանի հարցեր են առաջ քաշում։ Օրինակ՝ տեսանկարահանման մասով կա՞ն պոտենցիալ սահմանափակումներ, բացի ընտրության գաղտնիության պահպանման պահանջից։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը տեղամասի բացման ժամանակ տեսախցիկը տեղադրել տեղամասում եւ տեսանկարահանել ամբողջ օրվա ընթացքում։ Կարելի է տեսանկարահանել ցանկացած սարքո՞վ, թե՞ պարտադիր պետք է լինի հենց տեսախցիկ։ Եթե պետք է լինի հենց տեսախցիկ, ապա ինչո՞ւ։ Թվում է, սրանք մանրուքներ են, սակայն չի բացառվում, որ քվեարկության ընթացքը բջջային հեռախոսով նկարահանող դիտորդին արգելեն դա անել՝ պատճառաբանելով, որ այլ սարքերի մասին օրենքում նշված չէ։

Հոդված 59. Քվեարկության նախապատրաստումը

7. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են այդ օրը` մինչեւ ժամը 24:00-ն, ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել կամ անհատական կնիքով կնքել բոլոր քվեաթերթիկները եւ ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները, դրոշմը, անհատական կնիքը դրվում են քվեաթերթիկների եւ ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում)` գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելով եւ համապատասխանաբար դնելով ստորագրության, դրոշմի, անհատական կնիքի նմուշները: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում:

Հարց/մեկնաբանություն

Ինչո՞վ է փաստարկվում սեփական դրոշմի կիրառումը, եթե հանձնաժողովի մյուս անդամներին տրվում է անհատական կնիք:

Հոդված 33. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Վստահված անձն իրավունք ունի`

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա լինելու քվեարկության սենյակում.

2) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից.

Հարց/մեկնաբանություն

Ո՞ւմ է վերաբերում «ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը» պայմանը՝ միայն հանձնաժողովի անդամի՞ն, թե՞ հոդվածում նշված այլ իրավասու անձանց նույնպես։ Բացի այդ, սահմանափակում չպետք է լինի, թե նույն վստահված անձը քանի անգամ կարող է ծանոթանալ նմուշներին։ Սակայն նախկինում եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամները նրան այդ իրավունքը չեն տվել՝ պատճառաբանելով, որ այդ իրավունքն արդեն մեկ անգամ օգտագործել է։ Կա՞ արդյոք նման սահմանափակում։ Եվ վերջապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովները այլեւս նախագահի տեղակալ չունեն, սակայն հոդվածում նշվում է տեղակալի մասին։ Սա պարզապես վրիպա՞կ է։

Բացի այդ, հստակ չէ այն սահմանափակումը, որը վերաբերում է ընտրողների ստորագրած ցուցակներին։ Դիտորդներն ու վստահված անձինք իրավունք ունե՞ն դրանց ծանոթանալ` առանց պաշտոնական քաղվածք ստանալու եւ պատճենահանելու իրավունքի, թե՞ բացառությունը վերաբերում է նաեւ ծանոթանալուն։

Հոդված 31. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

2. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

Հոդված 33. Վստահված անձի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները

1. Վստահված անձն իրավունք ունի`

5) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա լինելու հանձնաժողովի` ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար հատկացնող անդամների, քվեարկության ծրարները կնքող եւ քվեատուփը հսկող անդամի կողքին եւ հետեւելու նրանց աշխատանքներին.

Հարց/մեկնաբանություն

Օրենքի` վերը նշված հոդվածներում ի՞նչը կարող է դիտարկվել` որպես «միջամտություն»։

Լուսանկարները` «Ֆոտոլուրի»