«Արտիստի» հաղթարշավը շարունակվում է

Փետրվարի 12-ին Լոնդոնում տեղի ունեցավ բրիտանական «օսկարների» BAFTA մրցանակաբաշխությունը: Այս տարի բրիտանացիներն առատաձեռն գտնվեցին ֆրանսիացիների հանդեպ: Ֆրանսիացի ռեժիսոր Միշել Հազանավիչուսի «Արտիստը» ժապավենը, որը նաեւ փետրվարի 26-ին Լոս Անջելեսում կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր ֆավորիտն է, հաղթեց գրեթե բոլոր հիմնական անվանակարգերում՝ արժանանալով 7 BAFTA-ի (լավագույն ֆիլմ, լավագույն դերասան՝ Ժան Դյուժարդեն, լավագույն ռեժիսոր` Միշել Հազանավիչուս, լավագույն բնօրինակ սցենար՝ Մ. Հազանավիչուս, լավագույն օպերատոր, լավագույն երաժշտություն, լավագույն կոստյումներ): «Արտիստը» 21-րդ դարում նկարահանված սեւ ու սպիտակ համր ժապավեն է, որը պատմում է 1920-ականներին հոլիվուդյան համր կինոյի աստղ Ջորջ Վալենտինի կարիերայի ծաղկման եւ վայրէջքի մասին:

Լավագույն դերասանուհի ճանաչվեց համաշխարհային կինոյի լեգենդը՝ Մերիլ Սթրիփը՝ «Երկաթե լեդին» ֆիլմում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին մարմնավորելու համար: Սթրիփն իր կարիերայի ընթացքում 12-րդ անգամ էր հավակնում BAFTA-ի, սակայն սա նրա ընդամենը 2-րդ հաղթանակն էր:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Քրիստոֆեր Պլամերը («Սկսնակները»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ Օկտավիա Սպենսերը («Սպասուհին»): Լավագույն բրիտանական ֆիլմ ճանաչվեց Թոմաս Ալֆրեդսոնի «Լրտես, դուրս անցիր» ժապավենը, որը BAFTA ստացավ նաեւ ադապտացված սցենարի համար:

Բրիտանական կինոմրցանակաբաշխության, թերեւս, ամենաանսպասելի մրցանակը բաժին հասավ իսպանացի աշխարհահռչակ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարին: Նրա «Կաշին, որում ապրում եմ» թրիլերը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթեց իրանական «Ամուսնալուծություն» դրամային, որը մինչ այս հավաքել էր միջազգային գրեթե բոլոր կինոփառատոների եւ մրցանակաբաշխությունների մրցանակները եւ համարվում է «Օսկարի» հիմնական ֆավորիտը: