Ընտրական օրենսգրքի բացերը եւ երկակի ընկալումները՝ քաղաքական ուժերի տեսանկյունից

Փետրվարի 12-ին Հայաստանի մի շարք շրջաններում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եթե պատկերավոր արտահայտվելու լինենք, «մինի թեստ» էին նոր ընդունված Ընտրական օրենսգրքի համար։ Այսինքն՝ սա առիթ էր, որպեսզի մինչեւ մայիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները տեսնեինք նոր Ընտրական օրենսգիրքն «աշխատանքի» մեջ։ Հանուն արդարության` նշենք, որ բուն տեղամասերում խախտումների եւ միջադեպերի մասին հաղորդագրություններն այնքան շատ չէին, որքան շատերը սպասում էին։ Սակայն արձանագրվեցին որոշ իրողություններ, որոնք ավելի խորացրին Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների շուրջ մեր մտահոգությունները։ Այսպես, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հանկարծ պարզվեց, որ ընտրողներից շատերն ունեն «տեսողության խնդիր» եւ կարիք ունեն օգնության։ ԸՕ 65-րդ հոդվածի համաձայն` «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ»: Ընտրողներն էլ օգտվում էին իրենց ընձեռված այդ հնարավորությունից։ Առաջին հայացքից, զուտ ֆորմալ առումով, որեւէ խախտում չկա։ Սակայն բոլորն էլ հասկանում են, թե որը կարող էր լինել տեսողության համատարած խնդրի իրական պատճառը։ Ընտրական օրենսգրքի հոդվածների շուրջ նախորդ քննարկման ժամանակ (դեռ մինչեւ ՏԻՄ ընտրությունները) մենք մասնակից հասարակական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեցինք սույն հոդվածի վրա՝ այն առումով, որ այն թերի է։ Մասնավորապես, ըստ այդ հոդվածի, անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի, եւ այդ անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Սակայն հարց էր առաջանում՝ ինչպե՞ս է բացառվելու նույն անձի` մի քանի տեղամասերում ընտրողներին օգնելու հնարավորությունը: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում նույն անձը մի քանի տարբեր տեղամասերում չի «օգնել» ընտրողներին։ Վերը նշված քննարկման ժամանակ մասնակիցները մեր այս դիտարկմանը պատասխանեցին, որ ճիշտ է՝ այս հարցում վերահսկողության մեխանիզմները բացակայում են, սակայն այդ մտահոգությունը մեծ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա, երեւույթը համատարած բնույթ չի կրում: Ինչեւէ, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ չի կարելի թերագնահատել օրենքի որեւէ հոդվածի անգամ ամենափոքր բացթողումը, քանի որ այն հանկարծ կարող է լայնորեն կիրառվել՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները։

Քաղաքական ուժերն ու Ընտրական օրենսգիրքը

Ո՞ւմ է առաջին հերթին հետաքրքրում Ընտրական օրենսգիրքը։ Իհարկե՝ ընտրական պրոցեսի անմիջական մասնակիցներին՝ քաղաքական ուժերին։ Ընտրական օրենսգրքի խնդրահարույց կետերը քննարկելու նպատակով փետրվարի 4-ի քննարկմանը հրավիրել էինք ՀՀ քաղաքական կուսակցություններին։ Քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահան Բաբայանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության անդամ Հրաչյա Սարգսյանը: Քննարկումը վարում էր Բաբկեն Թունյանը:

Հակադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի մասնակցությամբ դժվար է խուսափել քաղաքական գնահատականներից։ Ընդդիմադիր ուժերը չեն համակերպվում այն մտքի հետ, որ Ընտրական օրենսգիրքն արդեն ընդունված փաստաթուղթ է, որի հիման վրա անցկացվելու են մայիսյան խորհրդարանական ընտրությունները։ Իշխանություններն էլ «ծանր» են տանում, երբ Ընտրական օրենսգրքի հասցեին որեւէ «թթու խոսք» է հնչում։ Ինչեւէ, քննարկման մասնակից քաղաքական ուժերն, այդուհանդերձ, կարողացան կենտրոնանալ ԸՕ-ի վիճահարույց կետերի վրա։ Ճիշտ է, ավելի շուտ ստացվեց ոչ թե քննարկում, այլ բանավեճ, որտեղ կողմերից ոչ ոք մյուսին չհամոզեց իր ճշմարտացիության մեջ։ Սակայն դրա արդյունքում՝ խնդիրներն ավելի հստակ ուրվագծվեցին։

Մինչ առանձին կետերին անդրադառնալը, մի քանի բառով ներկայացնենք նոր Ընտրական օրենսգրքի նկատմամբ տարբեր քաղաքական ուժերի վերաբերմունքը։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ընդգծելով, որ ընդդիմությունն իր առաջարկներով շատ է օգնել իշխանություններին` «նորմալ» Ընտրական օրենսգիրք կազմելու համար, կարծում է, որ իշխանություններն այս Ընտրական օրենսգիրքը կազմել են իրենց «հագով», որպեսզի ապահովեն իրենց վերընտրությունը: Նույն կարծիքին էր նաեւ ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ով այս Ընտրական օրենսգիրքն անվանում է «աբռա-կադաբրա»։ Հարցին, թե այս Ընտրական օրենսգիրքն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցանկացած փաստաթուղթ ապրոբացիա է անցնում, եւ նոր ԸՕ-ն 2012թ. համապետական ընտրությունների ժամանակ է փորձարկվելու: Ես չեմ ասում, թե այս ԸՕ-ն առաջընթաց չունի նախորդի համեմատ, բայց շատ փոքր քայլեր արվել են, որոնք, կարծես, իմիտացիոն են: Սկզբունքային առաջարկները, որոնք էապես պետք է բարեփոխեին ԸՕ-ն, ընտրական գործընթացները, այս պահին իրականացված չեն, եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունները չեն էլ պատրաստվում դրանք ամրագրել ԸՕ-ում: Սա է խնդիրը»:

Ընտրական օրենսգրքում որպես դրական առաջընթաց` Ա. Մարտիրոսյանը վկայակոչեց հեռուստագովազդի 1 րոպե եթերավճարի կոնկրետ սահմանումը: «Այդ առաջարկը ես արել էի աշխատանքային խմբում, եւ ընդունվեց, որը շատ դրական է: Քանի որ 2007թ. առեւտրային գովազդը, որը եթեր էր հեռարձակվում շատ ավելի լավ ժամանակահատվածում, 10 անգամ ավելի էժան էր, քան քաղաքական գովազդի 1 րոպեն: Այս առումով` իսկապես դրական քայլ արվել է, բայց բոլոր այն մեխանիզմները, որոնք իրենց մեջ պարունակում են հիմնական ընտրակեղծիքները, սահմանված չեն: Խոսքը վերաբերում է քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակմանը եւ մի շարք այլ հարցերի, որոնք ԸՕ-ում տեղ չեն գտել»,- ասաց նա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանն անդրադարձավ ԸՕ-ում օքսիդացող կնիքների եւ քվեապարկերի վրա անհատական կնիքների մասին հոդվածներն ընդգրկելու կարեւորությանը: «Բնականաբար, յուրաքանչյուր Ընտրական օրենսգիրք իր մեջ կարող է պարունակել որոշակի երկակիություններ, հարցեր, որոնք, իհարկե, կարելի է դարձնել իդեալականին մոտ, բայց լիարժեք իդեալական ԸՕ ունենալը գրեթե անհնար է»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի խոսքով` ԱԺ-ի կողմից ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը լուրջ առաջընթաց է արձանագրել, ինչը պետք չէ թերագնահատել: «Նոր ԸՕ-ով են ձեւավորվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Եվ, ես կարծում եմ, որ մենք պատմության մեջ առաջին անգամ ԱԺ ընտրություններից մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք նոր Ընտրական օրենսգիրքը, ինչը քաղաքական բոլոր ուժերի, ինչպես նաեւ` միջազգային կազմակերպությունների կողմից դրական գնահատվեց: Կարծում եմ` անընդհատ անդրադառնալ ԸՕ-ի այս կամ այն դրույթներին, այնքան էլ իրատեսական չէ: ԱԺ-ում բազմաթիվ քննարկումներ եւ լսումներ են եղել Ընտրական օրենսգրքի շուրջ, որին մասնակցել են ոչ միայն արտախորհրդարանական եւ խորհրդարանական քաղաքական ուժերը, այլեւ հասարակական կազմակերպությունները, անհատ քաղաքացիները, որոնք նաեւ իրենց առաջարկություններն են ներկայացրել: Բնականաբար, բոլոր առաջարկները չէին կարող տեղ գտնել Ընտրական օրենսգրքում, բայց յուրաքանչյուր առաջարկություն քննարկվել է եւ հնարավորինս տեղ է գտել ԸՕ-ում: Չնայած այս հանգամանքին` լսելով քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, տպավորություն է ստեղծվում, թե բացառապես իշխանության ներկայացրած առաջարկներն են ընդունվել նոր ԸՕ-ում: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Տարբեր ուժերի կողմից ներկայացված առաջարկներ տեղ են գտել այնտեղ: Մասնավորապես, քարոզչության հետ կապված մեծ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում: Նույնիսկ արձանագրվել է, թե ինչպես պետք է ձեւավորվեն նախընտրական շտաբները, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն քաղաքական բոլոր ուժերի համար»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների տարընթերցումներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը եւս այն համոզման է, որ հնարավոր չէ ունենալ իդեալական Ընտրական օրենսգիրք: «Դա իսկապես անհնարին է, քանի որ այնպիսի իրողություններ, դեպքեր են ի հայտ գալիս, որ հնարավոր չէ նախապես կանխատեսել: Բայց կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս տարբեր իրավիճակների համար լուծում գտնել»:

«Էական ազդեցության» մասին

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն («Նախընտրական քարոզչության սահմանված կարգ»)` «Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, ինչպես նաեւ ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու, կամ կիրառում նախազգուշացում` խախտում թույլ տված թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ` տալով խախտումը դադարեցնելու համար 3 օրը չգերազանցող ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում խախտումը չդադարեցնելու դեպքում հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»: Այստեղ ուշագրավ է այն, որ Ընտրական օրենսգրքում նշված չէ, թե որը կարող է համարվել «էական ազդեցություն», եւ, ի վերջո, ո՞վ է որոշելու այդ չափանիշները:

ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արա Սիմոնյանը, ով Ընտրական օրենսգրքի համազեկուցող է եղել ԱԺ-ում, նախ ասաց, որ ԱԺ-ում ԸՕ քննարկումները բավական արդյունավետ են եղել, որին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ հասարակական կազմակերպությունները, որոնք կառուցողական աշխատանք են կատարել ԸՕ-ի վրա: Նրա խոսքով` ԸՕ վերոնշյալ հոդվածում հստակ ասվում է, որ դատարանն է որոշում «էական խախտումների չափը»: «Փաստերի գնահատումը դատարանի գործն է, եւ եթե դատարանը գնահատի, որ, դիցուք, ես ակնհայտորեն չարաշահել եմ իմ եթերային ժամանակը, ասենք, մեկ ժամի փոխարեն` երկու ժամ եմ հանդես եկել եթերում, ապա դատարանը կորոշի իմ հետագա մասնակցության հարցը: Հստակ գրված է, որ դատարանն է գնահատում` էական խախտում եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Ա. Սիմոնյանը: Հարցին, թե արդյո՞ք կարելի է այդ կարեւոր խնդիրը վստահել մեր դատական համակարգին, որի անկախությունն իշխանություններից, մեղմ ասած` խիստ կասկածելի է, եւ արդյո՞ք ԸՕ-ն չպետք է հստակ մեխանիզմներ սահմաներ` դատարանի կողմնակալությունից ապահովագրելու համար, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Այսինքն` ինչպե՞ս գնահատել. դա թողնված է դատարանին: Կարծում եմ, որ սա եւս ընդունելի տարբերակ է: Չեմ կարծում, թե Ընտրական օրենսգրքում կոնկրետ թվեր նշելը` 1 կամ 2 տոկոս, ընդունելի կլիներ»:

Ընտրական օրենսգրքում նաեւ հստակ սահմանված չէ` արդյո՞ք կուսակցության շարքային անդամի կողմից թույլ տրված խախտումը վերագրվում է նաեւ կուսակցությանը: «Ոչ, չի կարող,- ասաց Ա. Սիմոնյանը` հավելելով,- Եթե ես իմ հակընդդեմ թեկնածուի բարձրախոսը վերցնում եմ եւ թույլ չեմ տալիս նրան խոսել եւ խոչընդոտում եմ նրան: Դրա համար միայն ես եմ կրելու պատասխանատվություն, կուսակցությունը ոչ մի կապ չունի դրա հետ»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, հնարավոր չէ ԸՕ-ում ամբողջովին ընդգրկել բոլոր խնդիրները, որոնք նույնիսկ ենթադրելի էլ չէ, որ հնարավոր է` տեղի ունենան: «1 տոկոսը կարող է էական խախտում համարվել այն ժամանակ, երբ երկու թեկնածուների ստացած ձայների տարբերությունը կես տոկոս է կազմում: Բայց եթե նրանց ձայների տարբերությունը 2 տոկոս է, բնականաբար, մեկ տոկոսը չի կարող համարվել էական: Քանի որ խոսքը հիմնականում հանրային լրատվամիջոցներից օգտվելու, վարչական ռեսուրսների չարաշահման մասին է, ապա պետք է արձանագրել, որ վարչական ռեսուրսի անօրինական, մեծածավալ օգտագործումը նույնպես կարող է էական ազդեցություն թողնել: Իհարկե, դա մեր դատարանների կողմից չի ընդունվի: Բայց մյուս կողմից` ըստ դատարանների` շատ էական ազդեցություն կարող է թողնել ընդդիմադիր կուսակցության կողմից իրականացված ցանկացած քայլ, որը ԸՕ-ում երկակի մեկնաբանության տեղիք է տալիս: Դժվարանում եմ հիմա ասել, թե կոնկրետ որ դեպքում ընդդիմությանը նման մեղադրանք կհասցեագրեն, քանի որ ընդդիմությունը ոչ վարչական ռեսուրս, ոչ էլ հեռուստաընկերությունների նկատմամբ վերահսկողության լծակ ունի: Նմանատիպ իրավիճակ ստեղծվելու պարագայում` հնարավոր է, որ դատարանը գտնի, որ քարոզչության շրջանում ընդդիմադիր տվյալ ուժի կողմից իրականացված այս կամ այն քայլն էական ազդեցություն է թողել արդյունքների վրա: Այնպես որ` այս հոդվածը միանշանակ երկակի ընկալումներ ունի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը նշեց. «Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի վերաբերյալ կարող եմ ասել, որ խախտում լինելու դեպքում եռօրյա ժամկետ է տրվում, որպեսզի հնարավոր լինի դիմել դատարան եւ այնտեղ վերջնական լուծում ստանալ: Այո, ես կարծում եմ, որ ԸՕ-ում ճիշտ է ամրագրվել, եւ նման հարցերը միայն պետք է դատարանում որոշվեն: Դատարանին հնարավորություն է տրված, որպեսզի ինքը վճիռ կայացնի խախտումների դեպքում»։

Ընտրությունների հրապարակայնությունը

Քաղաքական ուժերի հետ քննարկման ընթացքում ամենախնդրահարույց կետը դարձավ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի («Ընտրությունների հրապարակայնությունը») 12-րդ կետը: Ըստ այս հոդվածի` ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Այս հոդվածը, սակայն, չի հստակեցնում, թե արդյո՞ք ընտրողները նույնպես կարող են լուսանկարել, տեսանկարահանել ընտրատեղամասը` օգտագործելով իրենց հեռախոսները: ԱԺ պատգամավոր Ա. Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ ԸՕ-ում հստակ նշված է, թե ովքեր կարող են լուսանկարել եւ տեսանկարահանել ընտրությունները: «Իսկ ինչ վերաբերում է անձնական դեպքերին, պետք է նշել, որ քվեարկությունը գաղտնի է, եւ լուսանկարողն ու տեսանկարահանողը չպետք է խախտի գաղտնիությունը»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը:

Իսկ ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանն ասաց. «Փաստորեն, մտնում ենք ընտրողի գրիչի, իր քվեաթերթիկի մեջ: Եթե ընտրողը մտնի քվեարկության եւ որոշի իր քվեաթերթիկն իր բջջային հեռախոսով լուսանկարել, Ընտրական օրենսգիրքը ո՞նց պետք է այդ հարցը կարգավորի: Ի՞նչ է` ընտրողից պետք է պահանջենք, որ նա իր բջջային հեռախոսը դուրսը թողնի՞: Այդ դեպքում աներեւակայելի աղմուկ կլինի եւ տեղին կլինի: Այսինքն` մարդուն պետք է խուզարկությա՞ն ենթարկել քվեարկություն կատարելուց առաջ»:

ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձեց` ասելով. «Հիմա այլեւս քվեարկությունը փակ տարածքում չի կատարվում, եւ ընտրողը հիմա դեմքով կանգնում է դեպի պատը, թիկունքով` դեպի տեղամասում գտնվող մարդկանց, եւ գաղտնի կատարում է իր քվեարկությունը: Բայց, երբ նա փորձի լուսանկարել իր քվեաթերթիկը, ապա մյուսները դա կտեսնեն: Իհարկե, չի կարելի լուսանկարել սեփական քվեաթերթիկը, որովհետեւ դա, բոլորս գիտենք, թե ինչի համար է արվում: Նշանակում է` այդ ընտրողը գումար է վերցրել ինչ-որ քաղաքական ուժից կամ անձից եւ պետք է իր քվեաթերթիկի լուսանկարը տանի եւ ցույց տա որպես ապացույց: Որեւէ ընտրող չի կարող լուսանկարել իր քվեաթերթիկը, եթե ընտրական հանձնաժողովը «տեղում» է: Եթե հանձնաժողովը «տեղում» է, եւ տեսնում են, որ ընտրողը լուսանկարում է իր քվեաթերթիկը, ապա պետք է արգելեն եւ նրա քվեարկությունը համարեն չեղյալ»: Արա Սիմոնյանը, սակայն, գտնում է, որ հանձնաժողովի անդամների կողմից դա կլինի անօրինական: «Ոչ, եթե հանձնաժողովը չկանխի նման դեպքերը, ապա այդ ժամանակ նա կխախտի ընտրության գաղտնիության սկզբունքը: Ընտրողն իրավունք չունի ո՛չ տեղամասում, ո՛չ էլ տեղամասից դուրս գալուց ասել, թե ինքն ում է ձայն տվել: Դրանով նա, այո, կխախտի ընտրության գաղտնիության սկզբունքը»,- հայտարարեց Ֆելիքս Խաչատրյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Ա. Հովհաննիսյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ լուսանկարել եւ տեսանկարահանել կարող են նրանք, ովքեր նշված են Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածում, եւ ովքեր թվարկված չեն` չեն կարող: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ` Ընտրական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում է կոնկրետ քվեարկության գաղտնիությանը, իսկ մասնակցությունը գաղտնի չէ, եւ այն կարող են տեսանկարահանել կամ լուսանկարել: «Օրենքի հիշյալ հոդվածում նշված է, որ կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրությունների ընթացքը, այսինքն` տեղամասը թույլատրվում է նկարահանել, իսկ բուն քվեարկությունը` ոչ: Ոչ ոք իրավունք չունի լուսանկարել կամ տեսանկարահանել քվեարկությունը»,- ասում է Ա. Մարտիրոսյանը:

Ի՞նչ է լինելու խախտումը տեսանկարահանելու դեպքում

Շատերին էր հուզում այն խնդիրը, թե արդյո՞ք դատարանն իրավունք ունի այս կամ այն հասարակական կազմակերպության, վստահված անձանց կամ ԶԼՄ-ների կողմից իրականացված տեսագրությունը չընդունել որպես ապացույց: «Ասենք, ես վստահված անձ եմ, նկարահանեցի, թե ինչպես է մեկը քվեաթերթիկը լցոնում խցիկի մեջ։ Դա փա՞ստ է համարվելու, թե՞ պարզապես դառնալու է իմ համար նկարած տեսանյութ»։ Ըստ Ա. Մարտիրոսյանի, դա փաստ չի համարվի, քանի որ դատարանի համար նշականություն ունի միայն այն փաստը, որը նախօրոք դատարանի կամ հետաքննական մարմնի որոշմամբ կարող է փաստ համարվել։ Նույն կարծիքին էր նաեւ Ֆ. Խաչատրյանը։ Նա նշեց, որ ԸՕ-ով նկարահանումը թույլատրվում է, սակայն, երբ բողոքող կողմը իր կատարած տեսագրությունը ներկայացնի դատարան` որպես փաստ կատարված հանցագործության վերաբերյալ, դատարանն այն որպես ապացույց չի կցի գործին: «ԸՕ-ով` դիտորդը, վստահված անձը իրավունք ունեն քաղվածքներ անել, ԶԼՄ-ները, վստահված անձինք իրավունք ունեն ամբողջ ընտրությունների ընթացքը տեսանկարահանել, լուսանկարել, բայց դրանք իրավական փաստաթուղթ չեն կարող համարվել: Դատարանը կասի` դա փաստական ապացույց չէ, չեմ ընդունում»։

Ըստ ընդդիմադիր դատի ներկայացուցիչների, տեսանկարահանումն իրոք օգտակար կլիներ, եթե պետությունը կազմակերպեր այդ նկարահանումները։ Այդ դեպքում դրանք ի սկզբանե կհամարվեին փաստ, եւ դատարանը չէր կարող դա չընդունել՝ ուղարկելով փորձաքննության եւ համոզելով, որ մոնտաժված է։

«Ընտրական օրենսգրքով պետք է պարտադիր ամրագրվեր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտությունը: Դա ֆինանսական առումով ծախսատար չէր, մանավանդ, միջազգային որոշ կազմակերպություններ պատրաստակամություն էին հայտնել ԸՕ-ում նման կետ ներառելու դեպքում` ապահովել տեսախցիկների տեղադրումը: Սակայն դա չարվեց: Այն դեպքում, երբ մեկ-երկու լուրջ դրույթ ամրագրելու դեպքում այլեւս որեւէ մտահոգություն չէր լինի ընտրությունների օրինականության վերաբերյալ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ա. Սիմոնյանը, սակայն, գտնում է, որ տեղամասում տեսախցիկ տեղադրելը նույնպես չի կարող հարցի կարգավորում լինել, քանի որ «ընտրությունների ժամանակ կարող է ինչ-որ պահի հոսանքն անջատվել, կամ տեսախցիկի մալուխը կտրվել»: «Եթե նման դեպք լինի` ի՞նչ ենք անելու»,- ասաց նա: Ա. Հովհաննիսյանն ընդհանրապես անիմաստ համարեց պետության կողմից տեսախցիկների տեղադրման հարցը շոշափելը՝ նշելով. «Հիմա մենք կարող ենք ետ գնալ ու ասել՝ ինչու սա ընդունվեց, այն մեկը չընդունվեց։ Ես լավ հիշում եմ, որ քննարկումների ժամանակ ասում էիք՝ նկարահանման իրավունքը պետք է անպայման ամրագրվի օրենսգրքում։ Ամրագրվել է՝ բայց հիմա էլ ասում եք՝ պետք է պետությունը տեսախցիկները տեղադրեր»։ Ա. Մարտիրոսյանը հակադարձեց. «Ասում ենք, որ հաջորդ անգամ դա անեք։ Մի քայլ է՝ դժվա՞ր է անելը»։

Ա. Առաքելյանն էլ ավելացրեց, որ տեսախցիկները տեղադրվել են միայն մի բանի համար. ֆիքսել, թե քանի ընտրող է մասնակցել ընտրություններին։ Սակայն ամենակարեւոր խնդիրը՝ բացառել նույն մարդու կողմից մի քանի անգամ քվեարկելու հնարավորությունը, այս օրենքում չկա։ Մեխանիզմը չկա։ Մինչդեռ դրա համար ընդամենը ցանկություն էր պետք. տեխնիկան այնքան է կատարելագործվել, որ հնարավոր էր դա անել։

Դիտորդական ականներ

ԸՕ-ի այն կետերը, որոնք մենք անվանում ենք` խնդրահարույց եւ երկակի ընկալվող, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն անվանում է` «ականներ»։ Ընդ որում, ըստ պրն Խաչատրյանի, այդ ականներն այնքան շատ են, որ ԸՕ-ն կարելի է անվանել «անհեթեթությունների հավաքածու», որը մշակվել է ոչ թե երկիրն առաջ տանելու մղումով, այլ բացառապես իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ Որպես նման «ական»՝ Ֆ. Խաչատրյանը Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ կետը, ըստ որի` դիտորդի կողմից որեւէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից: «Կան բազմաթիվ դիտորդական առաքելություններ, որոնք հարյուրավոր, հազարավոր դիտորդներ ունեն: Պատկերացրեք, այդ կազմակերպություններից մեկի դիտորդներից մեկը տեղամասերից մեկում «դեբոշ» է անում, ու ԿԸՀ-ն, ըստ այս հոդվածի, որոշում է այդ կազմակերպությանն ընդհանրապես զրկել դիտորդական առաքելությունից: Եվ ստացվում է` մեկ հոգու պատճառով ամբողջ կազմակերպությունը զրկվում է իր գործառույթից: Սա անհեթեթություն է»: «Այդ «աջակցելը» իշխանությունները կսարքեն»,- նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա կոնկրետ սցենարով ներկայացրեց այս դրույթի հնարավոր վտանգը. «Երբ դիտորդները գնում են ԿԸՀ գրանցվելու, նրանց տեղեկացնում են այս հոդվածի մասին եւ նախապատրաստում են նման անձանց բոլոր դիտորդական առաքելությունների մեջ: Իշխանությունները կարող են, չէ՞, յուրաքանչյուր կազմակերպության մեջ 2-3 նման «իրավիճակներ» ստեղծող մարդկանց ներդնել: Եթե ազնիվ դիտորդն ընտրությունների օրը տեղամասում նկատի, որ, օրինակ, ընտրողներից մեկը երկրորդ անգամ է մտնում քվեարկության, եւ այդ մասին զգուշացնում է ընտրական հանձնաժողովի նախագահին, ապա դա կարող է դուր չգալ հանձնաժողովի անդամներին: Ու վերջիններս կարող են` օգտվելով այս հոդվածի բացթողումից, ահազանգել ԿԸՀ եւ ասել, որպեսզի այդ կազմակերպության մեջ իշխանության նախապատրաստած «դիտորդը» «դեբոշ» սարքի, եւ ԿԸՀ-ն ամբողջ կազմակերպությանը զրկի դիտորդություն իրականացնելու իրավունքից»: Ֆ. Խաչատրյանը գտնում է, որ մեկ մարդու պատճառով ամբողջ կազմակերպությանը չի կարելի զրկել դիտորդական առաքելությունից, քանի որ դա կարող է ծուղակ լինել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը` հակադարձելով ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանին, ասաց. «Ինչո՞ւ խնդիրը չեք դիտարկում նաեւ հակառակ տեսանկյունից: Իսկ եթե դիտորդական առաքելություն իրականացնող նույն կազմակերպությունը կամ կազմակերպության մեկ կամ երկու ներկայացուցիչներն ընտրական տեղամասերում ընտրողներին ցուցում են տալիս, թե ում ընտրել: Ինչո՞ւ այս մասին չեք խոսում: Եթե տեսնում ենք, որ նույն դիտորդական առաքելությունը կոնկրետ ինչ-որ ուժի աջակցում է, ի՞նչ պետք է անենք` մեկին հանե՞նք, մյուսներին թողնենք մնա՞ն»:

Սակայն ՀԱԿ ներկայացուցիչը մնաց իր կարծիքին եւ ավելացրեց, որ «Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածը պարունակում է մի դրույթ, ըստ որի` դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի»: Այսինքն՝ նախորդ հոդվածի հետ ակնհայտ հակասություն կա։

Եվ վերջապես, անպատասխան մնաց այն հարցը, թե ինչ ասել է` «աջակցություն», ինչպես եւ ով է որոշելու` տվյալ դիտորդը որեւէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի «աջակցության» աջակցո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը նույնպես համարում է, որ այս հոդվածը խիստ վիճահարույց է եւ տարընթերցումների տեղիք է տալիս:

Իսկ ԱՄ ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, հակառակը՝ ընդհանրապես անտեղի է համարում այս մտահոգությունը, քանի որ, ըստ նրա` դա վերաբերում է քարոզչության ընթացքին, իսկ բուն ընտրությունների օրը որեւէ մեկը չի կարող դիտորդական առաքելությանը զրկել դիտորդություն իրականացնելու իր իրավունքից: «Քվեարկության օրը, երբ դիտորդը տեղամասում աշխատում է, ԿԸՀ-ն դերակատարում չունի: Իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավունք չունի դիտորդին տեղամասից դուրս հանել»,- ասաց Ա. Սիմոնյանը: Իսկ ՀԱԿ ներկայացուցիչը հակադարձեց` ասելով, թե օրենքը չի սահմանազատում դա, ինչը երկակի ընկալումների տեղիք է տալիս: Բացի այդ, ըստ նրա, օրենքից չի երեւում, որ հոդվածը վերաբերում է քարոզարշավին։ Մի խոսքով, դիտորդների «աջակցության» հարցին ոչ միայն հստակ պատասխան չտրվեց, այլ առաջ եկան նոր հարցերը սույն դրույթի հետ կապված։

Տեղի խնդիրը

Ընտրական օրենսգրքի հարցում առաջընթացը, ըստ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների, ակնհայտ է, ինչը երեւում է շատ դրույթներից. «ԸՕ-ով ամրագրված է նույնիսկ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց նստելու տեղերը: Եկեք ընդունենք, որ բավականին շատ քայլեր են կատարվել, որպեսզի այս Ընտրական օրենսգիրքը լավը լինի»,- ասաց նա: Սակայն ՀԱԿ ներկայացուցիչ Ֆ. Խաչատրյանը սա նույնպես դրական առաջընթաց չի համարում, քանի որ, ըստ նրա` ԸՕ-ով ամրագրված չէ, թե մյուս 22 քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ինչ տեղեր են զբաղեցնելու: «Բա մյուսները որտե՞ղ են նստելու»,- ասաց նա: Ի պատասխան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն ասաց. «Դուք ուզում եք, որ Ընտրական օրենսգրքով բոլոր 22 կուսակցությունների տեղերը սահմանվե՞ն: ԸՕ-ն նաեւ սահմանում է, որ խնդիր առաջանալու դեպքում տեղամասերում կարող են վիճակահանությամբ որոշել, թե ով որտեղ է նստելու: ԸՕ-ում նաեւ նախատեսված է, թե որոշ առանձնահատկությունների դեպքում ինչպես պետք է կարգավորվի խնդիրը»: Հիշեցնենք, որ ԸՕ-ով նախատեսված է, որ եթե ընտրողների գրանցում իրականացնող եւ ընտրողներին քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող երկու անդամներն էլ նշանակված են խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից, ապա վստահված անձի համար նախատեսված աշխատատեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում, առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն: Հակառակ դեպքում` այդ տեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունի խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձը, ընդ որում, առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն, եթե այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նշանակած հանձնաժողովի անդամը գործառույթ չի իրականացնում: Սակայն ՀԱԿ ներկայացուցիչը գտնում է, որ այս դրույթը վիճահարույց է, քանի որ հստակ չէ, թե «որ ընդդիմության ներկայացուցչին» է վերապահվելու առաջնությունը: Ա. Հովհաննիսյանը, սակայն, սա ամենեւին էլ վիճահարույց չի համարում` ասելով. «Տեղամասերում իրենք կորոշեն, թե որ ընդդիմության ներկայացուցիչը որտեղ է նստելու: Եթե չկարողանան որոշել, ապա վիճակահանություն կանցկացնեն»: Ա. Մարտիրոսյանի խոսքով` այդ խնդիրը կարգավորելու համար ընդամենն անհրաժեշտ էր ԸՕ-ում ամրագրել ընտրությունների մասնակցած քաղաքացիների անունների հրապարակումը, որպեսզի քաղաքական ուժերը կարողանային օգտվել դրանից եւ ստուգել իրենց մտահոգությունները:

Շտաբները՝ քարոզչության միջոց

ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, «թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, եւ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը»: Ֆ. Խաչատրյանի խոսքով` այս հոդվածը նույնպես անհասկանալի է, քանի որ ստացվում է, որ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, այսինքն` դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, եւ այդ ծախսերը նույնպես չեն կատարվում ընտրությունների համար նախատեսված հիմնադրամի միջոցներից: «Այսինքն` մի կուսակցություն կարող է 2000 հատ շտաբ ստեղծել, ու կարող են 50 հատ 6 մետրանոց պաստառներ փակցնել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչպիսի ճնշում է բնակչության վրա: Սա ի՞նչ է, եթե ոչ` քարոզչություն, բայց, պարզվում է` ԸՕ-ով սա քարոզչություն չէ ու ներառված չէ նախընտրական ծախսերի մեջ: Սա անհավասար պայմաններ է ստեղծում քաղաքական ուժերի միջեւ»,- ասում է Ֆ. Խաչատրյանը:

Կրկին որակավորման մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն անդրադարձավ ԸՕ-ի 32-րդ հոդվածին, որը վերաբերում է հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների գրանցմանն ու վերապատրաստմանը: Նշենք, որ այդ հոդվածը քննադատության էր արժանացել նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից։ «Եթե տվյալ հասարակական կազմակերպությունը որոշում է, որ իր կողմից որպես դիտորդներ կարող են ընտրություններին մասնակցել կոնկրետ մարդիկ, ապա նոր Ընտրական օրենսգրքով` ԿԸՀ-ն է որոշում` այդ մարդիկ կարո՞ղ են մասնակցել որպես դիտորդ, թե՞ ոչ: Սա աբսուրդ է,- ասաց Ա. Առաքելյանը` ավելացնելով,- Ավելորդ է ԿԸՀ-ի կողմից վկայական տրամադրելու կարգի ընդգրկումը ԸՕ-ում»: «Ժառանգություն» խմբակցության անդամ Ա. Մարտիրոսյանի խոսքով էլ, նոր ԸՕ-ով դիտորդը նույն քննությունն է ստիպված լինում անցնել, ինչ վստահված անձը, ինչն անթույլատրելի է: Ֆ. Խաչատրյանի բնորոշմամբ` ԸՕ-ում նման հոդված ամրագրելը «մաքուր կոռուպցիա» է:

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ քանի դեռ նոր Ընտրական օրենսգիրքը գործնական կիրառում չի ունեցել, շատ դժվար է ասել, թե այն ինչպիսին է: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ բոլոր ընտրություններում էլ շատերն ականատես են եղել, որ որոշ դիտորդներ նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, թե ինչ իրավասություններ ու պարտականություններ ունեն, ինչի հետեւանքով խանգարել են ընտրական գործընթացին: «Որպեսզի այս անգամ նման բան տեղի չունենա, ԸՕ-ում նման հոդված է ընդգրկվել, եւ հնարավորություն է տրվել, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները որոշակի գիտելիքներ ձեռք բերեն: Ընդամենը սա է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը գտնում է, որ յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործառույթը. «Չի կարելի տաքսու վարորդին ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու, եթե նա չի պատկերացնում, թե դա ինչ է: Այո, մարդը պետք է մինիմում գիտելիքներ ունենա: Այսինքն` սրա մեջ որեւէ բացասական երեւույթ չկա»: Արմեն Մարտիրոսյանն էլ հակադարձեց` ասելով, թե որեւէ լուրջ կազմակերպություն «հենց այնպես ինչ-որ մեկին չի ուղարկում դիտորդական առաքելություն իրականացնելու, եւ այդ մտահոգությունն անտեղի է»: Ավելին, նրա խոսքով` նորմալ ընտրություններ անցկացնելը բարդություններ չի պարունակում իր մեջ, շատ դժվարություններ առաջ են գալիս «կեղծելու ժամանակ»: «Նման հնարամտությունների անհրաժեշտություն առաջանում է կեղծելու մեթոդներ մշակելու ժամանակ: Այնպես որ` 1-2 ժամը բավական է դիտորդներին ընտրությունների պատրաստելու համար»,- ասաց նա:

Թեթեւ վրիպակների շարքից

Հոդված 33.2-ի համաձայն, վստահված անձն իրավունք ունի անարգել ծանոթանալ քվեաթերթիկների նմուշներին՝ հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը։ ԸՕ-ի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովներն այլեւս նախագահի տեղակալ չունեն, սակայն հոդվածում նշվում է տեղակալի մասին։ Քննարկման մասնակիցներին խնդրեցինք մեկնաբանել այս անհամապատասխանությունը։ Ա. Մարտիրոսյանի կարծիքով՝ դա խմբագրական բացթողում է եղել։ Ա. Հովհաննիսյանն ավելացրեց, որ ամբողջ Ընտրական օրենսգրքում մեկ-երկու վրիպում կարող է լինել։

Զինծառայողների քվեարկությունը

ՀՀ ԸՕ 64 հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով` ներկայացնելով նաեւ ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը»։ Այսինքն՝ ըստ ԸՕ-ի, զորակոչիկը կարող է դիմել, որպեսզի իր անունը հանեն զինվորականների ցուցակից, արձակուրդ վերցնել եւ մեկնել` իր հիմնական գրանցման վայրի տեղամասում քվեարկություն կատարելու համար։ Տեսականորեն, զորակոչիկն ընտրությունների օրը կարող է մեկնել եւ քվեարկել երկու տեղամասում։ Ինչպե՞ս է այդ հարցը կոորդինացվելու եւ վերահսկվելու։ Որո՞նք են այս դրույթի կիրարկումն ապահովող մեխանիզմները։ Այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ-ական Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ամեն ինչ հստակ է, օրենքը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել մեկ ընտրական ցուցակով՝ մեկ տեղում։ Այսինքն՝ ԸՕ-ն բացառում է որեւէ անձի կողմից կրկնակի քվեարկման հնարավորություն, լինի դա զինծառայող, թե մեկ ուրիշը։

Սակայն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կարծում են, որ այդ հարցն իրոք բաց է. վերահսկելու մեխանիզմ չկա։ Մանավանդ, որ զինվորականների ցուցակի պարագայում վստահությունն ավելի ցածր է։ Ըստ օրենքի, համապետական ընտրությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացնում է զինվորական միավորումներում ընդգրկված ընտրողների թիվը համայնքի ղեկավարին, լիազորված մարմնին եւ ԿԸՀ-ին։ Նմանատիպ դրույթը կա նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության մասով։ Ո՞ր կառույցն է պատասխանատու լինելու այդ ցուցակների ճշգրտության համար, ո՞ր կառույցն է ստուգելու ճշգրտությունը եւ ինչպե՞ս։ Այս հարցերի պատասխանը դեռ ոչ ոք հստակ չի տվել։ Ա. Մարտիրոսյանը նշեց զինվորականների մասով մեկ այլ կարեւոր թերություն՝ զինվորականները ունեն միայն համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք, նրանք չեն կարող մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Այսինքն, եթե սկզբունքորեն նայենք, ՀՀ զինծառայողների ընտրական իրավունքը խախտվում է, ինչը հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ։

Քանի՞ հոգու կարելի է օգնել

ԸՕ-ի 65-րդ հոդվածը քննարկել էինք նաեւ հասարակական կազմակերպությունների հետ, սակայն հետաքրքիր էր այդ հարցի շուրջ լսել նաեւ քաղաքական ուժերի կարծիքը։ Հիշեցնենք, որ այդ հոդվածի համաձայն` «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ»: Ըստ այս հոդվածի, անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի, եւ այդ անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Սակայն հարց էր առաջանում՝ ինչպե՞ս է վերահսկվելու կամ բացառվելու նույն անձի` մի քանի տեղամասերում ընտրողներին օգնելու հնարավորությունը։ ՀԱԿ անդամ Ֆ. Խաչատրյանը նշեց, որ դա լուծելի հարց է։ «Օրինակ՝ ես մեկին օգնեցի, ու գրվեց, որ Խաչատրյան Ֆելիքսն օգնեց այսինչին։ Դա գրանցվում է։ Ընտրական հանձնաժողովն իրավունք ունի ընտրությունների արդյունքների ամփոփումից 2 օր առաջ ուսումնասիրել բոլոր գրանցամատյանները, որից հետո զեկույց է ներկայացնում ԿԸՀ։ Այդ ուսումնասիրությունից կպարզվի, որ Խաչատրյան Ֆելիքսը մի քանի տեղամասերում է «օգնել», եւ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ Այսինքն՝ դրա վերահսկման ձեւը կա»։ Ա. Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ դա որեւէ մեծ խոչընդոտ չէ եւ կեղծիքների հնարավորություն չի ստեղծում։ Թեման այսքանով կարծես փակվեց, սակայն մի քանի հարց այնուամենայնիվ բաց մնաց։ Նախ, նույն անձը կարող է «օգնելու» դեր կատարել ոչ թե նույն ընտրատարածքում, այլ տարբեր ընտրատարածքներում, եւ տարածքային հանձնաժողովն ի վիճակի չի լինի դա բացահայտել։ Երկրորդ՝ խիստ կասկածելի է, որ արդյունքների ամփոփման ժամանակ բացահայտումն ինչ-որ բան կփոխի, քանի որ դժվար է ապացուցել, որ օգնողն իրականում ուղղորդել է ընտրությունը եւ ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Եվ վերջապես, սույն քննարկումից մի քանի օր անց տեղի ունեցած Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ պետք չէ թերագնահատել մանրուք թվացող այդ կետը։

Եթե ջիփեր են, ուրեմն կուտակում չկա

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրական տեղամասից 50 մետր շառավղով մեքենաների կուտակում չի թույլատրվում։ Ի՞նչ է նշանակում` կուտակում։ Քանի՞ մեքենան է համարվում կուտակում։ Եթե հստակ չափորոշիչ չկա, եւ այդ հարցը թողնված է ոստիկանների դատին, ապա նրանք կարող են 20 մեքենայի դեպքում ասել՝ դա մեզ համար կուտակում չի, 3 մեքենայի դեպքում ասել՝ կուտակում է։ Ինչպես այդ պահին հարմար կգտնեն։ Ֆ. Խաչատրյանն այդ դիտարկմանը կատակով արձագանքեց, որ եթե սեւ ջիփեր լինեն, ապա կուտակում չի համարվի։ Ա. Սիմոնյանի կարծիքով, դա ոստիկանի գնահատման խնդիր է, սակայն Ա. Առաքելյանի կարծիքով՝ հասկանալի չի՝ ոստիկանն ինչի՞ հիման վրա պետք է որոշի` մեքենաների կուտակում կա՞, թե՞ ոչ։ Ա. Սիմոնյանը նշեց, որ մեքենաների թիվ ամրագրել հնարավոր չի։ Սակայն այդ դեպքում, եթե օրենքի պահանջը «լղոզված» է, եւ ոչ մեկին հետո պատասխանատվության ենթարկել չի լինի՝ օրենքը խախտելու ու մեքենաների կուտակումը թույլ տալու համար, ի՞նչ իմաստ ունի տվյալ դրույթի ամրագրումը։ Այս հարցին ի պատասխան, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Իմ անձնական կարծիքով, օրենքը բացարձակապես բավարար է այդ խնդիրը լուծելու համար, որը տեսանելի է առաջին իսկ հայացքից»։

ԱՄՓՈՓՈՒՄ

Արայիկ Հովհաննիսյան (ՀՀԿ) – Իմ կարծիքով, ԸՕ-ն բացարձակապես բավարարում է, որպեսզի անցկացվեն նորմալ ազատ, արդար ընտրություններ։ Իհարկե, կլինեն որոշակի քննարկման ենթակա հարցեր, ընտրությունների արդյունքում էլ կբացահայտվեն որոշակի խնդիրներ, որոնք նույնպես կարող են քննարկման առակա դառնալ։ Սակայն այսօրվա դրությամբ Ընդունված ընտրական օրենսգիրքը, որը նաեւ դրական է գնահատվել միջազգային կազմակերպությունների կողմից, քաղաքական ուժերի կողմից, ունի դրական շատ մեծ տեղաշարժեր։ Ամենակարեւորը՝ եւ՛ երկրի նախագահը, եւ՛ իշխանություններն արդեն հայտարարել են, որ պետք է անցկացվեն իսկապես շատ լավ կազմակերպված, բարձր մակարդակով ազատ, արդար ընտրություններ։ Եվ այդ ընտրություններն անցկացնելու համար այս Ընտրական օրենսգիրքը բացարձակապես համապատասխանում է այսօրվա բոլոր պահանջներին։

Վահան Բաբայան (ԲՀԿ)
– Ընդհանուր առմամբ, բոլոր տեսանկյուններից, ԸՕ-ն իրոք ավելի մոտեցվել է դրականին եւ ավելի դեմոկրատական ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տալիս։ Մեր կուսակցության եւ մեր գործընկերների կողմից առաջարկված մի շարք փոփոխություններ ընդունվել են։ Ամեն դեպքում, մենք էլ ենք հուսով, որ այս ԸՕ-ով, առաջիկա ՏԻՄ եւ հետո` խորհրդարանական ընտրությունների ժամանակ կերեւան օրենսգրքի եւ՛ ճիշտ կետերը, եւ՛ բացերը։ Պրակտիկ կյանքում դա դեռ չի երեւացել։ Սակայն ընտրությունների ազատ եւ արդար անցկացման մասին խոսելիս` խնդիրը ոչ թե Ընտրական օրենսգրքի եւ այլ օրենքների մեջ է, այլ առաջին հերթին ՝ մեր հասարակության, քաղաքական ուժերի եւ իշխանությունների, այսինքն՝ բոլորի պայքարի արդյունքում պետք է լինի։ Իսկ որ օրենսգիրքը մեկ քայլ առաջ է՝ մենք էլ ենք այդ կարծիքին։

Հրաչյա Սարգսյան (ՆԺԿ)
– Ընտրական օրենսգրքի բարեփոխումը կիսաքայլերով արվեց։ Երեք խնդիր չլուծվեց, եւ դրանք մտածված չեն լուծվել։ Մեկը՝ ստորագրված ցուցակների կախելուց հրաժարվելն էր, որը գոյություն չունեցող 500 հազար հոգու օգտագործման խնդիրն է լուծում։ Մյուս խնդիրը այն է, որ հրաժարվեցին նկարահանման գործառույթը ընտրական հանձնաժողովին հանձնարարելը։ Եվ վերջապես՝ 100% համամասնական ընտրակարգին չանցնելը նույնպես խնդիր է, որն արվեց գործող վարչախմբի վերարտադրությունն ապահովելու համար։

Արմեն Առաքելյան («Ազատ դեմոկրատներ») – Քննարկման ընթացքում արդեն նշեցի մեզ մտահոգող հարցերի մասին։ Իհարկե, հնարավոր չի գրել այնպիսի օրենք, որը ամբողջությամբ զերծ լինի թերություններից եւ կանոնակարգի յուրաքանչյուր մանրուք։ Ինչ խոսք, չեմ կարող հերքել, որ որոշակի դրական տեղաշարժեր կան։ Ընդհանրապես, Ընտրական օրենսգիրքը մի քիչ լավը կլինի, թե վատը` այնքան էլ կարեւոր չէ։ Ի վերջո, անգամ առանց Ընտրական օրենսգրքի` կարելի է շատ լավ ընտրություններ անցկացնել. մարդիկ նախնադարում քարեր են գցել, հետո քարերը հաշվել են եւ չեն կեղծել։ Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ամենամեծ գրավականը կամքն է, որը չի երեւում, որովհետեւ ամբողջ օրը հեռուստատեսությամբ բացահայտ ցույց են տալիս, թե ինչպես են որոշ քաղաքական ուժեր բարեգործություններ անում։

Ֆելիքս Խաչատրյան (ՀԱԿ) – Ես միանգամայն համամիտ եմ, որ առանց Ընտրական օրենսգրքի էլ կարելի է ընտրություն անցկացնել։ Հարկավոր է ընդամենը քաղաքական կամք։ Մեզ մոտ՝ Հայաստանում, Ընտրական օրենսգրքի դերը զսպելն է։ Զսպել հանցագործներին, որը չի հաջողվում։ Եթե քաղաքական կամք լինի՝ կլինի նորմալ ընտրություն։ Կամք պետք է ցուցաբերել եւ ասել՝ հարգելիներս, ինչ արել ենք՝ արել ենք, եկեք այս անգամ մաքուր ընտրություններ անցկացնենք։

Արա Սիմոնյան («Ազգային միաբանություն») – Բոլոր ընտրությունների ժամանակ այս առճակատումները, կարծում եմ, ոչ ոքի պետք չեն։ Իրոք աշխատանք է կատարվել, այն էլ` շատ լուրջ աշխատանք։ Դա չի կարելի չնկատել։ Շատ առաջարկություններ ընդունվել են, բոլորն էլ ընդունում են, որ կան առաջընթացներ։ Միգուցե բառն այդքան հարմար չէ, բայց արդեն խաղի վերջում ինչ-որ բաներ են ասվում։ Սակայն չեմ կարծում, որ խաղի կանոնները փոխելն իմաստ ունի։ Առավելեւս, որ այդ հարցերը նախկինում էլի քննարկվել են։ Կարելի է ամենալավ բանի մեջ էլ ինչ-որ վատ բաներ գտնել ու դրանից դրոշակ սարքել։ Ոչ ոքի պետք չի, որ լինեն վատ ընտրություններ։

Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն») – Արդյոք այս ընտրական օրենսգրքի կյանքի կոչվելով հնարավո՞ր է վերահսկողության մեխանիզմները այնպիսին դարձնել, որ մարդիկ, եթե ուզում են պայքարել, եւ ոչ թե` աշխատել, գոնե կարողանան պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Այս Ընտրական օրենսգիրքն այդ հարցին դրական պատասխան չի տալիս։ Թույլ չի տալիս, որ մարդիկ փորձեն պայքարել։ Փոփոխություններ, իհարկե, արվել են։ Բայց որպեսզի Երեւանից հասնենք Ապարան, մենք պիտի այդ ճանապարհը ամբողջությամբ անցնենք։ Այլապես, եթե Երեւանում, ստադիոնում վազենք, թեկուզ 80կմ, միեւնույն է` Ապարան չենք հասնելու, մնալու ենք ստադիոնի շրջակայքում։ Նույնը այդ Ընտրական օրենսգիրքն է. փոփոխություններ արվել են, մենք տեղից շարժվել ենք, բայց… ստադիոնի մակարդակով։ Փոքր, իմիտացիոն շարժումներ ենք անում, մինչդեռ կարեւոր, սկզբունքային հարցերը` ինչպես եղել, այդպես էլ մնում են չլուծված։ ԸՕ-ն այդ հարցերը չի լուծում։ Դա է պատճառը, որ ասում ենք` այս օրենսգիրքը չի համապատասխանում նորմալ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պահանջներին։ Ինչ վերաբերում է քաղաքական կամքին, ապա հենց ԸՕ-ի վերաբերյալ առաջարկվող սկզբունքային փոփոխությունների ընդունումը կլիներ վկայությունը, որ կա քաղաքական կամք։

Պատրաստեցին
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Լուս.` Սերժ ԴԱՎԻԴՈՎԻ