Երկրի նման մոլորակները` Տիեզերքում

Միջազգային գիտնականների մի խումբ, IAC-ի (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ) աստղագետների հետ համատեղ, հայտնաբերել է, որ Երկիր մոլորակին նման մոլորակների քիմիական կառուցվածքը կարող է շատ տարբեր լինել Երկիր մոլորակի ընդհանուր քիմիական բաղադրությունից: Սա կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ Երկրի նման մոլորակների վրա կյանքի եւ բիոսֆերաների առաջացման եւ գոյության վրա: Երկիր մոլորակին շրջապատող աստղերի ֆոտոսֆերայի ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են նախա-մոլորակները գոյանում, եւ թե որ տեսակի նախա-մոլորակային ամպերն են մոլորակներ ներառում, եւ որոնք` ոչ: Այս ուսումնասիրությունները, որոնք կարեւոր գաղտնիքներ են պարունակում հսկա մոլորակների (ինչպես Յուպիտերը) գոյացման եւ զարգացման մոդելների վերաբերյալ, նաեւ մեզ օգնում են ուսումնասիրել Արեգակնային համակարգությունից դուրս գտնվող մոլորակների քիմիական բաղադրությունը, ինչպես նաեւ մակերեւութային եւ ներքին կառուցվածքը: Երկրի նման այլ մոլորակների քիմիական բաղադրությունը կարող է շատ տարբերվել Երկիր մոլորակից: Մի շարք աստղերի մանրամասն ուսումնասիրությունից հետո գիտնականների այս խումբը հայտնաբերել է, որ մի շարք այլ մոլորակային համակարգեր իրենց քիմիական կառուցվածքով շատ են տարբերվում մեր Արեգակնային համակարգից: «Տիեզերքում կարող են Երկիր մոլորակին նման միլիարդավոր մոլորակներ լինել, նույնիսկ Երկրի զանգվածով, սակայն նրանց մեծամասնությունը կարող է ամբողջովին տարբեր ներքին եւ մակերեւութային քիմիական եւ ֆիզիկական կառուցվածք ունենալ: Քիմիայի տեսանկյունից ոչ-արեգակնային համակարգում մոլորակների ձեւավորումը (ինչը շատ տարածված է Տիեզերքում) կարող է տարօրինակ մոլորակների ձեւավորման հանգեցնել, որոնք կարող են շատ տարբերվել Երկիր մոլորակից: Ռադիոակտիվ եւ որոշ ակտիվ էլեմենտների քանակը կարող է լուրջ ազդեցություն թողնել մոլորակների ձեւավորման գործընթացների վրա, ինչպիսիք են, օրինակ, մոլորակի մակերեւութային տեկտոնիկան եւ հրաբխային գործունեությունը»,- նշել է IAC-ի գիտնականների խմբի ղեկավար, մեր հայրենակից, պրոֆեսոր Գարիկ Իսրաելյանը: Վերջինս Կանարյան կղզիներում տեղակայված աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից է, Իսպանիայի Տիեզերքի քիմիական էվոլյուցիայի լաբորատորիայի տնօրենը: Հետազոտական այս խմբի կազմում են Գ. Իսրաելյանը, եւ Հոնայ Գոնսալես Էրնանդեսը` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտից, Էլիսա Դելգադո Մենան եւ Նունու Սանթոսը` Պորտուգալիայի Պորտուի համալսարանից, եւ Զ. Կարթեր-Բոնդը եւ Դ. ՕգԲրայենը` Արիզոնայի Մոլորակային հետազոտությունների ինստիտուտից (ԱՄՆ): Գ. Իսրաելյանի համոզմամբ` Երկիր մոլորակի նման մոլորակներ մոտ ապագայում դեռ շատ կհայտնաբերվեն` հարյուրից ավելի մոլորակներ կգտնվեն առաջիկա 10 տարիների ընթացքում: Սակայն, որպեսզի այդ մոլորակներում կյանք լինի (այնպես, ինչպես Երկիր մոլորակի վրա), պետք է դրանց քիմիական բաղադրությունը նույնը լինի` ածխածնի եւ թթվածնի պարունակությունը եւ այլն: Իսկ դրա հավանականությունն, ըստ գիտնականի, շատ փոքր է: Գիտնականները նաեւ դեռ չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի, եթե, օրինակ, այդ մոլորակներում թթվածնի քանակը 10%-ով ավելի կամ պակաս լինի: Եթե մինչ օրս նշվում էր, որ Տիեզերքում Երկիր մոլորակի նման միլիոնավոր քանակությամբ այլ մոլորակներ կան, ապա այսօր արդեն նաեւ հայտնի է, որ չնայած այն հանգամանքին, որ այդ մոլորակները Երկիր մոլորակի զանգվածն ունեն, այնուամենայնիվ, Երկրին նման չեն իրենց քիմիական բաղադրությամբ եւ ներքին կառուցվածքով: «Շատ հնարավոր է, որ Երկրի վրա կյանք չառաջանար, եթե, օրինակ, մեր Արեգակնային համակարգում չլիներ Յուպիտերի նման հսկա մոլորակը: Յուպիտերը մեզ նաեւ պահպանում է հզոր երկնաքարերի հարվածներից: Ըստ մեր վերջին հաշվարկների` Յուպիտերի ներկայությունը բերել է Երկրի քիմիական բաղադրության փոփոխման: Երկիրն այլ քիմիական բաղադրություն կունենար, եւ կյանք չէր առաջանա, եթե մեր Արեգակնային համակարգում չլինեին Յուպիտերը եւ Սատուրնը: Նման ֆիզիկա գործում է նաեւ մյուս մոլորակային համակարգերում: Ընդհանրապես, դինամիկ, քիմիական եւ ջերմային պրոցեսների սերտ կապը շատ հզոր է մոլորակների առաջացման պրոցեսով: Սա մի բնագավառ է, որտեղ մենք դեռ սովորում ենք քայլել…»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Գ. Իսրաելյանը: Ի դեպ, գիտնականների այս հետազոտության ամբողջական արդյունքները կհրապարակվեն 2012-ի մարտի 1-ին «Astrophysical Journal Letters» ամսագրում: