«Օսկարը» նոր ռեկորդներ սահմանեց

Երեկ գիշերն Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մեջ յուրօրինակ ռեկորդներ սահմանվեցին: Առաջին անգամ ֆրանսիացիները մեծ հաղթանակ տարան լոսանջելեսյան բեմում. սեւ-սպիտակ ֆրանսիական «Արտիստը» համր ժապավենը ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմ` արժանանալով ընդհանուր թվով 5 «Օսկարի» (նաեւ լավագույն ռեժիսոր` Միշել Հազանավիչուս, դերասան` Ժան Դյուժարդեն, լավագույն երաժշտություն եւ կոստյումներ): 5 «Օսկարի» արժանացավ նաեւ Մարտին Սկորսեզեի «Հյուգո»-ն, սակայն դրանք հիմնականում «տեխնիկական» մրցանակներ էին: Հատկանշական է, որ այս երկու ֆիլմի սյուժեի հիմքում էլ կինոյի պատմությունն է:

Օրիգինալ սցենարի համար «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմի սցենարիստ Վուդի Ալենն արժանացավ իր 4-րդ «Օսկարին» (վերջին անգամ ստացել էր 1987թ.), սակայն, իր սովորության համաձայն, չէր ժամանել արձանիկի հետեւից:

«Օսկարի» պատմության մեջ ռեկորդ սահմանեց նաեւ Մերիլ Սթրիփը. իր 3-րդ «Օսկարը» նա ստացավ «Երկաթե լեդի» ժապավենում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին մարմնավորելու համար: Դերասանների շրջանում «Օսկարների» թվով նա հավասարվեց Ջեկ Նիկոլսոնին, սակայն Սթրիփի ռեկորդը դեռ ոչ ոք չի կարող կրկնել. ոսկե արձանիկին նա հավակնում էր 17-րդ անգամ, թեեւ վերջին անգամ ստացել էր 29 տարի առաջ: Բեմի վրա իր խոսքում նա նշեց. «Ես իրականում հասկանում եմ, որ այլեւս երբեք այստեղ չեմ լինի, ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ հին ու նոր ընկերներին, իմ այն ընկերներին, ովքեր մահացել են: Այժմ իմ ամբողջ կյանքն իմ աչքերի առջեւ էգ»:

Այս տարի փոխվեց «Օսկարի» պատմության մեջ ամենածեր մրցանակակիրը. «Սկսնակները» ժապավենում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Օսկարի» արժանացավ 82-ամյա Քրիստոֆեր Պլամերը, ով դիմելով արձանիկին՝ կատակով ասաց. «Դու ընդամենը երկու տարով ես ինձանից մեծ»: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Օկտավիա Սպենսերը («Սպասուհին»):

«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության, թերեւս, ամենահետաքրքիր իրադարձությունը իրանական «Ամուսնալուծություն» ժապավենի հաղթանակն էր «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Նախ, Կինոակադեմիայի պատմության մեջ իրանական ֆիլմն առաջին անգամ էր մրցանակ ստանում, եւ երկրորդ, դա տեղի ունեցավ ԱՄՆ-Իրան գերլարված քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա: Մրցանակը ստանալիս ռեժիսոր Ասգար Ֆարհադին ասաց. «Այժմ շատ իրանցիներ ամբողջ աշխարհում դիտում են մեզ, եւ ես պատկերացնում եմ, թե որքան երջանիկ են նրանք: Ոչ միայն կարեւոր մի մրցանակի, ֆիլմի կամ կինոգործչի համար, այլ` որովհետեւ մի ժամանակահատվածում, երբ քաղաքական գործիչների միջեւ պատերազմի մասին խոսակցություններ, սպառնալիքներ եւ ագրեսիա են փոխանակվում, նրանց Իրան երկրի անունը հնչում է այստեղ, մի փառահեղ, հարուստ եւ հին մշակույթ, որ թաքնվել էր քաղաքականության փոշու տակ: Ես հպարտությամբ նվիրում եմ այս մրցանակը իմ երկրի ժողովրդին, ով հարգում է բոլոր մշակույթները եւ քաղաքակրթությունները»: Հիշեցնենք, որ իրանական այս ժապավենն արժանացել է մի քանի տասնյակ մրցանակի, այդ թվում՝ երեւանյան «Ոսկե ծիրանի»:

ԹՈՄՍՈՆ