Գարունը դիմավորենք գեղարվեստորեն թափթփված վարսերով

Գարնանը հետաքրքիր, նորաձեւ սանրվածք եւ վարսերի երանգ ունենալ ցանկացողներին այս հրապարակումը կարող է օգտակար լինել:

BRAVO.am-ը զրուցել է վարսահարդարման ոլորտի մասնագետներից մեկի` Էդվարդ Պողոսյանի հետ, ով մասնակցում է միջազգային վարսահարդարման մրցույթների եւ գիտի` ինչ են թելադրում պրոֆեսիոնալները, օրինակ` նորաձեւության կենտրոն համարվող Միլանում:

Էդվարդ Պողոսյանի խոսքով` 2012-ի գարնանն արդիական կլինի գեղարվեստական թափթփվածությունը. «Կտրվածքների մեջ նորաձեւ են համարվում «բոբ» հիմքի վրա կառուցված անհամաչափ, կոնտրաստային լուծումներով կտրված մազերը, նաեւ շեղ կտրվածքով ճակատի մազափնջերը, իսկ գունային երանգներից պրոֆեսիոնալներն ընտրում են մետաղական երանգներին մոտ գույներ: Այլեւս նորաձեւ չեն շատ ճոխ սանրվածքները. որքան համեստ, այնքան լավ: Անցած էտապ են համարվում մեծ ծավալներով կոսերն ու հյուսքերը, փոխարենը` նորաձեւ է գեղարվեստական թափթփվածությունը, ինչը Հայաստանում դեռ չի նկատվում»: Երեկոյան ու կոկտեյլային սանրվածքների մեջ կարելի է կիրառել փետուրե մազակալ, առօրյայում էլ` ավելի փոքր ու համեստ մազակալներ. «Ամենօրյա հարդարումը պետք է տարբերել երեկոյան սանրվածքից, նույնը դիմահարդարման մեջ է. այստեղ մարդու զարգացածության աստիճանն ու ճաշակը լավ երեւում է»: Էդվարդի համոզմամբ` յուրաքանչյուր հաճախորդի համար անհատական մոտեցումն ամենակարեւորն է, ինչից էլ երեւում է վարսահարդարի արհեստավարժությունը. «Տենդենցները մի կողմ դնելով` մասնագետը պետք է տեսնի տվյալ մարդու դիմագծերը, մազերի, մաշկի գույնը, մազերի որակն ու երկարությունը, որ ընդհանուր նորաձեւությունից համապատասխանը վերցնի ու առաջարկի հաճախորդին»:

Իսկ ի՞նչ խորհուրդ չի տալիս վարսահարդարն անել սեփական վարսերի հետ. «Եթե կինը ցածրահասակ է, նա չպետք է ունենա շատ երկար վարսեր, ինչը տեսանելիորեն ավելի կկարճացնի իր հասակը: Խորհուրդ չեմ տալիս մազերի տակից երկար մազափնջեր ավելացնել, այլ գլխավերեւի մասում ծավալ հաղորդեք, որ ավելի բոյով երեւաք: Առօրյայում ընդամենը պետք է ունենալ ճիշտ կտրվածք, եթե ներկված մազեր են, ապա գունային լավ երանգ ու հնարավորինս թեթեւ հարդարված մազեր: Միգուցե երկու տարի առաջ արդուկած կամ շքեղ ալիքներով վարսերը գեղեցիկ էին նայվում, հիմա մի քիչ ծիծաղելի են»: Էդվարդ Պողոսյանը խոսել է նաեւ տղամարդկանց մազերի կտրվածքներից. «Հայ տղաների զգալի մասի մոտ բացակայում է նորաձեւությունը, որովհետեւ վաղուց այլեւս նորաձեւ չեն ճակատի վրա երկար մազափնջերը, փոխարենը ետ սանրված կարճ մազերն ավելի արդիական են: Շատ քիչ տղաներ էլ ունեն երկար մազեր, որ պոչիկ են կապում, ինչը վատ չէ, որովհետեւ ընդհանուր մասսայից առանձնանում են»: Զրուցակցիս խորհուրդների հիմքում Վարսահարդարների աշխարհի առաջնության նորարարություններն են, որին հայ մասնագետն ունի իր մասնակցությունը. նախորդ տարվա սեպտեմբերին Միլանում կայացած «World Hairdressing Championship 2011» միջազգային առաջնությանը մեր հայրենակիցը հաղթել է «Afro Total Look» անվանակարգում` ստանալով ոսկե մեդալ ու չեմպիոնի կոչում. «Հայաստանից միայն ես չեմ եղել, իմ գործընկերներից մի քանիսն էլ են մասնակցել` հանդես գալով տարբեր անվանակարգերում: Դիմահարդարում ու եղունգների դիզայն եւս կար: Աֆրիկյան ոճի սանրվածք արեցի. ավանգարդ ուղղվածության սանրվածք ստացա սեւամորթ մոդելի հետ, որին գտել էինք հենց տեղում»: «Առաջնության ժամանակ մրցանակային սանրվածքները հաջորդ տարվա համար դառնում են թելադրող տենդենց: Հպարտորեն կարող եմ ասել, որ իմ աշխատանքն էլ ընդգրկել են տենդենցների ցանկում: Այն սեւ ու սպիտակ երանգներով է, կարելի է օգտագործել երեկոյան սանրվածքի մեջ»,- հավելել է Էդվարդը:

Նա 2005-ին հաղթել է Լատվիայում կայացած վարսահարդարների մրցույթում, 2006-ին Մոսկվայում ստացել է 3-րդ մրցանակ, 2008-ին Չիկագոյում ստացել է ոսկե մեդալ` Հայաստանում ծավալած գործունեության համար, 2009-ին մասնակցել է` Լոնդոնում, 2010-ին` Փարիզում կայացած մրցույթներին. «Բոլոր մրցույթներին մասնակցել եմ իմ ֆինանսական միջոցներով, իմ բազային գիտելիքներով: Եվրոպական երկրներում իմ գործընկերները պարգեւատրում են ստանում պետական կառույցների կողմից, մեր երկրում անգամ հեռուստաընկերությունները հետաքրքրված չեն միջազգային այս կարգի մրցույթներով»,- նշել է Էդվարդը: Վարսահարդարն աշխատավայրում իր մրցանակներն ու դիպլոմները չի ցուցադրում, դրանք պահում է տանը: Նրա նպատակներից մեկը սեփական սրահ ունենալն է, որտեղ պատից կկախի աշխատանքային ձեռքբերումները:

Ի դեպ, Էդվարդն իր առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետ` Երեւանի պետական կոնսերվատորիայում. «Ուսումս համերգով եզրափակեցի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում… Դեռ առաջին կուրսից հետաքրքրված էի ոճաբանությամբ, որոշեցի տիրապետել վարսահարդարման արվեստին, կարճ ժամանակ անց առաջարկեցին մասնակցել Հայաստանի վարսահարդարների ու դիմահարդարների բաց առաջնությանը, մի քանի տարի այստեղ հաղթել եմ, հիմա ժյուրիի կազմում եմ ընդգրկված»: