Նոր ընտրական օրենսգիրքը՝ լրագրողների աչքերով

Նախընտրական շրջանը պաշտոնապես բացված է. մարտի 12-ից Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց ընդունել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրումների մասին հայտերը: Մարտի 12-ից մինչեւ 22-ը կուսակցությունները կարող են առաջադրել թեկնածուների ցուցակները: Պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին, սակայն արդեն բոլորը, ինչպես ասում են, շնչում են ընտրություններով: Մանավանդ` ԶԼՄ-ները։ Հաշվի առնելով նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած, մեղմ ասած` խախտումները, ԶԼՄ-ների մասնակցությունն այդ գործընթացին դառնում է էլ ավելի կարեւոր: Ընտրությունների ընթացքն ու դրան հետեւող իրադարձությունները մշտապես գտնվում են լրատվամիջոցների ուշադրության ներքո, շատ հաճախ նրանց լուսաբանումներն էլ հետագայում ընդգրկվում են այս կամ այն զեկույցում: Լրահոսի հիմնական թեման առաջիկա ընտրություններն են, եւ ԶԼՄ-ների միջեւ իսկական մրցակցություն է սկսվել՝ ո՞վ ավելի շուտ կբացահայտի այս կամ այն ուժի համամասնական ցուցակը, կամ որ ընտրատարածքում ով է առաջադրվելու եւ ում աջակցությամբ։ Թեպետ մարտի 22-ին այդ բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան, սակայն լրատվական դաշտն այնքան է տարվել դրանով, որ կոնկրետ իրենց՝ լրագրողներին վերաբերող դրույթները, իրենց մասնակցության կանոններն ու իրավունքները, մի տեսակ մղվել են երկրորդ պլան։

Նոր ընտրական օրենսգիրքը՝ իր կոնկրետ հոդվածներով, առայժմ ուշադրության չի արժանանում։ Նոր ԸՕ-ի, դրա առանձին դրույթների եւ խնդրահարույց հոդվածների շուրջ զրուցելու նպատակով փետրվարի 21-ին «Պրեսսինգ» ակումբում կազմակերպվեց «Ընտրական օրենսգրքի բացերն ու երկակի ընկալումները» խորագրով հերթական քննարկումը՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցում էին Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Մեսրոպ Հարությունյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Մարիամ Բարսեղյանը, «Ա1+» լրատվական կայքի լրագրող Մհեր Արշակյանն ու «168 Ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը: Քննարկումը վարում էր Բաբկեն Թունյանը: Առաջ անցնելով` նշենք, որ լրագրողներն ընդհանուր առմամբ նոր ընտրական օրենսգրքից դժգոհ չեն, կոնկրետ իրենց վերաբերող մասով լուրջ խնդիրներ չեն տեսնում։ Սակայն կան որոշ կետեր (օրինակ՝ ընտրությունների ընթացքը նկարահանելու վերաբերյալ), որոնք կարող են անակնկալ մատուցել նաեւ լրագրողներին։ ԶԼՄ-ների քննարկման հետ, ինչպես խոստացել էինք, հրապարակում ենք նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հարցազրույցը։ Այդ հարցազրույցում քննարկվել է թե՛ ընտրությունների հրապարակայնության խնդիրը, թե՛ ԸՕ այն հոդվածները, որոնք երկակի ընկալումների տեղիք են տալիս:

Ինչպես նշեցինք, լրագրողները ԸՕ-ով այնքան էլ չեն հետաքրքրվում եւ տեղեկանալով կոնկրետ իրենց վերաբերող դրույթներին՝ մտահոգության տեղիք եւ խնդիրներ գրեթե չեն տեսնում (ի տարբերություն քաղաքական ուժերի եւ դիտորդական կազմակերպությունների)։ Այդ իսկ պատճառով, քննարկումը որոշակիորեն շեղվեց բուն նյութից՝ ընտրական օրենսգրքի վիճահարույց հոդվածների շուրջ բանավեճ՝ որպես այդպիսին, տեղի չունեցավ։ Սակայն ընդհանրապես ընտրական գործընթացների եւ հնարավոր խնդիրների շուրջ ծավալվեց բավականին հետաքրքիր զրույց։ Նախ` անդրադարձ եղավ բազմակարծության ապահովմանը եւ անվճար եթերաժամանակին։ Նախորդ քննարկումների ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել էին, թե իրենք դիմել են հեռուստաընկերությունների ղեկավարներին, որպեսզի քարոզչության ընթացքում քաղաքական ուժերին հատկացվող եթերաժամերը հատկացվեն, այսպես ասած` «prime time»-երին, միաժամանակ հույս չունենալով, թե դրական պատասխան կստանան: Անդրադառնալով այս խնդրին` լրագրողները նկատեցին, թե որեւէ հեռուստաընկերություն նման քայլի չի դիմի: «Իհարկե, չի լուծվելու այդ խնդիրը: Իշխանությունները չեն թողնի, որպեսզի ամենադիտվող ժամերին ընդդիմությունը 5 րոպե մեղադրանքներ հնչեցնի իրենց հասցեին»,- նկատեց Մ. Արշակյանը: Իսկ Մ. Հարությունյանն էլ նշեց, թե հեռուստաընկերությունների առջեւ որեւէ մեկը չի կարող նման պահանջ ներկայացնել, եւ նրանք հեռարձակում են իրենց համար ցանկալի ժամին: «Իրականում հենց ամենադիտվող ժամերին պետք է հեռարձակեն քաղաքական ուժերի ելույթները, բայց իրենք ասում են, որ սերիալ ունեն այդ ժամերին: Ի դեպ, Առաջին լրատվականում ժամերը չեն հաշվում ժամը 20:00, 21:00 եւ այլն, եթե նկատել եք, նրանք հաղորդումների հաջորդականությունը հայտարարում են այսպես. ֆուտբոլը դիտեք «Աննա» սերիալից հետո, եւ այլն: Նրանց մոտ ժամ հասկացողություն չկա, սերիալներով են առաջնորդվում»,- ասաց Մ. Հարությունյանը: Նրա խոսքով` Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` Հանրային հեռուստատեսությունում մեկ կարծիքի գերակշռությունն արգելվում է, եւ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ապահովի բազմակարծություն եթերում:

«Իսկ թե Հանրային հեռուստաընկերությունը դա ապահովելու համար ի՞նչ ձեւ կընտրի, որեւէ մեկը նրան չի կարող պարտադրել, որովհետեւ նման կարգավորումներ գոյություն չունեն»,- ասում է Մ. Հարությունյանը` հավելելով, թե ԸՕ համաձայն` լրատվական թողարկումներում ընտրարշավի վերաբերյալ հեռուստաընկերությունները պետք է հաղորդեն անկողմնակալ տեղեկատվություն: «Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հեռուստաընկերությունները հիմնականում հավասարաչափ են աշխատում: Հիմնական անհավասարությունը նկատվում է նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետեւ համարում են, որ ԱԺ ընտրությունները իշխանության հարց չեն լուծում, եւ հեռուստաընկերություններում այդ բալանսը քիչ է խախտվում»,- նկատեց ԵՄԱ ներկայացուցիչը:

Խոսելով ընտրությունների ընթացքում լրագրողների դերակատարման մասին, Մ. Արշակյանը նշեց. «Լրագրողը պետք է իմանա բաներ, որպեսզի տեղամասերում աղմուկ չբարձրացնեն: Օրինակ, Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ լրագրողներն աղմուկ են բարձրացրել` տեսնելով, որ ինչ-որ մեկը լուսանկարում է իր քվեաթերթիկը, ինչն օրենքով արգելված չէ»: Այս առնչությամբ, Մ. Հարությունյանն ասաց. «Ես դեմ եմ, երբ լրագրողներն աղմուկ են բարձրացնում: Դա վստահված անձանց գործառույթն է, իսկ լրագրողի ֆունկցիան այդ ամենի արձանագրումն է: Երբեք լրագրության մեջ չեմ ընդունել, երբ լրագրողը դառնում է բանավիճող, բողոքող կողմ: Լրագրողի գործը տեղի ունեցածի լուսաբանումն է»:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներից շատ, թերեւս, ոչ ոք ականատես չի եղել այն երեւույթին, երբ ընտրական տեղամասը շրջապատում են «թաղի տղերքն»՝ իրենց Ջիփերով, խմբերով կանգնում եւ հոգեբանորեն ազդում ընտրողների վրա։ Այդ պատճառով հատուկ անդրադարձ եղավ նաեւ ԸՕ 21-րդ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի` արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը (սույն մասի դրույթների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից): Ի՞նչ է նշանակում` մեքենաների կուտակում, քանի՞ մեքենայի/այլ փոխադրամիջոցների առկայությունն է համարվում կուտակում: Լրագրողն իր լրատվամիջոցին տեղեկատվություն հաղորդելու ժամանակ քանի՞ մեքենայի առկայության դեպքում պետք է նշի, որ այս կամ այն տեղամասի մոտ մեքենաների կուտակում կար: Ի պատասխան, Մ. Հարությունյանն ասաց, որ լրագրողը ոչ թե պետք է օգտագործի «կուտակում» բառը, այլ պետք է նշի, թե թվով քանի մեքենա կար կանգնած տեղամասի մոտ: «Ընդհանրապես օրենքների մեկնաբանման իրավունք ունեն ԱԺ-ն եւ Սահմանադրական դատարանը, եւ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ես չունեմ դրա պատասխանը, ես չգիտեմ` երկու մեքենա՞ն է կուտակում համարվում, երե՞ք, թե՞ երկու Ջիփն ու երեք հատ Ժիգուլին: Կարող է մեկ Ջիփ կանգնի տեղամասի մոտ, որի միջից 7 հատ սափրագլուխ դուրս գա, եւ դա համարվի կուտակում, իսկ երկու կամ երեք «Զապորոժեց» լինի կանգնած, բայց դա կուտակում չլինի, որովհետեւ նրանց միջից շատ-շատ 5 հատ սափրագլուխ դուրս գա»,- ասաց Մ. Հարությունյանը: Իսկ Մ. Արշակյանն էլ հավելեց, թե լրագրողը պետք է ոչ միայն նշի, այլեւ լուսանկարի եւ այն տեղադրի համապատասխան լրատվամիջոցում: «Հազար մեքենան նույնպես կուտակում չէ, եթե օրենքում դա ամրագրված չէ»,- ասաց Արշակյանը:

Քննարկման մասնակիցների խոսքով` լրագրողներն ու դիտորդներն իրավունք չունեն միջամտելու ընտրական որեւէ գործընթացի, քանի որ նրանց գործառույթն ընդամենը փաստերի արձանագրումն է: Նաիրա Մամիկոնյանի դիտարկմամբ` տեղամասերում տեղի ունեցող ցանկացած խախտման դեպքում լրագրողն ընդամենը պետք է մեկնաբանություն վերցնի ընտրահանձնաժողովի նախագահից, անդամներից, սակայն իրավունք չունի «պառկել քվեատուփի վրա»: «Լրագրողը նման իրավունք չունի»,- նկատեց Ն.Մամիկոնյանը:

Ա. Ավետյանի խոսքով` նման դեպքերում, երբ լրագրողը դիմում է ոստիկանին` նրա ուշադրությունը հրավիրելով տեղի ունեցողին, ոստիկաններն ասում են, որ դա իրենց հետ չի առնչվում։ «Նրանք ասում են, որ եթե իրար չեն հարվածում, մենք այնտեղ գործ չունենք, դա հանձնաժողովի նախագահի լիազորությունների շրջանակներում է»,- ասաց Ա. Ավետյանը: Մ. Հարությունյանի դիտարկմամբ` ամենաարդյունավետ միջոցը նման միջադեպերն արձանագրելու համար տեղամասերում տեսախցիկների տեղադրումն է։ «Վերջ: Դրանից լավ միջոց չկա»,- ասաց նա: Մ. Բարսեղյանն էլ նկատեց. «ԿԸՀ-ում կարող է այդ ամենն արվել, բայց ԿԸՀ-ում էլ չեն կարող այդքան տեսախցիկ տեղադրել: Տեղամասերում, հնարավոր է, շատ նորմալ ընտրություններ տեղի ունենան, բայց թե ինչ կլինի ԿԸՀ-ում` ոչ ոք չի կարող ասել»:

ԸՕ 6-րդ հոդվածի 12-րդ կետն անմիջականորեն վերաբերում է առաջին հերթին լրագրողներին։ Այդ կետի համաձայն, ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ` քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա լինելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ` վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ` քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:

Արդյո՞ք ընտրողները նույնպես կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել ընտրատեղամասը` օգտագործելով իրենց հեռախոսները:

Մեր նախորդ քննարկումների ընթացքում էլ այս հարցը տարբեր մեկնաբանությունների արժանացավ, ինչը ենթադրում է, որ ԸՕ այս հոդվածը նույնպես խիստ վիճահարույց է: ԶԼՄ-ների ներկայացուցիչները նույնպես տարբեր կերպ էին մեկնաբանում այս հոդվածը:

Մ. Բարսեղյանի համար, օրինակ, անհասկանալի էր, թե ինչու պետք է ընտրողը լուսանկարի իր քվեաթերթիկը: «Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ պետք է ընտրողը ցանկանա լուսանկարել: Նման դեպքեր եղե՞լ են»,- նշեց նա: Մյուս լրագրողներն, ի պատասխան, ասացին, որ նման լուսանկարներն անհրաժեշտ են ընտրակաշառք տվողին որպես ապացույց ներկայացնելու համար: Մ. Հարությունյանի խոսքով` առաջին անգամ նման դեպք գրանցվել է 4 տարի առաջ, Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Իսկ արդյո՞ք դա օրենքի խախտում է: Մ. Արշակյանի խոսքով` ոչ, դա ընտրախախտում չէ, որովհետեւ ԸՕ-ում նման արգելք չկա: «Հայաստանում օրենքները գրվում են ըստ տագնապների, եւ մենք էլ ըստ տագնապների մեկնաբանում ենք: Նորմալ որեւէ երկրում նման հարց չէր կարող բարձրացվել: Ի՞նչ հիմքով պիտի ինձ արգելեն լուսանկարել իմ քվեաթերթիկը»,- ասաց նա:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պնդմամբ` դա ընտրության գաղտնիության սկզբունքի խախտում է, ինչին, սակայն, նա համաձայն չէր` ասելով, որ դա իր իրավունքն է: Մ. Բարսեղյանի խոսքով, սակայն, եթե օրենքում գրված չէ, որ կարելի է, ուրեմն` չի կարելի. «Դրա համար էլ այդ կետը չի ամրագրվել ԸՕ-ում: Պատկերացրեք, որ տեղամաս մտնող բոլոր ընտրողները սկսեն լուսանկարել իրենց քվեաթերթիկները, դրա տրամաբանությունը ո՞րն է: Ինձ թվում է, օրենքի հեղինակները` իմանալով, որ դա օրենքի խախտում է, դրա համար էլ չեն ամրագրել օրենքում: Ընդհանրապես ԸՕ-ն ընտրական գործընթացը կազմակերպելու մասին է, եւ ընտրողի իրավունքն այնտեղ ամրագրված չէ: Ամեն ինչ չի կարող արձանագրվել օրենքում»:

Ի պատասխան, Մ. Արշակյանն ասաց. «Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդ ունի կյանի իրավունք: Կարիք կա՞ նման բան գրելու»:

ԸՕ 65-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: «Արդյո՞ք միեւնույն անձը կարող է օգնել քվեարկության ներկայացած ընտրողներին մեկ այլ, մեկից ավելի տեղամասերում, եւ եթե` ոչ, ապա ինչպե՞ս է վերահսկվելու/բացառվելու նույն անձի` մի քանի տեղամասերում ընտրողներին օգնելու հնարավորությունը» հարցին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողը պատասխանեց, թե օգնողը չի մտածում, որ օգնության կարիք ունեցող քաղաքացուն օգնում է «ինչ-որ կեղծիք կատարելու համար»: «Մտածում է, որ նա օգնության կարիք ունի եւ օգնություն է ցուցաբերում նրան: Տրամաբանորեն մեկ մարդը չի կարող բոլոր ընտրատեղամասերում լինել եւ օգնություն ցուցաբերել»,- ասաց Մ. Բարսեղյանը: Բ. Թունյանի հարցին, թե այդ դեպքում ԸՕ-ում ինչո՞ւ է նման սահմանափակում դրվել, Մ. Բարսեղյանը պատասխանեց. «Ապահովագրել են նման դեպքերը»:

Խոսելով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների բարձրացրած մտահոգության մասին, այն է` դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը կարող է զրկվել իր գործունեությունից, եթե իր անդամներից որեւէ մեկը «աջակցություն» ցուցաբերի այս կամ այն քաղաքական ուժին, լրագրողները նախ փորձեցին հասկանալ, թե ինչ է նշանակում` «աջակցել»: «ԸՕ-ում նման կետի ամրագրումը կարող է բացատրվել միայն նրանով, որ դիտորդական այս կամ այն կազմակերպությունը կարող է կանխակալ լինել»,- ասաց Մ. Հարությունյանը: Ն. Մամիկոնյանի խոսքով` նախորդ ընտրությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ դիտորդական որոշ խմբեր հայտարարել են այս կամ այն քաղաքական ուժին սատարելու մասին: «Կար նման մի կազմակերպություն, որն ընտրություններից հետո հայտարարություն տարածեց, թե ամեն ինչ նորմալ է եղել, որեւէ խախտում չի արձանագրվել, եւ այլն: Հետագայում պարզվեց, որ նա ՀՀԿ-ին էր սատարում»,- ասաց Ն. Մամիկոնյանը: «Ամենամեծ դիտորդական առաքելությունը Հայաստանում անցկացնում է «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն, որը բոլոր տեղամասերում դիտորդներ է ունենում: Եվ դժվար չէ 2000 անդամ ունեցող կազմակերպության մեջ մի հատ «30 արծաթանոց» գտնել, որը կհայտարարի, որ պաշտպանում է այսինչ քաղաքական ուժին, ու ամբողջ կազմակերպությանը կզրկեն դիտորդական առաքելությունից: Իհարկե, այդ մտավախությունը տեղին է»,- ասաց ԵՄԱ փորձագետ Մ. Հարությունյանը:

Լուս.` Սերժ ԴԱՎԻԴՈՎ