Չի ուզում բացել փակագծերը

Գերմանական Կիլ քաղաքում մարտի 31-ին Արթուր Աբրահամը WBO վարկածով Եվրոպայի ուժեղագույն բռնցքամարտիկի կոչումը կվիճարկի լեհ Պյոտր Վիլշեւսկու հետ: Յուրաքանչյուր մենամարտից մեկ շաբաթ առաջ Արթուրը գրեթե ամբողջությամբ դադարեցնում է կապը լրատվամիջոցների հետ` առաջիկա մենամարտի նախապատրաստության ընթացքում չշեղվելու համար: Երկրորդ միջին քաշային կարգում Աբրահամն անցկացրել է 36 մենամարտ, որոնցից 33-ում հաղթանակի է հասել: Վիլշեւսկու հետ մենամարտով Արթուր Աբրահամը սկսում է իր նոր վերելքը այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու համար: Մենամարտից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Աբրահամի հետ:

– Արթուր, մենամարտի նախապատրաստական փուլն անցավ, ինչպես որ դու նախատեսե՞լ էիր: Որեւիցե խնդիր չկա՞ ռինգ դուրս գալուց առաջ:

– Ամեն ինչ շատ լավ է: Ես իմ թիմի հետ գտնվում եմ Քիլբաուն քաղաքում, որը Գերմանիայում հայտնի է որպես մարզիկների հավաքատեղի, ինչպես, օրինակ` Ծաղկաձորը Հայաստանում: Արդեն հինգ շաբաթ է` այստեղ ենք, եւ, բնականաբար, ծանրաբեռնված պատրաստվում եմ առաջիկա մենամարտին: Այստեղ հիմնականում ես սպարինգներ անցկացրեցի, որոնք կավարտեմ մոտ օրերս: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է, լավ մարզավիճակում եմ, վնասվածքներ չունեմ: Պատրաստվում եմ այնպես, ինչպես որ ծրագրավորված էր:

– Այս պահին դու եւ մարզիչներդ ավելի խորն եք ուսումնասիրել Վիլշեւսկուն: Ինչպե՞ս կբնութագրես մրցակցիդ:

– Վիլշեւսկուն թերագնահատել չի կարելի միանշանակ: Եվրոպայի չեմպիոն իզուր չեն դառնում, իսկ Վիլշեւսկին նման հաջողության հասել է արդեն: Ես ճանաչում եմ մրցակցիս` որպես շատ «պինդ» բռնցքամարտիկի: Ֆիզիկապես միշտ լավ պատրաստված է ու տիրապետում է շատ ուժեղ ու ծանր հարվածների: Մյուս կողմից էլ` հիմա թույլ բռնցքամարտիկներ նման աստիճանի մենամարտերում չկան: Յուրաքանչյուրի դեմ պետք է պատրաստվես յուրովի ու հասնես քո նպատակին:

– Իսկ քո եւ մարզչիդ կողմից ինչ-որ հատուկ գործողություն կա՞ մշակված Վիլշեւսկու դեմ:

– Ես հիմա չեմ ուզում բացել շատ փակագծեր, բայց նշեմ, որ հաշվի առնելով, որ Վիլշեւսկին տիրապետում է շատ ծանր հարվածների, պետք է ամեն ինչ անեմ, որ զրկեմ նրան հարվածելու հնարավորությունից:

– Այս պահի դրությամբ, կարծում ենք, դու մտածում ես Վիլշեւսկու հետ մենամարտի մասին: Հետագա մարտերը առայժմ քեզ չպետք է որ հետաքրքրեն:

– Իհարկե: Պետք է առուն թռնենք` նոր հոպ ասենք: Ես արդեն նշեցի, որ թերագնահատել մրցակցին չի կարելի: Պետք է այս մենամարտը անցկացնենք ու հաղթենք, հետո նոր մտածենք մյուսների մասին: Հակառակ դեպքում` մրցակիցը կօգտագործի մեր վրիպումը:

– Քո մարտավարության մեջ կա մի հատված, որ մարտի ընթացքում կիրառելու ես ու անցնես վճռական գործողությունների հետախուզումից հետո:

– Ճիշտն ասած, Վիլշեւսկու նման բռնցքամարտիկի հետ մարտում ես չեմ ուզում երկար հետախուզում անել: Ծանր քաշում ես զգացել եմ, որ երկար հետախուզման ժամանակ «հարվածող» բռնցքամարտիկները օգտագործում են առիթը եւ շատ հարվածներ անցկացնում` շոշափելով մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը: Ես միանգամից, առաջին ռաունդից հարձակողական ոճն եմ նախընտրելու: