«Աստղադիտարանում ստեղծվել է անառողջ հակաաշխատանքային իրավիճակ»,-ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Տեր-Ղազարյանը

Գ. Տեր-Ղազարյանն աշխարհում հայտնի գիտնականներից է: 1994թ. Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր գիտնական է, 2007թ. Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ եւ պատվավոր պրոֆեսոր, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ, մասնավորապես, ամերիկյան եւ եվրոպական մի շարք առաջնակարգ գիտական ամսագրերի փորձագետ է (Journal of Mathematical Physics (USA), Mathematical Review (USA), Phisica Scripta (Europe), INTAS): Ընդ որում` միջազգային ամսագրերում հրատարակել է 65-ից ավելի գիտական մեծածավալ հոդվածներ, որոնցից 5-ը մենագրություններ են: Դասախոսություններով հաճախ հանդես է եկել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Օմանի համալսարաններում: Նրա` գիտության մեջ նվաճումների մասին կարելի է երկար խոսել, որտեղ, սակայն, գիտնականն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է 1982-1996թթ. աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ սերտ համագործակցությունը,1982թ. աշխատում է Բյուրականի աստղադիտարանում:

– Հատկապես վերջին տարիներին Բյուրականի աստղադիտարանում բավական լուրջ խմորումներ են առաջացել: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք Աստղադիտարանի ներկա վիճակը:

– Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվի մեծամասնությունն արդեն հոգնել է տնօրեն Հայկ Հարությունյանի` Աստղադիտարանի համար վարկաբեկիչ ու կործանարար վարքից: Ակադեմիայի ղեկավարության եւ, մասնավորապես, նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի թողտվությամբ եւ հովանավորությամբ, Հ. Հարությունյանի ղեկավարման վերջին 8 տարիներին Հայկ Հարությունյանի կողմից կատարվել են գործողություններ, որոնք ուղեկցվել են կոպիտ օրինախախտումներով: Դրան նպաստել է նաեւ Հ. Հարությունյանի եւ իր փոքրաթիվ համախոհների ճնշման տակ գտնվող ու ղեկավարվող անօրինական` գիտական կոլեկտիվի կողմից չընտրված, անդեմ «գիտական խորհրդի» կամակատար գործելակերպը: Արդյունքում` փոշիացվել են Վ. Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ եւ Վիվա Սել-ի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունները, Աստղադիտարանին հատկացված դրամաշնորհները: Հ. Հարությունյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, հետեւողականորեն ազատվել է իր գործողություններին դեմ արտահայտվող գիտական աշխատակիցներից, որը նպաստել է գիտական ներուժի հետեւողական ոչնչացմանը: Աստղադիտարանում ստեղծվել է անառողջ հակաաշխատանքային իրավիճակ: Երիտասարդ աստղագետներն իրենց ապագան չեն տեսնում Բյուրականի աստղադիտարանում: Կոլեկտիվի 22 անդամները ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակում արդեն նշել են, որ Բյուրականի աստղադիտարանը չունի գիտական ծրագիր, չեն գործում Աստղադիտարանի 5 աստղադիտակներից եւ ոչ մեկը: Ընդ որում` այդ աստղադիտակների գինը հասնում է միլիոնավոր դոլարների:

– Այսինքն` ներկա վիճակը պայմանավորում եք տնօրեն Հայկ Հարությունյանի՞ գործոնով:

– Անպատճառ: Նա ապաշնորհ եւ վնասակար կազմակերպիչ է: Նրա կողմից խախտվել են մի շարք օրենքներ, իսկ ինքը մնացել է անպատիժ: Հ. Հարությունյանը նաեւ վարկաբեկված գիտնականի համբավ ունի գիտական հանրության մեջ: Ինչպես նշում են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Ա. Ղուկասյանին ուղղված իրենց պաշտոնական նամակում, Ա. Ալիխանյանի անվ. Ազգային լաբորատորիայի ֆիզմաթ գիտությունների 3 դոկտոր-պրոֆեսորներ` հայտնի ֆիզիկոս` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը, Վահագն Գուրզադյանը եւ Արա Սեդրակյանը, վերջին 20 տարիների ընթացքում Հ. Հարությունյանը զբաղվել է բացառապես հակագիտական գործունեությամբ: Սա նրանց գնահատականն է: Գիտության մեջ իր «ներդրումը» նա ամբողջությամբ ամփոփել է իր դոկտորական ատենախոսության մեջ, որը դրված է համացանցում, եւ այժմ իր ղեկավարած անօրինական «գիտական» խորհրդի» կողմից ներկայացված է պաշտպանության: Դա կատարվել է ԲՈՀ-ի կանոնակարգի կոպիտ խախտումներով, այդ թվում` չունենալով փորձաքննվող գիտական հանդեսներում տպագրված բավարար թվով հոդվածներ: Ռ. Մարտիրոսյանին ուղղված իր պաշտոնական նամակում նմանատիպ գնահատական է տվել նաեւ հայտնի աստղագետ, Կորնելի համալսարանի աստղագիտության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ Երվանդ Թերզյանը: Միեւնույն ժամանակ, իր հակագիտական հրապարակումներով Հ. Հարությունյանը վարկաբեկել է Բյուրականի աստղադիտարանի գիտական կոլեկտիվին` թե՛ իբրեւ այդ կոլեկտիվի անդամ, թե՛ իբրեւ այդ կոլեկտիվի ղեկավար-տնօրեն: Բացի դա, ինչպես նշում են վերոնշյալ մասնագետները, նա հատկապես վարկաբեկել է Վ. Համբարձումյանի հիմնադրած «Աստղաֆիզիկա» միջազգային գիտական հանդեսը, որտեղ գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի թողտվությամբ, 1996թ. մինչ այժմ ընկած ժամանակամիջոցում Հ. Հարությունյանը հրապարակել է իր հակագիտական 13 հոդվածները` առանց որեւէ մասնագիտական փորձաքննության: Քանի որ Հ. Հարությունյանը նաեւ աշխատում է որոշ երիտասարդների հետ, ապա անթույլատրելի է գիտություն մուտք գործող երիտասարդներին մոլորությունների մեջ գցելը: Նման պարագայում հասկանալի է, որ վարկաբեկված գիտնականի համբավ ունեցող եւ կոլեկտիվի 2/3-ի կողմից մերժված Հ. Հարությունյանը պարզապես բարոյական իրավունք չունի ղեկավարելու Աստղադիտարանի կոլեկտիվը:

– Չնայած Ձեր դիտարկումներին, Հ. Հարությունյանն այս տարվա հունվարին վերընտրվեց իր պաշտոնում: Տվյալ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը: Ո՞ւմ էր ձեռնտու նրա վերընտրվելը:

– Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Պարզապես մենք առաջին անգամ էինք հանդիպում այնպիսի դեպքի, երբ կոլեկտիվն ընտրում է մեկին, իսկ ԳԱԱ-ն նշանակում է մեկ ուրիշին: Նշեմ, որ կոլեկտիվի 2/3-ի կողմից ընտրվել էր «Գալակտիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արա Միրզոյանը: Մինչդեռ Ռ. Մարտիրոսյանն, առանց որեւէ բացատրության, արհամարհելով կոլեկտիվին, նշանակեց Հ. Հարությունյանին:

– Այնուամենայնիվ, Հ. Հարությունյանը, 8 տարի է, այդ պաշտոնում է: Ինչո՞ւ նրա դեմ խոսակցությունները սկսեցին վերջին տարիներին:

– Հաշվի առեք այն հանգամանքը, որ կոլեկտիվում վախի մթնոլորտ է տիրում, որտեղ գործածվում են արեւելյան հայտնի տեխնոլոգիաները: Ներկայում Աստղադիտարանում պարալիզացված վիճակ է: Տնօրենը մի քանի հոգու հետ մեկուսացվել է, այլ կերպ ասած` կոլեկտիվը երկպառակվել է: Եթե ստեղծված բարձիթողի վիճակը շարունակվի, ապա կկանգնենք Աստղադիտարանը կորցնելու վտանգի առջեւ: Նկատեմ, որ ԳԱԱ-ն Հ. Հարությունյանին նշանակել է 2 տարի փորձաշրջանով, ինչը, կարծում եմ, ծիծաղելի ձեւակերպում է, քանի որ վերջինս 26 տարի իշխանության վրա է: Իսկ փորձաշրջան նշանակում են նորեկի համար: Եթե այդ որոշումը շարունակի ուժի մեջ մնալ, ապա դա նշանակում է, որ Բյուրականի աստղադիտարանն իսպառ կվերանա:

– Ըստ Ձեզ` սա հատուկ քաղաքականությո՞ւն է:

– Անշուշտ: Դա հայտնի է բոլորին: Ներկայում Աստղադիտարանի 5 դիտակներից որեւէ մեկը չի աշխատում, այնինչ Հ. Հարությունյանն ամեն անգամ հեռուստաեթերով խաբում է հանրությանը, թե իբր դիտակներն աշխատում են, եւ այլն: Զարմանալի է, որովհետեւ կան փաստեր, որոնք կարելի է տեսնել:

– Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ նման պատկեր ունենալով, Հայաստանը հայտ էր ներկայացրել տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու համար:

– Այդ մասին խոսում են տնօրենն ու իր համախոհ մարդիկ: Դրանք շոուներ են, որոնք կատարում են Ռ. Մարտիրոսյանի պատվերները:

– Մեծ հաշվով` ի՞նչ է մնացել Բյուրականի աստղադիտարանից:

– Շինություններն ավերակ վիճակում են: Լաբորատորիաները չեն աշխատում, այլ կերպ ասած` մնացել է միայն վարչական շենքը:

– Ստացվում է այնպես, որ Աստղադիտարանի տարածքի վրա «ա՞չք են դրել»:

– Միգուցե, չեմ կարող ասել, բայց այն, որ դա որոշակի քաղաքականություն է` ակնհայտ է: Այսօր մենք ստրկացված վիճակում ենք: Սա է իրականությունը: Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում էինք հունվարին տեղի ունեցած ընտրությամբ, որից հետո, սակայն, կոլեկտիվն այլեւս ուժասպառ է եղել` չհավատալով որեւէ բանի: Մենք դեռ ավագ սերունդն ենք, որ ճանապարհ է անցել, իսկ երիտասարդներն ի՞նչ անեն` խորասուզվեն ստի մե՞ջ, թե՞ հեռանան երկրից:

– Պարոն Տեր-Ղազարյան, ՀՀ կառավարությունը փաստացի «մեծահոգաբար» վարվեց նաեւ Ալիխանյանի անվ. ֆիզիկայի ինստիտուտի հետ, որը փաստացի հայտնվել է փակման վտանգի տակ: Այսինքն` դա իշխանությունների` գիտության նկատմամբ վերաբերմո՞ւնքն է:

– Տվյալ պարագայում խնդիրը բավական բարդ է, եւ չէի ցանկանա դրան անդրադառնալ:

– Բայց չէ՞ որ երեւույթը նույնն է:

– Այդ իմաստով երեւույթը նույնն է, այսինքն` նշյալ ինստիտուտը փակել, տարածքները վերցնել: Բայց դրա պատճառն ավելի խորքային է, քանի որ մեր հարեւան պետությունները չեն ուզում, որ Հայաստանի պես փոքր երկիրն ունենա ֆիզիկայի ինստիտուտ: Այսինքն` ինչո՞ւ պետք է Հայաստանն ունենա ատոմակայան, ֆիզիկայի ինստիտուտ, արագացուցիչ եւ այլն, ինչը մեր երկրին տալիս է ավելի բարձր կարգավիճակ: Խնդիրն այլ է Աստղադիտարանի պարագայում` աստղագիտությունը ատոմային ռումբ չէ: Իսկ Աստղադիտարանը փակել հնարավոր չէ, քանի որ այն դեռ կրում է Վ. Համբարձումյանի անունը: Աստղադիտարանը փակելու համար պետք է Վ. Համբարձումյանի անունն այնքան նվաստացնեն, որ փակելու դեպքում տարաձայնություններ չառաջանան:

– Փաստորեն, Աստղադիտարանը գոյատեւում է բացառապես Վ. Համբարձումյանի «բրենդով», այո՞:

– Այո՛, այդ բրենդով մեծ առավելություններ ունենք մյուս ինստիտուտների նկատմամբ: Խորհրդային Միության փլուզումից հետո շատ ինստիտուտներ կանգնեցին խնդիրների առաջ, այնինչ մենք մեծ առավելություն ունեինք Վ. Համբարձումյանի բրենդի շնորհիվ:

– Մտավախություն չունե՞ք, որ Ձեր դիտարկումների համար կհեռացվեք աշխատանքից:

– Իհարկե, այդ մասին հայտարարում են նաեւ հիմա, ըստ որի` ՀՀ նախագահին ուղղված նամակի պատճառով կրճատելու են կոլեկտիվի 22 անդամներին, որոնք ստորագրել են նամակի տակ:

– Այսինքն` չե՞ք վախենում:

– Բացարձակ չեմ վախենում, եւ ինչո՞ւ վախենալ: Մարդիկ ընդամենը 30.000 դրամ են ստանում, եւ դրան զուգահեռ` անընդհատ արհամարհված վիճակում են: Ի վերջո, մենք Վիկտոր Համբարձումյանի ժամանակն ենք տեսել, իսկ ի՞նչ ասեն երիտասարդները: Գիտեք` ես Աստղադիտարանում ստեղծված իրավիճակին չէի միջամտի, եթե չլիներ երիտասարդների գործոնը:

– Ի վերջո, ի՞նչ ունենք այսօր:

– Ատղադիտարանի կոլեկտիվը կարողացավ համախմբվել Ա. Միրզոյանի ներկայացրած ծրագրի շուրջ, որտեղ բարձր էներգիաների աստղաֆիզիկային վերաբերող գիտական խնդիրների հետ մեկտեղ, հիմնական կետերից են նաեւ հետեւյալ առաջնահերթ խնդիրները. 1. բոլոր դիտակների աշխատանքային վիճակը վերականգնելը, առանց որի անհնար է Աստղադիտարանում հիմնական գիտական աշխատանքի կազմակերպումը, եւ 2. Աստղադիտարանի տարածքի կիսով չափ ոչնչացված` Բուսաբանական այգու նախատիպն ունեցող այգու վերակենդանացումը: Այս երկուսը գերխնդիրներ են, եթե նա կարող է կազմակերպել դա, հետեւաբար, պարտավոր է տնօրեն լինել:

– Դուք կրկին իրավիճակը անձերով եք պայմանավորում: Ինչո՞ւ:

– Ոչ թե անձերի, այլ առաջարկված ծրագրերի: Հ. Հարությունյանը միգուցե լավ մարդ է, բայց ես խոսում եմ նրա գործունեության հետեւանքների մասին: Խնդիրը բացարձակ չեմ անձնավորում, եւ կարեւոր է այն, որ վերջին 8 տարիներին Աստղադիտարանի տնօրենն ամեն ինչ արել է Ռ. Մարտիրոսյանի թողտվությամբ:

– Այսինքն` Հ. Հարությունյանը գործի՞ք է Ռ. Մարտիրոսյանի ձեռքում:

– Այո՛, եթե գործիք չլիներ, չէին նշանակի: Ուզում եմ կրկին ընդգծել, որ որեւէ ճնշումից չեմ վախենում, քանի որ խոսքը, տվյալ պարագայում, Աստղադիտարանի ապագայի մասին է: