Արթուր Աբրահամը նախընտրում է հայ աղջիկներին

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին եւ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտից հետո, որպես կանոն, գալիս է Հայաստան` հանգստանալու եւ «ոգեշնչվելու»:

Հերթական հաղթանակից հետո բռնցքամարտիկը կրկին Երեւանում է: Bravo.am-ի հետ չեմպիոնը խոսել է երկրպագուների համար ունեցած անակնկալի եւ իր նախասիրությունների մասին:

Երեւանում հանգստանում է

«Ինչպես միշտ, շատ հաճելի է, որ գրեթե ամեն մենամարտից հետո ինձ հաջողվում է գալ Հայաստան ու մի փոքր ոգեշնչվել: Ես կարոտում եմ իմ հայրենիքը, սիրում եմ այստեղ անցկացնել գոնե մի քանի շաբաթ: Իմ հողն ու ջուրը որ տեսնում եմ, ես արդեն հանգստանում եմ: Լինում եմ տատիկիս, քույր-եղբայրներիս, ընկերներիս կողքին. սա է իմ հանգստությունը: Ամեն անգամ Երեւան գալուց այցելում եմ պապիկիս շիրմին: Երեւանում ամենից շատ սիրում եմ այն տունը, որտեղ ծնվել եմ: Հիմա ապրում եմ այնտեղ»,- ասել է նա:

«Երեւան ամեն այցիս ժամանակ լավ փոփոխություններ եմ նկատում: Նոր ավտոբուսներն էլ քաղաքին լավ տեսք են տվել: Կամաց-կամաց զարգանում ենք:

Սիրում եմ ֆուտբոլ: Դա իմ հոբբին է: Հուսով եմ, որ մեր ֆուտբոլը զարգանալու է: Ուզում ենք, որ մեր թիմը միանգամից դառնա աշխարհի չեմպիոն, բայց այդպես չի լինի: Հավատացեք` որոշ ժամանակ անց կհասնենք աշխարհի մակարդակին, մեր ազգը չի սիրում ցածր մակարդակի վրա մնալ` կամ բարձր է, կամ չկա: Հուսով եմ, որ մեր ֆուտբոլն ավելի շատ կզարգանա ու «Արարատ 73»-ի նման լավ արդյունքների կհասնի»,- թղթակցի հետ զրույցում ասել է Արթուր Աբրահամը:

Նա պատմել է, որ վերջին մենամարտի իր մրցակիցը` լեհ Պյոտր Վիլշեւսկին, «շատ պինդ տղա է եղել», ինքն էլ լավ չարչարվել է։ «Բայց առանց չարչարանքի չես հաղթի: Կարեւորը` հաղթանակը մերն է: Դա ինձ որակավորում տվեց. հիմա ես WBO վարկածով առաջինն եմ, որը պարտավոր է մենամարտել աշխարհի չեմպիոնի հետ»,- ասել է բռնցքամարտիկը:

Մենամարտը տեղի կունենա օգոստոսի

25-ին` Գերմանիայում` Բեռլինում կամ Համբուրգում: Հայ բռնցքամարտիկի հավանական մրցակիցները երկուսն են` Ռոբերտ Շտիգլիցը կամ Ջորջ Գրովսը: «Երկուսը միասին կմենամարտեն, իսկ ես ռինգ դուրս կգամ հաղթողի հետ: Իմ կարծիքով` Ռոբերտ Շտիգլիցը կհաղթի: Նա նույնպես ապրում է Գերմանիայում, եւ Գերմանիայի երկրպագուների համար շատ ավելի հետաքրքիր մարտ է լինելու»,- նշել է նա:

Մարտի օրը, Արթուրի խոսքով, ինքն արթնանալու է առավոտյան 8-ին, 8:30-ին նախաճաշելու է, 10-ին մարզվելու է եւ 3 կմ վազելու է: Սափրվելու է, այնուհետեւ ժամը 13:00-ին կճաշակի հնդկահավի միս եւ սպագետի, 30 րոպե կզբոսնի, հետո 2 ժամ կքնի, իսկ ժամը 5-ին կարթնանա ու ավանդույթի համաձայն` մարզիչը կգա իրեն հաջողություն մաղթելու, հետո էլի կզբոսնի, 18:30-ին սպագետի կուտի, իրերը կդասավորի ու կսպասի մարտին, ինչպես անում է արդեն 8 տարի շարունակ: Իր համար նման օրակարգ սահմանել են հատուկ մասնագետները:

Սրտի վրա հետք է թողնում

Պարտությունների ժամանակ ծանր հոգեվիճակից դուրս գալու համար Արթուրն աշխատում է շատ չմտածել անհաջողության մասին։ «Անկեղծ ասած` ոչինչ էլ չի օգնում, դա մնում է մարդու սրտի վրա, հետք է թողնում: Հաղթանակները սովորական բան են դառնում, բայց երբ մեկ պարտություն է լինում, հոգուդ վրա ծանր է նստում: Ես միշտ գնում եմ հաղթելու, իմ դեպքում պարտություն չկա, ես միշտ գնում եմ դեպի հաղթանակ. դա է իմ մոտիվացիան»,- ասել է նա:

Արթուր Աբրահամն ասել է, որ Հայաստանում մարտ կազմակերպելու մեծ ցանկություն ունի, բայց դրա համար նաեւ հնարավորություններ են պետք։ «Մեր ընկերը` Վիկը, կազմակերպել էր, ինձ ասաց, որ դժվար է: Հայաստանում մարտ ունենալն իմ երազանքն է, այդ դեպքում ես հպարտ կլինեմ…»,- նշել է նա:

Ամեն անգամ նոր ձեռնոցով ռինգ դուրս եկող բռնցքամարտիկը պատմել է, որ «հաղթանակած» ձեռնոցներն աճուրդի են հանվում. «Կա մի հիմնադրամ, որտեղ տրամադրում եմ իմ «հաղթանակած» ձեռնոցները, նրանք աճուրդ են կազմակերպում եւ հասույթը տրամադրում արյան քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին»,- ասել է Արթուր Աբրահամը:

Խոսելով անձնական կյանքի մասին` Արթուր Աբրահամը նշել է, որ նորություն ունի։ «Շուտով կասեմ: Օրինականացնենք հարաբերությունները, նոր ասենք»,- ասել է նա: Բռնցքամարտիկն ասել է, որ այս հարցում միշտ առաջնությունը տվել է հայ աղջկան։ «Ամեն հայ սիրում է խելացի, ուրախ, շնորհքով, ոչ ձանձրալի աղջիկ, սիրված ոչ միայն իր ամուսնու, այլ նաեւ հասարակության կողմից»,- հավելել է նա: Արթուրն անդրադարձել է նաեւ այն շշուկներին, թե իր եւ Գոհար Գասպարյանի միջեւ կապ կա։ «Գոհար Գասպարյանի հետ լավ ընկերներ ենք, շատ հարգում ու սիրում ենք իրար: Ուրիշ ոչինչ չկա»,- ասել է նա:

Ի դեպ, Արթուր Աբրահամը Գերմանիա է մեկնելու ապրիլի 21-ին: