«Երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ»

Գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը հայ մարզասերին հայտնի դարձավ ապրիլի 14-ին` պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր հերթական հաղթանակը տոնելուց հետո: 23-ամյա Դավիթ Գրաֆի իսկական անունն է` Վահագն Սահակյան: Իսկ կեղծանունը կնքել է բռնցքամարտիկի մենեջեր Ժիրայր Բասմաջյանը, ով Վահագնին նմանեցրել է Սասունցի Դավթին: Դավիթ Գրաֆի հետ մենք խոսել ենք իր մանկությունից, հաջողություններից, նախասիրություններից:

– Ես մանկուց սիրել եմ բռնցքամարտը, չեմ կարող բացատրել` ինչու, բայց փոքրուց երազել եմ մտնել պրոֆեսիոնալ ռինգ: Պետք է խոստովանեմ, որ սպորտով ի սկզբանե հետաքրքրված եմ եղել. վաղ հասակում, երբ դեռ Երեւանում էինք ապրում, ես հաճախում էի լողի: Հետո սկսեցի զբաղվել նաեւ բռնցքամարտով: Առաջին հաջողությունս բռնցքամարտում ունեցել եմ 8 տարեկանում` Երեւանի` Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցում:

– Առհասարակ սպորտում ֆավորիտներ ունե՞ք:

– Պրոֆեսիոնալ բռնցքամարտում կան մարդիկ, ովքեր ինձ ուղեկցում են իմ մարզական կարիերայի ընթացքում: Շնորհակալ եմ իմ մենեջեր-խորհրդատուին` Ժիրայր Գրաֆ Բասմաջյանին, ով միշտ իմ կողքին է, միշտ քաջալերում է ինձ ռինգ մտնելուց առաջ: Գերմանիայում իմ մարզիչը Թորսեն Շմիտցն է, նրան եւս շատ երախտապարտ եմ իմ հաղթանակների համար, բայց եւ երբեք չեմ մոռանում Հայաստանում ունեցած իմ մարզիչներին, որոնք իմ կարիերայի հիմքն են դրել: Իսկ առհասարակ բռնցքամարտում սիրած մարզիկներ չունեմ. կուռքեր չեմ ստեղծում: Սիրում եմ Ռոյ Ջոնս կրտսերի ճարպկությունն ու արագությունը, Մուհամեդ Ալիի ոտքերի աշխատանքը:

Շաբաթվա 6 օրը օրական երկու անգամ մարզումներ ունեմ: Օր չունեմ, որ առանց բռնցքամարտի անցնի: Մարզումներից հետո նախընտրում եմ պասիվ հանգիստը: Զբաղվում եմ նկարչությամբ, զբոսնում եմ, երբեմն էլ ձկնորսության եմ գնում: Ամեն դեպքում, ազատ ժամանակս շատ քիչ է լինում ու հազիվ եմ հասցնում մի քիչ հանգստանալ: Նպատակ ունեմ, մինչեւ չիրագործեմ` չեմ հանգստանա…

Փոքր տարիքում երազում էի դառնալ աշխարհի չեմպիոն ծանր քաշային կարգում, իսկ հիմա արդեն հասուն եմ, այլեւս չեմ երազում. դա արդեն իմ նպատակն է: Հիմա կենտրոնացած մարզվում եմ դրան հասնելու համար: Գերազանց արդյունքը գերազանց պատրաստվածություն է պահանջում: Ես ձգտում եմ գերազանց արդյունք ցուցաբերել: Դա եւ իմ պատիվն է, եւ իմ մարզչի, եւ այն թիմի, որն ինձ հետ է աշխատում:

Ունեցել եմ վեց մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում, հենց Գերմանիայում: Փառք Աստծո, դեռ անպարտելի եմ: Հաջորդ մենամարտս մայիսի 5-ին է լինելու Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Անկեղծ ասած` մրցակցիս մասին առայժմ ոչինչ չգիտեմ: Նույնիսկ չգիտեմ, թե ում հետ եմ մենամարտելու: Առայժմ տքնաջան մարզվում եմ: Եթե հրաշալի մարզավիճակս ապահոված լինեմ մինչ այդ մենամարտը, ապա ինձ համար առավել եւս միեւնույն կլինի, թե ում հետ եմ մենամարտելու: Կարեւորը պատրաստ լինելն է: Սկսնակ մարզիկներին էլ խորհուրդ կտամ շատ մարզվել, լուրջ վերաբերվել մարզումներին, եւ մոռանալ, որ մենք տաքարյուն հայեր ենք, ու բռնցքամարտը ռինգից դուրս չօգտագործեն: Իսկ հայ մարզասերներին էլ մաղթում եմ համբերություն: Հույս ունեմ, որ ես էլ իմ հաղթանակներով կուրախացնեմ հայերին ու հայրենիքիս պատիվը բարձր կպահեմ:

– Եթե չեմ սխալվում, Դուք Ձեր առաջին պրոֆեսիոնալ դեբյուտում ռեկորդ եք սահմանել:

– Այո, այդ մենամարտս երբեք չեմ մոռանա: Դա եւ իմ առաջին մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, եւ առանձնացավ այդ միջադեպով: Մենամարտի մեկնարկից 3 վայրկյան ժամանակ էր անցել, երբ ես մեկ հարվածով նոկաուտի ենթարկեցի մրցակցիս: Մրցակիցս Լատվիան ներկայացնող Օլեգ Լոպաեւսն էր:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Հ.Գ. Մայիսի 5-ին Դավիթ Գրաֆի հետ նույն ռինգ կմտնեն նաեւ բռնցքամարտի ավելի փորձառու մարզիկներ Մարկո Հուկը, Ռոբերտ Շտիգլիցը, Ալեքսանդր Դմիտրիենկոն եւ այլք: Հուսանք, որ Դավիթ Գրաֆը պրոֆեսիոնալ բռնցքամարտում կտոնի իր 7-րդ հաղթանակը: