Պերսոնաժ

ՀԱԿ շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկվա հանրահավաքում հայտարարել է, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Մկրտիչ Մինասյանը` «օգտվելով աներոջ հովանավորությունից եւ անսպառ ֆինանսական միջոցներից, իր եւ իր լոյալիստների միջոցով արդեն տիրացել է մի քանի հեռուստատեսությունների եւ լրատվամիջոցների, իր ձեռքում կենտրոնացրել գովազդային դաշտը, ստանալով լրատվական միջոցների վրա ազդելու անուղղակի լծակներ»: «Հիմա ես կխոսեմ մի հետաքրքիր պերսոնաժի մասին, մի երիտօլիգարխի մասին, որը, ըստ էության, մնացել է ռեժիմի վերջին քարոզչական զենքը, եթե կուզեք, վերջին հույսը: Այդ մարդը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարխը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր մյուս օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է` մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը մանիպուլյացնելու տոտալիտար մի համակարգ»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Այսօր այդ մեքենայի գլխավոր թիրախը դարձել են այն ուժերը, որոնք ձեւավորել են ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբը եւ փորձում են այն արդյունավետորեն աշխատեցնել: Այս գեբելսյան տեղեկատվական համակարգի միակ զբաղմունքն է` տարբեր տեսակի տեղեկատվական սադրանքներով եւ դիվերսիաներով քայքայել միասնական շտաբի գործունեությունը»: