Ովքեր են կողմ գիտության ֆինանսավորման ավելացմանը

Գիտության եւ կրթության զարգացման խնդիրները ժողովրդավարական երկրներում գտնվում են պետության առաջնահերթությունների շարքում: Նման երկրներում գիտությունը ֆինանսավորվում է ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով: Իսկ Հայաստանում գիտության ֆինանսավորման չափը կազմում է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որն ընդունված չափանիշից փոքր է ավելի քան 10 անգամ: Երիտասարդները չեն ցանկանում գիտությամբ զբաղվել, քանի որ պետությունը պայմաններ չի ստեղծում գիտության զարգացման համար: Նկատվում է գիտնականների ծերացում. գիտնականի միջին տարիքը ողջ աշխարհում մոտ 40 է, իսկ Հայաստանում եթե այդ տարիքը 2000թ. 48 էր, 2008թ.` 58, ապա այսօր 60 է: Գիտությամբ զբաղվող մարդու աշխատավարձը 60-65.000 դրամ է: Գիտնականը, ցավոք սրտի, մեր երկրում հեղինակություն չունի, եւ դրանում մեղավոր են եղել երկրի ղեկավարները, ովքեր անտարբերության են մատնել այս կարեւորագույն ոլորտը: Եթե ԽՍՀՄ տարիներին Հայաստանն ուներ շուրջ 27.000 գիտնական, ապա այժմ այդ թիվը 4.5 հազարի է հասնում: Ըստ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի` այդ կտրուկ անկումը տեղի է ունեցել հատկապես 1990-ականներին, բայց ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` վերջին տասնամյակում նույնպես գրանցվել է կայուն անկում` տարեկան միջինը 250 մարդ: «Եթե այսպես շարունակվի, մենք կանգնելու ենք վթարի առաջ: Մենք կարիք ունենք գիտությունը դարձնել գրավիչ եւ երիտասարդների ներհոսք ապահովել, իսկ դա հնարավոր չէ իրականացնել ֆինանսավորման այն պայմաններում, ինչը մենք ունենք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` մենք գիտության ամենավատ ֆինանսավորում ունեցող երկրներից ենք»,- նշել է գիտնականը:

Երիտասարդ գիտնականները մեր երկրում հեռանկար չեն տեսնում եւ հեռանում են Հայաստանից: «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մեծ գործունեություն է ծավալել. Նպատակն է` Հայաստանում գիտության զարգացման ֆինանսավորումն ավելացնել` ՀՆԱ 0,25%-ից` 1%-ի: Ի դեպ, այս նախաձեռնության կողքին են կանգնել ոչ միայն գիտության մարդիկ, այլեւ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` գիտակցելով խնդրի կարեւորությունը: Մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակից որոշ քաղաքական ուժեր եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ եւս միացել են երիտասարդ գիտնականների այս նախաձեռնությանը: Ի տարբերություն նախորդ տարիների` այս նախաձեռնությունից հետո լրատվամիջոցները սկսել են էլ ավելի ակտիվորեն լուսաբանել գիտության ոլորտի խնդիրները: Գիտության ֆինանսավորման ավելացում պահանջող նախաձեռնող խումբը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում մի շարք հանդիպումներ է ունեցել պատգամավորության որոշ թեկնածուների հետ: Այսպես, Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական Սաթիկ Սեյրանյանը («168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր), թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սարիբեկ Սուքիասյանը, «Ժառանգություն» կուսակցությունից` Ստեփան Սաֆարյանը, Վանաձորում թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանն արդեն իսկ արտահայտել են իրենց զորակցությունն այս նախաձեռնությանը: Ավելին, «168 Ժամ» թերթն այսուհետ էլ ավելի հետեւողական է լինելու գիտության խնդիրների լուսաբանման հարցում: Թերթի խմբագիրը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնող խումբը գիտության մասին գրող լրագրողների մրցույթ են հայտարարել: Թերթը որոշ լրագրողներ է ներգրավելու` ոլորտի խնդիրները լավագույնս լուսաբանելու համար:

Խոսքի ազատության ապահովման հարցում հետագա զարգացումների դեպքում կարելի է ակնկալել, որ նախընտրական շրջանում տրված խոստումների չիրականացումն անպայմանորեն կդառնա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրության առարկա: Պետք է հետեւողական լինենք, որպեսզի այդ խոստումներն իրագործվեն եւ ոչ թե մնան զուտ իբրեւ նախընտրական խոստումներ: Գիտական հանրությունը եւ նախաձեռնող խումբը հետեւողական է լինելու, որպեսզի այս նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերը` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայ Ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը» եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները հետագայում խորհրդարանական գործունեության ընթացքում հետամուտ լինեն այս խնդիրների բարձրացմանը:

Խնդիրն ավելի քան լուրջ է. երիտասարդները, ովքեր ցանկանում են զբաղվել գիտությամբ, արտագաղթում են երկրից: Ուրեմն, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նոր ձեւավորվելիք խորհրդարանը լուծի ոլորտի ֆինանսավորման հարցն ու ոլորտի խնդիրները: Այլապես, մի քանի տարի հետո Հայաստանում գիտությունն իսպառ կվերանա:

Լուսինե ՄԱՐԿՈՍՅԱՆ