Կապանը գիտական ու տեխնոլոգիական կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի

Հնարավո՞ր է, արդյոք, Սյունիքում, մասնավորապես` Կապանում, լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպել: ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի 15 տարվա ռեկտոր, այժմ գիտական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Բալասանյանը վստահ է, որ հնարավոր է, եթե պետական շահը զուգակցվի գիտության ֆինանսավորումը թիրախային դարձնելուն: Մինչ հարցազրույցը` կարճ նախապատմություն մասնաճյուղի մասին:

1960-ականներից Կապանում ու Քաջարանում գործում էին ՀԽՍՀ ԳԱ-ի 4 գիտահետազոտական լաբորատորիաներ: Հատկապես նշանակալի էր Ալիս Մարջանյանի եւ տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Գիտությունների ակադեմիայի «Հարմարվող համակարգերի լաբորատորիան», որտեղ շուրջ 15 տարի ուսումնասիրվեցին տեխնիկական կիբեռնետիկայի գիտատեխնիկական հարցերն ու դրանց կիրառումը հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում: Բոլոր այս լաբորատորիաների գործունեությունը, սակայն, ցանկալի արդյունք չտվեց, քանի որ նախկին ԽՍՀՄ-ի անծայրածիր տարածքում ավելի ակտիվ էին Նովոսիբիրսկի «Ակադեմգորոդոկ», «Արզամաս 61» եւ այլ գիտահետազոտական կենտրոններ:

Կապանում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման երկրորդ փորձը մեկնարկեց 1997-ին, երբ կազմավորվեց ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը: Այդ ժամանակ մասնաճյուղում աշխատում էին ընդամենը 3 գիտության թեկնածուներ, ովքեր ավելի քան 10 տարի գիտությամբ չէին զբաղվել: Արձագանքելով ՀՊՃՀ ղեկավարության առաջարկին, թողնելով Երեւանյան կրթահամալիրի Քոմփյութերային համակարգերի եւ Ինֆորմատիկայի ֆակուլտետի «Ավտոմատ կառավարման համակարգերի» ամբիոնի վարիչի պաշտոնը, Սեյրան Բալասանյանը ստանձնեց մասնաճյուղի տնօրենի պարտականությունները:

– Հիշում եմ` բուհի մասնաճյուղը կազմավորվեց ծայրագույն պայմաններում. չկար որակյալ դասախոսական կազմ, ցածր էր աշխատավարձը, շենքային եւ աշխատանքային պայմաններն ուղղակի սարսափելի էին: Հետագայում շտկվե՞ց իրավիճակը:

– Դժվար էր շտկել: Դեռեւս 1997-ին մեր մի գիտությունների թեկնածու դասախոսը լքեց մասնաճյուղը` անցնելով գործարարության եւ տեղափոխվելով ՌԴ: Մյուս աստիճանակիր դասախոսը տեղափոխվեց Երեւան, անցնելով ղեկավար աշխատանքի: Երեւանից հրավիրված ՀՊՃՀ ասպիրանտներին արդյունաբերական պատվերով գիտական աշխատանքի մեջ ներգրավելու փորձերը եւս ձախողվեցին. այդ տարիներին հանքարդյունաբերական ձեռնարկություններում ճգնաժամ էր, իսկ երբ վիճակը լավացավ, տնտպայմանագրային գիտահետազոտական նախագծերի պատվերներ ստանալու մեր հերթական փորձը կրկին տապալվեց: Մի կողմից` գիտական աշխատանքների կազմակերպման հարցերն այնքան էլ չէին հուզում կոմբինատների ղեկավարներին, որովհետեւ կարեւորվում էին սեփական վերազինման եւ ֆինանսական կայունացման խնդիրները, մյուս կողմից` ձեռնարկությունների մասնավորեցումից հետո դրանց տեխնիկական վերազինման կապակցությամբ առաջացած բոլոր գիտատեխնիկական խնդիրների լուծումը հանձնարարվում էր ՌԴ եւ այլ երկրների գիտահետազոտական ընկերություններին (ՀԼԹհ եւ այլն):

Կապանի մասնաճյուղն, ուրեմն, գործում էր սոցիալ-մշակութային անբարենպաստ պայմաններում: Գիտական կադրերի գերակշիռ մասը ՀՊՃՀ ասպիրանտուրան ավարտելուց հետո Կապան չէր վերադառնում, իսկ Երեւանից հրավիրված դասախոսները, կարճաժամկետ աշխատանքից հետո չդիմանալով կենցաղային ծանր պայմաններին, վերադառնում էին ետ, կամ բնակություն հաստատում արտերկրում: Բայց նույնիսկ այդ պայմաններում, ՀՊՃՀ Երեւանյան կրթահամալիրի ղեկավարության եւ մասնագետների աջակցությամբ, մասնաճյուղում հաջողվեց ստեղծել գիտական ներուժ. հաջողությամբ ատենախոսություններ պաշտպանեցին մասնաճյուղի 9 դասախոսներ:

– Որքան գիտեմ, ԶՊՄԿ-ն մասնաճյուղի բարեկամն է այսօր:

– Ընդհանուր անտարբերության եւ ճգնաժամի պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն ըմբռնումով մոտեցավ մասնաճյուղի տնօրենի արդեն որերորդ առաջարկին եւ «Մոլիբդենային հանքանյութի ֆլոտացման տեխնոլոգիական գործընթացի հավանականային կառավարման նմանակային մոդելի մշակում» թեմայով, 2 տարի տեւողությամբ եւ 18 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ, գիտահետազոտական նախագծի կատարման պայմանագիր կնքեց մասնաճյուղի հետ: Նախագծի կատարողների խմբում ընդգրկվեցին մասնաճյուղի ԿԱՀ եւ Ինֆորմատիկայի ամբիոնի չորս դասախոս եւ երեք ուսանող, ովքեր նախագծի եւ ամբիոնի ղեկավարի գլխավորությամբ, մասնաճյուղի գոյության 15 տարիների ընթացքում, առաջին անգամ արդյունաբերական ձեռնարկության կողմից ֆինանսավորվող լուրջ գիտահետազոտական աշխատանք են կատարում: Համեմատության համար նշեմ, որ ողջ ՀՊՃՀ-ի 2010թ. տնտպայմանագրային աշխատանքների ֆինանսավորումը կազմել է ընդամենը 2 մլն դրամ:

– Ի՞նչ ակնկալիքներ կան այդ նախագծի իրականացումից:

– Նախ` այն դասախոսական կազմին գիտական աշխատանքով զբաղվելու հնարավորություն է ընձեռում: Երկրորդ` նախագծի կատարողների կազմում շնորհալի ուսանողներ ընդգրկելով, ապահովում է նրանց ավարտական աշխատանքի ինքնուրույն կատարումը: Ուսանողների մոտ ձեւավորվում են գիտական աշխատանքի նկատմամբ անհրաժեշտ հակումներ, գործնական հմտություններ, որոնք բարձրակարգ ճարտարագետ դառնալու եւ ասպիրանտուրա ընդունվելու երաշխիք են: Երրորդ` նախագծի կատարողները հնարավորություն են ունենում բարելավել իրենց նյութական վիճակն` առանց արտագաղթելու: Վստահ եմ, որ մարզում ապրող մարդու համար սա շատ կարեւոր խթան է: Եվ վերջապես` արտադրական ձեռնարկությունը հնարավորություն է ստանում համեմատաբար փոքր ծախսերով իր գիտատեխնիկական խնդիրները լուծել` միաժամանակ ստեղծելով գիտական միջավայր, որն, անշուշտ, էականորեն կնպաստի ներկայիս գավառական Կապանը ժամանակի ընթացքում գիտկենտրոն դարձնելուն:

– Ռեգիոնում գիտական ներուժի պահպանման համար որեւէ պետական միջամտություն եղե՞լ է, ինչպես, ասենք` Գյումրու տեխնոպարկի դեպքում:

– Ողջունելով հանրապետությունում գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունը եւ այդ ծրագրի իրականացման ճանապարհին արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում տեխնոպարկի ստեղծումը` գոհ եմ, որ մեր պետական այրերը վերջապես ընդունել են, որ բացի օգտակար հանածոներից` Հայաստանը (ինչպես Ճապոնիան, Իսրայելը) ունի ավելի թանկ` գործնականում անսպառ բնական հարստություն, որը նրա աշխատասեր, բարձր ինտելեկտով օժտված գենոֆոնդն է: Իսրայելի առաջին վարչապետն ասել է. «Փառք Աստծո, որ մեր հողում նավթ չկա»: Փոխարենը` Իսրայելն ունի հրաշալի գենոֆոնդ, ինչով մեծապես պայմանավորված է այդ երկրի սրընթաց զարգացումը:

– Սյունյաց գենոֆոնդն իրո՞ք հատուկ հակում ունի գիտության որոշ ճյուղերի նկատմամբ:

– Շուրջ 45 տարի դասավանդելով Պոլիտեխնիկում եւ շփվելով մեր երկրի տարբեր շրջաններից սովորող ուսանողների հետ` որոշակիորեն կարող եմ ասել, որ Սյունիքի հարավային ենթաշրջանները (Կապանը, Քաջարանը, Մեղրին) եւ Ղարաբաղը իրոք ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունների նկատմամբ արտահայտված հակում ունեն: Ուրեմն ինչո՞ւ խոշոր տեխնոպարկ չստեղծել Կապանում, այդ նպատակով օգտագործելով տարածաշրջանի հանքարդյունաբերությունից ստացվող միջոցները: Չէ՞ որ, ընդերքի հարստությունն արդիական տեխնիկայով վերամշակելով` սյունեցիների ուղեղները չեն զարգանում (հատկապես այն պարագայում, երբ գիտատեխնիկական խնդիրների լուծումը վստահվում է արտերկրի գիտնականներին), օգտակար հանածոների պաշարներն էլ անսպառ չեն. տարբեր հանքավայրերում 10-50 տարի կբավարարեն: Ինչպե՞ս է ապրելու ժողովուրդը դրանից հետո:

Տեսեք. կա Քուվեյթի՛ օրինակը, որը վերջին տարիներին նավթից ստացված շահույթը գրեթե ամբողջությամբ ներդնում է զբոսաշրջության մեջ` ապահովելով իր բնակչության զբաղվածությունը նավթի պաշարների սպառման պարագայում:

Երկրում ստեղծված իրավիճակի եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում` Սյունիքի ընդերքի հարստությունը մեզանում անպայման պետք է օգտագործվի ինչպես տնտեսությունը, այնպես էլ բարձր, մասնավորապես` ՏՏ ոլորտը զարգացնելու եւ տարածաշրջանի բնակչության ապագա զբաղվածությունն ապահովելու համար:

– Սյունիքի հարավային մասի տարածքն այնքան փոքր է եւ լեռնոտ, որ ինչ արդյունաբերություն էլ այնտեղ կազմակերպվի, բնապահպանական խնդիրներ են առաջանալու: Հանքարդյունաբերության դեպքում դրանք արդեն ուղղակիորեն սպառնում են նաեւ բնակչության առողջությանը:

– Բնապահպանական հարցերը համալիր լուծում են պահանջում: Ձեռնարկությունների գործունեությունը լրիվ փակ, անթափոն շրջափուլով կազմակերպելը լուրջ գիտատեխնիկական խնդիր է եւ հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում: Վաղուց է հասունացել Կապանում այդ խնդիրների լուծմանը կողմնորոշված գիտահետազոտական հաստատություն հիմնելու հարցը:

Դեռեւս տարիներ առաջ ԵՄ-ն որոշել է Հայաստանը դարձնել տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների գիտակրթական կենտրոն: Ինչո՞ւ հայկական «Սիլիկոնային հովիտ» չստեղծել Ողջու հովտում` օգտագործելով սյունյաց գենոֆոնդի հակումներն ու ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հնարավորությունները, որտեղ դեռեւս 1998-ին ստեղծված կառավարման ավտոմատացված համակարգերի եւ ինֆորմատիկայի ամբիոնն այս տարի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ թողարկելու է իր 175-րդ շրջանավարտը:

– Ի՞նչ պետք է արվի կառավարության կողմից գիտական ներուժը ռեգիոնում պահելու համար:

– Ճգնաժամից դուրս գալու Իռլանդիայի, Հնդկաստանի եւ այլ երկրների հաջողված փորձը կա, որը հիմնվում է ՏՏ-ի զարգացման եւ այդ ոլորտի ձեռնարկությունների գործունեությունը օֆշորային եղանակով կազմակերպելու վրա: Այդ եղանակի կիրառումը մեր տարածաշրջանի ինտելեկտուալ ներուժին հնարավորություն կընձեռի առանց արտագաղթելու բարձր վճարվող աշխատանք ունենալ` ապահովված արտերկրի մեծածավալ շուկայով:

Լինելով հայ մարդ, գիտնական ու գիտակից քաղաքացի, ունենալով իմ աչքի առջեւ օրեցօր դատարկվող Կապանի պատկերն ու հայրենի քաղաքում շնորհաշատ երիտասարդներին արժանապատիվ գիտական աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը, առաջարկում եմ հանրապետության ղեկավարությանը (մասնավորապես` վարչապետին) պետական մակարդակով լուծել Կապանում եւ տարածաշրջանում գիտության զարգացման լրջագույն խնդիրը: Օրինակ` եթե մարզի լեռնահանքային ոլորտի խոշոր ձեռնարկությունները զգալի ֆինանսական միջոցներ հատկացնեն գիտահետազոտական աշխատանքներին, դա լուրջ քայլ կլինի այդ ճանապարհին, իսկ Կապանի ենթաշրջանն էլ հանքահումքային կցորդից կվերածվի գիտական-տեխնոլոգիական նորարարական կենտրոնի:

Լուսինե ՎԱՅԱՉՅԱՆ