Կաննի քաոսը շուտով կսկսվի

Մայիս ամիսն ավանդաբար համարվում է համաշխարհային կինոարվեստի փայլուն գործերի ի հայտ գալու լավագույն ժամանակահատվածը: Հենց մայիսին է տեղի ունենում միջազգային ամենահռչակավոր կինոփառատոնը Կաննում: Այս տարի այն կանցկացվի մայիսի 16-27-ը:

Հիմնական մրցութային ծրագրում պայքարելու 22 ժապավեն, որոնք, անկախ ժյուրիի գնահատականից, արժանի են յուրահատուկ ուշադրության: Ֆրանսիացի Ժակ Օդիարը, որի «Մարգարե» ժապավենը 2009թ. արժանացել է Կաննի Ժյուրիի մեծ մրցանակին, այս տարի ներկայանում է իր «Ժանգ եւ ոսկոր» դեդեկտիվով: Կորեացի Հոն Սան Սուն արդեն երրորդ անգամ է Կանն գալիս. այս տարի ներկայացնում է «Ուրիշ երկրում» դրաման` Իզաբել Յուպերի մասնակցությամբ: Բացի վերջինից, մրցութային ծրագրում մասնակցում է եւս մեկ կորեական ժապավեն` էրոտիկ տարրերով հարուստ «Փողերի համը» դրաման: Հարկ է նշել, որ ռեժիսոր Իմ Սան Սուի ձեռագիրը 2010-ից հետո, երբ նա Կաննում ներկայացրեց իր «Սպասուհին» ժապավենը, չի փոխվել: Ուկրաինացի Սերգեյ Լոզնիցան, ով 2010թ. հասցրեց ցնցել Կաննի փառատոնը իր ծանր եւ դաժան ժապավենով, մրցութային ծրագրում ներկայանում է «Մշուշում» պատմական դրամայով, որի գործողությունները տեղի են ունենում 1942թ., գերմանացիների կողմից պաշարված Բելառուսում:

Ֆրանսիացի Ալեն Ռենեն այս տարի Կանն է գալիս իր «Դուք դեռ սա չեք տեսել» ժապավենով: Ի դեպ, Ռենեն Կաննի վետերան է. նա այս փառատոնին մասնակցում է 1957թ.-ից: Եվս մեկ ֆրանսիացու` համաշխարհային կինոյում հակասական տրամադրություններ առաջացնող Լեոս Կարակսի «Holy Motors» ժապավենը նույնպես տեղ է գտել մրցութային ծրագրում: Ամերիկացի սեւամորթ Լի Դենիելսն առաջին անգամ է Կաննում. նա ներկայացնում է իր «Թերթի աշխատողը» թրիլերը` Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ: Մրցութային ծրագրում քրեական թրիլեր ժանրի ֆիլմ է ներկայացնում նաեւ նորզելանդացի Էնդրյու Դոմինիկը («Խաղատան թալանում»): Կաննում նորեկ է եւս մեկ ամերիկացի` Ուես Անդերսոնը` «Լիալուսնի թագավորությունը» կատակերգական դրամայով, որում նկարահանվել են հոլիվուդյան մի շարք աստղեր: Կանադացի Դեւիդ Քրոնենբերգը Կաննում մեծ փորձ ունի. այս տարի նրա «Կոսմոպոլիս» ժապավենը պատմում է 28-ամյա միլիարդատեր ֆինանսիստի մասին, որին մարմնավորել է դեռահասների կուռք Ռոբերտ Պատինսոնը: Երիտասարդ ամերիկացի ռեժիսոր Ջեֆ Նիկոլսի «Մուդը» դրաման նույնպես հայտնվել է մրցութային ծրագրում:

Այս տարի իր «Ճանապարհին» ժապավենով Կանն է գալիս նաեւ աշխարհահռչակ բրազիլացի ռեժիսոր Ուոլտեր Սալեսը, ով համաշխարհային հանրությանը հայտնի է «Չե Գեւարա. Մոտոցիկլավարի օրագրերը», «Կենտրոնական ավտոկայան», «Անցման ուղի» եւ այլ հիանալի գործերով: Դանիացի Թոմաս Վինտերբերգը ներկայացնում է իր նոր դրաման` «Որս», եգիպտացի Յուսրի Նասրալան` «Մարտից հետո», մեքսիկացի Կառլոս Ռեյգադասը` «Խավարից հետո` լույս», ավստրիացի Ուլրիխ Զայդլը` «Դրախտ», իտալացի Մատեո Գարոնեն` «Իրականություն», ավստրալիացի Ջոն Հիլկոուտը` «Ամենահարբած շրջանը աշխարհում» ժապավենները: Ի դեպ, վերոնշյալ ռեժիսորների մեծամասնությունն արդեն որոշակի ուղի է անցել Կաննի փառատոնում:

Այս տարի իրենց նոր գործերով Կաննի մրցութային ծրագրում պայքարելու են նաեւ ռեժիսորներ, ովքեր տարբեր տարիների արժանացել են Կաննի գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենու»: Նրանք են` իրանցի Աբբաս Քիարոսթամին («Սիրահարի նման»), ռումինացի Կրիստիան Մունջիուն («Բլուրների ետեւում»), բրիտանացի Կեն Լոուչը («Հրեշտակների մասնաբաժինը»), գերմանացի Միխայել Հանեկեն («Սեր»):

Նման բազմաժանր եւ տարբեր ձեռագրեր ունեցող ֆիլմերի մեջ բարդ ընտրություն է կատարելու մրցութային ծրագրի ժյուրին` իտալացի ռեժիսոր, դերասան եւ պրոդյուսեր Նանի Մորետիի գլխավորությամբ: Այս տարի ժյուրիի կազմում տեղ են գտել պաղեստինցի դերասանուհի եւ ռեժիսոր Հիամ Աբբասը, բրիտանացի ռեժիսոր եւ սցենարիստ Անդրեա Առնոլդը, ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Դեւոսը, ֆրանսիացի մոդելավորող Ժան-Պոլ Գոտյեն, բրիտանացի դերասան Էվան ՄակԳրեգորը, գերմանացի դերասանուհի Դիանա Կրյուգերը, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ալեքսանդր Պեյնը, Հայիթիից ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ռաուլ Պեկը:

ԹՈՄՍՈՆ