Ողջունում եմ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը

Մենք` աստղաֆիզիկոսներս, հաճախ հպարտանում ենք նրանով, որ ուժեղ պատկերացում ունենք, անսահման ֆանտազիա: Երբ 80-ական թվականներին կարդում էի Արթուր Քլարկի 2001թ. Ոդիսականը, մտածում էի, որ տեսնես` իրո՞ք 2001 թվականին մարդկությունը կհասնի Յուպիտեր: Ֆանտաստ գրողները խոսում էին 21-րդ դարում արհեստական ինտելեկտ ստեղծելու մասին, բոլոր օրգանների տրանսպլանտացիայի, Մարս եւ Յուպիտեր թռիչքների, մարդանման ռոբոտների մասին: Որքան էլ որ մեր ֆանտազիան առաջ էր սլացել` մի բան չէի կարող կանխատեսել: Դա այն է, որ 21-րդ դարում մենք դարձյալ պետք է ապացուցենք շատ քաղաքական գործիչների եւ մեր «քաղաքակիրթ» հասարակությանը, որ մարդկության ուժը միայն եւ միայն գիտելիքի մեջ է:

Ես համարում էի, որ սա արդեն պարզ է, բոլորը գիտեն, պետք չէ այս հարցը վերլուծել: Խորհրդային հասարակությունը, չնայած իրեն բնորոշ բոլոր հատկանիշներին, այդ հարցը կարծես լուծել էր: Ոչ ոք կասկածի տակ չէր դնում գիտության կարեւորությունը: Գիտնականը համարվում էր հասարակության ամենապատվավոր եւ կարեւոր մասնիկը: Անկախ նրանից, թե ինչու եւ ինչպես մենք հայտնվեցինք այս վիճակում, մեր «դեմոկրատական» հասարակությունում գիտելիքին փոխարինեց փողը: Հեշտությամբ կարելի է գնել գիտության «պատվավոր» դոկտորի աստիճան, հերքել գիտնականների կարծիքը եւ փակել գիտական հիմնարկը: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ անորակ գիտնականներից պետք է ազատվել: Իսկ ինչպե՞ս անել, որ բարձրորակ գիտնականները հնարավորություն ունենան զբաղվել գիտությամբ իրենց հայրենիքում:

Կասկած չկա, որ պետք է գիտությունը լուրջ ֆինանսավորում ստանա եւ մշտապես լինի կառավարության ուշադրության կենտրոնում: Իհարկե, կարելի է հավերժ ասել, որ Հայաստանը աղքատ երկիր է, մենք չենք կարող պահել հզոր գիտություն, եւ այլնգ Պետք է փոխվի վերաբերմունքը գիտության նկատմամբ:

Պետք է հասարակությունը եւ բոլոր քաղաքական խմբերն ու գործիչները փոխեն իրենց պատկերացումն այն մասին, որ գիտնականները` չքավորների մի խումբ են, որոնք անվերջ գումար են ուզում իրենց անմիտ էքսպերիմենտները եւ տեսությունները հետազոտելու համար: Իմ կոլեգաներից մեկը շատ զայրանալով քաղաքական գործիչների վրա` այսպես արտահայտվեց` «եթե չեն ընդունում գիտությունը` թող հրաժարվեն գիտության բոլոր բարիքներից: Վերադարձնեն մեզ իրենց ձեռքի հեռախոսները, ավտոմեքենաները, հեռուստացույցներըգ ամեն բան: Եվ գնան ապրեն քարանձավներում, քանի որ ամեն բան, ինչ ունեն` նրանք ստացել են գիտնականներից: Իսկ այսօր մեզ արհամարհում են եւ դարձնում չքավոր»:

Դառնացած կոլեգայիս մտորումներն անհիմն չեն: Իրոք, եթե չի գնահատվում գիտությունը, ապա ինչո՞ւ են գնահատում iphone-ը, ինտերնետը, երաժշտական գործիքները, օդանավերը, շինարարությունը, էներգետիկանգ Չէ՞ որ այս ամենը մարդկությունը ստացել է գիտնականներից եւ ոչ թե բանկերից, սպորտսմեններից կամ բանակայիններից: Մի՞թե սա բարդ է հասկանալ: Իհարկե` ոչ:

Ուրեմն, ինչո՞ւ գիտությունը Հայաստանում չի ստանում անհրաժեշտ ուշադրություն եւ ֆինանսավորում: Կարծում եմ` դրան մի քանի լուրջ պատճառներ կան, որոնց մասին պետք է առանձին խոսել: Պետք չէ միայն մեղադրել կառավարությանը: Ես համոզված եմ, որ Հայաստանում գործող գիտական պրոյեկտներից շատերը չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Դրանցից պետք է ազատվել շատ լուրջ միջազգային մակարդակով ատեստացիաների միջոցով: Երկրորդ. Պետք է ռմբակոծել բոլոր թերթերը եւ հեռուստատեսությունները ու մեր ժողովրդին բացատրել, որ մեր միակ ռեալ ուժը կրթության եւ գիտության մեջ է: Այս կարեւորագույն խնդրին պետք է տրամադրել շատ ժամանակ, էներգիա եւ ռեսուրսներ: Ես վստահ եմ, որ կառավարության հետ երկար աշխատելով` կարելի է հասնել արդյունքի: Այդ երկխոսությունը պետք է վարեն շատ բարձր մակարդակի գիտնականները, որոնք կարող են գրագետ եւ ճիշտ ներկայացնել իրավիճակը: Քարկոծել եւ քննադատել միշտ էլ կարող ենք: Բայց ի՞նչը դրանից կփոխվի: Չի կարելի սահմանափակվել քննադատություններով:

Պետք է լուծումներ առաջարկել: Պետք է հանդիպել քաղաքական գործիչներին, կառավարությանը, խոսել, ելույթ ունենալ, բացատրել, ապացուցելգ Սա լուրջ աշխատանք է, որը պետք է կատարեն հենց իրենք` գիտնականները: Պետք չէ սպասել, որ կառավարությունը ափսեի վրա կբերի 100 միլիոնավոր դոլարներ եւ կմատուցի գիտնականներին: Դա երբեք չի եղել ոչ մի երկրում, եւ չի լինի Հայաստանում: Որպեսզի ստանանք գիտական ֆինանսավորում` պետք է պայքարել եւ ապացուցել երեք բան.

1. Գիտական հայտնագործությունները կազմում են մեր ազգի արժեքներից մեկը, թերեւս` ամենակարեւոր արժեքները (սա շատ կարեւոր է Հայաստանի համար)։

2. Մենք կարող ենք ամենաբարձր մակարդակի գիտական պրոյեկտներ անել, ունենք անհրաժեշտ գիտական բազա եւ պայմաններ։

3. Հայաստանը կներկայանա աշխարհում ոչ միայն որպես հարուստ անցյալ ունեցող երկիր (տուրիստների համար հետաքրքիր), այլեւ գիտական եւ տեխնոլոգիական ներկա եւ, ամենակարեւորը, ապագա ունեցող երկիր (սա շատ օգուտ կբերի մեր երկրին, մարդկությանը, որոշ դեպքերում` նաեւ մեր տնտեսությանը):

Պետք չէ՛ միայն քննադատել եւ սպասել: Պետք է գործե՛լ:

Գարիկ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար, աստղագետ