«Ես երբեք այսքան բան չեմ սովորել որեւէ ազգի մասին»

Ապրիլի 12-14-ը «Սինոփսիսի» SEG-ի (Սիլիկոնային ճարտարագիտական խումբ` «Սինոփսիս» ընկերության բիզնես միավորներից մեկը: SEG հայաստանյան թիմը 2009թ. ստեղծել է Yield Explorer` նախագծմանը կողմնորոշված պիտանի ելքի տոկոսի կառավարման գործիքային միջոցը) դեպարտամենտի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Դոկտոր Հովարդ Կոն, աշխատանքային այցով Հայաստանում էր: Նա բացառիկ հարցազրույց է տվել «Սինոփսիս Արմենիայի» Հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանին` հատուկ «168 Ժամ» թերթում տպագրվելու համար :

– Դոկտոր Հովարդ Կո, երեք բառով կարո՞ղ եք նկարագրել Ձեր տպավորությունը «Սինոփսիս Արմենիա» գիտա-արտադրական կենտրոնի մասին:

– (Ծիծաղում է.- Գ.Մ.): Ես կնախընտրեի օգտագործել 3000 բառ, բայց, եթե երեք բառով, ապա` կիրթ, բանիմաց եւ հմուտ:

– Ի՞նչ դեր ունի հայկական SEG թիմը «Սինոփսիսի» ընդհանուր հաջողության մեջ:

– «Սինոփսիսի» հաջողությունը պայմանավորված է բոլոր աշխատողների հաջողությամբ: Ես կասեի, որ հայկական SEG թիմը մեր աճի շատ կարեւոր մասի ապահովողն է: Մենք բախտավոր ենք, որ ունենք մի թիմ, որը մասնագիտանում է պիտանի ելքի տիրույթում (ինտեգրալ սխեմաների արտադրության գործընթացում կարեւոր բնութագրերից մեկը): Եվ մենք ունենք դրական արձագանք մեր հաճախորդներից, լավ ցուցանիշներ աճի ոլորտում, եւ դա կարճաժամկետ եւ միջին ժամկետում բիզնեսի զարգացման մեր գերակայություններից մեկն է, որն էլ իր հերթին նպաստում է «Սինոփսիսի» ընդհանուր հաջողությանը:

– Որո՞նք են հայկական SEG թիմի առավելությունները եւ ուժեղ կողմերը:

– Այս ուղեւորության ընթացքում ես, ի ուրախություն ինքս ինձ, հասկացա, որ Հայաստանում մենք ունենք իսկապես շատ լավ մասնագետներ եւ առաջնորդներ` հասուն, խելացի եւ շրջահայաց ղեկավարներ: Առաջնորդները շատ կարեւոր են ցանկացած կազմակերպության համար, հատկապես հեռահար կենտրոններում: Կարծում եմ, շատ լավ է, որ մենք ունենք այդ ռեսուրսը: Գոյություն ունի որոշակի փիլիսոփայություն այն մասին, թե մենք ինչպես պետք է առաջ մղենք մեր արտադրանքը եւ տեխնոլոգիաներն այնպես, որ այն օգտակար լինի մեր հաճախորդների եւ բիզնեսի համար: Ես որոշակի պատկերացում եւ կարծիք ունեմ այդ մասին, եւ ես տեսնում եմ, որ հայկական թիմը սովորել է այդ ամենն ինքնուրույն, թերեւս, ուղղորդվելով մի փոքր այլ փիլիսոփայությամբ: Ես շատ տպավորված եմ նրանով, թե ինչպես են նրանք կազմակերպում իրենց աշխատանքը:

– Ինչպե՞ս եք տեսնում հայկական SEG թիմը հաջորդ երեք տարիների ընթացքում:

– Իմ պատկերացմամբ, եւ սա նաեւ իմ տեսլականն է, հայկական SEG թիմը կդառնա գլխավոր փորձագիտական թիմը SEG բաժանմունքի համար եւ հնարավոր է` նաեւ ամբողջ «Սինոփսիսի» համար` պիտանի ելքի եւ արտադրողականության տիրույթում: Մենք պիտի կարողանանք համախմբել եւ կենտրոնացնել գիտելիքներ, տեխնոլոգիաներ եւ տաղանդ հայկական SEG թիմի շուրջ, որպեսզի ամրացնենք այն հետքը, որ ունենք պիտանի ելքի տիրույթում:

– Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայաստանից:

– Մի շարք գրքեր, որ Հովիկը տվել է ինձ (ծիծաղում է: Նկատի ունի «Սինոփսիս Արմենիայի» ղեկավար Հովիկ Մուսայելյանին.- Գ.Մ.): Այս այցելությունը գործնական բնույթ ուներ, եւ ես չկարողացա շատ ժամանակ անցկացնել` մարդկանց հետ շփվելով կամ տեսարժան վայրեր այցելելով: Բայց ես հնարավորություն ունեցա ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը ու մշակույթին, եւ շատ երախտապարտ եմ այդ հնարավորության ընձեռնման համար: Ես երբեք այդքան բան չեմ սովորել որեւէ ազգի մասին, որքան այս ուղեւորության ժամանակ, ինչը շատ դրական եմ համարում:

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հ.Գ. Դոկտոր Հովարդ Կոն կարողացավ իր զբաղված օրակարգի մեջ տեղավորել այց Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաեւ այցելեց Ցեղասպանության թանգարան, որտեղ այցելուների գրքում թողեց իր ուղերձը: