«Մի աշակերտն էլ է մարդ»

Վայոց Ձորի Գողթանիկ գյուղի դպրոցից ստացած առաջին տպավորությունն այն էր, որ այն չգործող կառույց է: Բայց պարզվեց, որ դպրոցն իր այդ տեսքով ամեն օր ընդունում եւ ճանապարհում է աշակերտների: Հեռավոր գյուղի անպատուհան կրթական հաստատությունն աչքից հեռու է, բայց գտնելու դեպքում կարող է խորհրդանշել Հայաստանում կրթության խարխուլ վիճակը: Անձրեւը ճիշտ ժամին էր գալիս եւ ցույց էր տալիս, որ տանիքն անսարք է. թաց առաստաղից ջուրը կաթում ու թրջում էր հատակը, ավելի ճիշտ` բետոնը: Դասարաններից մեկի առաստաղը ճեղքված էր, եւ անցքից կարելի էր տեսնել պատից այն կողմ գտնվող մարզադահլիճը: Դպրոցը վերջին անգամ 2002թ. է վերանորոգման նման մի բան տեսել: Տնօրենը` Անահիտ Ասատրյանը, պատմում է, որ միջազգային մի կազմակերպությունից (կազմակերպության անունը չի նշում) եկան, սպիտակեցրին պատերը, փոխեցին մի քանի դռներ ու գնացին. 10 տարի է` դպրոցով ոչ ոք չի հետաքրքրվում: Թեեւ Գողթանիկում ընդամենը 18 աշակերտ կա, սակայն տնօրենն այդ դեպքում էլ չի կարողանում արդարացնել պետության ոչ հոգատար վերաբերմունքը դպրոցի նկատմամբ: «Ախր մի աշակերտն էլ է մարդ»,- ասում է նա: Իսկ եթե իրենք` ուսուցիչները, չառաջնորդվեին «մի աշակերտն էլ է մարդ» սկզբունքով, ապա դպրոցը գուցե փակվեր, որովհետեւ դասարաններից յուրաքանչյուրն ունի մեկ-երկու աշակերտ: Կարելի է ասել, որ Գողթանիկի աշակերտները գնում են անհատական պարապմունքների, ոչ թե դպրոց: Տնօրենի խոսքով` ուսուցիչների համար ձանձրալի է ամբողջ դասաժամի ընթացքում 1 հոգու հետ աշխատելը, բայց այլընտրանք չկա: «Աշակերտները քիչ են: Հեռավոր գյուղերում բնակչությունը ծերացած է, ոչ թե չկա, այլ ծեր է: Երիտասարդությունը գյուղից գնում է. եթե երիտասարդ չկա, բնականաբար, երեխա էլ չկա»,- ասում է Անահիտ Ասատրյանը: Թե ուսուցիչների, թե աշակերտների քիչ լինելու պատճառով Գողթանիկի դպրոցում դասարանները կոմպլեկտավորվում են. օրինակ` 1-ին եւ 2-րդ դասարանցիները միասին են դաս անում: Ուսուցիչները մեկ դասաժամ են պարապում երկու դասարանի աշակերտների հետ ու, թեեւ այդ ընթացքում աշխատում են երկու տարբեր ծրագրերով, սակայն ստանում են մեկ դասաժամի գումար: Դպրոցն ուսուցիչներ ունի ոչ բոլոր առարկաներից: Արդյունքում, օրինակ, կենսաբանության մասնագետն, արդեն 20 տարի, նաեւ հայոց լեզու է դասավանդում, անգլերենի մասնագետը պարապում է նաեւ ռուսերեն, ինքը` տնօրենը, քիմիայի ուսուցչուհի է, բայց դասավանդում է նաեւ մաթեմատիկա: Երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից ներկայացուցիչներ են գալիս դպրոց ստուգումներ անցկացնելու, տնօրենի խոսքով, չեն զարմանում, որ իրենց ուսուցիչները նաեւ ոչ մասնագիտական առարկաներ են դասավանդում: «Իրենք գիտեն` ինչ վիճակ է»,- ասում է տիկին Ասատրյանը: Նրա կարծիքով` այլընտրանք չկա, քանի որ Եղեգնաձորից համապատասխան մասնագետները չեն հասնի գյուղ` դպրոցում աշխատելու համար: «Երեսուն կիլոմետր կտրեն, որ պարապեն վեց ժա՞մ: Վեց ժամի փողն էլ մի 20.000 դրամ է անում: Տրանսպորտին էլ պետք է օրական տան 800 դրամ: Ո՞վ կգա»,- ասում է նա:

Կրթական հաստատություններում ոչ մասնագիտական առարկա դասավանդելն անօրինական է, եւ ենթադրվում է, որ Կրթության նախարարության կողմից պետք է մշակվի այլընտրանք: Պետության հովանավորությամբ համապատասխան մասնագետներին վճարելն ու Եղեգնաձորից Գողթանիկ տեղափոխելը ոչ միայն այլընտրանքային է, այլեւ պարտադիր, սակայն տնօրենը պետությունից առայժմ խնդրում է վերանորոգել դպրոցի տանիքն ու տեղադրել պատուհաններ:

Ուսուցիչներն իրենց միջոցներով ավազ էին գնել, լցրել էին դպրոցի բակում, որ առաջիկայում «տանիքը մի քիչ կարգի բերեն»: Պատուհանների հարցն էլ են ուզում լուծել, քանի դեռ եղանակը տաք է. որտեղ որ ապակին երկշերտ է, հանում են մի շերտը եւ ծածկում բացակա պատուհանների տեղերը: «Չնայած դա էլ չի հերիքում, շատ տեղեր կան դեռ, որտեղ ապակի չկա: Խոսքը հատկապես մարզադահլիճի եւ միջանցքների մասին է: Դե, քանի որ միջանցքներում ապակիներ չկան, ձմռանը դասասենյակներում էլ է շատ ցուրտ լինում, եւ հնարավոր չի լինում տաքացնել»: Սակայն աշակերտները, տնօրենի խոսքով, գրեթե չեն բացակայում: «Հենց ցավն այն է, որ երեխաները տանը չեն ուզում մնալ ու միշտ գալիս են դասի, որովհետեւ ոչ մի այլ հետաքրքիր զբաղմունք չունեն: Միակ տեղը, որտեղ նրանք եւ ուսում են ստանում, եւ հետաքրքիր է, դպրոցն է. էստեղ են երեխաներն իրար տեսնում, մեկը մի թաղամասից է, մեկը` մի ուրիշ, ու եթե չգան դպրոց, ամբողջ օրվա ընթացքում իրար չեն տեսնելու: Բնականաբար, ձգտում են գոնե էդ օրերին իրար հանդիպել, խաղալ»,- ասում է Անահիտ Ասատրյանը: Դպրոցը վեցերորդ դասարան չունի, իսկ շրջանավարտները երկուսն են: «Կգա մի օր, երբ գյուղում երեխաներ չեն լինի, եւ հետեւաբար` դպրոցի վերանորոգումն էլ էական չի լինի,- ասում է տիկին Ասատրյանը,- Մեր գյուղում, իհարկե, կան երիտասարդներ, բայց ոչ մեկն էլ չի ամուսնանում ու մնում էստեղ, որովհետեւ ապրելու պայմաններ չկան: Ամեն անգամ հեռուստացույցով լսում ենք, որ հեռավոր գյուղերին օգնություն են տալիս` սերմացու, անտոկոս վարկ, բայց մինչեւ հիմա ոչ մի բան էլ չենք տեսել»: Ա.Ասատրյանը մինչեւ ամուսնանալն ու Գողթանիկ տեղափոխվելն ապրել է Երեւանում: Այն ժամանակ, իր խոսքով, գյուղի մասին ավելի լավ կարծիք ուներ. «Մտածում էի` հաճելի տեղ է, կարելի է գնալ, հանգստանալ, լավ բնություն ունի, հիմա 20 տարի է` էստեղ եմ ապրում ու տեսնում, թե ինչքան ծանր է: Չեմ ասում, որ բոլոր գյուղերում է դժվար ապրելը. դե, կան գյուղեր, որոնք քաղաքին մոտ են, էնտեղ վիճակը համեմատաբար լավ է»:

Թեեւ Ա. Ասատրյանը զրույցի ընթացքում կանխագուշակեց, որ շուտով Գողթանիկում երիտասարդ չի մնալու, բայց նրա որդին` Արգիշտին, չի պատրաստվում ապրել քաղաքում: Նա սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում եւ միաժամանակ պատմություն է դասավանդում գյուղի դպրոցում: «Ես երկու տարեկանից այս գյուղում եմ ապրում: Շատ եմ սիրում մեր գյուղը: Փոքր եղբայրս հիմա Երեւանում է ապրում, բայց ես չեմ ուզում գնալ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Մանկավարժական համալսարան, մի տարի սովորեցի, գնացի բանակ, հիմա եկել եմ, դեռ շարունակում եմ սովորել, չորրորդ կուրսում եմ, հեռակայում եմ եւ համատեղ աշխատում եմ էստեղ»,- պատմում է Արգիշտին: Դպրոցում շրջելիս նա ոչ այնքան ցանկանում էր ցույց տալ փլված տանիքն ու թաց հատակը, որքան իրենց պատրաստած պաստառները, գրադարանը, միջոցառումների համար նախատեսված փոքր սենյակը: «Ես քաղաքը չեմ սիրում: Քաղաքի աղմուկն ինձ դուր չի գալիս, էստեղ շատ լավ է, ու հետո էստեղի բնակչությունն էլ է լավը, ամեն ինչով իրար կօգնեն, կհասնեն իրար, մարդկանց եմ սիրում, կապված եմ իրենց հետ,- ասում է Արգիշտին,- Բացի դրանից, ծնողներս էլ էստեղ են ապրում, ճիշտ է, իրենք էլ են երբեմն համոզում, որ գնամ քաղաք, բայց ես ինձ գյուղից դուրս չեմ պատկերացնում: Որ գնում եմ համալսարանի քննությունները տալու, չէ՞, հաջորդ օրն արդեն էստեղ եմ»: Նրան քաղաքում դուր չի գալիս «երիտասարդների պահվածքը», իսկ ավելի ստույգ` «լպիրշությունը»: «Ներողություն եմ խնդրում, բայց քաղաքի եւ գյուղի երեխային չես կարող համեմատել. ես չեմ հասկանում` ինչպես են ուսուցչին կանչում պատի հետեւը հարցեր պարզաբանելու, էստեղ նման բան չկա»,- ասում է Արգիշտին: Նա դպրոցի ավարտական դասարանի դասղեկն է եւ պատրաստվում է իր երկու շրջանավարտների համար «Վերջին զանգ» կազմակերպել: «Երբ դպրոցում միջոցառում է, գյուղի համար տոն է լինում,- ոգեւորությամբ պատմում է նա,- Տարիքավոր մարդիկ էլ են շատ ուրախանում: Ամեն ինչ էլ անում ենք, որ մեր էրեխեքի համար լավ լինի»: Թեեւ տիկին Ասատրյանը զրույցի ընթացքում մտահոգություն հայտնեց, թե ոչ մի աղջիկ չի ուզում ամուսնանալ գյուղի երիտասարդների հետ, որովհետեւ «ապրելու պայմաններ չկան», բայց Արգիշտիի ապագա ծրագրերի, այդ թվում` ընտանիք կազմելու վայրը Գողթանիկն է: Այնպես որ, եթե տնօրենի հետ զրույցից հետո դպրոցը գրեթե «փակվել էր», ապա Արգիշտին «բացեց» եւ արդիական դարձրեց վերանորոգման խնդիրը:

Մարինե ՄԱԴԱԹՅԱՆ
hetq.am