Հետեւելու են նոր տեխնիկայով

«Առաջիկա երկու ընկերական հանդիպումներում առաջին հերթին կարեւորվում է տակտիկական հնարքների փորձարկումը, որոնք պետք է կիրառվեն աշխարհի առաջնության ընտրական փուլում»,- երեկ կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Այս տարի մենք արդեն երկու խաղ ունեցանք, եւ եթե հիշում եք, ես ասացի, որ այդ երկու խաղը ինձ համար ավելի շատ նոր խաղացողներին տեսնելու համար է, իսկ այս երկու խաղը կլինի ավելի շատ տակտիկական ուղղվածության»,- նշել է նա` չբացառելով, որ գուցե 1-2 երիտասարդ ֆուտբոլիստների էլ հնարավորություն տա դրսեւորվելու:

Նշենք, որ մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ։ «Մի թիմ, որը այս տարի մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը, եւ դրանով ամեն ինչ ասված է»,- գնահատելով մրցակցին` ասել է Վարդան Մինասյանը: Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը կլինի Ղազախստանի թիմը, որը կհյուրընկալվի Երեւանում հունիսի 5-ին: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է հիմա այն, ինչ մենք մտածում ենք անել այս խաղերի ընթացքում: Հակառակորդին այդքան չենք նայում, բացի դրանից, ընկերական խաղերում միշտ էլ այդքան հաշվի վրա չենք կենտրոնանում: Ճիշտ է, հաճելի կլինի հաղթելը, մեզ պետք է նայել այն, ինչ ուզում ենք տեսնել»,- նշել է Վ. Մինասյանը: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնել է մի ծրագիր, որը հնարավորություն կտա հետեւել մրցակիցների խաղին տարբեր դիտակետերից, հաշվարկել առավելությունները, թույլ կողմերը: Առաջիկա խաղերին այս ծրագիրն արդեն կփորձարկվի: Հայաստանից 12 հոգանոց մարզչական խումբը մեկնելու է Եվրոպայի առաջնությանը, հիմնական նպատակը` ուսումնասիրել աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցների խաղային որակները: Իր գլխավորած թիմի շանսերը, ըստ Վարդան Մինասյանի, Եվրոպայի առաջնությունից հետո ավելի իրատեսական կլինի գնահատել: «Վեց խաղ ենք դիտելու, որի մեջ մտնում են Իտալիայի, Չեխիայի խաղերը, այսինքն` կունենանք ավելի թարմ ինֆորմացիա, ավելի լավ տպավորություն»,- նշել է գլխավոր մարզիչը: