Կաննում հաղթեց սերը

Կաննի փառատոնն ավարտվեց առանց էական անակնկալների: «Սեր» ժապավենի համար ստանալով «Ոսկե արմավենին»` ավստրիացի Միխաել Հանեկեն դարձավ 7-րդ ռեժիսորը, ով Կաննի պատմության մեջ երկու անգամ արժանանում է փառատոնի բարձրագույն մրցանակին: Սակայն մաեստրո Հանեկեն առաջինն է, ում «Ոսկե արմավենիների» ժամանակային տարբերությունն ընդամենը երեք տարի է. 2009թ. Կաննում հաղթել էր նրա «Սպիտակ ժապավենը» դրաման:

«Սեր»-ը ավստրիացի ռեժիսորի նկարահանած ամենապարզ ֆիլմն է, որը պատմում է տարեց մարդկանց սիրո մասին: Ինչպես նշեց փառատոնի ժյուրիի նախագահ Նանի Մորետին, ֆիլմը «Ոսկե արմավենու» արժանացավ նաեւ դերասանների հիանալի աշխատանքի շնորհիվ. ֆիլմում նկարահանվել են ֆրանսիացի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ժան-Լուի Տրենտինյանը, Էմանուել Ռիվան եւ Իզաբել Յուպերը: Հարկ է նշել, որ թեեւ այս դերասանները հիացրել էին ժյուրիի անդամներին, այնուամենայնիվ, վերջիններս չէին կարող նրանց առանձին-առանձին շնորհել դերասանական մրցանակները. համաձայն փառատոնի կանոնակարգի, դրանք չեն կարող բաժին հասնել «Ոսկե արմավենուն», ռեժիսորական մրցանակին կամ Գրան-պրիին արժանացած ֆիլմերի դերասաններին: Ի դեպ, Տրենտինյանն ու Յուպերը ժամանակին արժանացել են Կաննի դերասանական մրցանակներին, ընդ որում, Յուպերն այդ մրցանակը ստացել է 2001թ.` նույն Հանեկեի «Դաշնակահարուհին» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: Եվս մեկ հետաքրքիր փաստ նրանց համագործակցության մասին. երբ 3 տարի առաջ Հանեկեն արժանացավ «Ոսկե արմավենուն», ժյուրիի նախագահը հենց Իզաբել Յուպերն էր:

Կաննի Գրան-պրին այս տարի բաժին հասավ իտալացի Մատեո Գարոնի «Իրականություն» ժապավենին: Եթե Հանեկեի ֆիլմը մրցանակ ստանալիս արժանացավ դահլիճի մի քանի րոպեանոց բուռն հոտնկայս ծափահարություններին, ապա Գարոների մրցանակը մի շարք լրագրողների կողմից դիտարկվում է որպես ժյուրիի նախագահի սուբյեկտիվության արդյունք. ըստ նրանց, Նանի Մորետին պարզապես ցանկացել է լավություն անել իր հայրենակցին:

Մորետին ժյուրիի կազմում իր սկզբունքները պնդել է նաեւ Լեոս Կարակսի «Երկնային մեխանիկա», Ուլրիխ Զայդլի «Դրախտ. սեր» եւ Կառլոս Ռեյգադասի «Խավարից հետո լույս» ժապավենների հարցում. նա առավել հակված էր մրցանակներ շնորհել հստակ կինոարտահայտումներին, քան հեղինակային փորձարկումներին: Եթե առաջին երկու ֆիլմն ընդհանրապես առանց մրցանակի մնացին, ապա երրորդի դեպքում Մորետին ստիպված էր զիջումների գնալ. մեքսիկացի Ռեյգադասն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:

Կաննի լրագրողները ջերմությամբ ընդունեցին ժյուրիի որոշումը` Ժյուրիի մրցանակը հանձնել Կեն Լոուչի «Հրեշտակների մասնաբաժինը» ֆիլմին: 2006թ. «Ոսկե արմավենու» արժանացած բրիտանացի Լոուչն այս տարի Կանն էր եկել շոտլանդացի կողոպտիչների մասին պատմող կատակերգությամբ: «Իմ ֆիլմի հերոսներն աշխատանք չունեն: Եվ աշխարհը նրանց ասում է, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Բայց հուսով եմ, որ իմ ֆիլմից հասկանալի է, որ նրանք հսկայական արժեք են ներկայացնում»,- ասել է Լոուչը:

Կանացի դերասական աշխատանքի համար «Արծաթե արմավենիները» ժյուրին շնորհեց ռումինացի դերասանուհիներ Կոսմինա Ստրատանին եւ Կրիստինա Ֆլուտուրին, ովքեր նկարահանվել էին Կրիստիան Մունջիուի «Բլուրների ետեւում» ժապավենում: Ինքը` Մունջիուն, ում ֆիլմն այս տարի ցուցադրման օրվանից կինոքննադատների ֆավորիտների շարքում էր, 2007թ. արդեն հասցրել էր արժանանալ «Ոսկե արմավենու»: «Բլուրների ետեւում» դրաման երկու ընկերուհիների պատմություն է, որոնց ճակատագիրը բաժանել է` նրանք հայտնվել են տարբեր կողմերում: Ալինան մեկնել է Գերմանիա, իսկ Վոյչիտան` մենաստան: Որոշ ժամանակ անց Ալինան վերադառնում է տուն` Վոյչիտայի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով:

Կաննի այս փառատոնում լավագույն դերասան ճանաչվեց դանիացի Մադս Միկելսենը, ով նկարահանվել էր Թոմաս Վինտերբերգի «Որս» դրամայում: «Անկեղծ ասած, ես զարմացած եմ,-խոստովանել է Միկելսենը:

-Իմ խոսքերը կարող են դատարկ եւ կեղծ թվալ, սակայն հայտնի է, որ այս տարի տաղանդավոր դերակատարումները շատ էին: Ես զարմացած եմ, բայց առավել շատ` շոյված»: Կաննի փառատոնն այս տարի հետաքրքիր էր եւս մեկ փաստով. ամերիկյան ֆիլմերը, որոնք առատորեն ներկայացված էին մրցութային ծրագրում, մնացին առանց մրցանակների: «Սա կինոփառատոն է, եւ խոսք չի գնում այս կամ այն երկրին պարգեւատրելու մասին: Մենք պետք է ընտրություն կատարեինք ներկայացված ֆիլմերի միջեւ: Եվ այդ ընտրությունից ընդհանրական եզրակացություններ անելը կոռեկտ չէ»,- ասել է ժյուրիի անդամ, ամերիկացի ռեժիսոր Ալեքսանդր Պեյնը:

ԹՈՄՍՈՆ