«Վստահ եմ, որ տարիներ անց ուղեղների ներհոսք ենք ունենալու»

– Արդեն քանի տարի է` կառավարությունը ՏՏ ոլորտը տնտեսության գերակա ճյուղ է հայտարարել: Արդյո՞ք ոլորտի զարգացումները վկայում են այդ մասին:

– Այդ հարցը վերջին 10 տարում անընդհատ տրվել է` սկսած այն ժամանակվանից, երբ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է տնտեսության գերակայություններից մեկը: Կարծում եմ` բնական է հարցադրումը, եւ միանշանակ պատասխան չէի ցանկանա տալ: Եթե ասում են, որ լոզունգ է, ուրեմն անտեսում են այն, ինչ տեղի է ունեցել այս տարիների ընթացքում: Եթե ասում են, որ իսկապես գերակայություն է, եւ երկրի իշխանություններն ամեն ինչ արել են այս ընթացքում, որպեսզի այդ գերակայությունը ռեալ երեւա, դա էլ ճիշտ չէ: Պետք է փորձենք օբյեկտիվորեն վեր հանել այն հաջողությունները, որ ունեցել ենք, փորձենք գտնել դրանց «մեղավորներին»: Եթե կառավարությունը դեր է ունեցել` ասենք, որ իսկապես դրական դեր է ունեցել, իսկ եթե ոչ` ասենք, որ դա մասնավոր ներդրումների եւ նախաձեռնությունների արդյունք է: Ես միարժեքորեն չէի պատասխանի հարցին: Գիտեմ, որ իմ գործընկերների մի մասն ասում է, որ կառավարության կողմից օգնություն կամ ոլորտի նշանակության վերաբերյալ որեւէ գործողություն չի արվել, մյուսներն ավելի ծայրահեղորեն են մոտենում` ասելով, որ իսկապես կառավարությունն արել է ամեն ինչ, եւ ոլորտը միշտ գերիշխող է եղել տնտեսության զարգացման հարցում: Ես երկու մոտեցումներն էլ մերժում եմ: Տարբեր տարիներին տեղի ունեցած գործընթացներն են բերել նրան, ինչ ունենք, եւ դրանց վերլուծությունը միայն կարող է վեր հանել իրական պատկերը:

– Ազգային մրցունակության զեկույցում, փաստորեն, ՏՏ ոլորտը չի նշվել` որպես երկրի մրցակցային առավելություններից մեկը:

– Զեկույցի հրապարակումից հետո ես անմիջապես հարց բարձրացրի, որ ինձ համար տարօրինակ է, որ ՏՏ ոլորտը ներառված չէ այդ զեկույցում: Հակառակը` ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծող էր ներկայացվել դեղագործությունը: Զեկույցը պատրաստողները պատճառաբանեցին, թե նախորդ զեկույցում ՏՏ ոլորտը բավականին ընդլայնված էր ներկայացված, եւ այս անգամ փորձել են առաջնությունը տալ այլ ոլորտի: Ինձ համար այնքան էլ ընդունելի պատասխան չէր, բայց սա է իրողությունը:

– Իսկ ի՞նչ կարծիք ունեք վերջերս «Հայկական ծրագրերի» այն հայտարարության վերաբերյալ, թե ՏՏ ոլորտը կործանման եզրին է:

– Դա ծայրահեղ մեկնաբանություն է: Իհարկե, կան բավականին բացթողումներ, թերացումներ, ընդհանուր մրցավազքում առաջնային դիրքերի զիջումներ տարբեր տարիների ընթացքում, բայց ասել, որ կործանման եզրին է, կարծում եմ` ճիշտ չէ, որովհետեւ կան նաեւ ռեալ հաջողություններ, մանավանդ` միկրոէլեկտրոնային ինդուստրիայի, միկրոսխեմաների նախագծման ասպարեզում, որով մեր ընկերությունն է զբաղվում: Բավական է նշել, որ համաշխարհային խոշորագույն 3 առաջատար ընկերություններից 2-ը Հայաստանում ստորաբաժանումներ ունեն, իսկ «Սինոփսիսի» ստորաբաժանումը ԱՄՆ-ից հետո ամենամեծն է, եթե հաշվի առնենք, որ այն մոտ 50 երկրներում ունի ներկայացուցչություններ: Բավականին մեծ թվով ինժեներներ են աշխատում` ամենաարդիական տեխնոլոգիաներով: Նոր ընկերություններ են ստեղծվում, ինչը մարտահրավեր է անգամ մեր ընկերության պես մեծ ընկերությունների համար` կադրերին իրենց մոտ տանելու առումով, քանի որ մեր ընկերությունն իր առաջ խնդիր չի դնում, որ շուկայում ամենաբարձր աշխատավարձերը տա: Ավելի շատ փորձում է իր աշխատակիցների համար ապահովել կանխատեսելի, կայուն աշխատատեղեր` լինելով համաշխարհային առաջատար այս ոլորտում: Ընկերության մարտավարությունն է` չգրավել մարդկանց բարձր աշխատավարձով, այլ` կայուն աշխատանքով եւ աշխատանքի լավագույն պայմաններով:

– Առաջարկ կա նաեւ ստեղծել ոլորտը կարգավորող մարմին` նախարարություն: Ի՞նչ եք կարծում` կա՞ դրա կարիքը:

– Կարծում եմ` եթե նախարարությունը պետք է ստեղծվի` եւ ՏՏ ոլորտի ընկերությունները ունենան անհարմարություններ` տարաբնույթ հաշվետվություններ ներկայացնելու այդ նախարարությանը կամ անարդյունավետ ինչ-որ ժողովների մասնակցելու, ապա նման նախարարություն պետք չէ: Բայց եթե այդ նախարարությունը կոչված կլինի ոլորտում օտարերկրյա ներդրումների եւ նոր ընկերություններ Հայաստան բերելու, մրցակցային դաշտը այնպիսին դարձնելու, որ դրսի բրենդային ընկերությունները շահագրգռված լինեն գալ Հայաստան, ապա համաձայն եմ, որ նման կառույց ստեղծվի: Սակայն դա միարժեք չէ: Պետք է լինի քաղաքական կամք` նման կառույց ստեղծելու համար, եւ հստակ խնդիրներ պետք է դրվեն նրա առաջ: Եթե դա պետք է լինի հերթական նախարարությունը, բյուրոկրատական կառույցը, որը պետք է խաղի կանոններ պարտադրի, ապա նման նախարարությանը ես դեմ եմ:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ազատ տնտեսական գոտի ապահովելու հետ կապված առաջարկությանը:

– Ես կուզեի, որ վերջապես տեխնոպարկերի մասին օրենք ստեղծվի, որովհետեւ եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Իսրայելում, եւ՛ Իռլանդիայում, եւ՛ այլ երկրներում, որտեղ լրջագույն զարգացումներ են եղել այս ոլորտում վերջին տարիներին, տեխնոպարկերի մասին օրենքներ կան: Օրինակ` «Սինոփսիսը» տեղակայված է ViaSphere տեխնոպարկում: 10 տարուց ավելի է` ասում ենք` տեխնոպարկ, բայց դա միայն անունն է: Այն ընդամենը տարածք է: Տեխնոպարկերի մասին պետք է օրենքներ լինեն, որոնք որոշակի արտոնություններ կտան ընկերություններին: Կարծում եմ` տեխնոպարկերի անհրաժեշտությունը կա, եւ, իհարկե, որոշակի ազատ տնտեսական գոտու գործոն այդ տեխնոպարկերում անհրաժեշտ է, բայց դրա համար նախեւառաջ օրենք է պետք կոնկրետ դրանց վերաբերյալ:

– Իսկ ինչպիսի՞ն է մեր օրենսդրական դաշտը` ոլորտի հետ կապված:

– Կարեւորագույն բաղադրիչը` ինտելեկտուալ սեփականության իրավունքը, մեզ մոտ պաշտպանված է: Կոնկրետ մեզ նման գիտահետազոտական ընկերությունների համար դա կարեւորագույնն է, եւ կարծում եմ` եթե մտավոր սեփականությունը որեւէ երկրում պաշտպանված է, արդեն իսկ նշանակում է, որ այդ երկիրը կարող է երաշխավոր հանդիսանալ օտարերկրյա ներդրումները խրախուսելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է հարկային, մաքսային արտոնություններին, ապա կարծում եմ` վարչարարությունն այս ոլորտին խանգարում է նույնքան, որքան մյուս ոլորտներին: Այսինքն` առանձնացնել եւ ասել, որ հարկային եւ մաքսային վարչարարությունը կարեւոր է հենց այս ոլորտի համար, ճիշտն ասած, ես դրան դեմ եմ, որովհետեւ չէի ցանկանա` հենց հարկային, մաքսային վարչարարության առումով մեզ մոտ ջերմոցային պայմաններ ստեղծվեին: Կան շատ այլ գործոններ, որոնք կարելի է որպես արդյունավետ գործիք կիրառել հենց հարկային վարչարարության առումով այս ոլորտի զարգացման համար: Այսինքն` ընկերությունների համար, որոնք գիտահետազոտական աշխատանքներում, կրթական համակարգում ներդրումներ են անում, կարելի է ստեղծել որոշակի արտոնություններ, բայց ասել, որ սա ՏՏ ընկերություն է, եւ իրեն անպայման պետք է հարկային արտոնություն տալ, կարծում եմ` ճիշտ չէ:

– Իսկ մեր տարածաշրջանում ինչպիսի՞ն է Հայաստանի դերը: Հաճախ են ասում, թե ոլորտի զարգացման առումով մեր երկիրը առաջնային դիրքերում է:

– Տնտեսական մրցունակության տարբեր զեկույցներում կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնց արդյունքում որոշվում է երկրի տեղը, ասենք` կոնկրետ ինովացիաներով բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Պետք է պարտադիր նշել` որտեղ եւ ինչը: Եթե հեռահաղորդակցության ոլորտին է վերաբերում, դա մի առանձին բաղադրիչ է, միկրոէլեկտրոնիկային` այլ, ծրագրավորման ապահովմանը` մեկ այլ: Պետք է հասկանանք մեր երկրի առաջնահերթությունները: Մենք` հայերս, սիրում ենք ասել, որ այս կամ այն հարցում առաջինն ենք: Լուրջ վերլուծությունների կարիք կա, որպեսզի հասկանանք Հայաստանում ՏՏ ոլորտի կոնկրետ ճյուղի առաջնահերթությունը: Իմ խորին համոզմամբ` միկրոէլեկտրոնային ինդուստրիայի առումով, մասնավորապես` միկրոսխեմաների էլեկտրոնային ավտոմատ նախագծման ոլորտում մենք տարածաշրջանում բավականին առաջատար դեր ունենք: Եվ պատահական չէ, որ մեր ընկերությունում ստեղծված կրթական ծրագրերը միկրոսխեմաների, ինտեգրալ սխեմաների նախագծման ասպարեզում օգտագործում են բավականին շատ երկրներ. եւ՛ Ռուսաստանի, եւ՛ արաբական երկրների առաջատար համալսարաններն օգտագործում են այն կրթական ծրագրերը, որոնք մշակվել են մեր ընկերությունում: Դա լրջագույն հաջողություն է: Մենք այսօր խոսում ենք մեր կրթության որակի անկման, բարձրագույն կրթությունում առկա թերությունների մասին, բայց միեւնույն ժամանակ` մոռանում ենք մեր հաջողությունների մասին այս ասպարեզում: Օրինակ` այս ամռանը Հորդանանի համալսարանից ուսանողներ են գալու` մեզ մոտ պրակտիկա անցնելու: Կան հաջողություններ նաեւ այլ ընկերություններում: Ես նշեցի միայն մեր մոդելի շրջանակում ստեղծված գլոբալ հաջողությունների մասին: Մենք համագործակցում ենք տարբեր համալսարանների հետ եւ բավականին արդյունավետ` այնպես, որ կրթական մոդելներն այսօր նաեւ բիզնես բաղադրիչ ունեն իրենց մեջ:

– Ուրիշ ի՞նչ ձեռքբերումներ ունենք:

– Կցանկանայի նշել միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի մասին, որն անցկացվում է միայն ՀՀ-ում: Անցյալ տարի 13 երկրների հաղթողները եկան ՀՀ` մասնակցելու եզրափակիչ փուլին, եւ հաղթեց հայ ուսանողը: Ամենամյա օլիմպիադայի 1-ին տեղերն այս տարիների ընթացքում միշտ գրավել են հայ երիտասարդները: Սա մեծ հաջողություն է, եւ անտեսել նման փաստը` ճիշտ չի լինի:

– Սակայն, մյուս կողմից` ունենք մասնագետների արտահոսք: Ի՞նչ է արվում դրա դեմ:

– Դա լրջագույն մարտահրավեր է, իհարկե, եւ ինձ շատ մտահոգում է: Մենք պետք է խնդիրները տարանջատենք, փորձենք ախտորոշել տարբեր ժամանակահատվածների համար: Պատճառը միայն գործազրկությունը չէ: Կարող եմ բազմաթիվ օրինակներ նշել, թե ինչպես լավագույն կրթությունը ստացած երիտասարդն ունի բավականին լավ վարձատրվող աշխատանք, բայց ուշքն ու միտքը դուրս գնալն է: Թե ինչո՞ւ է ուզում գնալ, այլ հարց է: Պատճառները տարբեր են: Ես ամեն մի գնացողի հետ առանձին զրուցում եմ` փորձելով կարծիք կազմել երեւույթների մասին, որոնք նպաստում են դրան: Մեզ մոտ 19 ամուսնական զույգեր կան, որոնց երեխաները «սինոփսիսոիդներ» կլինեն: Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, եւ ես` որպես գործատու, միայն ուրախանում եմ դրա համար: Թեեւ այդ զույգերը բարձր աշխատավարձ են ստանում մեր ընկերությունում, բաց նրանց համար անորոշ է, թե երբ կկարողանան առանձին բնակարան ունենալ: Եթե կայուն աշխատանք ունեցող երիտասարդ ընտանիքը նույնիսկ կացարանի խնդիր չի կարող լուծել մոտ ապագայում, այդ հարցի լուծումը փորձում է գտնել դրսում: Ոչ միայն «Սինոփսիսում» ենք կորցնում մեր լավագույն աշխատողներին, այլեւ` երկրի մասշտաբով: Իմիջիայլոց, շատերը չեն էլ մտածում գնալ ընդմիշտ, այլ ասում են` գնանք, փող աշխատենք, կայանանք, հետ գանք: Շատերը գոհ չեն այստեղի կյանքի որակից կամ ուզում են ճամփորդելու հնարավորություն ունենալ: Մեր երիտասարդները շատ անհամբեր են: Իսկ ավելի ավագ սերնդի պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ, կարծում եմ, ավելին է: Խորհրդային Միության փլուզումից հետո մեր սերունդը որոշ փուլեր անցավ, բեռ վերցրեց իր ուսերին եւ երիտասարդներին դարձրեց ոչ նախաձեռնող: Բայց երբ տեսնում ենք, որ որոշ երիտասարդներ համախմբվում են, ինչ-որ գաղափարների համար պայքարում, ես դա ողջունում եմ, եթե չի ուղղորդվում ինչ-որ մի նպատակի համար: Երիտասարդները պետք է իրենց բացահայտելու միջավայր ունենան: Ի տարբերություն այլազգիների, հայ երիտասարդները շատ կաշկանդված են այդ առումով: Դա միշտ է եղել, գենետիկ կաշկանդվածություն է, մանավանդ` տղաների մեջ: Զսպանակի նման սեղմված են, եւ պետք է անընդհատ բացել ու բացահայտել, թե ինչ թաքնված կողմեր ունեն: Երիտասարդների հետ շատ եմ շփվում եւ ոգեւորության բազում պահեր եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ փայլուն երիտասարդներ կան: Ընկերներս երբեմն ասում են` դու իդեալիստ ես եւ այդպիսին ես դարձել վերջին տարիներին: Փաստորեն, իմ լավատեսությունը փոխարինվեց իդեալիզմով: Կարծում եմ` դրա հիմնական պատճառն այն է, որ շատ եմ շփվում ուսանողների հետ եւ տեսնում եմ` ինչքան կարող ուժեր կան նրանց մեջ: Եվ մեծ ցավ եմ ապրում, որ թողնում-գնում են, առավել եւս` երբ զգում եմ, որ հետ չեն գա: Բայց նաեւ ոգեւորում են հայրենասիրությամբ լցված, երկրի ապագայով մտահոգված երտասարդները, որոնց թիվը փոքր չէ:

– Այս տարի 8-րդ անգամ տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխությունը: Ի՞նչ է տալիս այն երիտասարդներին:

– Դրա արդյունքում հիմնեցինք «Հաղթողների ակումբը»` տարբեր տարիների նախագահի պարգեւին արժանացած պատանիներին համախմբելու նպատակով, քանի որ նրանք մեր երիտասարդության սերուցքն են: Նրանք հավաքվում են այդ ակումբում, հանդիպումներ են կազմակերպում հեղինակավոր մարդկանց հետ: Դա էլ շատ կարեւոր է, քանի որ երիտասարդների 90 տոկոսի համար մեր հասարակությունում հեղինակություններ, ժամանակի հերոսներ չկան, ում կուզեին նմանվել: Դա եւս լուրջ խնդիր է, որ շատերի համար մեր հեղինակությունները հասանելի կամ ընկալելի չեն: Շատ ենք ասել, որ պետք է ստեղծենք հասարակություն, որտեղ գիտելիք ունեցող, կրթված մարդը լինի օրինակելի, եւ երիտասարդների համար ամենամեծ դրդիչ ուժը լինի գիտելիք ձեռք բերելը: Սակայն մենք տարբեր ճանապարհներով ցույց ենք տալիս օրինակներ, այդ թվում` նաեւ հեռուստատեսությունն է լուրջ դեր տանում` կրիմինալ կերպարների հերոսացմամբ, եւ արդյունքում` գիտելիք ստանալու մոտիվացիան այդքան էլ բարձր չի, եւ հիմնականում` տղաների շրջանում: Իմ հետազոտություններով պարզել եմ, որ տղաների եւ աղջիկների միջեւ անջրպետը գնալով մեծանում է. տղաների` գիտելիք ստանալու ցանկությունը գնալով նվազում է, աղջիկներինը` հակառակը` աճում: Հայաստանի բոլոր բուհերի 10 գերազանց առաջադիմությամբ ուսանողներից 9-ը աղջիկներ են: Եթե մայրիշխանությունը պետք է փրկի այս երկիրը, ես կողմ եմ դրան, բայց մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, պատերազմող երկիր ենք եւ, ոչ միայն կռվող, այլեւ մեր երկիրը տարբեր ասպարեզներում առաջ տանող տղաների կարիք ունենք: Իդեալիստ լինելու մեջ չմեղադրվելու ակնկալիքով ուզում եմ ասել, որ ես հավատում եմ` մենք ուղեղների ներհոսք ենք ունենալու, ընդամենը պետք է ստեղծել պայմաններ մեր երիտասարդության արժանապատիվ կյանքը մեր երկրում ապահովելու համար: Վստահ եմ, որ հայրենասիրության գործոնն այնքան մեծ է նաեւ դրսում սովորող հայ երիտասարդների մեջ, որ նրանք այնտեղ էլ են գործունեություն ծավալելու` ի նպաստ իրենց երկրի: Գուցե ոչ ֆիզիկապես, բայց նրանք մի օր կվերադառնան իրենց ներդրումներով, նոր մշակույթով, այնտեղ կայացած իր ընկերության մասնաճյուղերի հիմնմամբ հայրենիքում: Եթե այստեղ մնային, գուցե որակ չստեղծեին: Դրական է, որ մարդը գնում է դուրս, կայանում, հետո` վերադառնում: Հավատում եմ, որ տարիներ հետո ներգաղթ ենք ունենալու: Այսօր մենք պատրաստ չենք մեր հայրենակիցներին Հայաստան բերել, բայց պետք է մտածենք այդ մասին, երաշխիքներ ստեղծենք: Այդ գործին պետք է լծվենք բոլորով` համախմբված: