Սյունիքի դարպասներից` մինչև Շվեյցարիա

Եթե չլինեն ականջօղերը, դժվար կլիներ տարբերել` վաճառողը տղա՞ է, թե՞ աղջնակ: Կարճ, բայց խիտ մազերը ծածկում է կեպին: Աչքերը չեն երեւում կեպիի տակ, որովհետեւ նրա ամոթխած հայացքը գրեթե միշտ ներքեւ է նայում: 12-ամյա Վանուհին է. Եղեգնաձոր-Սյունիք միջպետական ճանապարհին` Սյունիքի դարպասների մոտ, արդեն երկու տարի առեւտուր է անում: Նա մրգեղենի գներն է ասում, արագ-արագ կշռում եւ սպասարկում է ճանապարհորդ-հաճախորդներին: Անցյալ տարի էլ` հավանաբար նմանատիպ մի օր էր, երբ Շվեյցարիայից ժամանած խմբից մեկը նկարեց Վանուհուն: Բայց ո՞վ գիտեր, թե այդ նկարը զբոսաշրջիկների «լավ կադր բռնելու» հերթական փորձը չէր, նկարողն էլ` ֆոտոլրագրող էր եւ Վանուհու լուսանկարը պիտի մրցույթի ներկայացներ, նկարն էլ` ճանաչվեր լավագույնը: Այդ մասին Վանուհին ու նրա ընտանիքը միայն այս տարի են իմացել, երբ շվեյցարացին վերադարձել է Հայաստան, որպեսզի ստանա անչափահաս աղջկա ծնողների թույլտվությունն ու ստորագրությունը` Վանուհու լուսանկարը գրքում տպագրելու համար: «Վանուհու նկարն ինչ-որ առաջնություն է շահել, հիմի գիրք է լույս տեսնում»,- միայն այսքանը գիտի այդ մրցույթի մասին Վանուհու պապը` Ռաֆիկ Բաղդասարյանը: Նա է թոռնուհու հետ առեւտուր անում, բայց շատ հաճախ բացակայում է, եւ Վանուհին միայնակ է սպասարկում գնորդներին: «Լրիվ ինքն ա անում` հաշվարկ-բան, եւ ոչ մի վրիպում, սխալվել, էս-էն,- թոռնուհու մասին պատմում է Ռաֆիկ պապը եւ շարունակում,- Դպրոցում սովորում ա, լավ էլ սովորում ա, լավագույն աշակերտներից մեկն ա»: Ռաֆիկ պապն է հիմնականում պատմում, իսկ Վանուհին միայն ամոթխած «հա» ու «չէ» է պատասխանում մեր հարցերին` կարմրելով եւ աչքերը գետնից չբարձրացնելով: Նախկինում Բաղդասարյանների ընտանիքը Հրազդանում է ապրել, հետո տեղափոխվել է Վայոց ձորի մարզի Սարավան համայնք` Սարալանջ թաղամաս: Վանուհու հայրն անասուն է պահում, մայրը դաշտերից սունկ, կանաչեղեն է հավաքում, Վանուհու եղբայրն էլ ձուկ է բռնում, որ քույրն ու պապը վաճառեն: Սյունիքի դարպասների մոտ երկու տարվա իր փորձից Վանուհին արդեն գիտի, թե որ ապրանքը լավ կիրացնեն, որը` ոչ: Ասում է` ամենալավը` ծիրանն է վաճառվում, իսկ ամենալավ առեւտուրը ստացվում է պարսիկների հետ: Փողոցի վրա առեւտուր անելիս եւ տարբեր ազգության մարդկանց հետ շփվելիս Վանուհին օտար լեզուներ է սովորել, պարսկերեն ու անգլերեն հասկանում է եւ որոշ չափով այդ լեզուներով հաղորդակցվում արտասահմանցիների հետ: Չնայած պարսիկներին ամենալավ առեւտուր անող հաճախորդներն է համարում, բայց եղել են դեպքեր, երբ նրանք առանց վճարելու` ապրանքն առել ու փախել են: Վանուհին ասում է, որ հայերն ավելի հաճախ են նույն կերպ վարվում. «Գիլաս առան ու փախան, նստան մեքենան` գնացին»,- նման մի դեպք է հիշում Վանուհին: Փախչողները երեխաներ չեն եղել, ոչ էլ երտասարդներ, մեծ մարդիկ են եղել, որոնք չվճարելով դպրոցական, 12-ամյա աղջնակին` մրգերն առել, նստել մեքենան ու արագ հեռացել են: 12-ամյա աղջիկը ոչինչ անել չի կարողացել, բայց այդ մասին հիմա ժպիտով է հիշում:

Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ
Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

hetq.am